- Թուրք կանայք եւս թու՛րք են -…հայի հայրենիքը բռնազավթել՝ հետո էլ ասել՝ «տարբերություն չկա»…

- Ինչպես ստուգել Հայաստան ժամանող թուրքերին -…պայթուցիկ սարքերը պահել են ամենաանհավանական տեղերում…

– Օջալանի ուղերձը՝ հայերին եւ ասորիներին -…ժողովրդավարական ձեւով լուծել առկա խնդիրները…

– Գյուղմթերքի հարցում՝ պետական ուշադրություն – …հիվանդ կարտոֆիլներ ներմուծելով են փորձում ապակայունացնել…

Թուրք կանայք եւս թու՛րք են

«Անի Պլազա» հյուրանոցում ԱՄՆ ՄԶԳ ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը («Ւ-Դի-Էմ-Սի») եւ «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը կազմակերպել են հայ եւ թուրք գործարար կանանց ֆորում: Նպատակն այն է, որ թուրք գործարար կանանց ծանոթացնեն Հայաստանի բիզնես միջավայրին, հարկային ու մաքսային համակարգերին, ընկերությունների գրանցման ընթացակարգերին, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել նրանց հաստատելու գործնական կապեր՝ երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունների հաստատմանն աջակցելու համար:

Ֆորումի ընթացքում զեկույցով հանդես են եկել Զարգացման հայկական գործակալության, փոքր ու միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոնի, պետական եկամուտների կոմիտեի եւ այլ հաստատությունների ներկայացուցիչներ:

Մոտ 30 թուրք գործարարներ ներկայացրել էին տարբեր նմուշներ՝ սնունդ, հագուստ եւ այլն: Թուրքերը դեմ չէին, որ հնարավոր լինելու դեպքում իրենց արտադրությունը կբերեն Հայաստան, վաճառքի կհանեն եւ այստեղից արդեն սարքավորումներ ու նյութեր կտանեն իրենց մոտ: Նրանք դիվանագիտորեն ճամարտակել են, թե «տարբերություն չկա Հայաստան, թե Թուրիքա եւ անցյալի իրադարձություններն էլ որեւէ դեր չեն խաղում, ուզում ենք պարզապես մեր բիզնեսը ներդնենք եւ ընկերական համագործակցենք միմյանց հետ»:

Հենց այսպես էլ սկսվում են ծավալվել «տարբերություն չդնելու գաղափարները», ինչը ակնկալում են լսել նաեւ հայ գործարարների ու կանանց կողմից: Իհարկե, թուրքի համար շատ լավ է՝ հայի հայրենիքը բռնազավթել է, հային ցեղասպանել ու սեփական պետությունը ստեղծել Հայկական լեռնաշխարհում ու հետո էլ ասել՝ «տարբերություն չկա»… Սա այն կուտն է, որ նորից փորձում են համագործակցության տակ հրամցնել, սա նաեւ բիզնես-կուտ է, ու գուցե ոմանք հայկական կողմից հրապուրվեն: Ու վտանգը հենց այստեղ է:

Կանայք բիզնեսում ամեն ինչ ավելի գեղեցիկ են անում. հոխորտում էին թրքուհիները, նաեւ նշում, որ օրինակ՝ սննդի արդյունաբերության ոլորտում, Թուրքիայում կին գործարարները շատ քիչ են, հիմնականում զբաղվում են տղամարդիկ եւ, իբր այսպես, «կիսվում» էին իրենց խնդիրներով ու հետագա ծրագրերով:

Թուրք գործարարների բիզնեսը Հայաստանում ներդնելու համար արտոնությունների եւ ազատ տնտեսական գոտիների մասին խոսել է նաեւ հայկական կողմը: Եթե դրսից ներդրումների չափը գերազանցում է 300 միլիոն դրամը, ապա ավելացված արժեքի հարկը հետաձգվում է 3 տարով, եթե ներմուծվում են ներդրումային ապրանքներ, դրանց մաքսատուրքը 0 տոկոս է, եթե կան ներդրումային ծրագրեր, առկա վարկային միջոցներից պետությունը կարող է սուբսիդավորել այս վարկերը կամ տրամադրել ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր եւ այլն.- այսպես ոգեւորված ներկայացնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը: Նա մի՞թե կարծում է, թե թուրք կանայք առանց Անկարայի լուրջ ծրագրերի, հանուն սեփական բիզնեսի կաշխատեն Հայաստանում եւ հանուն Հայաստանի բյուջեի ծաղկման: Մեր իշխանական վերնախավում էլ են այսպես կարծու՞մ:

Ինչեւէ, անգամ եթե պետական ծրագրեր են իրականացվում, հայ գործարար կանայք պետք է հասկանան ինչպես սկսել համագործակցել, որպեսզի մենք թուրքական բյուջեն չավելացնենք պարզապես ու ի վնաս մեզ: Հայաստանում կանանց գործարարությունը դեռ այնքան փորձառու եւ զարգացած չէ, որ վստահություն լինի նրանց անսխալ տնտեսա-քաղաքական մտածողության ու կարողությունների նկատմամբ:
Հայկ Թորգոմյան

 

Հ.Գ. – Իհարկե, ոմանք Հայաստանում կարող են հայ եւ թուրք տղամարդկանց (այդ թվում՝ գործարար) տարբերությունը ձեւախեղել իրենց պահվածքով, եւ հայ տղամարդու հակաթուրքական հիմնավորված խորհուրդը այլ համապատկերում կհայտնվի:

Եթե բոլոր հայ տղամարդիկ սկսեն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նման հայտարարել, թե կանանց մեծարել պետք չէ, անգամ նրանց տոնական միամսյակի ընթացքում, ապա անգամ հայ գործարար կանանց աչքին թուրքական «տղամարդկային» սին կնամեծարությունն ավելի տրամադրող կդառնա: Բայց լավ է, որ հայ տղամարդիկ հայ կնոջը միշտ եւ ճիշտ են գնահատում ու մեծարում, նաեւ երկրի կառուցման մեջ կարեւոր տեղ հատկացնում, եւ Գյումրիի նախկին քաղաքապետի օրինակով չեն հայտարարում, թե «Այդ տոնը Աստվածածնի տոնն է, եւ Աստված ասել է, թե կնոջը ինչքան պետք է մեծարել: Ազգային ժողովը սխալ տոն է ընդունել»:
Ինչպես ստուգել Հայաստան ժամանող թուրքերին

Եվրոպական ֆուտբոլի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Ռեալ» (Մադրիդ) – «Գալաթասարայ» (Ստամբուլ) հանդիպման կրքերի հետեւանքները շարունակում են քննարկել:

Թեեւ մարզական տեսանկյունից հարցը վճռված է, այնուամենայնիվ, ՈւԵՖԱ-ն հետաքննելու այլ պատճառներ ունի այն իրադարձությունները, որոնք կատարվել են հանդիպման ժամանակ՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:

Դեռ հանդիպման մեկնարկից առաջ էին թուրք երկրպագուներն սկսել անկարգությունները, երբ Մադրիդի կենտրոնում իսկական խառնաշփոթ էին ստեղծել՝ վանկարկելով «Բարսելոն»: Իսկ ահա խաղի ամբողջ ընթացքում Թուրքիայից ժամանած 3600 երկրպագուները կրակ էին վառել, ճայտրուկներ պայթեցրել, ինչի արդյունքում որակազրկում է սպառնում իսպանական մարզադաշտին: «Ռեալ»-ը իր հերթին կարող է տուգանվել 20.000 եվրոյով միայն այն բանի համար, որ մարզադաշտ մուտք գործող երկրպագուները կարողացել են «զինված» ներս մտնել:

Իսկ մարզադաշտի հսկիչները պատմում են, որ թուրք երկրպագուները պայթուցիկ սարքերը պահել են ամենաանհավանական տեղերում՝ աղջիկների մազերի մեջ եւ տղաների տաբատների ներսում, իսկ Իսպանիայի ոստիկանությունն իրավունք չուներ նրանց մերկացնելու, նոր միայն ներս թողնելու:

Եթե ՈՒԵՖԱ-ն պատժի «Ռեալ»-ին, ապա «Արքայական ակումբ»-ը պատրաստ է բողոքարկելու:

Այս ամենը կարող է կրկնվել նաեւ Հայաստանում եւ հաստատ հայ-թուրքական մարզական բախումները թուրք-իսպանականի ավարտը չեն ունենա, հետեւանքներն էլ միայն մարզական խուլիգանական չեն լինի…

 

Անի Մարության

 

Օջալանի ուղերձ՝ հայերին եւ ասորիներին

Քրդական խորհրդարանական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահեթին Դեմիրթաշը «Նյուչե» հեռուստաընկերության հետ զրույցում փոխանցել է «Քրդստանի բանվորական (աշխատավորական) կուսակցության»առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը՝ կապված հայերի եւ ասորիների հետ:

Ըստ քուրդ կուսակցապետի խոսքերի՝ Օջալանը նշել է, որ անընդունելի է հայերի ու ասորիների իրավունքների եւ ազատությունների սահմանափակումը:

«Առանց նրանց ժողովրդավարական դաշինք լինել չի կարող»,- Օջալանի խոսքերն է հայտնել Դեմիրթաշը:

Դեռ մարտի 21-ին Դիարբեքիրի հրապարակում, որտեղ հարյուր հազարավոր քրդեր էին հավաքվել՝ տոնելու Նովրուզը, քրդական խորհրդարանական ԽԺԿ պատգամավորներ քրդերենով ու թուրքերենով ներկայացրել են թուրքական բանտում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը:

Ուղերձում քուրդ առաջնորդը կոչ էր արել ՔԲԿ-ին վայր դնել զենքն ու լքել Թուրքիայի տարածքը: Նաեւ նշել է, որ ժամանակն է եկել պայքարը տեղափոխել քաղաքական դաշտ եւ ժողովրդավարական ձեւով լուծել առկա խնդիրները:
Հայերի միջնորդությունը՝ վտանգավո՞ր

Թուրքիայի ընդդիմադիր շրջանակները դժգոհել են, որ քրդական խնդրի լուծման գործում ուղիներ փնտրելու համար ձեւավորված մտավորականների հանձնաժողովում ներառված են նաեւ ազգությամբ հայեր:

Մասնավորապես «Ազգայանական շարժում կուսակցության» պատգամավոր Ահմեթ Դուրան Բուլութը կոշտ քննադատության է ենթարկել հանձնաժողովում հայերի առկայության փաստը:

Թուրքիայում օրեր առաջ է հայտարարվել «մտավորականների հանձնաժողով»-ի կազմը, որը նպատակ ունի թուրք-քրդական հակամարտության լուծման ուղիներ գտնել:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են հասարակական գործիչներ, գիտնականներ, քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ, այդ թվում՝ պոլսահայ Էթյեն Մահչուպյանը: Հայտնի լրագրողը 2007-2010թթ. եղել է «Ակօս»-ի գլխավոր խմբագիրը: Այժմ նա «Զաման» եւ «Թարաֆ» օրաթերթերի սյունակագիրներից է:

Նշենք, որ «Մտավորականների հանձնաժողով»-ում ընդգրկված են 64 հոգի:

Ազգայնական պատգամավորը, անդրադառնալով ցուցակում ընդգրկված հայերի թեմային, ասել է. «Հայերի խելքը ինձ պետք չէ: Հայը թուրք ազգի մասին ի՞նչ կարող է մտածել: Թուրքիայի հայ քաղաքացիներին սիրում-հարգում եմ:

Դեռ երեկ պետության դեմ թուրք ազգից վրեժ լուծողներին պաշտպանող անձանց որպես մտավորական են ընտրել»:

 

Նարե Մշեցյան

 

Գյուղմթերքի հարցում՝ պետական ուշադրություն

Վրաց-թուրքական Սարպի մաքսային վերահսկման կետում վերջերս առգրավվել է 49,000 կգ հերթական վարակված կարտոֆիլով բեռնված կոնտեյները: Լաբորատորիայում կատարված սանիտարական եւ ֆոտոսանիտարական ստուգման արդյունքում պարզվել է, որ կարտոֆիլը վարակված է քաղցկեղով (Synchytrium endobioticum (Schilb) Perc) եւ այլ կարանտինային միկրոօրգանիզմներով: Բեռը հետ է ուղարկվել Թուրքիա:

«Լուսանցք»-ը այս խնդրին անդրադարձել է եւ նշել, որ վարակված կարտոֆիլով բեռնված կոնտեյները կարող են ոչ միշտ «բռնվել» եւ հաջող մուտք գործելու դեպքում՝ Վրաստանով Հայաստան մտնել: Եթե անգամ չմտնեն, ապա Ջավախքի հայերի համար լուրջ խնդիրներ կառաջացնեն:

Ըստ վերլուծաբանների, կարտոֆիլի իրացումը Ախալքալաքում վերածվել է գյուղատնտեսության զարգացման հիմնական արգելքի: Այդ արգելքը հաղթահարելու համար փորձագետները հանդես են եկել տարբեր առաջարկություններով՝ ինքնարժեքի նվազեցում, գյուղատնտեսական սպասարկումների գների կարգավորում, վերամշակման արտադրություն, նաեւ այլընտրանքային գյուղմթերքների աճեցում: Անցյալ տարի Ախալքալաքի տարածաշրջանում կարտոֆիլ է ցանվել 11,328 հեկտարի վրա եւ աճեցվել է 163,260 տոննա կարտոֆիլ: Փորձագետների գնահատմամբ, կարտոֆիլի իրացման ցուցանիշը տատանվում է 40-ից 60 տոկոսի շրջանակներում:

Թուրքերն էլ իրենց հերթին հիվանդ կարտոֆիլներ ներմուծելով են փորձում ապակայունացնել գյուղատնտեսության վիճակը: Ժամանակին խոսել ենք նաեւ վարակված այլ գյուղմթերքների ներկրման մասին: Ջավախքցին ամեն տարի միեւնույն հողամասում կարտոֆիլ է ցանում: Իսկ հողին հանգստանալ է պետք, նաեւ սերմափոխանակությունը չի պաշտպանում: Բացի այդ, շրջանում պետք է լինի գնման կետ, որ բոլորը կարողանան իրենց կարտոֆիլը այնտեղ հանձնել ու մեծ քաղաքներն այդ կետերից մթերքը ստանան, բայց թուրքերն ավելի հարմար պայմաններ ունեն իրենց գյուղմթերքները սպառելու, քան տեղի հայերը:

Թուրքերի համար Վրաստանում հարմար է ոչ միայն գյուղմթերքների իրացման գործը: Նրանք քաղաքական հարցերը եւս չեն մոռանում:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 13 (276), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։