Այրեր, ովքեր այսօր առաջնորդում եք իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուղղությունները Հայաստանում

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հայտարարությունը

Տիարք Սերժ Սարգսյան եւ Րաֆֆի Հովհաննիսյան. Այրեր, ովքեր այսօր առաջնորդում եք իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուղղությունները Հայաստանում: Սա ասում եմ լավ հասկանալով, որ երկու ձեւակերպումներին էլ դեմ կարծիքներ կան մեզանում: Սակայն, ուզեն, թե չուզեն, Հանրապետական կուսակցության նախագահը նաեւ մեր պետության նախագահն է, «Ժառանգություն» կուսակցության նախագահն էլ՝ երկրի ընդդիմադիր ուժերի մեջ առաջատար դիրք է ձեռք բերել փաստացի:

Ինչպես մինչընտրական եւ նախընտրական գործընթացներում, այնպես էլ հետընտրական ներկա զարգացումներում հայ արիականներն ու ազգայնականները պահպանել են քաղաքական չեզոքություն, որոշ հանգամանքներով պայմանավորված, իսկ կազմակերպական առումով ընտրական տեղամասերում արել են հնարավորը՝ ՀՀ նախագահի ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու համար: Այս պահին չխորանալով հետընտրական փոխադարձ մեղադրանքների ու ներկայացրած թվաբանության մեջ, որոնք իհարկե հուզում են նաեւ ինձ, դիմում եմ Ձեզ, առավել զգաստացնող մտորումներով, քանզի օր-օրի սրացող փոխադարձ հնչող հայտարարությունների տոնայնությունը կարող է մի պահի անցնել սահմանագիծը:

Հարգանք տածելով իշխանական եւ ընդդիմադիր ուղղությունների երկու առաջնորդների նկատմամբ, չեմ կարող մտածել, որ սա փոխադարձ պայմանավորված մի խաղ է, քանզի դա նախեւառաջ վիրավորանք կդիտվեր բազմահազար ընտրողների եւ մեր բոլորի նկատմամբ: Չեմ կարող մտածել, որ սա երկու գործիչների անհանդուրժողականության ու եսակենտրոնության հետեւանք է, որովհետեւ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հավասարակշռված մարդիկ են: Չեմ ցանկանում մտածել անգամ, որ իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուղղությունների առաջնորդները միմյանց հակառակ միջազգային ռազմա-քաղաքական բեւեռների բախման կիզակետում են հայտնվել… Բայց նաեւ չեմ բացառում, որ դա կարող է լինել, ինչը նրբանկատորեն կարողանում են «սարքել» օտար ուժերը մեր երկրում, բոլորիս թիկունքում:

Սա արդեն մտահոգիչ է, քանզի «Բարեւի  հեղափոխություն» ասվածը համենայնդեպս թափ հավաքեց, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի, ինչպես նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ: Ծանոթ տեսարան է, երբ  միջազգային դիտորդները մի կողմից հայտարարում են, որ ընտրություններն անցել են ազատ ու արդար, նրանց կազմած արձանագրություններն էլ ճանաչում են ընտրությունների արդյունքները, բայց մյուս կողմից էլ փորձում են հակակշիռ ստեղծել տվյալ երկրում՝ իշխանություններին «սեփականացնելու» համար:

Դեռեւս մինչընտրրական գործընթացներում Արեւմուտքի ամենաբիրտ «ժողովրդավարական» երկրների՝ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպաններն արդեն աղմկում էին անմրցակցային ընտրության մասին, եւ դա մի այնպիսի ցավով էին նշում, ինչից ակնհայտ երեւում էր, որ զրկվել են «սեփական» թեկնածուներով մասնակցելու հնարավորությունից եւ հանգիստ չեն մնալու հետընտրական շրջանում:

Հարգելի Րաֆֆի Հովհաննիսյան. ի՞նչն է Ձեզ ստիպում կասկածի տակ դնել ընտրության փաստացի արդյունքները, երբ Արեւմուտքն ամբողջությամբ, Ռուսաստանն էլ ԱՊՀ-ի զորակցությամբ՝ իրենց դիտորդներով հավաստեցին գործող նախագահի հաղթանակը: Չե՞ք հավատում նրանց, հապա ինչու՞ եք հանդիպում այդ երկրների դեսպանների եւ այլ ներկայացուցիչների հետ: Նրա՞նց եք հավատում: Իսկ նրանք մի՞թե այլ բան են ասում՝ ինչ ասել են իրենց դիտորդները… Եթե բոլորը նույն բանն են ասում, այս դեպքում ինչպե՞ս հասկանալ նոր ընտրությունների պահանջը: Այս դեպքում ո՞վ է «Բարեւ Հայաստան – հեղափոխություն» ասում՝ Դու՞ք, թե՞ նրանք: Ո՞վ է ի վերջո բարեւում մեզ… Եթե Ազատության հրապարակում արդեն նարնջագույն ժապավեններ են բաժանվել: Իսկ դրանք չե՞ն դառնա «արաբական գարնան» պտուղներ:

Եվ ամենավտանգավորը՝ ի՞նչ է նշանակում այս օրերին «2008-ի մարտի 1-ի» արծարծումը, ինչու՞ են Ձեր կուսակիցները օդում սադրանք հնչեցնում, թե «չենք  կարծում, որ իշխանությունը ունի ռեսուրս կամ ցանկություն նոր մարտի 1 կազմակերպելու, համենայն դեպս, գործող նախագահը այնքան շրջահայաց կլինի, որ չի կրկնի նախորդ նախագահի հանցանքը»: Ի՞նչ է՝ տղայական մարտահրավե՞ր են անում:

Իսկ նախորդ ընդդիմադիր ուժի հանցանքը կրկնելու «ռեսուրս» ունի՞ «Ժառանգություն»-ը, իսկ նպատա՞կ…

Հարգելի Սերժ Սարգսյան. Ձեզ ի՞նչն է ստիպում օրինական հանրահավաքներին ու կոչ-արտահայտություններին ընդառաջելով (ինչը ճիշտ է եւ օրենքի պահանջ), նույն օրենքի սահմաններում չարգելել չթույլատրված միջոցառումներն ու կոչերը: Ձեզ չե՞ն անհանգստացնում ընդդիմադիր որոշ գործիչների եւ պետական որոշ այրերի «մարտիմեկյան» համեմատությունները: Ի՞նչն է Ձեզ խանգարում օտար երկրների դեսպաններին կամ այս ու այն խառնակիչ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին իրենց տեղը ցույց տալուն,  չէ՞ որ հենց այդ ցույց չտալը եւ օտարների՝ մեր ներքին քաղաքական կյանքին խառնվելը հղի է անկանխատեսելի զարգացումներով, հատկապես, երբ օտարներն էլ իրենց ռազմավարական շահերն ունեն հակամարտության բորբոքման պարագայում:

Կհուսամ՝ մտայնություններս անձնավորված չեք համարի, քանզի նման միտում հաստատ չկա, ու ազգային համաձայնությամբ պայմանավորված կհասնեք իրապես ազգային կառավարության ձեւավորմանը, ինչը կնպաստի մեր ներքաղաքական կյանքի ու կենցաղի բարելավմանը եւ միջազգային ասպարեզում համազգային նպատակների հաջողմանը:

Խորին հարգանքով՝

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

24.02.2013թ.-ք. Երեւան

www.hayary.org

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։