Հայաստանը պաշտպանական խնդիրներ է լուծում… Հունաստանի հետ՝ ընդդեմ թուրքական քաղաքականության… Ադրբեջանն իր ահից է զինվում… Նավթադոլարների ճգնաժամ Բաքվում…

- Հայաստանն էլ է փորձում պաշտպանական խնդիրներ լուծել…

- Հունաստանի հետ՝ ընդդեմ թուրքական քաղաքականության…

- Ադրբեջանն իր ահից է զինվում…

- Նավթադոլարների ճգնաժամ Բաքվում…

 Հայաստանն էլ է փորձում պաշտպանական խնդիրներ լուծել

Վրաստանը փորձում է տարածաշրջանային կարգավորող երկիր դառնալ եւ, Ադրբեջանի հետ ունենալով լավ հարաբերություններ, փորձում է կարգավորել իր կապերը նաեւ Հայաստանի հետ:

Վարչապետ Բիձինա Իվանիշվիլու Երեւան այցից հետո տարաբնույթ պատվիրակություններ են փոխայցելություններով զբաղվում: Վերջերս էլ ՀՀ ՊՆ պատվիրակությունն է մասնակցել Բաթումում Վրաստանի ՊՆ կազմակերպած պաշտպանության եւ անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին:

Քննարկվել են Վրաստանի պաշտպանական քաղաքականության ու բարեփոխումների, միջազգային խաղաղարար առաքելությունների նրա մասնակցության, ՆԱՏՕ-ի ընդլայնման հեռանկաներների, Եվրատլանտյան անվտանգության, Հարավային Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանում սպառնալիքների ու մարտահրավերների հետ կապված հարցեր:

Համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային երկկողմ հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ, դոկտոր Էվելին Ֆարկասի եւ Մեծ Բրիտանիանի պառլամենտի անդամ, Միջազգային անվտանգային ռազմավարության նախարար, դոկտոր Անդրյու Մերիսոնի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության ընթացիկ ծրագրեր ու նոր հեռանկարներ, մասնավորապես՝ միջազգային խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության եւ վարժանքի, պաշտպանական բարեփոխումների, հումանիտար ականազերծման ոլորտներում, ու կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Հունաստանի հետ՝ ընդդեմ թուրքական քաղաքականության

Հայաստանի ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն այցելել էր Հունաստան: Աթենքում նա հանդիպել է այդ երկրի խորհրդարանի նախկին խոսնակ, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի հետ: Բարձր են գնահատվել հայ եւ հույն ժողովուրդների՝ դարերի խորքից եկող ջերմ եւ բարեկամական հարաբերությունները, Հունաստանի խորհրդարանի խոսնակը նշել է, որ 1996թ. երկրի խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանի ԱԺ փոխնախագահը նշել է, որ 20-րդ դարասկզբին տեղի է ունեցել Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերի, հույների, ասորիների եւ քրիստոնյա բնիկ այլ փոքրամասնությունների ցեղասպանություն՝ ընդգծելով, որ հայերը եւ հույները պետք է միավորեն իրենց ջանքերը թուրքական ժխտողականության դեմ պայքարում:

Նշել է, որ Հայաստանի խորհրդարանը կոչով դիմել է աշխարհի խորհրդարաններին՝ ճանաչելու մյուս քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում՝ Պոնտոսի հույների ցեղասպանությունը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ԵՄ-ի հետ մերձեցման ուղին բռնած Հայաստանին Հունաստանի հնարավոր աջակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչը վերաբերում է նաեւ պաշտպանության խնդիրներին:

Հայաստանում ու Հունաստանում լավ գիտեն թյուրքական զավթողական ու ավերիչ գորելաոճը եւ դրան պետք է միասնաբար պատրաստ լինեն դիմակայելու: Նաեւ պետք է պատրաստ լինեն տարածաշրջանային դաշինք ձեւավորելու:

Արտակ Հայոցյան

 Ադրբեջանն իր ահից է զինվում

Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիեւը հայտարարել է, որ ընթացիկ տարում 6 նոր զորաջոկատ կկցվի սահմանների վերահսկման գործընթացին: Նա շեշտել է նաեւ, որ սահմանապահ ծառայության իրականացման ժամանակ ադրբեջանական զորքերը կիրառում են նոր թռչող սարքեր ու նոր տեխնիկա: Այնուհանդերձ, չի նշել, թե հստակ ինչ տեխնիկա է կիրառվում եւ որ երկրի հետ սահմանային հատվածում: Բացի այդ, հստակ չի նշվել նաեւ ընթացիկ տարվա որ ամսին եւ ինչ նկատառումներով են համալրելու սահմանապահ ծառայությունը նոր զորաջոկատներով:

Իսկ Ադրբեջանը սահմանային խնդիրներ ունի ոչ միայն Հայաստանի հետ:

Սամուր գետի ջրի ոռոգման նպատակով օգտագործումը խնդիր է ռուս-ադրբեջանական սահմանում, բացի այդ՝ այս հատվածում ռուսական անկլավային Խրախ-Ուբա եւ Ուրյան-Ուբա՝ էթնիկ լեզգիներով բնակեցված գյուղեր են: Գյուղերի բնակիչները հայտնել են, որ ցանկանում են Ռուսաստանի կազմում լինել, իսկ իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ Ադրբեջանը սպառնում է գյուղացիներին, առանց պատճառաբանության նրանք ձերբակալվում են, նրանց հարկադրում են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել կամ հեռանալ գյուղից:

Ադրբեջանը սահմանային խնդիրներ ունի նաեւ Իրանի հետ, ինչը վաղուց բարձրաձայնում է եւ ակնկալում է Արեւմուտքի աջակցությունն ստանալ:

Սահմանային խնդիրներ կան անգամ Վրաստանի հետ: Բաքուն հրաժարվում է ընդունել, որ սահմանային հատվածում տեղակայված Դավիթ Գարեջիի համալիրը Վրաստանի տարածքում է: Բացի այդ, վիճելի է մնում Քուռի ձախ վտակի՝ Ալազանի հունի փոփոխման տեղանքի պատկանելության հարցը:

Ադրբեջանը վիճելի հարցեր ունի նույնիսկ համաթուրքական ճակատի անդամ Թուրքմենստանի հետ: Իհարկե, Կասպից ծովի պաշարների տնօրինման հարցում նաեւ Կասպյան ավազանի այլ երկրների հետ եւս: Պաշտոնական Աշգաբադը պնդում է, որ իրեն պատկանող նավթագազային «Սերդեր», «Օսման» եւ «Օմար» հանքավայրերն անօրինական զավթվել ու շահագործվում են Ադրբեջանի կողմից՝ հայտարարելով, որ հարցի լուծման համար դիմելու է ՄԱԿ միջազգային դատարան: Ադրբեջանի կողմից Կասպից ծովի ջրային տարածքների յուրացումն ու օգտագործումը խնդիրներ է առաջացրել նաեւ Ռուսաստանի հետ:

Բայց Ադրբեջանը ունի ոչ միայն ծավալապաշտական նկրտումներ: Պաշտոնական Բաքուն լավ հասկանում է, որ դեռ կանգնած է  իր բռնազավթած հողերը կորցնելու փաստի առաջ:

Զավթած են հայկական հսկայական տարածքներ, որ Դաշտային Արցախից հասնում է մինչեւ Բաքու-Բագարան, Իրանը կարող է ամեն պահի աշխուժացնել թալիշական գործոնը եւ Թալիշ-Մուղանյան հանրապետության վերականգնումը կարող է արդիական դառնալ: Միացյալ Լեզգիստանի ստեղծումը առ այսօր մտնում է Դաղստանի լեզգիների ծրագրերում: Այլ ազգային փոքրամասնություններ եւս նպատակներ ունեն Ադրբեջանում, պարզապես հարմար պահի են սպասում:

Արտակ Հայոցյան

 Նավթադոլարների ճգնաժամ Բաքվում

Ադրբեջանում Հունգարիային ծախու երկիր դարձնելուց հետո շատ են ոգեւորվել եւ ահա նույնպիսի մի փորձ ել եղավ Մոլդովայի նկատմամբ: Դե, Վրաստանի մասին էլ չենք խոսում, միշտ պատրաստ է աջակցել թյուրք եղբայրներին: Այնքան է պատրաստ, որ եթե հայկական դիմադրությունը չլինի՝ Ջավախքը կլցվի թուրք-մեսխերով: Բայց Բաքուն չի մոռանում նաեւ այլ հարեւաններին: Հաջորդ թիրախը Իրանն էր, բայց Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաք Այինը հայտարարել է, որ Թեհրանը Հայաստանի հետ իր հարաբերությունները չի խզի, հատկապես որ Հայաստանից մինչ այժմ ոչ մի վնաս չի կրել:

Բայց Բաքվում շարունակում են հարցնել, թե ինչու՞ Իրանը Հայաստանի հետ այդքան մոտ հարաբերություններ ունի, եւ դեսպանը պատասխանել է. «Հայաստանն Իրանի հարեւանն է, որի հետ ունենք նաեւ տնտեսական հարաբերություններ, եւ մեր կապերը փոխշահավետ զարգանում են: Հայաստանը մոտ հարաբերություններ ունի նաեւ ԱՄՆ-ի հետ, նույնիսկ Միացյալ Նահանգների մի քանի նահանգներ ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ըստ երեւույթին հիշեցնելով, որ Բաքվում այսքանից հետո հանգիստ փառաբանում են ամերիկյան վարչակարգը:

Իսկ ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում, թե Իրանի եւ Հայաստանի բարեկամական հարաբերությունների ու տնտեսական կապերի շնորհիվ Հայաստանը ուժեղանում է, ինչն էլ հարուցում է Ադրբեջանի ժողովրդի զայրույթը, իրանցի դիվանագետը ասել է. «Եթե դուք կարծում եք, որ Իրանի եւ Հայաստանի հարաբերությունների խզմամբ Հայաստանի վիճակը տնտեսապես կվատանա ու այդ հանգամանքը կնպաստի ԼՂ-ի հակամարտության լուծմանը, սխալվում ե­ք»: Բաքվում նաեւ գոհ չեն, որ Իրանի ու Հայաստանի լավ հարաբերությունները թույլ չեն տալիս ԼՂ հակամարտությունը կրոնականի վերածել:

Վերջին շրջանում աղմուկ են բարձրացնում նաեւ քրդական գործոնով պայմանավորված: Ադրբեջանի քրդական համայնքի ղեկավարներից Փարհադին Փաշաեւը հայտարարել է, թե հայաստանյան իշխանություններն իրենք են ընդունել Ադրբեջանի տարածքում ադրբեջանցիների, քրդերի, լեզգիների ցեղասպանություն իրականացնելու փաստը, եւ որ Եվրոպական դատարանը ընդունել է իրենց հայցը՝ ըստ որի՝ Հայաստանը պետք է փոխհատուցի քուրդ ընտանիքների կրած կորուստը:

Aravot.am-ը նշված գործի մանրամասների մասին հետաքրքրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանից: Նա պատասխանել է, որ ՄԻԵԴ հայցով դիմած անձինք գտնում են, որ իրենց զրկել են իրենց սեփականությունից, տնից, կարողությունից եւ այլն, «այդ գործը կքննվի մյուս տարի»:

Ադրբեջանցիները Խոջալուի դեպքերը հակահայկական եւ ցեղասպանական որակումներով ներկայացնելու անհաջող փորձերից հետո նոր «ցեղասպանություններ» են մոգոնում՝ քրդերին խցկելով այդ անհեռանկար դոլարածախս գործի մեջ:

Իսկ ադրբեջանցու մեծ եղբոր երկրում մի թուրքական դպրոց է հայտնվել, որ ծափահարել է այն խոսքերին, թե. «Հայոց ցեղասպանությունը թուրքերն են արել»: Այսպիսի բովանդակությամբ գրառում է կատարել Twitter միկրոբլոգում թուրքական մի լրատվական կայք: Վերոնշյալի հետ կապված թուրքական մեկ այլ լրատվամիջոց էլ հրապարակել է «Թաքվիմ» թերթի սյունակագիր Էրգյուն Դիլերի հոդվածը, որտեղ եւս անդրադարձ կա Հայոց ցեղասպանությանը:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։