Հայկական հետքը բացառվեց – Զայրացնող էր, որ ահաբեկչությանը հայկական ուղղվածություն տրվեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի օրերին…

Հայկական հետքը բացառվեց -

Զայրացնող էր, որ Բոստոնի ահաբեկչությանը հայկական ուղղվածություն տրվեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի օրերին…

Բոստոնյան մարաթոնի պայթյունների տարօրինակ հանգամանքներն ու կասկածելի անուններն առաջ են բերել բազմաթիվ հարցեր, որոնք սպասում են սպառիչ պատասխանի:

Առավել առեղծվածային դեմքն այս հարցում «Միշա» անունով մեկն է, ում պայթյունների հեղինակների հորեղբայրը՝ Ռուսլան Ցարնին ներկայացրել է որպես իսլամացած հայ, ով իբր «լվացել» է կասկածյալ Ցարնաեւ եղբայրներից ավագի՝ Թամերլանի ուղեղը եւ նրան դարձրել արմատական: Այդ Ռուսլանը «Միշա»-ին բնութագրել է որպես խոշոր կազմվածքով, «ճաղատ եւ երկար շիկամորուսով մի դիվահալած»: Սկզբում չէին գտնում «Միշա»-ին, մինչ Թամերլանի հետ նրա ենթադրյալ կապն ու հայկական ծագումը բազմիցս հայտնվեցին ու հիշատակվեցին լրատվամիջոցներում: Հասկանալի է, որ մեր շատ շահագրգիռ թշնամիները եւս այս պահը բաց չթողեցին:

Շուրջ 10 օր պահանջվեց ամերիկյան իշխանություններին՝ հայտարարելու համար, որ իրենք գիտեն ով է «Միշա»-ն, եւ նա կապ չունի ահաբեկչական գործողությունների հետ: «Նյու Յորք Ռիվյու oֆ Բուքս» երկշաբաթաթերթի լրագրող Քրիստիան Քերիլին հաջողվել է գտնել ու հարցազրույց ունենալ այդ «Միշա»-ի հետ, Ռոդ Այլենդում գտնվող նրա տանը: Լրագրողը գրել է. «Միշան Բաքվից է, հայ հոր եւ ուկրաինացի մոր զավակ, եւ նրա ազգանունը Ալախվերդով է, լրատվամիջոցները շարունակում են ներկայացնել նրան միայն որպես «հայ»»: Հետաքրքիր է, որ ոչ մեկը չի նշել, որ քրիստոնեական «Միշա» կամ «Միքայել» անունը չի կարող մահմեդականի անուն լինել: Բացի դա՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, բազմաթիվ մահմեդական ադրբեջանցիներ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում դիմել են ապաստանի հայցով՝ իրենց ներկայացնելով որպես հալածված հայ քրիստոնյաներ: Եվ տարօրինակ է, որ ենթադրյալ քրիստոնյա «Միշա»-ն փախչելով Բաքվի իսլամական հետապնդումներից, ԱՄՆ-ում կրոնափոխ է եղել:

Ինչեւէ, լրագրողը հաղորդում է, որ «Միշա»-ն ոչ մի կապ չունի Բոստոնի պայթյունների հետ, այսինքն հենց այն, ինչն ավելի վաղ հայտարարել էին պետական քննիչները: Հնարավոր է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները լրագրող Քերիլի համար կապ էին ստեղծել «Միշա»-ի հետ, որպեսզի հաստատեն նրա անմեղության վերաբերյալ իրենց հայտարարությունը, ինչը թույլ է տալիս որոշ վերլուծաբանների ենթադրել, որ հնարավոր է «Միշա»-ն եղել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) իրազեկիչ, որի քողարկումն այժմ եռանդուն կերպով պաշտպանվում է: Հաջորդ կասկածյալը հորեղբայր Ռուսլանն է, ով մեղադրում է «հայազգի Միշային» Թամերլանի վրա ունեցած հզոր ազդեցության համար: Հորեղբայրն ունեցել է շատ խառը անցյալ՝ աշխատել է ԱՄՆ Միջազգային զարգացման բաժնում եւ Կասպից ծովի մի շարք էներգետիկ ընկերություններում՝ այդ ընթացքում ամուսնացած լինելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան պաշտոնյա Գրահամ Ֆուլերի դստեր՝ Սամանտա Անկարա Ֆուլերի հետ: Հաշվի առնելով նրա ազգակցական կապը պայթյունների հեղինակների ընտանիքի հետ՝ աշխատանքը Կենտրոնական Ասիայի նավթային ընկերություններում, ներառյալ Halliburton-ում, ինչպես նաեւ ԱՄՆ ԿՀՎ բարձրաստիճան պաշտոնյայի դստեր հետ ամուսնացած լինելու հանգամանքը, որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ առեղծվածային հորեղբորը պետք է ավելի մոտիկից հետաքննել:

Հայտնի ամերիկահայ փաստաբան Մարկ Կիրակոսը CNN գործակալության եթերում խստորեն քննադատել է Ռուսլան Ցարնիին՝ առաջարկելով. «Մեկը պիտի ստուգման ենթարկի այս հորեղբոր սթափությունը, քանզի, ես կարծում եմ, որ այս մարդը ինչ-որ բանի ազդեցության տակ է»:

Ռուսլանը Բոստոնի պայթյունները կապել էր «հայազգի Միշայի» հետ այն ժամանակ, երբ աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Ժամանակ անց Ռուսլանը փորձել է հեռախոսով կապվել Կիրակոսի հետ՝ ցանկանալով հստակեցնել իր ավելի վաղ արած հայտարարությունը, սակայն հայ փաստաբանը մերժել էր ընդունել նրա զանգը:

Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ հնարավոր է, Թամերլանը հավաքագրված է եղել ռուսական գաղտնի ծառայությունների կողմից՝ չեչեն ծայրահեղականներին լրտեսելու համար, անցյալ տարի Չեչնիայում եւ Դաղստանում նրա անցկացրած 6 ամիսների ընթացքում: Չի բացառվում նաեւ, որ ռուսական գաղտնի ծառայությունները, ՀԴԲ-ին եւ ԿՀՎ-ին տեղեկացնելով իսլամիստական խմբերի հետ Թամերլանի ունեցած կապերի մասին եւ բավարար պատասխան չստանալով ԱՄՆ-ի պաշտոնյաներից, գործը վերցրել են իրենց ձեռքը եւ հավաքագրել գործազուրկ ու կարիքավոր չեչեն երիտասարդին Ռուսաստանում նրա երկարատեւ այցելության ընթացքում:

Հնարավոր է անգամ, որ Թամերլանը եղել է Միացյալ Նահանգների կառավարության իրազեկիչը եւ նույնիսկ խրախուսել են նրա այցը Ռուսաստան՝ որպես իրենց լրտես ջիհադական շրջանակներում:

Կան վերլուծաբաններ էլ, որ կարծում են, թե ամեն ինչ ավարտվեց այնպես, որ Թամերլանը դավաճանեց եւ՜ ռուսական, եւ՜ ամերիկյան հետախուզական ծառայություններին, փոխարենը աջակցեց արմատական իսլամիստական խմբավորումներին՝ «Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի պատերազմների նկատմամբ զայրույթից դրդված»՝ ըստ նրա կրտսեր եղբայր Ջոխարի՝ բանտում արած խոստովանության:

Այս ամենի մասին հանգամանալից գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը, ով նշել է, որ ակնկալում են համակողմանի հետաքննություն Կոնգրեսում՝ իրական փաստերը բացահայտելու համար, քանի որ Բոստոնի պայթյուններից սպանված եւ խեղված ամերիկացիներն արժանի են անկեղծ պատասխանի:

Իսկ մենք կասենք՝ նաեւ հայկական գործոնը շահարկելու պատճառները պետք է պարզաբանվեն, ամերիկյա՞ն, կամ ռուսական լրտեսական ցա՞նցն է դա կազմակերպել, թե՞ իսլամիստական ինչ-որ ուղղություն:

Ինչեւէ, Ռուսլան Ցարնին մի քանի անգամ արդեն ներողություն է խնդրել՝ հայկական համայնքին այս «զարհուրելի իրադարձության կապակցությամբ հիշատակելու համար»: Նա անձամբ դիմել է «Armenian Mirror-Spectator» հրատարակությանը, որպեսզի ներողություն խնդրի իր խոսքերի համար:

Իսկ բոստոնյան ահաբեկչության մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաեւը կարող է խուսափել մահապատժից, եթե վերսկսի համագործակցությունը քննության հետ, հաղորդել է «Սի Էն էն» հեռուստաընկերությունը: Վերջին օրերին մեղադրյալի պաշտպաններն ու մեղադրող կողմը քննարկել են հնարավորությունը, որ դատախազությունը չպահանջի Ցարնաեւի համար պատժի առավելագույն շեմը, եթե նա կրկին սկսի ցուցմունքներ տալ: Բայց որեւէ պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել: Նա խոստովանել էր ՀԴԲ քննիչներին, որ ինքն ու եղբայրն են կազմակերպել Բոստոնի ահաբեկչությունը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 16 (279), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։