- Պետության օրորոցայինը խաբուսի՞կ է – Իրենց եփած ճաշն է անաղ, մեղավորը հարկատուներն են…

- Միշտ խեր է, հիմի շա՞ռ… – Շաքարի դառը համը… – Հրեշտակ մաքսայինը… – …Մեկ էլ՝ հարկայինը… – Իսկ Ռուսաստանում դոլարային միլիարդատերերի թիվը 2013թ. ավելացել է…

Պետության օրորոցայինը խաբուսի՞կ է – Իրենց եփած ճաշն է անաղ, մեղավորը հարկատուներն են

Հարկային նոր փաթեթը հարկատուների գլխին իսկական փորձանք է դարձել: Որովհետեւ այդ փաթեթն ի սկզբանե խաբեություն էր, քանզի հակառակ իշխանավորների խոստումների, եւ՛ հարկման բեռն ավելացրեց, եւ՛ հարկատուներից հակերական հմտություններ պահանջեց: Օրերս էլ վարչապետը հարկատուներին աջակցող քայլ արեց, բայց մտածում եմ՝ կարո՞ղ է օրորոցայինը խաբուսիկ է: Իրավունք ունեմ մտածելու, որովհետեւ՝

- Ինչպես քաղաքացի-հարկատու-բիզնես իրավապաշտպան կազմակերպությունն է նշում (ու նրա գնահատականների հետ համաձայն եմ, որովհետեւ մաշկիս եմ զգացել) վերջին մի քանի օրերին բացարձակապես չի աշխատում ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգը: Դրանից օգտվելն անհնար է: Աշխատանքային ժամերին անհնար է ներկայացնել եկամտային հարկի եւ անձնավորված հաշվառմանը վերաբերվող հաշվարկ հաշվետվությունները համակարգի անսարքության պատճառով: Համակարգը, առանց չափազանցության, փաստացի չի աշխատում: Նախ՝ հնարավոր չէ մուտք գործել համակարգ, կամ՝ հարկային կոդի մուտքագրման դեպքում փաստաթղթերում արտացոլվում են սխալ անվանումներ, հասցեներ եւ այլն: Հարկատուների կողմից ՊԵԿ եւ էլեկտրոնային ստորագրությունների համակարգը սպասարկող «Էկենգ» ընկերությանն ուղված զանգերը կամ չեն պատասխանվում, կամ օպերատորի կողմից պատասխանում են, որ համակարգում աշխատանքներ են գնում եւ դրանով է պայմանավորված համակարգի խափանումը: Այս ամբողջը մտահոգիչ է, որովհետեւ հարկատուները, ոչ իրենց մեղքով, ուշացրեցին հաշվետվությունները եւ կենթարկվեն վարչական պատասխա- նատվության:

Կամ՝ ինչպես հաշվապահներն են կատակով դժգոհում, հաշվետվություն հանձնելու համար պետք է իսկական համակարգչահեն լինել: Բանն այն է, որ, օրինակ, աշխատանքի (հաշվետվությունների լրացման, հաշվետվության ժամանակավորապես հիշման, գրանցման եւ նույնիսկ համակարգ մուտք գործելու) ընթացքում առանց կատարված աշխատանքը հիշելու, առանց օգտագործողի հրամանի, համակարգը վերադառնում է նախնական վիճակի‘մուտքագրման պատուհանին: Կամ՝ չի հաջողվել տեղադրել թվային ստորագրությունը PDF ֆայլին: Նաեւ՝ հաշվետվության ընդհանուր ստուգման համակարգից օգտվելիս տալիս է սխալ, իսկ յուրաքանչյուր տող ստուգելիս սխալը չի արտաբերում: Մի խոսքով, ընդամենը 1 հաշվետվության համար անհրաժեշտ է ոչ թե 5 րոպե, այլ 5 ժամ (ի դեպ, սա՝ լավագույն դեպքում): Այլ խափանումների մասին. XML տարբերակով հաշվետվության լրացման տարբերակը հնարավոր չի լինում ստուգել:

Իսկ մեծ կազմակերպությունները, որոնք ունեն, ասենք, 400 եւ ավելի աշխատողներ, չեն կարող առանց XML ֆրոմատի լրացնել պահանջվող հաշվետվությունները:

Շարունակելն անիմաստ է, չկա մի բան, որ աշխատի: Պատկերացնու՞մ եք, այս ճաշն ինչքան անաղ են եփել մեր իշխանավորները, որ հետքայլ արեցին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային խորհրդակցություն հրավիրեց ֆինանսների նախարարության եւ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության մասնակցությամբ, քննարկեց 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքի կիրառման հետ կապված որոշ հարցեր: Մասնավորապես, օրենքի 13-րդ հոդվածի համաձայն հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմիններ ներկայացնել սահմանված ձեւի եկամտային հարկի ամփոփ հաշվարկ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր հաշվետվության տեսակի ավելացմամբ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի արդյունքում ի հայտ են եկել ՀՀ ԿԱ ոստիկանության ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի եւ ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնայն համակարգի միջեւ անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներ», վարչապետը հանձնարարել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ չկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ:

Բայց հիմա հարց է ծագում՝ բա այդքան տույժ-տուգանքներով բյուջեն լցնելուց զրկվելով՝ հնարավո՞ր է մի բան ձեռնարկեն ու՝ հայդե՜, դնեն եւ տուգանեն հարկատուներին:

Գուցե գլխներիս տակ փափուկ բա՞րձ են դնում:

Չէ, վստահել չի լինի, հաստատ մի բան մտածել են, ո՜նց իմանանք, թե որտեղից է հետո ձենը գալու, որ պաշտպանվենք: Լրիվ հիմքերն ունեմ կասկածամիտ լինելու, այլապես… իրենց եփած ճաշը կոտեին՝ համակարգը կփորձարկեին, ու նոր միայն մեզ կասեին՝ բարի ախորժակ: Թե չէ անհամ ճաշը կերել-պրծել ենք, նոր են ասում, վա՜յ, կներեք, աղը մոռացել էինք:

Աստղինե Քարամյան

Միշտ խեր է, հիմի շա՞ռ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետեկամուտներևի կոմիտեն ուսումնասիրություններ է անցկացնում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» եւ «Լուսաստղ շուգր» ընկերություններում:

Այդ մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը:

Ըստ նրա, ստուգվում է «Ալեքս Գրիգ»-ի ամբողջ ցանցը ու այդ գործընթացում ներգրավված է 160 աշխատակից:

Այս ի՞նչ սեւ ամպեր են կուտակվել «Լֆիկ Սամոյի» գլխին: Հարկայինը նրա համար միշտ խեր էր, հիմա շա՞ռ է դարձել: Քաղաքականություն կարծես չի փոխվել: Հապա ի՞նչ է եղել:

Լրատվության մեր աղբյուրների համաձայն, Սամվել Ալեքսանյանին այս անգամ քաշել են «արաղի ցեխերի» աշխատողները, ովքեր այս ու այնտեղ գլուխ են գովացել, թե գրանցված չլինելով ավելի շատ փող են ստանում, քան գրանցված աշխատողները:

Շաքարի դառը համը

Գագիկ Խաչատրյանը, այսպես ասենք, «շաքարավազի» գործով անօրինական ոչինչ չի տեսնում:

Որովհետեւ՝ շաքարավազի ներմուծումից մաքսային մուտքերը նվազել են այն պատճառով, որ ներկայում ներկրվում է շաքարավազի կիսապատրաստուկ, իսկ նախկինում՝ պատրաստի շաքարավազ: Իսկ կիսապատրաստուկն ազատված է ավելացված արժեքի հարկից եւ մաքսատուրքից, ի տարբերություն պատրաստի շաքարավազի:

Հարց է ծագում՝ եթե կիսապատրաստուկ է ներկրվում, որն էլ ազատված է երկու հարկատեսակից, ապա ինչու՞ գոնե 20 դրամով շաքարավազը չի էժանանում:

Ստացվում է՝ կիսապատրաստուկը ոչ թե օգնել է սպառողին, այլ գերշահույթ ապահովել ներկրողին՝ շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությանը, որ պատկանում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Սույն անձի շաքարը շատ դառն է, հա լցրու ու լցրու, ոչ համ է տալիս, ոչ… Հա, լավն այն է, որ այս անձի ունեցվածքը ոչ թե զոքանչի, այլ՝ կնոջ անունով է: Ա՛յ տղամարդ եմ ասել:

Հրեշտակ մաքսայինը

Մանրածախ առեւտրի ֆրանսիական Carrefour առեւտրի ցանցը կմտնի Հայաստան:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ Carrefour-ի մուտքը քննարկվում է նաեւ կառավարությունում ու այնտեղ դրական են տրամադրված:

Գ. Խաչատրյանը հավաստիացրեց, որ մաքսային մարմիններում որեւէ խոչընդոտ չկա Carrefour-ի համար. «Եթե որեւէ մեկը հայտարարի, որ խոչընդոտի է հանդիպում որեւէ ապրաքատեսակ ներմուծելիս, ես պատրաստ եմ հասարակական քննարկում կազմակերպել: Պրոբլեմները, որ կան, ուրիշ դաշտերում են ու բոլորովին կապ չունեն մաքսայինի հետ»:

Այո, միանգամայն ճիշտ է Գ. Խաչատրյանը, Carrefour-ի խնդիրը «Տաշիր»-ի հետ է:

Բայց որ ընդհանրապես մաքսայինը երբեւէ խնդիրներ չի հարուցում, ծիծաղելի է: ՊԵԿ ղեկավարը մոռացել է այն, որ Ջավախքցիք բողոքում էին, թե Երեւանում սովորող իրենց ուսանող երեխաների համար ՀՀ բերվող 1 գլուխ պանիրն էլ էին հարկելու, եթե աղմուկ չբարձրանար:

…Մեկ էլ՝ հարկայինը

Կառավարության երեկվա նիստում որոշվեց, որ ժամանակավոր անաշխատունակության նպաստների՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարները, 2013թ. հունվարի 1-ից հետո, գործատուն վճարում է «Եկամտային հարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով՝ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի հաշվին: Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարները բավարար չեն ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը՝ հարկային մարմնի հաստատած տեղեկանքի հիման վրա, որում արտացոլվում են հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը), գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսահամարը, փոխհատուցման ենթակա ծախսի գումարը, կազմակերպության ղեկավարի ստորագրությունը եւն:

Առանց ցուցքի հարուստներ չիք

(Լուսանկարում (տեսնել PDF տարբերակում) ռուսաստանյան երեք հայազգի միլիարդատերերն են (դոլարային արտահայտությամբ)՝ ձախից աջ՝ Դանիլ Խաչատուրովը, Նիկոլայ Սարկիսովը եւ Սամվել Խաչատրյանը)

* * *

Lenta.ru-ն, հղում անելով CEO ամսագրի կազմած աղյուսակին, գրում է, որ Ռուսաստանում դոլարային միլիարդատերերի թիվը 2013թ. ավելացել է՝ հասնելով 131-ի, ինչը դարձել է պատմական ռեկորդ: Որովհետեւ միլիարդատերերի թիվը 1 տարում ավելացել է 11-ով: 2012թ. Ռուսաստանում բնակվել է 1 մլրդ դոլարից ավելի եկամուտ ունեցող 120 գործարար, իսկ 2011թ.՝ 114: 2013թ. ցուցակում ներառված միլիարդատերերի ընդհանուր կարողությունը գնահատվել է 147 մլրդ դոլար:

Ըստ նշյալ աղյուսակի, այստեղ նաեւ հայազգիներ կան՝ օրինակ, բոլորիս հայտնի «Տաշիր»-ի Սամվելը՝ Սամվել Կարապետյանը, ով «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն ու հիմնական սեփականատերն է, հայտնվել է 62-րդ հորիզոնականում՝ ունենալով 1,90 մլրդ դոլար ունեցվածք:

«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը գտնվում է 38-րդ հորիզոնականում՝ ունենալով 2,89 մլրդ դոլար: Նրան է հաջորդում հարազատ եղբայր Սերգեյ Խաչատուրովը, ում ունեցվածքը դարձյալ 2,89 մլրդ դոլար է:

92-րդ հորիզոնականում Նիկոլայ Սարկիսովն է, ով «Ռեսո գարանտիա» ընկերության փոխտնօրենն է եւ ունի 1,33 մլրդ դոլար կարողություն£ Խաչատուրով եղբայրների օրինակով Նիկոլայ Սարկիսովին հաջորդում է նրա եղբայր Սերգեյ Սարկիսովը՝ «Ռեսո» եւ «Ռեսո գարանտիա» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահը, ում ունեցվածքը նույնպես 1,33 մլրդ դոլար է:

Այդ աղյուսակի համաձայն՝ ՌԴ-ի ամենահարուստ մարդը «Մետալինվեստ»-ի սեփականատեր Ալիշեր Ուսմանովն է, ում կարողությունը գնահատվել է 18,72 մլրդ դոլար£ 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը, ում կարողությունը 17,2 մլրդ դոլար է: 3-րդ հորիզոնակում է «Ռենովա» ընկերության սեփականատեր Վիկտոր Վասելբերգը՝ ունենալով 15,94 մլրդ դոլար: Նրան հաջորդում է «Ալֆա գրուպ»-ի ղեկավար Միխայիլ Ֆրիդմանը (15,32 մլրդ դոլար):

Ինչեւէ, այս ցանկը երկար շարունակել կարող ենք, բայց մենք ընդհանրապես երբ հարուստների տարտեսակ ցուցակներ են հրապարակվում, նայում ենք, թե կա՞ն արդյոք հայեր այդ շարքում եւ ի՞նչ են նրանք արել Հայաստանի համար՝ առանց բարեգործության շղարշի ու առանց ցուցադրության:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 6 (269), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։