Օտարի խելքի բանը չէ – Արցախի խնդիրը նաեւ ազգային զգացական ոլորտին է առնչվում… Ադրբեջանում ժողովուրդը պատրաստ չէ համախմբման եւ պատերազմի…

- Օտարի խելքի բանը չէ – Արցախի խնդիրը բացի պատմա-քաղաքական եւ ռազմա-տնտեսական ոլորտներից ներառում է նաեւ ազգային զգացական ոլորտը…

- Պատրաստ չեն պատերազմի – Պատերազմում հաղթում է պետությունը, բայց Ադրբեջանում ժողովուրդը պատրաստ չէ համախմբման եւ բանակը ի վիճակի չի լինի մարտնչել…

Օտարի խելքի բանը չէ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հերթական այցը LՂՀ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի հասարակական-քաղաքական շրջանակներում: Ադրբեջանցի կոնֆլիկտաբան Էլխան Մեհդիեւը նշել է, թե պաշտոնական Բաքուն պետք է արձագանքեր հայ նախարարի այցին: «Այդ հարցով շատ անհանգստացած ենք, նույնիսկ այնքան, որ պատրաստ ենք սպանել հայ նախարարին: Իշխանությունը անպայման պետք է իր բողոքը հայտնի այսուհետ: Բայց, իշխանությունը ոչ մի կերպ չի արձագանքում, երբ անգամ Ղարաբաղում Սերժ Սարգսյանի մասնակցությաամբ զինվորական շքերթ է կայանու­մ»,- ասել է այս կոնֆլիկտաբանը:

Ադրբեջանում պատրաստ են սպանել մեր ԱԳ նախարարին, իսկ ԱՄՆ-ում, ՌԴ-ում եւ Եվրոպայում շատ նորմալ են ընկալում ինչպես Էդվարդ Նալբանդյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի այցերը: Մեր նախագահի հետ հանդիպմանը ԵԽ պահպանողականների ու ռեֆորմիստների խմբակցության պատգամավորական պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան կարեւորել է հայկական կողմի հավասարակշռված մոտեցումը արցախյան հարցում, ինչը նաեւ նպաստում է Հայաստան-ԵՄ երկխոսությանը եւ առհասարակ՝ եվրամերձեցմանը: ՀՀ արտաքին քաղաքականության հավասարակշիռ գործելաոճը տրամաբանական է ընկալվել, քանի որ հայկական քաղաքակրթությունն էլ եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մասն է:

Արցախյան խնդրի հայկական պատկերացումները չեն խոչընդոտում նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի այլ հարցերի, այդ թվում՝ հաջողությամբ ընթացող Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը: Երեւանում ԵԽ պատվիրակության ղեկավարը մեկ անգամ եւս բարձր է գնահատել հակամարտության կարգավորմանն ուղղված Երեւանի ջանքերը:

Այդ ջանքերը բարձր են գնահատվել նաեւ Մոսկվայում եւ Վաշինգտոնում: Սերժ Սարգսյանի հանդիպումները ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահների հետ արձանագրել են հայկական կողմի դիվանագիտական հաջողությունները: Իսկ Իլհամ Ալիեւը, եթե առայժմ խնդիր չունի Բարաք Օբամայի կամ նրա մերձավոր շրջապատի հետ հանդիպելու համար, ապա Վլադիմիր Պուտինը մերժում է նրա հանդիպման առաջարկները: Սա ակնհայտ է այնքան, որ վերջերս Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը համաձայնվել է որոշակի գումարի դիմաց օգնել կարգավորել հարաբերությունները պաշտոնական Բաքվի եւ Կրեմլի միջեւ: Նա իր «միջնորդության» համար 1,5 մլրդ. դոլար գումար է պահանջել եւ եթե Ադրբեջանի իշխանությունն իրեն լավ «հոնորար» վճարի, ապա, օգտագործելով նախագահ Պուտինի հետ ունեցած իր ջերմ հարաբերությունները, խնդիրը միանգամից կլուծի: Նաեւ նշել է, որ իր առաջարկած գումարը «մանրուք» է Ռուսաստանի՝ Ադրբեջանի իշխանությունից պահանջած 40 մլրդ. դոլար (որոշ տվյալներով՝ 20 մլրդ. դոլար) տուրքի դիմաց:

Արցախի հարցում միշտ չեզոք երեւացող, բայց իրականում ադրբեջանամետ վրացական կողմը եւս աշխուժացել է: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ Ադրբեջան ու Հայաստան այցերի ընթացքում ինքը հաշտեցնելու փորձ է արել: Թե ինչքանով Վրաստանն իսկապես կարող է միջնորդի դերակատարություն ստանձնել հայ-ադրբեջանական հարաբերություններում, հարց է, սակայն կա մեկ այլ հարց էլ, թե ինչու՞ է վրաց վարչապետը նման հայտարարություն անում: Ակնհայտ է, որ Վրաստանի նոր ղեկավարությունը փորձում է վերափոխել երկրի դերակատարությունը տարածաշրջանում եւ ինքնուրույն խաղացող դառնալ՝ հաղթահարելով թուրք -ադրբեջանական ազդեցությունը, որն ստեղծել է նախագահ Սաակաշվիլին: Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելը նաեւ կապ ունի ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հետ: Չի բացառվում, որ Թբիլիսին այսպիսով փորձում է խաղաղարար երկիր ձեւանալ եւ նախաձեռնել նաեւ տարածաշրջանի կարեւոր ենթակառուցվածքների գործունեության վերսկսումը, ինչի հաջողումը Թբիլիսիին վերստին կենտրոն կդարձնի Կովկասում: Թուրք-ադրբեջանական եղբայրությանը զուգակցելով հայ-ռուսականը՝ Վրաստանը փորձում է հասնել դրան: Բայց Արցախի խնդիրը բացի պատմա-քաղաքական եւ ռազմա-տնտեսական ոլորտներից ներառում է նաեւ ազգային զգացական ոլորտը, որն օտարի խելքի բանը չէ:

Հայկ Թորգոմյան

* * *

 Պատրաստ չեն պատերազմի

Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ պատերազմի. «Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ադրբեջանցի ռազմական հոգեբան Ազադ Իսազադեն: Նրա պնդմամբ՝ ադրբեջանական բանակում իշխում են հանցագործ աշխարհի օրենքները եւ շատ երիտասարդներ առաջին հերթին հոգեպես պատրաստ չեն զինվորական ծառայությանը: Ըստ հոգեբանի, բացակայում է ռազմահայրենասիրական քարոզչությունը, «դրա փոխարեն առկա են բազմաթիվ բացասական շեշտադրումներ, զինվորների մահեր, ոչ կանոնադրական հարաբերություններ եւ այլն»: Եվ նախքան զորակոչվելը նորակոչիկն արդեն համոզված է լինում, որ բանակում նա կենթարկվի ճնշումների: Ճնշումներից խուսափելու նպատակով ոմանք ցույց են տալիս սեփական ուժը եւ դա էլ հավելյալ ագրեսիա է ստեղծում:

Եվ այստեղ է, որ առաջ են գալիս քրեական աշխարհի օրենքները՝ այն է, ինչպես քեզ կդրսեւորես սկզբում, այնպես էլ կլինի հետագայում: Ադրբեջանցի հոգեբանը չի պնդում, որ բանակում ինչ-որ մեկին անպայման ուզում են սպանել, բայց հաճախ կիրառվող ֆիզիկական ճնշումները հանգեցնում են մահվան: Հունվար ամսից առ այսօր մահացել է 30 զինվոր եւ պատկերացրեք, թե ինչքա՞ն զինվոր է ենթարկվել կտտանքների:

Փորձագետի խոսքերով, Ադրբեջանում ավելի մեծ հեղինակություն են վայելում շոու բիզնեսի ներկայացուցիչները, քան ազգային հերոսները: Եվ եթե պատերազմ սկսվի, հասարակությունը պատրաստ չէ, իսկ բանակը միայնակ չի կարող հաղթել: Պատերազմում հաղթում է պետությունը, բայց ժողովուրդը պատրաստ չէ համախմբման եւ բանակը ի վիճակի չի լինի մարտնչել:

«Լուսանցք» թիվ 19 (282), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։