Դալայ Լաման եւ Հայ Քրմերը նույն կարծիքն ունեն.- Կրոնների կործանումը, Հայոց հավատադարձը եւ անցումային Արիա-քրիստոնեությանն անցնելը…

Մի քանի միլիարդ բուդդայականների առաջնորդ Դալայ Լաման օրերս հայտարարություն է տարածել եւ, ըստ լրատվամիջոցների, «ցնցել աշխարհը» իր «դարակազմիկ հայտարարությամբ»: Այս բարձրաստիճան հոգեւորականը մասնավորապես ասել է. «Աշխարհի բոլոր կրոնները մեծ նշանակություն են տալիս սիրո զգացմունքին, կարեկցանքին, հանդուրժողականությանն ու ներողամտությանը եւ նպաստում են հոգեւոր արժեքների զարգացմանը: Դա միանշանակ այդպես է: Սակայն իրականությունն այսօր այնպիսին է, որ էթիկան կրոնի հետ ձուլելու այլեւս իմաստ չունի: Այնպես որ, ես ավելի ու ավելի վստահ եմ, որ եկել է ժամանակը գտնելու նոր ճանապարհ` հոգեւոր ու էթիկական հարցերում լուծում գտնել առանց կրոնի»: Առանց կրոնի հոգեւոր հարցերին լուծում տալն իսկապես դարակազմիկ միտք է, բայց տիեզերաիմաստ գաղտնիքներին փոքրիշատե տիրապետող մարդն անգամ պատահաբար չէր ասի նման խոսքեր:

Բուդդայականների առաջնորդն այսօր բացահայտ խոսում է այն մասին, որ նա չի տեսնում կրոնը` որպես ժամանակակից հասարակության հոգեւոր ու բարոյական հիմք: Այո, դա այդպես է եւ չի կարելի չհամաձայնել Դալայ Լամայի հետ: Ըստ նրա, «մարդկությունն այսօր մանկան գիտակցությունից անցնում է մեծահասակի գիտակցության եւ այլեւս չի ցանկանում «Աստծո ծառա» լինել: Մարդիկ ցանկանում են լինել սեփական ճակատագրի ստեղծողը, իսկ նրանց հազար տարվա դոգմաներ են առաջարկում, որոնք այլեւս չեն համապատասխանում ոչ ժամանակին, ոչ էվոլյուցիային»:

Այս մտքերը եւս պարզ են, բայց վստահաբար ոչ պարզունակ: Գիտենք, որ Դալայ Լաման մեր ժամանակների ամենահարգված մարդկանցից մեկն է եւ սիրելի քաղաքական ու հոգուոր առաջնորդ է միլիոնավոր մարդկանց համար, ուստի համոզված ենք, որ հնչած խոսքերը կշռադատված են ու նպատակայնորեն ասված: Ընդամենը 2 տարեկանում 14-րդ Դալայ-Լամա հռչակված մանուկը այսօր հանդիսանում է Տիբեթի (Չինաստան), Մոնղոլիայի, Բուրյաթիի (Ռուսաստան) եւ բազմաթիվ այլ շրջանների բուդդայականների հոգեւոր առաջնորդը, ով 1989թ. արժանացել է Նոբելյան մրցանակի, իսկ 2006թ. ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալ:

Կրոնների ճգնաժամի մասին հայտարարել է նաեւ Հայ Արիական Միաբանությունը: Համաշխարհային կրոնների «Հոգեւոր սպառմա­ն»կամ հայ պոետի ասած «Ոգու սով­ի» մասին խոսել են նաեւ Հայ Քրմերը: Ինչպես Դալայ Լաման է նշել կրոնների մասին, «որպես ժամանակակից հասարակության հոգեւոր ու բարոյական հիմք» չհանդիսացող կառույցի, այդպես էլ արիադավան հայերն են ահազանգել կրոնավորների այլեւս բոլոր հարցերում հանդուրժողականության ու ներողամտության աններելի թույլ կեցվածքի մասին:

Այսպես, ժամանակին տկարացան նաեւ հեթանոսական-ազգային (այլեւս գլոբալացված) հավատները, կտրվելով իրենց բնական արմատ-ակունքներից եւ անհարկի ներողամիտ դրսեւորումներից, եւ 301-311թթ. տեղի ունեցավ համաշխարհային հավատափոխությունը: Ազգապաշտական (ազգի ընտրությամբ պաշտվող) հավատներին եկան փոխարինելու անհատապաշտական (անհատի ընտրությամբ պաշտվող) կրոնները…

Այսօր ավելի ողբալի վիճակ է, հատկապես քրիստոնեական եկեղեցիները Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում «ներողամտորեն» եկեղեցական են ծեսեր ­կատարում ու համասեռական ամուսնություններ արձանագրում հոգեւոր կառույցների մեջ: Վատիկանում անգամ համասեռական հոգեւորականներ են բացահայտվել: Համաշխարհային եկեղեցական ցանցը դարձել է աշխարհաքաղաքական պայմաններ թելադրող մութ ու գաղտնի ուժերի «կարեկցանքների սպասավորը» եւ առավելապես դրամահավաքներ է կազմակերպում այս կամ այն աֆրիկյան, թե ասիական երկրում սովյալներին ուտելիք եւ, ըստ այդմ, քաղաքական կողմնորոշում պարտադրելու, քան մարմնական ու հոգեւոր սնունդները համատեղելու եւ մարդուն մարդ պահելու համար:

Սա շատ նման է համաշխարհային ծավալումներ ստացած աղանդավորական հոգեւոր-քաղաքական կառույցների՝ այս կամ այն երկրում սնունդ եւ փող բաժանելով իրենց ծեսերին հրավիրելու կամ կազմակերպության անդամ դարձնելու գործելաոճին: Նաեւ Հայաստանում է կիրառվում այս ձեւը: Իհարկե, մեր երկրում եկեղեցին դեռ դեմ է համասեռական եւ գենդերախառը քաղաքականությանը, ինչը լավ է, սակայն, հոգեւոր ոլորտի այսօրվա պատասխանատուներն առավելապես ներդրվել են տնտեսական ու քաղաքական գործունեության մեջ, եւ անգամ «օֆշորային սկանդալներ» կան ոմանց շուրջ:

Բացի քաղաքական ու տնտեսական ակտիվությունից (որոշակիորեն նաեւ բարոյականության ասպարեզում), Հայաստանյայց առաքելական եկեղեցին մեր պետության այլ ոլորտներում էապես չի գործում: Աղանդավորական կազմակերպությոնները երկրի հոգեւոր ոլորտը դարձրել են պարարտ հող, եւ իրավական կարգավիճակ ստացած տասնյակ կառույցներ մի շարք երկրներից հովանավորվող՝ ամրապնդվել ու իրենց սերմերն են ցանել Հայաստանում: Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որ նույնպես սնվում են օտարերկրյա երկրների գաղտնի ծառայություններից, անբարո ու ապազգային քաղաքականություն են իրականացնում մեր երկրում, նաեւ իրավապաշտպան են կարգվել հոգեորսություն անող աղանդավորականներին ու տարաբնույթ սեռամոլագարներին ազգային ու բարոյական օրենքներից պաշտպանելու եւ միջազգային ճնշումները ավանդական երկրների դեմ ուղղորդելու առաքելությամբ:

Եթե աշխարհիկ իշխանությունները, այս կամ այն ճնշումներով պայմանավորված, ստիպված են աղանդավորական եւ անբարոյական ու սեռամոլական միջազգային կառույցներին տեղ տալ, ապա հիրավի Աստծո խոսքը պահող եւ մարդկանց փոխանցող հոգեւորականներին ոչինչ չպետք է պարտադրի շեղվել աստվածահաճ ու արարչահաղորդ ուղուց: Բայց այդպես չէ, որեւէ հակադրություն (կամ՝ գոնե ընդվզում) չի առաջանում աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների միջեւ այս, թե նմանատիպ այլ մարդամերժ ու աստվածամերժ հարցերում: Իսկ ազգանպաստ հակադրությունը մեր դեպքում հաստատ կօժանդակեր եւ՛ Հայաստանի իշխանություններին եւ՛ բնակչությանը՝ առավել սկզբունքնորեն ու հիմնավոր պայքարելու միջազգային պարտադրանքների դեմ: Բայց կրոնները, ինչպես ասել է Դալայ Լաման, այլեւս հոգեւոր ու էթիկական հարցերում հիմնազրկվել են:

Բուդդայականների առաջնորդը նաեւ նշել է, որ «մարդկությունն այսօր մանկան գիտակցությունից անցնում է մեծահասակի գիտակցության եւ այլեւս չի ցանկանում «Աստծո ծառա» լինել»: Հայ Արիական Միաբանությունը վստահ է, որ սրանք «մեծացած մարդկությանն» ուղղված գովեստի խոսքեր չեն, ինչպես կարող են թվալ, այլ՝ մեղմ ասված պարսավանք է՝ ամենուր հավատախեղման փաստն արձանագրող: Եթե մանուկը դառնում է մեծահասակ եւ նորեն չի հասկանում Աստծո խոսքը, ապա նրան հոգեւոր սնունդ տալն այլեւս իմաստազրկվում է, անհավատ մարդուն մարմնի, մտքի եւ հոգու եռամիասնության մասին բացատրելն իսկ ժամանակի կորուստ է դառնում:

Իսկ երբ նման մարդիկ «ցանկանում են լինել սեփական ճակատագրի ստեղծողը», ապա նրանց ճակատագիրը դառնում են որեւէ բախտագուշակի երանելի թեման: Այսօր եվրաորոշումներով կարող են տղամարդուն կին համարել եւ՝ հակառակը, անգամ որոշել, որ արարչաստեղծ մարդը սեռ չունի՝ անսեռ է, որ նաեւ այդ ասուն մարդը կարող է ամուսնանալ ու քնել (ճիշտը՝ անասնանալ կամ շնանալ) անասուն չորքոտանու հետ եւ դա համարել գերժամանակակից զարգացում՝ առաջադեմ մարդկության էվոլյուցիա…

Եվ այստեղ Դալայ Լաման մեկ այլ հարց էլ է բարձրացրել առանց սրելու, որ այսօրվա մարդկանց «հազար տարվա դոգմաներ են առաջարկում, որոնք այլեւս չեն համապատասխանում ոչ ժամանակին, ոչ էվոլյուցիային»: Սա խոսք է՝ ուղղված ավանդական ու բարոյական «դոգմաներին» ընդդիմացող, աստվածային ու արարչական ինքնությունները մերժող, հավիտենարժեք հասկացությունները պղծող եւ մարդկային ազատությունները հակաբնական ու անբարո սանձարձակության վերածող այսպես կոչված միջազգային հանրությանը: Իսկ իրականում «էվոլյուցիա» չկա՛, չկա՛ այն բնականոն ընթացքը, որ մարդուն մոտեցնում է իր Աստվածներինկա՛ միայն «ռեւոլյուցիա», որ զարգանում է հակազգային ու հակամարդկային ուղղություններով:

Մարդուն ի վերուստ տրված Արարիչ Էությունը փոխարինվել է ավերիչ մտածողությամբ, եւ այս ամենի մեղավորները նախեւառաջ կրոններն են, որ իրենց դատարկվեցին գաղափարապես: Եկեղեցիները դարձել են մոմավաճառության եւ պսակի կամ մահվան միջոցառումների եկամտաբեր բիզնեսի տարածքներ: Հոգեւոր կառույցները, որ բոլոր կրոնների համար Աստծո տներ են, այլեւս հոգեզուրկ են…

Հայաստանում եւս կա այս վտանգը, եւ Հայ Արիական Միաբանությունը նաեւ արիադավան-հեթանոսական համայնքներ ու հոգեւոր քրմական դաս է կազմավորում, որ ոչ միայն դիմակայենք կրոնական ու աղանդավորական տարաբնույթ ոտնձգություններին, այլեւ  պատրաստ լինենք հայոց հավատադարձին, ինչը կարող է արագանալ կրոնների համատարած ճգնաժամի պայմաններում: Այդ թվում՝ քրիստոնեական, որը խաղարկվում է համաքրիստոնեական-էկումենիստական հուդա-քրիստոնեական շարժման կողմից, որն արգելափակում է կրոնների ազգայնացման յուրաքանչյուր փորձ:

Իզուր չէ, որ տարիներ առաջ Հայ Արիական Միաբանությունը առաջարկել է հայությանը՝ մինչեւ հայոց արիադավան հավատադարձը, առավել սահուն եւ համերաշխ անցնելու համար հուդա-քրիստոնեությունը փոխարինել արիա-քրիստոնեությամբ (որը կհենվի ինչպես նախաքրիստոնեական-համահեթանոսական, այնպես էլ նախահեթանոսական-հայարիական արժեհամակարգերի վրա) եւ հետզհետե դառնալ Հայ Աստվածների պաշտամունքին, քանի դեռ Հայոց Հոգեւոր Աշխարհում հուդայականության Եհովա Աստծուն չի փոխարինել մեկ այլ ազգի մեկ այլ Աստվածը…

Հուսանք, որ ինչպես աշխարհասփյուռ հայությունը, այնպես էլ Հայաստանյայց առաքելական եկեղեցին մեր ահազանգին կվերաբերվեն առանց շահադիտական նկրտումների եւ արձագանքները բովանդակային եւ ինքնակազմակերպման տանող կլինեն:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

22.10.2013թ. – Երեւան-Գառնի

* Երբ խոսում ենք քրիստոնյա շատ ,,հովիվների,, հետ, նրանք անգամ հավաստում են, որ կրոն(ներ)ի հարցերը լուրջ են, բայց նաեւ նշում են, թե իրենց ,,հավատացյալ հոտը,, չի կարող միանգամից գալ Հայոց հին հավատին, քանի որ դարեր շարունակ Հայ Աստվածների մասին խոսել են որպես ,,չաստվածներ,, … ու իրենց համար Հիսուսից այն կողմ այլ բան չկա (անգամ Եհովան այդքան տեղ չունի): Դրա համար պետք է նախ Հայոց պատմության խորքերը՝ դեպի Հայոց հավատը տանել շատ հանդարտ, մի անցումով, որը արիա-քրիստոնեության տարբերակն է… Մենք վստահաբար այն կարծիքին չենք, որ սա նորմալ է ու բնական, բայց սա միակ անկոտորած անցումը կլինի, երբ կրոնների մահացման ժամանակը գա… քրիստոնյաների պես՝ 301-ի նման մի ջարդ էլ մենք չանենք, որ Հայոց հավատադարձը ապահովենք, ու նաեւ այլ հավատքների մուտքը արգելափակենք…

Սա միայն քրիստոնյաների համար է ասված՝ արիա-քրիստոնեություն, հայ արիները եւ յուրաքանչյուր հեթանոս հայ տրամաբանական է, որ մնալու է իր հավատին ու Հայ Աստվածների պաշտամունքին: Միայն հուդա-քրիստոնյաները դարձի խնդիր ունեն, ոչ թե արդեն արիադավան-հեթանոս հավատավոր հայերը… Մեր առաջարկն ընդամենը հուդա-քրիստոնյաներին՝ առանց ջարդի բերելու համար է՝ Հայոց հին հավատին հանգեցնելու: Ամեն բան պարզ գրված ու ասված է հենց այսպես, այլ բան չկա, բայց ոմանք որ հեթանոսությունը կռապաշտացնում են (ինչպես նախկինում դա աններելի արվեց ու …), իրականում հենց կռապաշտ էլ լինելով: Իսկ մենք Հայոց արիադավան-հեթանոս հավատի ուխտավորներն ենք ու Հայ Աստվածների ժառանգը…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։