Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի սուրբ ծննդյան օրն է – Հունվարի 14-ին Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է… Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ… Նժդեհի հրապարակում՝ Նժդեհի՛ արձանը…

Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Գարեգին Տեր-Հարությունյանը հայությանն ու աշխարհին առավելապես հայտնի է որպես Գարեգին Նժդեհ, ինչն էլ կարծես բնորոշում է մեծ հայի փոթորկոտ կյանքն ու անցած ուղին: Թերեւս, բնորոշումից բացի, «Նժդեհ» եզրը կանխորոշեց հայորդու նվիրական ճակատագիրը, որը հանուն Հայի ու Հայքի նժդեհացավ՝ իմա՝ թափառեց, ճամփորդեց, մաքառեց հայոց լեռներում եւ տարածքներում, պայքարեց ու անմահացավ հավերժ:

Յուրաքանչյուր հայ, ում համար հայրենիքն ու ազգը թանկ լինելուց բացի նաեւ հավիտենարժեք հասկացություններ են, պետք է իմանա Նժդեհի մասին, ապրի Նժդեհի գաղափարներով, կիսի մեծանուն հայորդու ճակատագիրը… Իզուր չէին Նժդեհի մտահոգությունները եւ՛ այնժամ եւ՛ հիմա, թե՝ հայրենասիրությունը այլեւս բավարար պայման չէ հայրենիքի փրկության համար… եւ հայրենապա՛շտ պիտի լինենք:

Կան մարդիկ, ովքեր ի զորու են պտտել պատմության անիվը, ավելին՝ ազգի ու մարդկության անիվը, նրանք եղել են ու կլինեն ինչպես այլազգիների, այնպես էլ հայերիս մոտ: Եվ նրանցից մեկն անտարակույս Գարեգին Նժդեհն է:

Մարդ՝ ով ապրեց ազգի կյանքով ու հանուն ազգի, հանուն հայրենիքի, ազգային մարդ՝ ով ազգակերտ նպատակների մեջ նկատեց մարդուն, իսկ մարդու մեջ՝ հայ տեսակին, հայ էակ՝ ով հայկական երակներով զգաց համամարդկայինը, երկրային արարած՝ ով երկնային տեսլականով կառչեց Հային ու Հայքին եւ Հայ Աստվածների պաշտամունքն ունենալով՝ ապրեց, գործեց ու նահատակվեց որպես հայ արորդի աստվածամարդ՝ երկրային աստված…

Գարեգին Նժդեհը իր կյանքով ու գործերով մի մտապատկերային հայկական կաղապար ստեղծեց, որով պիտի իր հայրենապաշտությունն ու ազգային առաքելությունը գնահատի յուրաքանչյուր հայ: Այդ պատկերավոր կաղապարի մեջ «տեղավորվելով» ամեն մի հայորդի պետք է զգա իր չափն ու կշիռը, դերն ու նշանակությունը եւ գիտակցի՝ ինչքան նվիրվածություն պետք է ավելացնել՝ նժդեհյան կաղապարի մեջ հարմար զգալու-տեղավորվելու համար… Եվ փա՜ռք այն հայորդիներին, ովքեր կկարողանան մեծացնել կաղապարի ծավալները-տարողունակությունը, քանզի ինչպես Նժդեհը կասեր, ամեն սերունդ պիտի գերազանցի՛ իր նախորդներին…

Նժդեհը ոչ միայն հայ մարդ, այլեւ համամարդ է, նա հստակ գիտակցել է ինչպես հայ տեսակի, այնպես էլ մարդ էակի առաքելությունն ու արժեքային համակարգը: Նրա համար ճշմարիտ ազգայինն ու առաքինի համամարդկայինը նույնարժեք բնույթ են ունեցել: Բայց հստակ է եղել նաեւ այն, որ համամարդկային արժեքները ստեղծվում են ազգային արժեհամակարգերի գոյությամբ ու գործունեությամբ, եւ ապազգային դրսեւորումները (համամարդկային հորջորջվող) չեն կարող վերազգային ընթացք ունենալ…

Նժդեհը հավասարապես ռազմական ու պետական, ազգային ու քաղաքական գործիչ է եւ նրա ներկայությունն ամենուր տեսանելի հետք է թողել… Որպես զորավար՝ նա բազմաթիվ մարտերի ու կռիվների մասնակից-հաղթող է եւ գնահատվել է ոչ միայն հայ ռազմիկների ու սպաների կողմից: Որպես պետական գործիչ՝ նա անհանդուրժող էր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հակառակորդի նկատմամբ եւ դրա շնորհիվ է, որ այսօր Սյունիք-Զանգեզուրն ունենք Հայաստանի Հանրապետության կազմում: Որպես քաղաքական գործիչ նա չհանդուրժեց ՀՅԴ կուսակցական ներքին ու այլ խաղերը եւ հիմնեց հայի արիական ծագմամբ, ցեղի գենետիկ էությամբ առաջնորդվող «Ցեղակրոն ուխտեր»… Որպես ազգային գործիչ՝ նա գաղափարախոսական եւ իմաստասիրական մի հսկայածավալ գործ կատարեց եւ ցեղակրոն ուսմունք արարելով՝ վերհառնեց հայոց ազգային գաղափարախոսությունն ու իմաստասիրությունը:

Նժդեհին հաճախ են փորձում համեմատել կամ «շփոթել» Նիցշեի հետ, սակայն գերմանացի Նիցշեի ստեղծած «Գերմարդ»-ը որեւէ համեմատական չունի Նժդեհի ստեղծած «Ցեղամարդ»-ու հետ:

«Գերմարդ»-ը մերժում է թույլին, կարիքավորին, անգամ հրում է նրան դեպի կործանման, ինքնաաստվածացման է գնում… Իսկ «Ցեղամարդ»-ը պաշտպանն է ցեղի յուրաքանչյուր մասնիկի, իր կյանքը ծառայեցնում է ցեղակիցների բարրօրությանը եւ պաշտպանն է հայրենիք-բնօրրանի…

Գուցե այս նշյալ եւ այլ տարբերակումները չնկատելով կամ միտումնավոր շրջանցելով է, որ Նժդեհյան ցեղակրոնությունը ժամանակին փորձեցին համեմատել նացիստական ու ֆաշիստական գաղափարախոսությունների հետ, ինչն իհարկե, շարունակություն չունեցավ, քանզի սին էր ու անփաստարկ:

Ցեղակրոն հայը երդվում է Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի աջի վրա եւ որեւէ առնչություն չունի այլազգիների կուռքերի կամ աստվածների, առավել եւս հակամարդկային ու ապազգային մտորումների կամ գաղափարների հետ…

Նժդեհը այլեւս Հայոց Անմահների շարքում է եւ բռնել է հավերժի ուղին…

Տիեզերաաշխարհների Հայապատկան Տարածքներում Նժդեհն այսօր հոգի է՝ ոգի, բայց վստահաբար երկնքում չի դադարեցրել իր հայրենիք-երկրի գործերով եւ ազգի հոգսերով զբաղվելը:

Նժդեհի նման արորդի-հայորդիները մարմին, միտք, թե հոգի լինելով չեն դադարեցնում իրենց ներկայությունը անգամ մեր առօրյա կյանքում: Պատերազմի տարիներին սիրում էինք կրկնել նրա խոսքերը՝ «Երբ պատերազմի դաշտում քեզ մենակ ես զգում, հե՛տ նայիր եւ կտեսնես, որ քո հետեւից գալիս են մեր բազում նահատակների հոգիները»…

Սա ասվում էր, եւ ազդեցությունն այնքան տեսանելի էր դառնում, որ մտքու՛մ անգամ փախչող զինվորը պատկերացնում էր, թե ինչպես է փախչելով բախվելու Նժդեհի, Անդրանիկի, Արաբոյի, Սերոբ Աղբյուրի, Գեւորգ Չաուշի, Հրայր Դժողքի եւ այլոց հոգիներին, որ կանգնած են մարտադաշտում եւ մեր կողքին են…

Հրաշալի է, որ ժամանակին մի խումբ նվիրյալ հայորդիների ջանքերով հայրենիքին կարոտ մնացած Նժդեհի աճյունը Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից բերվեց Հայաստան: Դա 1983թ. էր, եւ առ այսօր չեն դադարում ուխտագնացությունները մեծ հայի մասունքներին, որոնք վերաթաղված են Վայոց Ձորի Սպիտակավոր վանքի տարածքում, Սյունիքի Խուստուփ լեռան լանջին եւ Կապանի՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում…

Այդ ուխտագնացություններից մեկի ժամանակ ավանդական հուշագրքում (որն Արցախ Բունիաթյանն էր պահում) գրեցի. «Փա՛ռք քեզ Նժդեհ, որ հա՛յ ես եւ փա՛ռք քեզ հայորդի, որ քո մեջ Նժդե՛հ ունես…»: Այս մեծ հայորդին իրապես վառ օրինակ է անմնացորդ նվիրյալ հայ տեսակի, որ կարող է առաջնորդել եւ՛ հայ մարտիկին, եւ՛ հայ մշակին, եւ՛ հայ գործչին, եւ՛ հայ…

Ճանաչե՛նք եւ սիրե՛նք մեր Նախնյաց, քանզի ով անցյալը չգիտի՛, նա ապագա չունի, իսկ ներկան անորոշ է, անգույն ու սին…

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Նժդեհի հրապարակում՝ Նժդեհի՛ արձանը

Կան արժեքներ, որոնք անփոխարինելի են եւ որոնց վերականգնումն ու վերադարձը նաեւ նախախնամություն ունի… Հայ արիները քանիցս դիմել, բարձրաձայնել են Երեւանում Գարեգին Նժդեհի անվան հրապարակի «ազատագրման» համար:

Հարցն այնքա՜ն պարզ է ու այնքա՜ն լուծելի, որ անհավանական անհասկացող պետք է լինել տարիներ շարունակ այս խնդրին լուծում չտալու համար…

Երբ Նժդեհն ազատագրում ու պաշտպանում էր հայոց հողերը, իսկ Զանգեզորը բացառապես նրա զորավարական տաղանդի ու ազգային կամքի շնորհիվ մնաց Հայաստանի կազմում՝ չարժանանալով Արցախի, Նախիջեւանի ու Ջավախքի ճակատագրին… հաստատ մեծանուն հայը չէր էլ մտածում, թե իր արձանը պետք է հայտնվի Երեւանում կամ պիտի երկրպագվի: Բայց եթե որոշել ենք դա անել, հրապարակ, փողոցներ ու դպրոցներ կոչել Նժդեհի անունով, ապա այնպես պետք է անել, որ չապականվի նրա հիշատակը:

2001թ.-ն Հայաստանում Նժդեհյան տարի կոչվեց եւ այդ տարի էլ հայ արիները դիմեցին նշյալ խնդրով՝ կարծելով, թե գոնե անվանակոչված տարում հարցը կլուծվի, բայց… Եվ վերստին մտահոգիչ է այն փաստը, որ ցեղակրոն Նժդեհի անվան հրապարակում շարունակում է կանգնել կոմունիստ Սուրեն Սպանդարյանի արձանը:

«Լուսանցք»-ը նույնպես նշել է, որ սա անընդունելի է, նախ՝ Գարեգին Նժդեհը կոմունիստ-բոլշեւիկների հետ անհաշտ պայքարում պաշտպանեց Լեռնահայաստանը, իսկ մինչեւ մահ հալածվեց նրանց կողմից՝ երկրային կյանքն ավարտելով բանտարկության մեջ: Եվ արդարացի ու բարոյական չէ հայ, բայց ապազգային բոլշեւիկի արձանի գոյությունը հայ եւ ազգային գաղափարախոսի ու զորավարի անվան հրապարակում: Հետո՝ ի վերջո նվիրյալ հայորդու մի ազդեցիկ արձան պիտի լինի՞ հայոց մայրաքաղաքում եւ այն էլ իր անվան հրապարակում: Արդյո՞ք կարիք չկա քաղաքամայր Երեւանում ազգային ու պետական միջոցառումների եւս մի հավաքատեղի ունենալ:

Բազմաթիվ գրքեր են հրատարակվել եւ վերահրատարակվել մեծ հայորդու կյանքն ու գործունեությունը, գաղափարները վերհառնելու համար: Գարեգին Նժդեհն այսօր վերագնահատվում է իրապես, անգամ լիամետրաժ կինոնկար է նկարահանվել նրա մասին եւ մի՞թե, կրկնենք, այս լուծելի հարցն այդքա՛ն անլուծելի է…

Նժդեհի արձանի գոյությունը Նժդեհի հրապարակում կարող է դառնալ այցելության վայր անգամ հունվարի 1-ին, երբ հատկապես ազգայնական ու արիադավան-հեթանոս հայերը այդ օրը նշում են հայորդու սուրբ ծննդյան տոնը…

Ահա եւ իմ վերջին խօսքը.

– Կ՜ուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, յաղթութեան թեւերի վրայ, զօրքերիս գոռ աղաղակների մէջ: Սակայն ուր էլ եւ ինչպէս էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճիւնը:

…Ուր եւ երբ էլ մեռնեմ, հաւատա, իմ ազի՜զ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդէ:

Զինուոր զաւակդ՝ Նժդեհ, 1937թ., Սոֆիա (Բուլղարիա)

* * *

Գարեգին Նժդեհի մասունքը Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի բերվել հայրենիք եւ 1983թ. հոկտեմբերի 7-ին մասունքից մի մաս վերաթաղվել է Խուստուփ լեռան լանջին, ինչպես կտակել էր մեծ հայը, որպեսզի նրա հոգին հետեւի ու պաշտպանի հող հայրենին:

Մնացյալ մասունքն ամբողջական վերաթաղվել է Սպիտակավոր վանքի տարածքում (Եղեգնաձոր), որտեղից էլ վերաթաղված մասունքների մի փոքր մասը տարվել եւ հողին է հանձնվել Կապանի հուշահամալիրում:

Հիշեցնենք, որ համալիրի կառուցումը իրականացրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սերժ Մկրտչյանը, ով Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի անմիջական միջնորդությամբ ու մասնակցությամբ՝ բանակցելով մեծն Նժդեհի աճյունը Հայաստան տեղափոխած խմբի անդամների (Արցախ Բունիաթյանի (արդեն հանգուցյալ), Գարեգին Մխիթարյանի, Ժորա Բարսեղյանի եւ այլոք) հետ, ստեղծել են Լեռնահայաստանի սպարապետի մասունքից նշյալ համալիրում վերաթաղելու համար: Նպատակը՝ Նժդեհի հուշահամալիրին նաեւ ցեղակրոն հայի ու ցեղակրոնության ոգին փոխանցելն էր… եւ այն սրբատեղի դարձնելը:

«Լուսանցք» թիվ 42 (305), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։