Ամերիկացի համանախագահի խոսքերի վերաբերյալ

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի` Մեթյու Բրայզայի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը համաձայնել է ԼՂՀ-ին պատկանող ազատագրված 7 շրջանները հանձնել Ադրբեջանին, համարում ենք դիվանագիտական նորմերի կոպիտ խախտում, պատերազմ հրահրող ու բացարձակ անընդունելի: Վստահ ենք, որ այս անձնավորությունը եւ այն պետությունը, որը նա է ներկայացնում, ընդանրապես իրավունք չունեն միջնորդ լինելու, եթե նրանք շարունակում են պնդել իրենց կողմնակալ դիրքորոշումն արցախյան հիմնախնդրում: Կամ էլ առնվազն, Մեթյու Բրայզային պիտի հայտնել անվստահություն:
Հայ հասարակությունը երբեք չի ընդունի նման նվաստացուցիչ զիջումը, անգամ եթե հայկական իշխանությունները դրա տակ դնեն իրենց ձեւական ստորագրությունը: Հայությունը կհամարի այն ոչ օրինական, քանի որ դրա բոլոր հիմքերն առկա են: Հայությունն իր կողմից արդեն արել է բազմաթիվ զիջումներ (Շահումյանը, Արծվաշենը մնացել են զավթված, չի արծարծվում Նախիջեւանի խնդիրը, շրջափակման ու փախստականների կրած նյութական վնասը հատուցելու գործընթացը սառեցված է եւ այլն) եւ պնդում է, որ այլեւս զիջելու բան չունի: Առավել եւս, որ հայությունն ընդհանուր առմամբ պահանջներ ունի, որոնք ԱՄՆ-ն ու մյուս տերությունները մշտապես անտեսում են սկսած 19-րդ դարից…
Ելնելով վերոնշյալ հանգամանքներից` հայտնում ենք. եթե Մինսկի խումբը չի հերքում ու լռելով աջակցում է Մեթյու Բրայզայի հայտարարությանը, ապա այլեւս չի կարող ընկալվել որպես անաչառ միջնորդ կառույց: Ուստի, այդուհետ, անիմաստ կլինի բանակցային գործընթացը նման որակի  «միջնորդների» մասնակցությամբ:

Հայկական իշխանություններին կոչ ենք անում՝ այդ դեպքում դուրս գալ բանակցային գործընթացից, ճանաչել Արցախի Հանրապետությունը, նաեւ ԼՂՀ իրավունքները վերահսկված բոլոր տարածքների վրա` ըստ ԼՂՀ Սահմանադրության:
Անհրաժեշտ է հանդես գալ նաեւ այդ տարածքներում քաղաքացիական ու ժողովրդավարական հասարակություն կառուցելու ու դրանք բնակեցնելու լայնածավալ ծրագրով:  Եթե իշխանություններն այսուհետ եւս ընդունեն բանակցային միջնորդնի այսպիսի գործելաոճը, ապա կամա, թե ակամա կդառնան հայության դեմ կազմակերպված հերթական սադրանքի ու դավադրության հանցակիցը: Իսկ մասնակիցներն անձամբ պատասխանատու են լինելու ինչպես լարված ներքաղաքական, այնպես էլ պատերազմական հավանական իրավիճակի համար:
Մենք չենք պատրաստվում զիջել մեր հայրերի ազատագրած հայկական պատմական տարածքները…

Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ»
ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություն

Այս գրառումը հրապարակվել է Երիտասարդական թև, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։