Սեր եւ հակասեմիտիզմ. Վիլյամ Սարոյանի սերն ու ատելությունը

Վիլյամ Սարոյանի կյանքում քիչ չեն եղել աղմկահարույց ու անսպասելի պատմությունները: Ինչպես յուրաքանչյուր մեծ արվեստագետ, նա եւս զերծ չէր տարօրինակություններից ու զանազան թուլություններից: Սակայն մի դեպք, այնուամենայնիվ, առանձնանում է այդ ընդարձակ շարքում: Խոսքը սկսնակ դերասանուհի Քարոլ Մարկուսի հետ Սարոյանի ամուսնության ու կրկնակի բաժանման մասին է: Սարոյանը 34 տարեկան էր, երբ 1942-ի մի սովորական օր Հոլիվուդի ռեստորաններից մեկում հանդիպեց ու ծանոթացավ իր ապագա կնոջ հետ: Քարոլը նրանից փոքր էր 16 տարով, բայց նշանավոր գրողի համբավն ու հմայքն անմիջապես գերեցին աղջկան:

Մեկ տարի անց նրանք ամուսնացան: Ծնվեցին երկու զավակները՝ Արամն ու Լյուսին: Ամեն ինչ ընթանում էր իր բնականոն հունով: Անխախտ սիրո հավաստիացումները, ընտանեկան մթնոլորտի ջերմությունը որեւէ բանով չէին նախանշում այն շրջադարձը, որ պիտի հաջորդեր ավելի քան 6 տարիների համատեղ կյանքին: Եվ երբ, այնուամենայնիվ, բաժանումը կայացավ, Սարոյանի անսպասելի որոշումը անակնկալի էր բերել բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին երջանիկ զույգին: Այդ առթիվ զանազան ենթադրություններ էին արվում:

Նույնիսկ Չապլինի կինը՝ Ունան, որ Քարոլի ընկերուհին էր, ասում էր, թե իբր պատճառը պատերազմի օրերին Սարոյանի կնոջ՝ ամուսնուն հասցեագրած նամակներն էին, որոնք լի էին քերականական սխալներով, իսկ դա չէր կարող չզայրացնել բծախնդիր գրողին: Դա, իհարկե, ճշմարիտ լինել չէր կարող: Իսկ իրական դրդապատճառն իմանալու համար տասնամյակներ պահանջվեցին: Միայն Սարոյանի մահից հետո հայտնի դարձան մանրամասներ, որոնք առաջին հայացքից կարող են պարզապես անհավանական համարվել:

Համաձայն այդ պատմությունների, խնդիրն ուղղակիորեն առնչվում էր Քարոլի ազգային պատկանելությանը: Մայրական կողմից նա հրեա էր, սակայն երկար ժամանակ այդ փաստը գաղտնի էր պահում ամուսնուց՝ խուսափելով հնարավոր հետեւանքներից: Այս մտավախությունը հավանաբար հիմքեր ուներ, ինչի մասին կարելի է միայն կռահել: Իսկ թե ինչ պատահեց 1949-ի վաղ գարնանը, այդ մասին գրողի որդին՝ Արամ Սարոյանը շարադրել է հոր մասին պատմող իր հիշողություններում.

«…Եվ մի գիշեր, անկողնում, երկուսով սեր անելուց անմիջապես հետո, երբ Քարոլը Բիլի վերաբերմունքից ելնելով՝ իրեն ապահով էր զգում, կատարում է իր երկարաձգած քայլը եւ ամուսնուն հայտնում, որ ինքն իրականում հրեուհի է: Սարոյանի պատասխանը կայծակնային էր: Նա վեր կացավ, վերցրեց իր անկողինը եւ գնաց, պառկեց հյուրասենյակի բազմոցին:

Կեսգիշերին վերադարձավ ննջարան, վառեց լույսը ու մի կողմ նետեց վերմակը՝ Քարոլին թողնելով մորեմերկ: «Մի քեզ նայիր,- ասաց նա իր կնոջը,- ճերմակ ես, վարդագույն ու կատարյալ: Եվ դու ուզում ես ինձ համոզել, որ հրեա՞ ես: Մի՞թե դա հնարավոր է: Եկ այստեղ, փոքրիկս: Դու հրեա չես: Ինչպե՞ս կարող է հրեաներից որեւէ մեկը քեզ պես գեղեցիկ լինել»:

Առավոտյան Սարոյանը լքում է կնոջն ու երեխաներին, որից հետո՝ Քարոլի համաձայնությամբ ապահարզան է տալիս ու բռնում Եվրոպա տանող ճանապարհը:

Թե որքանով էր լուրջ այս միջադեպը, որպեսզի ամուսինների բաժանման առիթ հանդիսանար, դժվար է ասել: Կատարվածը նախ եւ առաջ տարօրինակ էր նրանով, որ հակասեմիտական տրամադրությունները երբեւէ չէին արտահայտվել ոչ Սարոյանի ստեղծագործություններում, ոչ նրա կյանքի այլ իրավիճակներում ու հարաբերություններում:

Ի դեպ, պետք է նկատել, որ Սարոյանի այդ տարիների պահվածքում հազվադեպ չէին անսպասելի բռնկումների դեպքերը: Դրանցից մեկի մասին հենց ինքն է խոստովանում. «…Եղավ, որ խենթացա… 72 ժամ խենթ եղա, խենթություն եկավ վրաս: Մարդ չիմացավ: Ես ու իմ աստված կռվեցանք ու ես հաղթեցի…»:

Որքան որ անսպասելի էր անջատումը, նույնքան էլ անակնկալ կերպով 1951-ին ընտանիքը կրկին միավորվում է: Նույնիսկ պսակադրության արարողություն է կայանում Լոս Անջելեսի հայկական եկեղեցում: Բայց Սարոյանի նման մարդը ստեղծված չէր ընտանեկան կյանքի համար: Վերջնական բաժանումը տեղի է ունենում 1955-ին:

Իր կյանքի հետագա տարիները անվանի գրողը նախընտրեց ապրել ամուրիի կարգավիճակով:

Ճիշտ է, խոսում էին այն մասին, որ այդ ընթացքում նա սիրային կարճատեւ կապ է ունեցել բազմաթիվ հայտնի ու անհայտ կանանց, այդ թվում նաեւ նշանավոր դերասանուհի Մերիլին Մոնրոյի եւ ոչ պակաս հանրահայտ Շելի Ուինթրզի հետ, իսկ ավելի ուշ խիստ մտերմիկ հարաբերություններ էր հաստատել մի հայուհու՝ Գեյլ Սարգսյանի հետ, բայց այդ կապերից եւ ոչ մեկն այդպես էլ չպսակվեց նոր ամուսնությամբ, եւ ամենայն հավանականությամբ Սարոյանը բնավ չհետաքրքրվեց, թե ինչ ազգության ներկայացուցիչ էին իր սիրահետումի թիրախները:

Հոդվածը տպագրվել է «Մեգապոլիս» ամսագրում

հեղինակ` Հովիկ Չարխչյան

«Լուսանցք» թիվ 40 (261), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։