Հայ արիների կոչը՝ կանխելու հետագա միջամտությունները

Հայ Արիական Միաբանությունը խստորեն դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը:

Սա մեր նոր պետականության պատմության մեջ, երբ նախընտրական շրջանում մահափորձ է կատարվում, աննախադեպ երեւույթ է եւ երիցս դատապարտելի: Այս օրերին յուրաքանչյուր գործողություն՝ ուղղված ՀՀ նախագահի թեկնածուների դեմ, ինչը կվնասի նրանց նախընտրական գործընթացը, ուղղված է նաեւ պետության դեմ:

Եթե մահափորձ անողն անձնական նպատակներ հետապնդեր, ապա իրեն չէր վտանգի այս օրերին՝ հասկանալով, թե ինչ հետեւանքներ կլինեն, իսկ նման քայլն անելու դեպքում էլ այդքան մոտիկ տարածությունից հաստատ կիսատ չէր թողնի իր գործը:

Ուստի՝ Հայ Արիական Միաբանությունը հակված է այն տեսակետին, որ ԱԻՄ առաջնորդի վրա կրակողը սպանելու միտում չի ունեցել, քանզի դա իրականացնելու համար նրան ոչինչ խանգարող չի  եղել այդ պահին:

Հայ Արիական Միաբանությունը կարծում է, որ այս մահափորձը նպատակ է հետապնդում վարկաբեկելու ՀՀ նախագահի հերթական ընտրությունը, խաթարելու մեր պետության ունեցած միջազգային վարկանիշը, ինչպեսեւ հետագա միջամտության պատրվակ ստեղծելու հեռահար քայլ կարող է լինել:

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում, որ սա ներքին ու արտաքին թշնամիների կազմակերպված համատեղ գործողությունը կարող է լինել, քանի որ այդ ուժերը զրկվեցին նախագահական ընտրություններից հետո ներքաղաքական  լարվածություն մտցնելու եւ Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու հնարավորությունից, եւ փորձում են միջամտության այլ «աղբյուրներ» ստեղծել:

Այս առումով չի բացառվում, որ սա վերջին միջադեպը կարող է չլինել, ուստի հայ արիները պահանջում են ՀՀ իշխանություններից՝ անել ամեն ինչ այս հանցագործությունը պարզելու համար, իսկ Պարույր Հայրիկյանին մաղթում են շուտափույթ ապաքինում եւ ընտրապայքարի մեջ ներգրավում:

ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին կոչ ենք անում չհրաժարվել պետական ուժային կառույցների պաշտպանությունից, զուգահեռ նաեւ սեփական միջոցներով կազմակերպել ինքնապաշտպանությունը, մինչեւ փետրվարի 18-ը՝ ՀՀ նախագահի ընտրության օրը:

Հայ Արիական Միաբանություն – 01.02.2013թ. – Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։