Օջալանի պատվիրված նամակը՝ հայերին
Քրդերի առաջնորդ «Քուրդիստանի բանվորական (երբեմն գրվում է նաեւ աշխատավորական,- խմբ.)» կուսակցության հիմնադիր ղեկավար, Թուրքիայի Իմրալի կղզում ցմահ բանտարկյալ Աբդուլլահ Օջալանը նամակով դիմել է հայ ժողովրդին:
Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝ քրդերի ղեկավարն իր նամակում գրել է, որ հայերի նկատմամբ երբեք բացասական վերաբերմունք չի ունեցել: Նշելով, որ 1915թ. հայ ժողովրդի դեմ սարսափելի ցեղասպանություն է իրականացվել: Ծանր պայքարի արդյունքում հայության ոտքի կանգնելը նա համարում է հրաշք:
«Մենք ոչ միայն քուրդ ժողովրդի, այլեւ հատկապես հայերի, ինչպես նաեւ այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդների եւ դավանանքների ազատության համար ենք պայքարում: Չնայած ծանր պայմաններին՝ փորձում եմ շարունակել խաղաղության հասնելու ուղիների փնտրտուքը, որը ոչ մի ազգի դեմ ուղղված չէ եւ վնաս չի հասցնի»,- ասել է Օջալանը: Նա հայերին խորհուրդ է տվել իրենց պայքարը շարունակել՝ հեռու մնալով միջազգային ուժերի եւ լոբբիների գաղտնի նպատակներից, որոնք ուղղված են հակամարտություն հրահրելուն:
Ըստ թուրքական մամուլի, Օջալանն այդ նամակով ցանկանում է մեղմել «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ) գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթի՝ ավելի վաղ հնչեցրած հակահայկական հայտարարությունը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել: Նա հայտարարել էր, որ Թուրքիայի ներսում ստեղծվել են կառույցներ, որոնք, ըստ էության, պետություն են պետության մեջ՝ դրանք անվանելով «զուգահեռ պետություններ»: Հոզաթը այդ առումով մատնանշել էր Ֆեթուլլահ Գյուլենի համայնքը, հայկական, հունական ու իսրայելական լոբբիները:
«Լուսանցք»-ի կողմից էլ հավելենք, որ նորից մի խառնակիչ ձեռք փորձում է թուրք–քրդական բախումներն ու հարցերը հայ–քրդականի վերածել:
* * *
Դատապարտվել է քրդական կառույցի ոչ հայանպաստ հայտարարությունը
Վերջերս «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ) համանախագահ Բեսե Հոզաթի արած հայտարարությունն այն մասին, թե Թուրքիայում պետական իշխանությանը զուգահեռ ձեւավորված պետությունների մաս են կազմում ազգայնական հայերը, հույները եւ հրեաները, բուռն քննարկումների առիթ է դարձել: Այդ հայտարարությունը խիստ քննադատության է ենթարկել «Ռադիքալ» օրաթերթի անվանի սյունակագիր պրոֆեսոր Ահմեթ Ինսելը: Նա հայտնել է, թե ակնկալում է, որ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հունվարի 19-ին Հրանտ Դինքի հիշատակի առթիվ հղելիք ուղերձում կանդրադառնա խնդրին եւ վերջ կդնի այդ անհեթեթությանը:
Հիշեցնելով, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահներն արդեն դատապարտել են «ռասիսզմի գարշահատություն ունեցող այդ հայտարարությունը», Ահմեթ Ինսելը ուշադրություն է հրավիրել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) պահպանած լռության վրա:
Ըստ նրա, այդ կուսակցության գործադիր խորհրդի անդամ Ռըզա Ալթունը մի քանի օր անց կրկնեց իր գործընկերոջ այդ խայտարակ հայտարարությունը՝ ավելացնելով նոր վտանգներ: «Թուրքական պետության ներսում հայկական, հունական եւ հրեական ազդեցիկ լոբբի կա: Այդ լոբբիստական ուժերը, ելնելով իրենց հետապնդած շահերից, քրդական հարցի լուծումը նպատակահարմար չեն դիտում»,- ասել էր կուսկցության խորհրդի անդամը:
Թուրք սյունակագիրը զարմանք հայտնելով այդօրինակ դատողության կապակցությամբ՝ գրել է. «Տեղյակ չեմ, թե Ռըզա Ալթունն ինչ տեսակ աշխարհում է ապրում եւ որտեղից է տեղեկություններ ստանում, բայց եթե նա իրոք հավատում է իր ասածին, թե Թուրքիայի ներսում ձեւավորված հայկական, հրեական եւ հունական լոբբի կա, որը ազդեցություն ունի պետության վրա, ուրեմն պետք է կասկածել նրա հոգեկան առողջության վրա»:
* * *
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն երկրում ծագած սոցիալական խնդիրների, հեղափոխական տրամադրությունների եւ վերջերս էլ կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ ասել է, թե դա տեղի է ունեցել արտաքին ուժերի հրահրմամբ:
Նա մասնավորապես նշել է, որ եվրոպական երկրները, հատկապես՝ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան անհանգստացած են Թուրքիայի հզորացումից, ինչը թույլ է տալիս Անկարային տարածաշրջանում սեփական խաղը նախաձեռնել:
Այնպիսի կացություն է ստեղծվել, որ արդեն կասկածանքով ենք աջուձախ նայում. «Մենք թույլ չենք տա, որ իշխանությունը տապալվի Թուրքիայում»,- ասել է Դավութօղլուն՝ վստահեցնելով, որ ճգնաժամը շուտով կհաղթահարվի, քանզի անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկվեն: Այնուամենայնիվ, Անկարայում անհանգստացած են:
«Լուսանցք» թիվ 2 (307), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org–ի «Մամուլ» բաժնում



