Բոլորդ ասեք՝ կերե՞լ եք, թե՞ չէ – Ներկա եւ նախկին բոլոր պաշտոնյաները հրապարակավ ներկայացնեն իրենց այսքան հարստանալու գաղտնիքը…

Բոլորդ ասեք՝ կերե՞լ եք, թե՞ չէ

- …այլեւ ՀՀ 3 նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հրապարակավ ներկայացնեն իրենց այսքան հարստանալու գաղտնիքը…

- …Մի անգամ գրել ենք՝ Ռոբերտ Քոչարյանը ներեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ ինքն էլ ներվի Սերժ Սարգսյանի կողմից: Այժմ գործող նախագահը շարունակում է ներելու «ավանդական» ավանդույթը…

«Տարոն Մարգարյանի ունեցվածքը ժողովրդից թալանված է եւ առաջիկա ընտրությունները վերածվում են յուրատիպ հանրաքվեի՝ արդյո՞ք շարունակվելու է այդ թալանը առաջիկա տարիների­ն»,- Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, դա մտածելու տեղիք է տալիս, թե որտեղից երկար տարիներ բացառապես պետական պաշտոններ զբաղեցնող, կողմնակի եկամուտ չունեցող եւ իր իսկ խոստովանմամբ ժառանգություն չստացած Տարոն Մարգարյանին՝ 6-10 մլն. դոլարի հասնող կարողություն, որն էլ նա հայտարարագրել էր:

ՀԱԿ-ական ընդմիշտ ՀՀՇ-ականը շատ ճիշտ է անում, որ այս հարցը բարձրացնում է: Այո, բոլորը պետք է պատասխան տան եւ հաշվետվություն ներկայացնեն, քանզի մեր պապական ու արարչատուր երկրում պետական գործը, անկախության հիմնադրման օրվանից, դարձրել են անձնական գործ: «Լուսանցք»-ը գրել է այս մասին, եւ այժմ էլ շատերի հետ պահանջում է, որ ոչ միայն Տարոն Մարգարյանը, այլեւ ՀՀ 3 նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հրապարակավ ներկայացնեն իրենց այսքան հարստանալու գաղտնիքը: Իհարկե, մյուս պաշտոնյաները, հատկապես այն, որ 3 նախագահ են «փոխել», բոլորը պետք է խոսեն… Եվ առավելապես նախագահներից հետո 2-րդ ու 3-րդ դեմքեր աշխատած վարչապետերն ու ԱԺ նախագահները պիտի խոսեն: Երեկ իշխանավոր, այսօր ընդդիմադիր կամ՝ հակառակ հերթականությամբ հանդես եկողները նույնպես ասելու բաներ ունեն… Որ երկիրը երկիր դառնա վերջապես:

Գուցե այնքան լա՛վ բացատրեն, որ դա օգնի բազմաչարչար հայ ժողովրդին՝ նույնպես թռիչքաձեւ հարստանալու:

Ես (ուրիշները գուցե՝ ոչ) համաձայն կլինեմ, որ գործող նախագահը իրենից սկսած՝ բոլորի անձնականացրած պետական գործերի շահույթները պարզաբանել տա եւ հետո ՆԵՐՈւՄ շնորհվի, եթե դրանք վերադարձվեն ազգին ու շենացնեն պետությունը:

Ինչեւէ, սա քիչ հավանական համարելով, անցնենք այլ գործիչների արձագանքներին:

ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի գնահատմամբ՝ ուշադրություն պետք է դարձնել ոչ թե վերընտիր քաղաքապետի հայտարարագրված, այլ՝ մյուսների չհայտարարագրված ունեցվածքին: Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ներկա քաղաքապետ որդին՝ Տարոն Մարգարյանը, փաստորեն ազնիվ ձեւով հայտարարագրել է իր ունեցվածքը, ինչը մեր որոշ գործիչների բավարարել է, եւ նրանք կարիք չունեն մանրամասնելու: Այո, համարձակ քայլ է արել քաղաքապետը, բայց դա չի ազատում պարզաբանում տալու պատասխանատվությունից: Գիտեք, անգամ վստահ եմ, որ իր առաջին քայլն անելուց առաջ քաղաքապետը պատրաստվել է նաեւ երկրորդին՝ պարզելուն, գուցե նաեւ երրորդին՝ պատասխանատվություն կրելուն: Ուստի հարցնելու դեպքում՝ երեւի թե կպատասխանի: Նա մի քայլ է արել, որ հաջորդիվ պարզաբանումները, անգամ որոշակի պատասխանատվության բեռ բերելով, կազատեն իր գալիք սերունդներին՝ հետագայում ունեցած-հավաքածը կորցնելու վախից: Իսկ ովքեր սա միայն ազնիվ քայլ են համարում եւ վերջ, պարզապես ցանկանում են այս ձեւով սկիզբ դնել անպատիժ ներման մի համակարգի…

Ինչ մնում է վերեւում մեջբերած հարցնող ուժի ներկայացուցիչներին, ապա նրանք այսօր խոսում ու պահանջներ են դնում միայն երկրի 2-րդ նախագահի անփույթ վերաբերմունքի պատճառով: Որովհետեւ այդ ժամանակ նախագահին առընթեր ստեղծված Քաղաքական խորհուրդը հարյուրավոր էջերով մեղադրանքներ էր ներկայացրել ՀՀՇ-ական իշխանության ալան-թալանի ու ապօրինությունների մասին: Մի անգամ գրել ենք՝ Ռոբերտ Քոչարյանը ներեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ ինքն էլ ներվի Սերժ Սարգսյանի կողմից: Այժմ գործող նախագահը շարունակում է ներելու «ավանդական» ավանդույթը:

Ո՞վ պետք է սկսի վերջապես:

Եվ կարիք չկա, որ Հովիկ Աբրահամյանն արձագանքի Լեւոն Տեր-Պետրոսյանին, Հովհաննես Սահակյանը՝ Լեւոն Զուրաբյանին եւ այսպես շարունակ: Սա մեր քաղաքական գործիչների սիրած բառերից մեկի՝ «պոպուլիզմի» մի տարբերակ է միայն, եւ անօգուտ միջոց՝ այլեւս օդում կախված հարցին պատասխանելու համար: Միջինասիական երկրներից մեկի նախագահը ներում է շնորհում նաեւ նրանց, ովքեր օտար բանկերում պահած փողերը բերում եւ իրենց երկրում են աշխատեցնում, սա գոնե թալանածը հօգուտ ազգի ու երկրի է ծառայեցնում…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 18 (281), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։