Հայ Աստվածամարդու խորհուրդը – Քուրմ Արմոգ, ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչ – Հայկ Նահապետն անգամ աստվածացվել է եւ տոնին նաեւ 8 Հայ Աստվածներին են հիշել ու փառաբանել…

Հայ Աստվածամարդու խորհուրդը – Քուրմ Արմոգ, ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչ

Հայկ Նահապետն անգամ աստվածացվել է եւ տոնին նաեւ 8 Հայ Աստվածներին են հիշել ու փառաբանել: Նավասարդի տոնը, այն ժամանակների արժեհամակարգով, համաշխարհային տոն է եղել Հայաստանում…

Ազգի զարգացման եւ հարատեւման առաքելության մեջ ազգային պետության գոյությունը կարեւորագույն միջոց-գործիք է: Եվ անչափ կարեւոր է, որ այդ պետությունը իրապես ազգային լինի: Այս առումով «Լուսանցք»-ը ոչ մեկ անգամ ընդգծել է նաեւ ազգային ու պետական տոների համադրելիության անհրաժեշտությունը:

Մեր պետության օրենքների հավաքածուն՝ Սահմանադրությունը ազգային չէ, քանի որ միջազգային է, եւ «միջազգային հանրությու­ն» կոչվածի (որն աշխարհի բնակչության մի քանի տոկոսն է միայն) քմահաճույքներով է ստեղծված: Այսինքն՝ պետությունը հայկական է կոչվում, բայց բնավ հայկական չէ, քանի որ ազգային բնույթից զուրկ է:

Մեր հավատի ու մշակույթի օրենքների հավաքածուն եւս ազգային չէ, միջազգային էկումենիկ (հուդա-քրիստոնեական) հանրություն կոչվածի պարտադրանքն է եւ զուրկ է հայկական էությունից:

Ապազգային պետության եւ վերազգային կրոնի առկայությամբ էլ պայմանավորված է այսօրվա ազգային ու պետական տոների եւ ծեսերի պարտադրված լինելը՝ ոչ ազգային օրենքներով ու կեցակարգով պետության եւ ոչ ազգային ծագումնաբանությամբ ու էությամբ առաջնորդվող հավատի հետեւորդ եկեղեցու որոշումներով:

Այս ամենը հիշեցինք, քանզի վերջերս պետական որոշ այրերի հետ զրույցներում արծարծվեց Նավասարդը որպես ազգային ու պետական տոն նշելու հարցը: Այն մի քանի անգամ քննարկվել է ԱԺ-ում, բայց եկեղեցին ու եկեղեցուց «ավելի առաքելակա­ն» շատ պատգամավորներ այն կարծիքին են, որ «հայերը չեն նշում Նավասարդը պետական տոն, որովհետեւ Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղե­լ»…

Այս տողերը, որպես փաստարկ, կրկնողները ոչ մի բանով չեն տարբերովում մեր ոխերիմ թշնամիներից՝ թյուրքերից: Այս տողերին հավատարիմ խորհրդարան ունեցող պետությունը ոչ միայն ոչ ազգային է, այլեւ՝ հակահայ: Այս տողերի հետեւորդ հոգեւորականները այդ հակահայ պետության առավել հակահայ հատվածն են:

Նավասարդի տոնը Հայաստանում համաժողովրդական սիրված տոն է եղել ու այդպիսին էլ մնում է: Այն դադարեցին պետականորեն նշել՝ Գրիգորիանական օրացույցին անցնելու պատճառով: Գրիգորիանական օրացույցը ներմուծվել է 16-րդ դարում Հռոմի Պապ Գրիգորիոս 13-րդի կողմից, սակայն հայերն այդ օրացույցն ավելի ուշ են կիրառել: Սկզբից այն օգտագործել են Վենետիկի կաթոլիկ հայերը, այնուհետեւ՝ Լեհաստանում, հետո՝ Ռուսաստանում, իսկ Հայաստան եկել է 18-րդ դարում (իմիջիայլոց՝ Նոր տարին էլ հունվարի 1-ին տոնել են միայն 20-րդ դարի սկզբին, իսկ Հայաստանում Նոր տարին պաշտոնական տոն է դարձել խորհրդային ժամանակներում)… Եվ ահա Պապ Գրիգորիոսի թելադրած օրացույցով շարունակվել է կես պարթեւ-կես ասորի Գրիգոր խավարիչի՝ 301 թվի սպանդի կազմակերպիչի գործը (ով հիմնահատակ մեռած ու անհետ կորած է եւ թե ում ոսկորներն են նրա անվան տակ սրբացրել ու վերաթաղել՝ դեռ կպարզվի): Եվ նրա կույր հետեւորդները շարունակում են Հայոց ամենամեծ եղեռնի ծրագրած ոճիրը…

Հայկական Նավասարդը Հայաստանում նշվում է տասնյակ դարեր շարունակ, օգոստոսի 11-ին: Այդ տոնն ամենասիրված եւ պաշտված տոներից մեկն է եղել մեր նախնիների համար, անգամ որոշ ժամանակ որպես Նոր տարի է նշվել, բայց իհարկե հաշվի առնելով, որ Ամանորը՝ մարտի 21-ն է բնական տարեփոխությունը: Իսկ հիմա Նավասարդը տոնում են հայ արիներն ու ազգայնականները, մտավորականները, հատկապես՝ պատմաբաններն ու ազգագրագետները, եւ այդ մասին կարելի է ընթերցել հայկական ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններում: Հայկ Նահապետն անգամ աստվածացվել է եւ տոնին նաեւ 8 Հայ Աստվածներին են հիշել ու փառաբանել: Նավասարդի տոնը, այն ժամանակների արժեհամակարգով, համաշխարհային տոն է եղել Հայաստանում: Ամենուր ավանդական միջոցառումներ են եղել, պատմել են ժողովրդական զվարճություններ, կատարել են երգեր ու պարեր, արվել են գուշակություններ, եւ հայերը իրապես տոնական օր են ապրել:

Ինչպես ընդունված է նշել Ք.ծ.ա. 2492թ. օգոստոսի 11-ին նշվում է եւս մեկ կարեւոր իրադարձություն հայության համար: Պատմաբան Ղեւոնդ Ալիշանը հայտնում է, որ տեղի է ունեցել Դյուցազնամարտ, որի ժամանակ հայ ազգապետ Հայկազունիների դինաստիայի հիմնադիր Հայկ Նահապետը սպանել է ասորացի բռնակալ Բելին եւ սկիզբ է դրել հայոց հզոր պետության վերականգնմանը: Հայ մեծ պատմիչ Մովսես Խորենացին էլ նշում է, որ հայոց երկիրը եւ ժողովուրդն իրենց Հայք անվանումը ստացել են Հայկ Նահապետի անունից:

Հայ արիական ավանդույթը ավելի խորը բացատրություն ունի, որ Հայկը ոչ միայն Նահապետ է, այլ՝ Աստվածամարդ, ով խոսել է Աստվածների հետ եւ նրանց որոշումով է վերադարձել Հայկական լեռնաշխարհ ու վերականգնել Հայոց Առաքելության Տիեզերապտույտը…

Շատ հայեր են զարմանում, որ այսօր անգամ եկեղեցին է նշում մեր հեթանոսական տոները, ինչպիսիք են Տրնդեզը, Զատիկը եւ Վարդավառը, բայց որպես ժամանակակից եկեղեցական տոներ՝ Հարություն եւ Քրիստոսի Պայծառակերպություն ու էլի նման բաներ: Բայց մեր փառավոր նախնու՝ Հայկի տոնը, որի ժամանակ նաեւ ռազմա-մարզական խաղեր էին անցկացվում, չկարողացան Քրիստոսի հերթական հարության կամ հայտնության հետ կապել ու այդպես էլ դադարեցին հիշատակել…

Այս օգոստոսի 11-ին եւս հայ արիները կնշեն Նավասարդի տոնը՝ Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը: Կփառաբանեն ու կհիշեն, որ Հայկ Դյուցազունն այդ օրը, աշնանային արեւադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատը նենգորեն զավթած Տիտանյան Բելին եւ վերատիրեց Հայոց Աշխարհն ու հայությանը բերեց ազատ կյանք՝ ի փառս Հայի ու Հայ Աստվածների. «Դա մի նոր դարաշրջան եղավ հայության վերելքի եւ իզուր չէ, որ կար մի ժամանակահատված, երբ օգոստոսի 11-ը եւս նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Կյանքի օ­ր»…

Հայկ Նահապետը Հայ-Արիական Դիցակարգի համաձայն Մարդ-Աստված է՝ Աստվածամարդ՝ Երկրային Աստված, ով խոսել է Հայ Աստվածների հետ, անգամ կատարել Աստվածային Առաջադրանքներ… Ինչն այսօր շարունակում է իրականացնել մեր Նահապետի Հոգին (իր նոր մարմնում)՝ Մեծ Տիեզերքում… Օգոստոսի 11-ը հին Նավասարդ ամիսն է: Նավ-Աս-Արդ՝ ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել:

Հայ արիներն ու ազգայնականները օգոստոսի 11-ի այգաբացին, Երեւանում, Հայոց Նահապետի արձանի մոտ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերի մասնակցությամբ ծիսական արարողություն կկազմակերպեն մեր զորավոր նախնու պատվին:

Չի բացառվում, որ տոնակատարությունը կշարունակվի Սպիտակավոր վանքի բակում վերաթաղված Գարեգին Նժդեհի (Հայ-Արիական դիցակարգի համաձայն՝ նույնպես Աստվածամարդ հռչակված) մասունքների մոտ, որտեղ էլ գինեձոներ կհնչեն Հայոց Երկնային ու Երկրային Կամք(երի) միաձուլմանն ուղղված:

Քուրմ Արմոգ

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչ

«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնումեւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։