Նորընտիր նախագահին մաղթում ենք, որ լինի Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նախագահը եւ աշխարհասփյուռ հայության պաշտպան-ղեկավարը

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց բավարարվածությունն են հայտնում 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրության կազմակերպման եւ անցկացման առթիվ: Հատկապես կարեւոր է, որ նախընտրական որոշ անհանգստացնող դրսեւորումներից եւ թեկնածուներից մեկի հանդեպ հայտնի մահափորձից հետո, համապետական միջոցառումն անցավ խաղաղ պայմաններում եւ առանց հետընտրական ներքաղաքական ցնցումների:

Իհարկե, արտաքին որոշ ուժեր փորձում են իրենց լծակներով հակաընտրական ալիք առաջացնել, ինչպես մինչեւ ընտրությունները փորձեցին, սակայն դրանք ապարդյուն եւ անարդյունք ավարտ կունենան:

Ցավալի է, որ ընտրելու ձայն ունեցողների շուրջ  60%-ը միայն մասնակցեց ՀՀ նախագահի հերթական ընտրությանը (չնայած 70-80%-անոց ընտրություններ նույնիսկ եվրոպական երկրները չեն իրականացնում), սակայն միջազգային ու տեղական դիտորդների հավաստմամբ, նաեւ մեր ուսումնասիրությունների արդյունքներով ապահովվել է ազատ ու արդար ընտրությունների անցկացումը: Գրանցվել են որոշ խախտումներ, ինչը սակայն որեւէ ազդեցություն չի կարող ունենալ ընտրական արդյունքների վերջնահաշվարկի վրա:

Ողջունելի է, որ իշխանական ու ընդդիմադիր թեկնածուների կողմից իրականացվեց մրցակցային եւ ընտրելու հնարավորություն ընձեռող պետական միջոցառում, ինչը հաստատ առաջընթաց քայլ է նախորդ ընտրությունների համեմատ, եւ երաշխիք է գալիք ընտրություններն առավել ազատ ու մարդաշատ մասնակցության համար:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթում ազգանվեր գործեր հանուն Հայաստանի ու հայության:

Երբ ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուներից ոմանք հայտարարում են, որ այս ընտրություններում հաղթել է ժողովուրդը եւ անգամ հատուկ բողոքարկող կարծիք չեն ամրագրում հանձնաժողովներում եւ ԿԸՀ-ում նախնական արդյունքների հաստատմանը մասնակցելիս, ապա ճիշտ կլիներ հակառակորդին շնորհավորելու մշակույթը եւս նորամուծվեր այս ընտրություններում: Եվ ճիշտ կլիներ նաեւ, որ հաղթող կողմը ապագա կառավարությունը ձեւավորելիս առաջնորդվեր ազգային համաձայնության կառավարություն կազմավորելու սկզբունքով, ինչը ակնառու քայլ կլիներ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների խթանման համար:

Հույս ենք հայտնում, որ նորընտիր նախագահն իր նախագահական երկրորդ շրջանում կկարողանա հասնել երկրի ներքաղաքական կայունացմանն ու հատկապես տնտեսության արտադրական-արդյունաբերական ոլորտի զարգացմանը, սոցիալական եւ իրավական արդարության հաստատմանը, ազգի կենսամակարդակի բարելավմանը, իսկ արտաքին հարցերում՝ Արցախի իրավական վերամիավորմանը Հայաստանի հետ, Մերձավորարեւելյան եւ Կովկասյան տարածաշրջաններում հայկական շահերի ամրապնդմանն ու նպատակների միջազգայնացմանը, ինչպեսեւՀայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, ըստ այդմ՝ նաեւ հայկական պահանջատիրության առաջադրմանը:

Մեր մաղթանքն է, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը դառնա Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նախագահը, ինչպես նաեււ աշխարհասփյուռ հայության պաշտպան-ղեկավարը, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ մասում էլ գտնվի՝ զգա հայրենիքի շունչն ու պաշտպանությունը: Սա կլինի այն գրավականը, որ ամեն հայ ինքնըստինքյան կզգա, որ բացի իրավունքներից նաեւ պարտականություններ ունի հայրենիքի ու հայության հանդեպ:

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

20.02.2013թ.

www.hayary.org

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։