Սեպտեմբերի 21-ին հայությունը նշում է վերականգնված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը: Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Անկախության 21-րդ տարեդարձի առթիվ կազմակերպել է ընդունելություն, որին կմասնակցեն ՀՀ քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւս: Կմասնակցի նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը:
20-րդ դարի ընթացքում հայությանը 4 անգամ առիթ եւ պատմա-քաղաքական իրավիճակ է ընձեռվել՝ անկախություն հռչակելու համար:
Նախ՝ մայիսի 28-ին հռչակված հայտարարությունն է (չնայած պնդումներ կան 1918թ. մայիսի 30-ին միտված), որով հիմք դրվեց Հայաստանի 1-ին անկախ հանրապետությանը, որը գոյատեւեց շուրջ 2 տարի:
2-րդը՝ 1920թ. նոյեմբերի 29-ին Իջեւան քաղաքում, խորհրդային 11-րդ կարմիր բանակի աջակցությամբ՝ հայ կոմունիստների հռչակած դեկլարացիան (հռչակագիր) էր, որը հիմք դրեց խորհրդայնացված Հայաստանին՝ ՀԽՍՀ-ին, որն էլ գոյատեւեց շուրջ 70 տարի:
3-րդը ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին եւ հաստատվել 1991թ. սեպտեմբերի 21-ին՝ մեր ժողովրդի ազատ կամարտահայտման՝
հանրաքվեի միջոցով:
Իսկ 4-րդն առնչվում է հայկական 2-րդ հանրապետությանը. 1991թ. սեպտեմբերի 2-ի՝ Արցախ-Ղարաբաղի անկախության մասին հռչակագիրն է:
Եվ շատ կարեւոր է, որ հայությունը հրապարակի եւս մեկ հռչակագիր, որը կազդարարի Հայաստան-Արցախ վերամիավորումը, ինչն էլ հիմք կդառնա Միացյալ Հայաստանի հետագա ամենաբաղձալի հռչակագրի համար…
Հայ արիներն ու ազգայնականները սեպտեմբերի 21-ին եւս նշելու են հայոց պետականության վերականգնման տոնը՝ «Հայաստան-Արցախ՝ վերամիավորված երկիր» կարգախոսով:
Իսկ սեպտեմբերի 23-ին, ՀԱՄ լրատվական կենտրոնի տեղեկացմամբ, Հայ Արիական Միաբանության անդամներն ու հյուրերը Խուստուփ լեռան լանջին, մեծն հայորդի Գարեգին Նժդեհի մասունքների մոտ կնշեն ավանդական Նախնյաց տոնը:
Տոնը նշվում է աշնանային գիշերահավասարին, եւ այդ օրը հայ արիները հիշում են բոլոր նախնիներին՝ դրանով իրենց մեջ նորոգելով հավերժության ընթացքը, հայ տեսակի առաքելությունն ու շարունակականությունը՝ Նախնյաց եւ Հայ Աստվածներին փառաբանելով:
Այդ օրը հայ արիները շփվում են նախնյաց բոլոր հոգիների հետ:
«Լուսանցք» շաբաթաթերթ
«Լուսանցք» թիվ 29 (250), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



