ՄԱՔՈՒՐ ԼԵԶՈՒ

ՄԱՔՈՒՐ ԼԵԶՈՒ

Մի կեղտոտեք հայոց լեզուն
Տգեղ, օտար բառերով,
Մարգարտաշար մեր հայկազուն
Գիրը՝ օտար տաղերով:

Մի աղտոտեք հայոց հոգին
Տգեղ, օտար բարքերով,
Մաքրամաքուր մեր սրբագին
Խոսքը՝ օտար կրքերով:

Մի՝ անպատվեք հայոց մարդուն
Անուններով խելահեղ,
Օտար անվան ձևն է փքուն,
Ինքն անհեթեթ ու տգեղ:

Մի ճորտացեք օտարահունչ
Հողմերի դեմ հայադավ,
Հայի համար լոկ հայաշունչ
Մայր երկիրն է սրտացավ:

Ճոխ ու շքեղ մեր մայրենին
Մայրերից է մեզ տրված,
Անուշ մոր պես անուշ է այն
Անուշ սիրով շաղախված:

Գեղեցիկը ամեն լեզվում
Մայրենիով է հնչում,
Նրանով են սրտեր հուզվում,
Մտքեր ծնվում և շնչում:

Մեր դեմքն է այն, մեր պատիվը,
Թույլ մի տվեք անարգեն,
Մտքի հզոր մեր անիվը
Մեր լեզուն է, թող հարգեն:

Լեզուների հայ ծաղիկը
Մաքուր պահենք մինչև վերջ,
ՈՒրույն դեմքն է գեղեցիկը,
Ոչ թե լուծվածն այլոց մեջ:

Գեղամ Խաչատրյան  


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։