Ընդդիմադիր ուժ՝ հեռու միջազգային «եղբայրության» կառույցից… Հեղափոխական հարուստների փնտրտուք կամ՝ մասոնական գաղտնի եղբայրության բացահայտ օժանդակություն…

- Ընդդիմադիր ուժ՝ հեռու միջազգային «եղբայրության» կառույցից

…Իշխանության ներկայացուցիչները չեն բացառում նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը, ինչը կարող է իրապես հեռանկարներ բացել ինչպես քաղաքական ուժերի՝ պետության շուրջ համախմբման, այնպես էլ կառուցողական ընդդիմադիր եւ գործուն ուժի ձեւավորման համար…

- Հեղափոխական հարուստների փնտրտուք

…Մնում է դրսի հարուստ հեղափոխականներին դիմելը, ինչն արդեն մեզ ծանոթ երեւույթ է, որը կոչվում է մասոնական գաղտնի եղբայրության բացահայտ օժանդակություն…

 Ընդդիմադիր ուժ՝ հեռու միջազգային «եղբայրության» կառույցից

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ առաջիկայում ականատեսը կլինենք որոշ վերադասավորումների՝ ընդդիմության շրջանում: Նա այսպիսի համոզման է եկել, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր վերջին հայտարարությունն արեց՝ նշելով, թե ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն:

«Ընդհուպ կարող են նաեւ միավորման դեպքեր լինել: Ընդդիմադիր ուժերը սեփական կարողությունները վերաիմաստավորելու կամ սեփական ծրագրերով հանդես գալու մասին կմտածեն: Կիրականանա, թե չէ, սա արդեն հարցի մյուս կողմն ­է»,- ասել է այս պատգամավորը՝ հավելելով, որ «հայհոյող, ոչինչ չընդունող, աղմուկ դնող, ամեն ինչը մերժող, «ինչքան վատ, այնքան՝ լա­վ» թեզով առաջնորդվող քաղաքական կառույց այլեւս չի ստեղծվի, քանի որ պարոն Ծառուկյանը հենց դա է նկատի ունեցել՝ ընդդիմություն չլինելն ասելով, որովհետեւ ինքն այդպիսին չ­է»: Այսինքն, կստեղծվի քաղաքական մի այնպիսի ուժ, որը կարող է առանձին դեպքերում հակադրվել իշխանությանը, կարող է նաեւ առանձին դեպքերում համագործակցել:

Այնուամենայնիվ, ԲՀԿ ղեկավարի՝ ընդդիմություն չլինելու մասին խոսքն անակնկալ էր ոչ միայն ընդդիմադիր դաշտի համար, այլեւ շատ ԲՀԿ-ականների, ովքեր արդեն անհաշտ ընդդիմադիրի կերպար էին որդեգրել: Եվ ինչպես ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն է այդ առումով նշել. «ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը սառը ցնցուղ էր կուսակցության որոշ գործիչների համա­ր», բայց չի ցանկացել մեկնաբանել ԲՀԿ-ականների այդ խնդիրը: Իսկ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ. «ԲՀԿ-ին ընդդիմություն ցանկանում էր «սարքել» ՀԱԿ-­ը»:  «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքն ավելի պարզ էր. «Ծառուկյանն անկեղծ է եղել, քանի որ դեռ իրենց հանդիպումների ժամանակ նա շեշտել է, որ իշխանության դեմ դուրս չի գա: Թե ինչու ուշացավ այդ դիրքորոշման բարձրաձայնումը, դա պետք է հարցնել հենց իրե­ն»: Ըստ ընդդիմադիր գործչի, հայ քաղաքական դաշտը շատ բազմաշերտ է եւ բազմաբնույթ եւ պետք չէ դիտարկել միայն իշխանություն – ընդդիմություն տեսանկյունից:

Այս պարզաբանումը չգիտես ինչու հունից հանել է մինչ այս խիստ ընդդիմական կեցվածք որդեգրած ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանին, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել, որ Գագիկ Ծառուկյանն իր հետ հանդիպումներում եղել է անկեղծ, դեմ դիմաց հայտարարել, որ երբեք դուրս չի գա իշխանության դեմ: Ի՞նչ է, «Ժառանգության» ղեկավարը դրա իրավունքը չունե՞ր, գաղտնի՞ք է բացել…

Բայց դեպքերն ավելի արագ են զարգացել, «բացահայտվել» է նաեւ, որ ԲՀԿ նախագահը Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման օրը Աբովյանում վարչապետին շատ բուռն եւ ցուցադրաբար ողջունելով ասել է. «Մենք ի՞նչ խնդիր ունենք իրար հետ: Մենք ոչ մի խնդիր չենք կարա ունենանք իրար հետ, ախպեր ջա­ն»,- այսպիսով հասկացնելով, որ ԲՀԿ-ն այլեւս չի ձգտելու վարչապետափոխություն իրականացնել:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ օրերս խոսել է ընդդիմության ձախողումներից՝ նշելով, թե՝ «մենք բոլորս մի նավի վրա են­ք», իրավախախտումներ կամ քրգործեր կան եւ՜ իշխանության եւ՜ ընդդիմադիր կողմի ներկայացուցիչների մոտ, իսկ ընտրախախտումներ կատարվել են բոլոր կողմերի կողմից եւ մասնակցությամբ: Նա նշել է, թե իշխանությունները հասկանում են, որ ընդդիմությունը եւ հասարակությունը պահանջում են ավելի վճռական գործողություններ ու ավելի տեսանելի բացահայտումներ, բայց «այդտեղ մենք տեսնում ենք նաեւ պոպուլիզմ, ինչը վտանգավոր է»:

Իշխանության ներկայացուցիչները համաձայն չեն նաեւ դաշնակցական Վահան Հովհաննիսյանի առաջադրած այն թեզին, որ ՀՀ-ում իշխանությունը մղվում է դեպի իշխանության՝ ձեռքից չի ցանկանում բաց թողնել այն: Այս առումով վարչապետը հայտնել է, որ դա ոչ միայն մեզանում, այլեւ աշխարհում անհավանական երեւույթ է. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ուզում է իրականացնել ռեֆորմներ, որոնք կտան դրական արդյունքներ, որպեսզի արժանանա ժողովուրդի վստահությանը եւ մարդիկ իրենց քվեն նորից տան հենց այդ քաղաքական կուսակցության­ը»: Սա իշխանատենչություն չէ: Իշխանության պատասխանատուների խոսքով, այն դեպքում, երբ ընդդիմությունը արդարացիորեն քննադատում է կառավարության սխալները, պետք է նաեւ համարձակություն ունենա բացահայտել սեփական ձախողումները: Դրանց հետեւանքով է, որ ընդդիմադիրները կորցնում են ժողովրդի վստահությունը, եւ ժողովուրդն էլ կորցնում է այլընտրանքի հույսը:

Որոշ հանրապետականների կարծիքով էլ՝ ՀՀԿ-ն այլեւս պետք է ինքն իրեն ընդդիմություն լինի, քանզի իրապես ընդդիմության անհրաժեշտությունը կա մեզանում, եւ դա պետք է մտահոգի բոլորին:

Իշխանության ներկայացուցիչները չեն բացառում նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը, ինչը կարող է իրապես հեռանկարներ բացել ինչպես քաղաքական ուժերի՝ պետության շուրջ համախմբման, այնպես էլ կառուցողական ընդդիմադիր եւ գործուն ուժի ձեւավորման համար:

Այս դեպքում ընդդիմադիր ուժը պետք է կազմավորվի եւ առաջնորդվի ազգային ու պետական նպատակներին հենված, առանց միջազգային «եղբայրության» անդամակցության:

 Աստղինե Քարամյան

Հեղափոխական հարուստների փնտրտուք

Ընդդիմադիր քաղաքական ուժերը հաճախ են խոսում այն մասին, թե Հայաստանում կա քաղաքական ու տնտեսական մենաշնորհ, եւ սրա անմիջական մեղավորներն օլիգարխներն են:

Սակայն այդ օլիգարխները նոր չէ, որ կան Հայաստանում, տարբեր ժամանակներում եղել են գործող, թե նախկին իշխանավորների հետ, որոնց զգալի մասն այսօր ընդդիմադիր է դարձել եւ սեփական օլիգարխներին էլ քաղաքական գործիչներ է անվանակոչել:

Քաղաքական կամ տնտեսական մենաշնորհի դեմ պայքար եղել է բոլոր իշխանությունների ժամանակ, եւ սա էլ նոր բան չէ:  Իհարկե, անհերքելի է, որ օլիգարխներն ամենաշատը հենց իշխող կուսակցության մասն են կազմում, բայց մյուս կուսակցություններում էլ կան: Իսկ ազգին հարստահարած ցանկացած պաշտոնյա նրանցից լավը չէ՝ իր ունեցվածքի «հայթայթման» տեսանկյունից:

Իզուր չէ, որ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատել էր այս օլիգարխիկ տվայտանքները եւ հայտարարել, թե նորաձեւ ՀԱԿԿ-ն գնալու է բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ճանապարհով:

Բայց ո՞ր օլիգարխն է պատրաստ՝ իր ունեցածը կորցնելու հանուն այդ հեղափոխության: Տակավին վերջերս տեսանք, որ՝ ո՜չ ոք: Անգամ հեղափոխության ջատագովները դրան պատրաստ չեն, ուր մնաց հարուստ հեղափոխականների հավաքական ստեղծեն:

Մնում է դրսի հարուստ հեղափոխականներին դիմելը, ինչն արդեն մեզ ծանոթ երեւույթ է, որը կոչվում է մասոնական գաղտնի եղբայրության բացահայտ օժանդակություն:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 18 (281), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։