Չախալյանը հերքել է ռուսական լրտես լինելու մեղադրանքը

…Ջավախքում «դեռեւս իրենց լուծմանն են սպասում ջավախքահայության քաղաքացիական, լեզվական, կրթական, կրոնական եւ մշակութային իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր՝ բռնագրաված եկեղեցիները վերադարձնելը, հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը, Ախալքալաքում հայկական համալսարանի բացումը, շրջաններում ռեալ ինքնակառավարման համակարգի հաստատումը եւ այլն»…

Վրաստանի տասնյակ հասարակական կազմակերպություններ շարունակում են պահանջել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը եւ դրա համար հավաքել են 1 միլիոն պահանջող ստորագրությունը: Այնուհետեւ բողոքի ցույցի միջոցով փորձել էին հրաժարականի պահանջը հուշագրի տեսքով հանձնել նախագահի վարչակազմի որեւէ ներկայացուցչի, սակայն նստավայրից ոչ մեկը դուրս չի եկել ցուցարարների հետ հանդիպման:

Այս ստորագրահավաքը Վրաստանում մեկնարկել էր նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքներով նախագահը զրկվեց խորհրդարանական մեծամասնությունից, իսկ կառավարությունը ձեւավորեց ներկայիս վարչապետի ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը:

Վրաստանում նախագահական հերթական ընտրությունները նախատեսված են 2013թ. աշնանը: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչները հայտարարել էին, թե ձգտելու են նախագահի լիազորությունների վաղաժամ դադարեցմանը, սակայն ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցրած Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, թե երկրի շահերից ելնելով, ինչպես նաեւ եվրոպացի ու ամերիկացի իր գործընկերների հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացրել օրակարգից հանել վաղաժամ հրաժարականի պահանջը: Երկրի Սահմանադրությունը չի նախատեսում նախագահի իմպիչմենտի գործընթաց ստորագրահավաքների միջոցով եւ վաղաժամ հրաժարական կարող է իրականացնել միայն խորհրդարանը Գերագույն կամ Սահմանադրական դատարանի մասնակցությամբ:

Ստորագրահավաք են կազմակերպել նաեւ նախագահ Սաակաշվիլիի կողմնակիցները, որտեղ իրենց աջակցությունն են հայտնում գործող նախագահին:

Այս իրավիճակում էր, որ վարչապետ Իվանիշվիլիի նախաձեռնությամբ վրացական բանտերից ազատ արձակվեցին հարյուրավոր քաղբարտարկյալներ, այդ թվում՝ 3 հայեր: Եթե Աջարիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ Արմեն Գեւորգյանի ու Ռուբեն Շեկոյանի ազատ արձակումը այնքան էլ չհուզեց Վրաստանի նախագահին, ապա Ջավախքի ներկայացուցիչ Վահագն Չախալյանի համաներումը նրա սրտով չեղավ եւ մեղադրանքներ հնչեցին վարչապետի ու խորհրդարանի հասցեին, թե «վրացական պետության թշնամուն», «հայ ակտիվիստ Վահագն Չախալյանին» ազատ արձակելը դավաճանություն է վրացական շահերի նկատմամբ: «Դա հակապետական քայլ էր, համաներման արդյունքում ազատ արձակվեց Ռուսաստանի լրտեսը, որն աշխատում է Վրաստանի փլուզման, նրա ամբողջականության մասնատման ուղղությամբ»,- հայտարարել է Վրաստանի նախագահը հատուկ ուղերձում՝ հավելելով ի լուր հայերի, որ «Չախալյանը Հայաստանի օգտին չի աշխատում, նա աշխատում է Ռուսաստանի համար եւ Վրաստանի ամբողջականության մասնատման ուղղությամբ», որ նա իբր ռուսական Պետական հետախուզական վարչության գործակալ է, եւ մի շարք ծանր հանցագործությունների մասնակից: Նշվել է, թե այստեղ հարցը ազգային պատկանելությունը չէ, քանի որ Վրաստանում շատ են հայերը, որոնք ազնվորեն ծառայում են երկրին եւ պատրաստ են կյանքը տալ անգամ. «Իվանիշվիլին պետք է հասկանա, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի խնդրանքով ազատ արձակված հանցագործը հակապետական գործիչ է, եւ դա ոչ միայն մեծ սխալ է, այլ նաեւ հանցագործություն է մեր պետականության հանդեպ»: Նախագահը նաեւ զարմացած է Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու «քաղաքականացված հայտարարության» առումով, որում դատապարտվել էին իր՝ ակտիվիստ Չախալյանի ազատ արձակման կապակցությամբ արված հայտարարությունները: Որոշ վրացական լրատվամիջոցներ նույնիսկ չեն բացառել, որ սա դեռ իր բացասական հետեւանքները կունենա Վրաստանի համար, ինչպես դա եղավ հարավօսական անջատողական Տորեզ Կոլումբեգովին ազատելուց հետո:

Վրաստանի կառավարությունը՝ ի դեմս պատիժների կրման եւ իրավական օգնության հարցերով նախարար Սոզար Սուբարիի, եւս հակադարձել է երկրի նախագահի՝ «ակտիվիստ Չախալյանի» վերաբերյալ հայտարարություններին եւ նրան մեղադրել ստախոսության մեջ: «Հայ քաղբանտարկյալն ազատ է արձակվել համաներման մասին հրամանագրով, եւ նա իր պատիժը կրել է թեթեւ հանցագործության համար: Այդ հոդվածները ներառում են զենքի անօրինական կրումը, խուլիգանությունը, հասարակական կարգի խախտումը: Համաներումը վերաբերել է թվարկված բոլոր հոդվածներին: Այս դեպքում խոսք չի կարող լինել ծանր հանցագործության մասին, ինչի մասին ազդարարում են նախագահը, Գոգա Խաչիձեն եւ երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին»,- հայտարարել է վրացի նախարարը:

Ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանը նույնպես հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իր հասցեին «Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ Միխեիլ Սաակաշվիլու կողմից հնչեցված մեղադրանքները բացահայտ սուտ եւ ապատեղեկատվություն են: Երբեք եւ ոչ մի անգամ «ռուսական լրտես», «գործակալ լինելու» մեջ որեւէ մեղադրանք ինձ դատարանում չի՛ առաջադրվել եւ չէր էլ կարող առաջադրվել: Սաակաշվիլի-Մերաբիշվիլի զույգը իշխանության գլուխն էր, իրենց ձեռքում էին ուժային կառույցները եւ դատախազությունը, երբ 4,5 տարի առաջ ինձ ձերբակալեցին, իսկ 2009-ի ապրիլին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման՝ իբր 2005-06-ին «հանրային կարգը խախտելու», «խուլիգանության» եւ «զենք-զինամթերք պահելու» մեղադրանքներով: Ի դեպ, վերոնշյալ մեղադրանքների հետ ես համաձայն չեմ, դրանք ես երբեք չե՛մ ընդունել եւ չե՛մ ընդունում»:

Հայ քաղբանտարկյալը նաեւ նշել է, որ անազատության մեջ էր միմիայն այն բանի համար, որ հետեւողականորեն պահանջել է վրացական իշխանություններից հարգել վրացահայության իրավունքները, վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիները, հայոց լեզվին Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ, Ախալքալաքում հայկական համալսարան բացել եւ այլն, ինչպեսեւ «Սաակաշվիլիի հանցավոր ռեժիմի ոստիկանական հալածանքները, դրամաշորթության եւ ունեզրկման «բեսպրեդելը» քննադատելու, օրինական միջոցներով այդ երեւույթների դեմ պայքարի համար»: Հայ գործիչը դիմել է դատախազություն՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Բակրաձեի զրպարտչական բնույթի հայտարարության վերաբերյալ: Նա նաեւ անաչառ հետաքննություն է պահանջում Ախալքալաքում 2008-ի հուլիսի 17-21-ի դեպքերի վերաբերյալ:

Ըստ Վահագն Չախալյանի, իշխանափոխությունից հետո երկրում շատ բան արդեն փոխվել է դեպի լավը՝ դադարել են ոստիկանական հալածանքները, աստիճանաբար թուլանում է լարվածությունը, մարդկանց մեջ սկսել է հետզհետե նվազել վախը եւ անպաշտպանվածության զգացումը: Այդ փոփոխությունները որոշակի իրենց զգացնել են տալիս նաեւ Ջավախքում, բայց «դեռեւս իրենց լուծմանն են սպասում ջավախքահայության քաղաքացիական, լեզվական, կրթական, կրոնական եւ մշակութային իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր՝ բռնագրաված եկեղեցիները վերադարձնելը, հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը, Ախալքալաքում հայկական համալսարանի բացումը, շրջաններում ռեալ ինքնակառավարման համակարգի հաստատումը եւ այլն»:

Ջավախքահայ գործիչը կարծում է, որ Վրաստանի նոր իշխանությունների պարտքն է հայաբնակ Ջավախքի հասարակական-քաղաքական ու քաղաքացիական կառույցների հետ երկխոսության եւ փոխըմբռման մթնոլորտում լուծում տալ վերոնշյալ խնդիրներին: Իսկ սա, ըստ վերլուծաբանների, ազդարարում է մի բան, որ ազատության մեջ հայտնված Չախալյանը մի նոր ուղղություն կբացի Վրաստանի հայերի շրջանում:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 3 (266), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։