Օրվա հրամայականը – Նոր ատոմակայան պե՜տք է կառուցենք… Անկարան հեռահար դավադիր նպատակ ունի, այն է՝ կկառուցի իր ԱԷԿ-ները, փակել տալ մերը…

Օրվա հրամայականը – Նոր ատոմակայան պե՜տք է կառուցենք

…Անկասկած է՝ Անկարան հեռահար դավադիր նպատակ ունի, այն է՝ կկառուցի իր ԱԷԿ-ները, փակել կտա մերը (միջազգային հարթակում կհասնի դրան, եթե մենք գործուն չլինենք) ու մեր երկրին կգցի, առանց չափազանցության, ոչնչացվող վիճակում: Որովհետեւ Անկարան իր ԱԷԿ-ներով տնտեսական ու սոցիալական խնդիր չի լուծում,  այլ ռազմական ու քաղաքական եւ՝ ընդդեմ Հայաստանի…

Մեր մամուլի որոշ միջոցներ, սատարելով հայկական ատոմակայանը փակել ցանկացող էլիտար եվրոպացիների մի հատվածի, հաճախ անհարկի կամ անհիմն ահազանգում են կամ ոչ ճիշտ (մասնակի լրատվությունը եւս դրան է հանգեցնում) տեղեկություն տարածում: Այժմ էլ ասվում է, թե՝ ՀՀ-ում նոր ԱԷԿ չի կառուցվելու, որովհետեւ կառավարության նոր՝ 2013-2017թթ. ծրագրում այդ մասին ոչ մի խոսք չկա, թե վերջին 4-5 տարիներին կառավարության ներկայացրած ծրագրերում առնվազն ակնարկ անպայման եղել է նոր ատոմակայանի մասին, բայց ահա այժմ չկա:

Ինչ ճիշտ է, ճիշտ է, կառավարության ծրագրում նոր ատոմակայանի մասին խոսք չկա (բայց խոսք կա «էներգետիկ անվտանգության ապահովման» մասին, իսկ առանց ԱԷԿ-ի դա անհնար է): Ճիշտ են նաեւ այն զլմ-ները, որոնք մեջբերել են, թե 2008թ. հոկտեմբերի 2-ին ժողովրդին եւ Աժ-ին ուղղված ուղերձում Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարել է, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել, սակայն անցել է 4,5 տարի, իսկ նոր ատոմակայանի կառուցումը այդպես էլ չի սկսվում: Սա էլ է ճիշտ, բայց ատոմային էներգետիկան այն բնագավառն է, որտեղ չարախնդալ պետք չէ: Այլ կերպ՝ կարողացել է, չի սարքե՞լ…

Չկարողանալու պատճառները հայտնի են: Պետք է մտածել, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի այդ «չ»-ն վերանա, մանավանդ, որ Թուրքիան միանգամից 3 նոր ԱԷԿ-ի ծրագիր է նախաձեռնել:

Ինչեւէ, ի պատասխան նոր ատոմակայան չունենալու մտահոգություններին, գործադիր իշխանության ղեկավարը հավաստել է, թե իրենք չեն հրաժարվում նոր միջուկային բլոկ ունենալու գաղափարից, հատկապես, որ այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ արդեն տարվել են (օրինակ՝ ամերիկյան կողմի հետ համագործակցությամբ մշակվել է նոր ԱԷԿ-ի բնապահպանական հաշվետվությունը,-հեղ.): «Մենք կառուցելու ենք այդ նոր բլոկը եւ այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանք ենք կատարել: Այժմ քննարկումներ են ընթանում մեր ռուս գործընկերների հետ, թե ինչ ժամանակահատվածում է հարմար նոր ԱԷԿ-ը

հանձնել շահագործման: Երբ կավարտվեն ուսումնասիրությունները եւ պարզ կլինի, թե հին ատոմակայանը մինչեւ երբ է հնարավոր շահագործել, դրանից կախված էլ պարզ կլինի նորի կառուցման ժամանակացույց­ը»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վստահ ենք, սակայն, որ գոնե հիմա հազիվ թե ատոմակայանի հարցում հույսներս կարողանանք ռուսների վրա դնել: Մոսկվան մեզ չներեց այն քայլը, որ մենք չմիացանք Մաքսային միությանը ու միանգամից գործի դրեց պատժիչ մեխանիզմը. եւ՜ գազը թանկացրեց, եւ մեզ տրված 500 մլն դոլար վարկը փութով հետ ուզեց, իսկ ատոմակայանի խաղաթուղթը շահարկում էր Եվրասիական իր քաղաքականության հենց սկզբում:

Արդյունքում՝ ունենալու ենք թանկ գազ՝ ամեն ինչի շղթայական թանկացումով հանդերձ, պիտի գոնե նվազագույնը 250 մլն դոլար վարկ վերցնենք, որպեսզի եվրապարտատոմսեր թողարկենք ու մարենք ռուսական պարտքը, նոր ԱԷԿ-ի հարցն էլ ռուսական կողմից սառեց առժամանակ:

Սրան հավելյալ՝ ԵՄ-ից նոր ԱԷԿ-ի հարցում օժանդակություն ակնկալել չենք կարող, մնաց ամերիկյան կողմը, այն էլ եթե կարողանանք ճիշտ «աշխատեցնել» ՌԴ – ԱՄՆ կշեռքը: Նաեւ՝ սեփական ֆինանսավորմամբ ԱԷԿ կառուցել չենք կարող. խոսքը հսկայածավալ միջոցների մասին է, ինչի հնարավորությունը մեր երկիրը չունի: Այս ամենը որ ի մի բերենք, էլ չարախնդալու տեղ չի մնում:

Իսկ մեզ շտապել է պետք, որովհետեւ Թուրքիան նախահարձակ է լինում: Տարածաշրջանային բոլոր տնտեսական լուրջ ծրագրերից ՀՀ-ին դուրս թողնող Անկարան չի կարող հանդուրժել, որ ատոմային ոլորտում տարածաշրջանային բացառիկությունը ՀՀ-ին է (Իրանը դեռ խնդիր ունի միջազգային հանրությանն ապացուցելու, որ իր ծրագրերը խաղաղ բնույթ են կրում): Այսինքն՝ Անկարան քաջատեղյակ է, թե ինչպես են Իրանը կամ Հյուսիսային Կորեան պայքարում «ատոմային» կարգավիճակ ստանալու համար: Իսկ ՀՀ-ն ունի ատոմային հզոր դպրոցը, «ատոմային» կարգավիճակը եւ, այսպես ասենք, «ատոմային» տերության լիիրավ մասնիկ է: Սա՜ է, որ Անկարան չի հանդուրժում: Անկարան այսօր չունի ինքնապաշտպանական այն միջոցը, ինչ Երեւանը: Էլի ենք ասել, որ Անկարան մեր ԱԷԿ-ը դիտարկում է ինքնապաշտպանական այնպիսի միջոցների շարքում, ինչպիսին ժամանակին Հոլանդիայի համար եղել էին իր բոլոր ջրանցքներն ու ջրամբարտակները կամ ԽՍՀՄ քաղբյուրոյի հավանական որոշումներից պաշտպանվելու նպատակով Արաբական թերակղզին ջուրն իջեցնելու իսրայելական թափանցիկ ակնարկները:…

Անկասկած է՝ Անկարան հեռահար դավադիր նպատակ ունի, այն է՝ կկառուցի իր ԱԷԿ-ները, փակել կտա մերը (միջազգային հարթակում կհասնի դրան, եթե մենք գործուն չլինենք) ու ՀՀ-ին կգցի, առանց չափազանցության, ոչնչացվող վիճակում: Որովհետեւ Անկարան իր ԱԷԿ-ներով տնտեսական ու սոցիալական խնդիր չի լուծում,  այլ ռազմական ու քաղաքական եւ՝ ընդդեմ ՀՀ-ի:

Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը արդեն լայնաբերան քմծիծաղել է. «Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանում ներդրումներ անող երկրները կխուսափեն Հայոց ցեղասպանության մասին խոսելուց: Այդ ներդրումներից հետո երկրներն իրենց խոսքերին ուշադրություն են դարձնելու»:

Ու նա հենց այնպես չի հոխորտացել, ով ով, բայց Թուրքիան հատկապես Հայկական հարցով աշխարհին լավ է ճանաչում:

Սա՜ է, որ մենք պիտի չմոռանանք, ու դրա դեմն առնելու հստակ քայլեր ձեռնարկենք:

Իսկ հստակ առաջին քայլը՝ նոր ԱԷԿ ունենալն է:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 18 (281), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։