Այդ քայլը վաղուց են արել ՀՀ տասնյակ պաշտոնյաներ… Նույնը փորձում են անել Գառնո տաճարի հետ…- Ո՞վ է հովանավորել Հասմիկ Պողոսյանին եւ ինչու՞ չի պատասխանում Հովիկ Աբրահամյանը…

«Գառնիում արդեն նստարանները տեղադրվել են, սակայն սրճարանի հարցը վերջնական կլուծվի հուլիսի վերջին»,- գրել են մի շարք կայքեր: News.am-ը գրել է. «Գառնիի արքունական բաղնիքի դիմաց բացօթյա սրճարան կառուցելու վերաբերյալ մշակույթի նախարարությունն իր վերջնական որոշումը կկայացնի միայն հուլիսի վերջին, իսկ մինչեւ այդ դիտարկում է անցկացվում՝ պարզելու համար, թե անցած տարվա համեմատ զբոսաշրջության աճ կա, թե՝ ոչ»: Այս մասին ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» (որը Գառնո տաճարի հարցում լիիվ հակառակ՝ չ-պահպանության գործին է լծվել) ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը. «Այս պահին որեւէ գործողություն Գառնիում չի կատարվում, ընդամենը հանգստի նստարաններ են տեղադրվել: Առաջիկա 2 ամիսների ընթացքում էլ դիտարկում է անցկացվելու՝ պարզելու համար, թե զբոսաշրջության աճ կա, թե ոչ, հանգստի նստարանների տեղադրումից հետո ինչ-որ բան փոխվել է, թե ոչ, քանի որ զբոսավարները համոզված են, որ եւ՛ նստարանները, եւ՛ սրճարանի տեղադրումը, կնվազեցնի զբոսաշրջիկների այցը պատմական տաճար»,- ասել է նա:

Մշակույթի նախարարությունն ու ՊՈԱԿ-ը հայտարարել են, թե դեռ ապրիլի կեսերից քննարկումներ են անցկացնում շահագրգիռ կողմերի հետ՝ որոշելու տաճարի տարածքում սրճարան կառուցելու նպատակահարմարությունը: Սակայն, ինչպես պարզեցինք՝ Հայ Արիական Միաբանությունը՝ արտաքին ասպարեզում հայկական արժեքները քամուն (հասկանալ՝ թուրքին, ադրբեջանցուն, վրացուն կամ իրանցուն) տվող մշակույթի նախարարության կողմից շահագրգիռ կողմ չի համարվում…  Դիմեցինք ՀԱՄ լրատվական  կենտրոնին՝ տեղեկություն ստանալու համար: Պատասխանեցին, որ մշակույթի նախարարությունը ոչ մի անգամ այդ հարցով չի փորձել զրուցել հայ արիների հետ: Նրանք դա շատ «տրամաբանական» համարեցին. «Մշակույթի նախարարությունը հազիվ էլ քննարկումներ անցկացնի նրանց հետ, ովքեր իրենց հետ համաձայնելու, ինչ-ինչ զիջումների գնալու միտումներ են ցույց տվել: Իսկ հայ արիականները եւ համախմբված ազգայնականները միանշանակ դեմ են հայ արիադավան հոգեւոր տաճարի տարածքում սրճարանի կամ այլ՝ պատմական ու հոգեւոր համադաշնությունը խաթարող կառույցի հայտնվելուն… Սա հակամշակութային նախարարության որոշ անձանց կաղապարված ուղեղներին անհասանելի է, քանի որ հոգեւորը հասկանալու համար հոգով հայ պետք է լինել… Ցավոք, Հայաստանում պատմական իրողությունները հավաստում են, որ բազում գենախեղվածներ ու այլասերներ ունենք…»:

Իսկ ի՞նչ են պատրաստվում անել հայ արիները, եթե հունիսին շարունակվի շինարարությունը: Մեզ պատասխանեցին, որ իրենք այդ մասին հստակ հայտարարել են ու բաց նամակ են հրապարակել. «Մենք ասել ենք, որ այդ սրճարանը համահունչ չէ պատմական տաճարի հինավուրց պատմությունը ներկայացնելու համապատկերին, ու նաեւ խաթարելու է արիադավան-հեթանոս արորդիների ծիսական ու տոնական միջոցառումներին՝ իր ներկայությամբ ու երաժշտությամբ… հայ արիները նաեւ խոկում են տաճարի շրջակա տարածքում, քանի որ սա միակ հեթանոսական քիչ թե շատ կանգուն օջախն է ներկայիս Հայաստանում (նաեւ տարածաշրջանում): Այս ամենը չի կարող մի օր չհանգեցնել արյունահեղություն, ինչը կարող է լինել նաեւ առաջին իսկ օրը…

ՀԱՄ-ը եւ ՀԱՀ-ը դիմել էին երկրի նախագահին, վարչապետին  ու խորհրդարանի նախագահին՝ ապազգային ու հակամշակութային Հասմիկ Պողոսյանին ու նրա խամաճիկ Վլադիմիր Պողոսյանին պաշտոնանկ անելու առումով, սակայն պատասխան չի եղել… Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսպիսով կդառնա նրանց հետ պատասխանատու՝ մեր հաջորդող բոլոր հարկադրված քայլերի համար»:

Հայ ազգայնականների համախմբման անդամներից մեկը բորբոքված պնդում էր, թե «Հասմիկ Պողոսյանին, իրենց չճշտված տեղեկություններով, հովանավորել է ՀՀ նախագահի կինը՝ Ռիտա Սարգսյանը, երբ այսպես կոչված նախարարը դուրս էր մնում նոր ձեւավորվող կառավարությունից»: Հայ ազգայնականները դեռ ճշտում են այս տեղեկությունը, հավաստիանալու դեպքում՝ դիմելու են Սերժ Սարգսյանին:

Գառնո տաճարի տարածքում սրճարան կառուցելուն դեմ են արտահայտվել ինչպես հայ արիներն ու ազգայնականները, այնպես էլ սրտացավ հայ մարդիկ, առանձին խմբերով մասնակցելուվ բողոքի ցույցերին: Դեմ են նաեւ պատմաբաններն ու հնէաբանները, մտավորականներն ու գիտնականները ու հայոց պատմությամբ ու արժեքներով մտահոգ մարդիկ: Չնայած սրճարանի բացումն ի սկզբանե նախատեսված էր մայիսի 9-ին, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամանակով: Հիշեցնենք, որ Գառնիի գյուղապետը պայքարում էր սրճարանի կառուցման դեմ՝ նշելով, որ չկա մշակույթի նախարարության հստակ եզրակացություն, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ։ Հետո Կոտայքի մարզպետարանն ընդդիմացավ: Գառնիի բնակիչները նույնպես միացել էին պայքարին։

Մասնագիտական պարզաբանումներ ներկայացնելով՝ դեմ են նաեւ տուրօպերատորները, որոնց կարծիքով՝ սրճարանը կվնասի տաճարի զբոսաշրջային գրավչությանը: Նրանք անգամ ահազանգեցին, որ այն հուշարձանները, որոնք «շահագործվելով»՝ սննդի կամ ոմանց սեփական գրպանը լցնելու նպատակներ են հետապնդում՝ դուրս են մնում ՅՈւՆԵՍԿՕ-ի զբոսաշրջության ցանկից եւ տվյալ երկիր այցելող զբոսաշրջիկների համար պարտադիր այցելության վայր չեն դիտարկվում: Այսինքն՝ եթե սրճարանի կառուցումը տաճարը պահպանելու սին նպատակով են ցանկանում իրականացնել, ապա դա միանշանակ հարվածելու է զբոսաշրությանը, ուրեմնեւ՝ եկամտաբեր չի լինելու:

Հիշեցնենք, որ այս նախարարության եւ նախարարի պատճառով մենք արդեն կորցրեցինք Գառնու ձորի պատմական կամուրջը, որը 11-րդ դարից էր հասել մեզ: Օտարի փողերով (երեւի ոմանց եւս փողօգնություն եղավ դրանից)՝ վերանորոգումից հետո, «ստացանք» 21-րդ դարի մի եվրակամուրջ, որը ոչ մի պատմական գրավչություն չունի… կարելի է քանդել ու այդ շինանյութը պատմության աղբանոց ուղարկել…

Կամ՝ տակավին վերջերս էլ դեռ շարունակվում էր Գառնիի հիասքանչ ձորի հրաշքի ավերումը՝ «Քարերի սիմֆոնիա» անունը ստացած ժայռաքարային համալիրը կտրատումն ու ոմանց սեփական տների պատերին դրանց «զոհաբերումը»…

Եթե նույնը փորձում են անել Գառնո տաճարի հետ, ապա՝ ներքին թուրքին հիշելու ճիշտ ժամանակն է…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 20 (325), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։