Բավարար ուժ եւ կարողություններ կա՛ն արդեն – Մի պատմություն էլ՝ Նախիջեւանի վերամիավորմանն առնչվող… Ըստ ՀԱԲ-ի մարտիկների՝ 1990-ին Նախիջեւանը մերը կլիներ, եթե…

«Մերոնք գրավել են ադրբեջանական հենակետը»,- գրեցին մեր լրատվամիջոցները: Նույն ոճով այս լուրը հայտնեցին ադրբեջանական զլմ-ները, թե «հայկական զինուժը Նախիջեւանի ուղղությամբ գրավել է կարեւոր ռազմական հենակետ, իսկ մոտակա ադրբեջանական գյուղի բնակիչները խուճապահար լքել են իրենց բնակավայրը»:

Երբ մենք «գրավում» ենք մեր հողերը, ապա հենց ինքներս էլ մեզ «ագրեսոր» ենք հռչակում:

Այդ «գրավման» լրատվության ժամանակ «Լուսանցք»-ի խմբագրությունում զրուցում էինք նախկին ՀԱԲ-ի երեք ազատամարտիկների հետ, ովքեր հաճույքով հիշեցին, որ 1990թ., երբ Նախիջեւանի ամբողջ սահմանով մեկ (Արարատի մարզից մինչեւ Մեղրիի շրջան) հայկական կամավորական ջոկատները, հիմնականում՝ ՀԱԲ-ը (ավելի քան 100-հազարանոց կամավորական բանակ էր), «անցան գրոհի, ու մտանք Նախիջեւան՝ մեր հողը, եւ այս կամ այն գյուղում շատերս լսեցինք, թե ինչպես է որոշ տներում միացրած թողած հեռուստացույցերից (լուրերն էր հաղորդվում) լսվում տները լքած ադրբեջանցիների շնագայլային կաղկանձը՝ «ՀԱԲ գյալդի»… Փախել, կուտակվել էին Թուրքիայի ու Իրանի սահմանների մոտ ու պատրաստ էին անգամ փշալարերի վրայով անցնել»…

- Բա հետո՞,- զարմացա ես (այս մասին չէի լսել երբեք ու շտապեցի իմանալ, թե ինչու՞ չհասանք վերջնական հաջողության):

<Սահմանի երկայնքով ջոկատներից ոմանք՝ 1-2, ոմանք էլ 3-4 կիլոմետր խորացել էին, հաստատ 1990-ին Նախիջեւանը մերը կլիներ, բայց սովետական այս կամ այն գույնի բերետավոր զինվորականները հանկարծ հայտնվեցին մեր կամավորական տղերքի դեմ-դիմաց՝ տանկերով, զրահամեքենաներով, գնդացիրներով, ինքնաձիգերով… Իսկ մենք որսորդական կամ ՏՕԶ-ի հրացաններով, ատրճանակներով էինք ու մեր գործարաններում սարքած պայթուցիկներով ու նռնակներով… Օրինակ՝ Վայքի շրջանի Խնձորուտի ու Բարձրունիի կողմից ՀԱԲ-ի Աբովյանի տղաներն էին մտել… իսկ նրանց դիմաց կանգնել էր հատուկ պատրաստվածությամբ բերետավորների մի խումբ՝ մինչեւ ատամները զինված ու զինտեխնիկայով հանդերձ: ՀԱԲ-ի հազարապետ եւ «Կոտայք» գնդի հրամանատար Արմեն Ավետիսյանին առաջարկել էին դադարեցնել առաջխաղացումը, քանի որ ինչպես իրենք են նշել, որսորդական «պոլի փայտերով» հնարավոր չէ հրասայլերի ու զրահամեքենաների դեմն առնել>:

- Իսկ ինչպե՞ս է, որ ոչ ոք չի տուժել,- զարմանքս լսելով՝ նշեցին, թե՝ «Արմեն Ավետիսյանն ասել էր, որ միայն ՀԱԲ-ի հրամանով կնահանջեն եւ հեռակապով խոսել էր Ռազմիկ Վասիլյանի ու Վարդան Վարդանյանի հետ: ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարն ու կոմիսարը նշել էին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը մեզ էլի ծախեց… պետության կողմից օգնություն չի լինի, անգամ «ժերտվա» կտան: Դուք էլ հայտնեք բոլոր ուղղություններին: Սա սովետական զորքն է, ադրբեջանցիները չեն, տղաներին մի տարեք տանկերի դեմ կոտորվելու… Նախիջեւանի հարցը նորից կհասունանա, իսկ մենք դեռ կռիվ ունենք անելու…»:

ՀԱԲ-ի տղաները «մեր պապական տարածքի» կորստի հիշողությունից հուզված շարունակեցին, որ այդ սովետական հատուկ ջոկատայինների հրամանատարն իր ենթակա զինվորներից քիչ հեռանալով՝ «Կոտայք» գնդի հրամանատարի հետ զրույցում նշել է. «Ես գիտեմ, որ Արցախն էլ է ձերը, Նախիջեւանն էլ, պատմություն էլ գիտեմ, հայ ընկերներ էլ ունեմ, որոնց շատ հարգում եմ, դրա համար ձեզ չեմ ուզում վնասել: Տեսնում եմ՝ դուխով տղերք եք, գնացեք, մենք հրաման ունենք ձեզ ոչնչացնելու… Եվ իմացեք, որ ձեր կռիվը շուտով այլ ուղղությամբ կլինի՝ Արցախի, գնացեք պատրաստվեք տղերք, ափսոս եք հիմա…»…

Եվ հիմա նորից Նախիջեւանի հարցը: Ինչպե՞ս կարելի է հայոց Նախիջեւանի որեւէ հողատարածք հետ վերցնել ու հայտարարել, թե՝ «Գրավել ենք»:

Ամբողջ Նախիջեւանի ազատագրումն անգամ չի կարող գրավում դիտարկվել մեր կողմից: Օտարն ինչ ուզի՝ կասի, առավել եւս՝ զավթարար թշնամին, իսկ մե՞նք: Մեզ համար ինչպե՞ս կարող է գրավյալ կոչվել մեր կողմից ազատագրված Նախիջեւանը կամ Ջավախքը:

Երկար ու ձիգ տարիներ պահանջվեցին, որպեսզի Արցախն ու մյուս ազատագրված տարածքները մեր բառապաշարում այլեւս մնան՝ ազատագրված հայկական հողեր ձեւակերպմամբ, ինչը հիմնականում հաջողվեց: Չնայած, դեռ կան «գրավյալ տարածքներ» ասողներ, մի մասը՝ սովորության համաձայն է ասում, հետո՝ շտկում, մի մասն էլ երեւի ինչ-որ պատվերի «տակ է մտել»:

Ցավալի է, որ կան նաեւ «ստիպված» ասող եւ չշտկողներ, ովքեր հիմնականում «պետական մարդիկ» են: Ադրբեջանի ներսում կամ Բաքվի ներկայացրած միջազգային փաստաթղթերում երբեք հնարավոր չէ հանդիպել Արցախ կամ արցախցի ձեւակերպման: Գոնե մեկ անգամ դա տեսնել հնարավոր չէ:

Իսկ մեր պաշտոնյաները, Երկրի նախագահի ու ԱԳՆ պատասխանատուների գլխավորությամբ երբեմն Հայաստանում, իսկ միջազգային փաստաթղթերում առհասարակ, գործածում են Ղարաբաղ եւ ղարաբաղցիներ ձեւակերպումները: Նաեւ՝ «գրավյալ տարածքներ» ձեւակերպումը: Այո, Արցախում որոշեցին անկախացած երկիրը կոչել Արցախի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Գուցե սկզբի համար դա պետք էր, բայց հիմա ինչու՞ չհրաժարվել երկրորդ ձեւակերպումից եւ Արցախ անունը դարձնել պարտադիր կիրառման պայման բոլոր ներքին ու արտաքին ձեւակերպումներում: Այստեղից էլ՝ «գրավյալ տարածքներ»-ը փոխարինել ազատագրված տարածքներով:

Եթե միջազգային փաստաթղթերում, որտեղ ներկա կլինեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն ու Ադրբեջանը, եւ կհրաժարվեն ստորագրել, ապա զիջելու պայմանը կարող է լինել միայն երկու ձեւակերպումների պահպանումը՝ հավասար իրավունքներով: Մնացյալ բոլոր փաստաթղթերը, ներքին սպառման, թե միջազգային, եթե դրանց չի առնչվում Ադրբեջանը, պետք է նշվեն միայն Արցախ եւ արցախցիներ, ազատագրված տարածքներ ձեւակերպումները:

Երբ հայրենի հողն ազատագրված, բայց չբնակեցված ու իր անվան առաքելությունից շեղված վիճակում է, ապա հոգեբանորեն եւ իրավաբանորեն մնում է որպես հանձնվելու խաչմերուկում սպասող: Մեծ գործերում չկան մանրուքներ, եւ պետք չէ այս ամենը զգացմունք համարել միայն:

Օրերս որոշ կազմակերպություններ անակնկալ հայտարարություն արեցին, թե «պաշտոնական տվյալներով Նախիջեւանի սահմանում դիպուկահարների կողմից զոհվել են ՊՆ պայմանագրային 2 զինծառայող, հայկական մի քանի դիրքերի վրա հարձակում է եղել եւ նույնիսկ ժամանակավոր այդ դիրքերը մնացել են ադրբեջանական զորքերի հսկողության տակ»: Ինչու՞ է լարվել իրավիճակը հատկապես Նախիջեւանի սահմանին եւ ի՞նչն է այս ամենի պատճառը:

Այս մասին ստորեւ, իսկ մինչ այդ նշենք, որ իրականում պարզվեց, որ հայկական զինուժն է տիրել կարեւոր բարձրունքներին, եւ դա անակնկալ է եղել ոչ միայն Բաքվի, այլեւ՝ Անկարայի համար: Ադրբեջանը գուցե ցանկացել է ամրապնդել դիրքերը, միաժամանակ սրել իրավիճակը ո՛չ միայն Արցախի ուղղությամբ: Բայց տանուլ է տվել, ինչը կրկին հավաստում է մեր բանակի ուժն ու կարողությունները:

Այս պահվածքով Ադրբեջանը է՛լ ավելի է լարում իրավիճակը: Հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել մեր պայմանագրային  զինծառայողները: Եվ սահմանագծի գերլարված վիճակին անդրադարձել է երկրի ղեկավարությունը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել մեկնաբանություններով: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ընթացքում հայտնել է, թե «այլեւս հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն չկա, պարզապես, ինչպես միշտ, շարունակվում են կրակոցները: Չեմ կարծում, որ հայտնի դեպքերից հետո պատերազմի հավանականությունը մեծացել է»:

Այս օրերին քննարկվում է Ադրբեջանի՝ Եվրասիական միությանը անդամակցելու հարցը, ինչը Բաքվին թույլ է տվել մտածել, թե կարող է հերթական անգամ օգտվել Մոսկվայի բարեհաճությունից եւ… առաջանալ: Բայց ստացել է այնպիսի հակահարված, որ ստիպված է եղել գոռալ, այն էլ՝ վախից: Արդյո՞ք Ռուսաստանը «դաբրո» էր տվել Ադրբեջանին: Սա պետք է պարզել ամենայն վճռականությամբ: Խոսք կա, թե Ռուսատանի դիրքերի ժամանակավոր ամրապնդումն այսպես կոչված Հարավային Կովկասում՝ ձեռնտու է նաեւ Արեւմուտքին, քանի որ դա հակազդում է արագորեն հզորացող Իրանին: Իսկ իսլամական հարեւան երկրի հզորացումը չի բխում ոչ միայն Արեւմոււտքի, այլեւ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի (սրանց աջակցող Իսրայելի) շահերից եւս:

Եվ գուցե փորձել են Հայաստանին խեղճացնելով՝ նաեւ Իրանին հասկացնել ինչ-որ բան: Չէ՞ որ Թեհրանը հայտարարեց, որ չի համաձայնի, որ ՆԱՏՕ-ի զորքերը միայնակ մտնեն Իրաք եւ հարվածեն մահմեդական ծայրահեղականներին, որոնք քայքայել են Իրաքը: Իրանն առաջարկել է ԱՄՆ-ին՝ համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Իրաքում, իսկ Սիրիային հարվածելուն միանշանակ դեմ է արտահայտվել, ինչի մասին հայտարարվել էր Վաշինգտոնից, թե միաժամանակ կարող են հարվածել Իրաքին ու Սիրիային:

Նախիջեւանի հարցը կարեւորվեց նաեւ, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանն ընդդիմացել են Իրանի այն առաջարկին, որ հետեւողականորեն ցանկանում է Նախիջեւանը ազատ տնտեսական գոտի դարձնել, հատկապես կա երկաթգիծը բացելու հարցը, որն ըստ Թեհրանի, կհանդիսանա ամենալավ միջոցը Պարսից ծոցը Սեւ ծովին կապելու համար: Անկարան եւ Բաքուն հայտարարել են, որ դա իրենց շահերից չի բխում եւ ահա, տեղի է ունենում այս հայ-ադբեջանական սահմանային ընդհարումը:

Իսկ Արցախի եւ Ադրբեջանի սահմանում վերջին օրերին եղած լարվածությունը սրվում է հատկապես Ուկրաինայում եւ Սիրիայում ընթացող գործընթացներին զուգահեռ, ինչը կապ չունի Նախիջեւանի այս դեպքերի հետ:

Ոմանք կարծում են, թե Հայաստանին եւ Ադրբեջանին նույն միություն մտցնելու համար նոր հակամարտության կարիք կա, ինչը Մոսկվային (թերեւս Արեւմուտքի հետ միասին) կդարձնի կողմերի միջեւ «խաղաղության աղավնի» եւ կհանգուցալուծի այլերի՝ տարածաշրջանում ամրապնդվելու գերխնդիրը: Բայց սա բարդ է հենց սադրիչների համար, քանի որ ո՛չ Ռուսաստանը ո՛չ էլ Արեւմուտքը պատերազմ չեն ուզում… Եվ քանի որ խաղաղություն էլ չեն ուզում, ապա արցախա-ադրբեջանական ճակատին ավելացավ նախիջեւանա-հայկական ճակատը, ինչը պետք է լրացուցիչ ճնշման լծակներ առաջ բերի:

Բայց առավելապես այն կարծիքն է իշխում, որ Նախիջեւանի «կռվի մասին խաբկանքը» Ռուսաստանն է հորինել, հին երգն է երգում. «Եթե մենք չլինենք, թուրքերը ձեզ կկոտորեն» կրկներգով... Ռուսական լրատվամիջոցները, արեւմտյանն այնքան էլ չի արձագանքում, շարունակում են շրջանառել հին ու նոր տեղեկություններ՝ ՙՆախիջեւանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանի Լակաթաղ ավանի վրա հայկական զորքերի հարձակումից… Մարտեր են ընթացել, եւ ավանի բնակիչները ստիպված են հեռանալ իրենց տներից»,- գրել է Regnum-ը:

Հատկանշական է, որ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական զլմ-ներով տեղեկությունը նաեւ հերքվել է: Մեր ՊՆ-ն չի բացառել, որ հնարավոր է լարման այդ հոսանքները գալիս են ինչ-որ 3-րդ ուժի կողմից: Բայց նշենք, որ Մոսկվայի թախիծը շատ անհասկանալի է…

Իսկ հայկական կողմը այս ամենի մասին խոսեց, երբ դիրքերի առաջխաղացում եղավ: Մեր նախագահն ու պաշտպանության նախարարը վաղուց հայտարարել են, որ ամեն մի հարձակում ստանալու է համարժեք պատասխան, իսկ այն դիրքերը, որտեղից կկրակեն ու կվնասեն հայ զինվորներին՝ կգրավվեն: Հաշվի առնելով, որ հարձակում է եղել ու զինծառայողներ են զոհվել մեր կողմից, ուրեմն պատասխան քայլով ավելի նպաստավոր դիրքեր են ստեղծվել, քանի որ այդ հատվածում վիճակն առավել խոցելի էր: Այսինքն՝ մեր զինուժը լուծում է զուտ տեղային խնդիր՝ չեզոք պաշտպանական գոտի:

Մենք Քեսաբի դեպքերից, սիրիահայերի նկատմամբ թուրքական բարբարոսություններից հետո վերստին տեսանք, որ պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր դիմակայության: Ուստի՝ Հայաստանի ու Արցախի սահմանների ուղղությամբ պիտի տիրել բոլոր կարեւոր դիրքերին ու բարձունքներին: Ադրբեջանը դրան պատրաստ չէր, ինչքան էլ նախագահ Իլհամ Ալիեւը ռազմատենչ հայտարարություններ անի: Դրանք առավելապես ներքին սպառման համար են: Մենք էլ եւ՛ մեր ներքին եւ՛ արտաքին սպառման համար պետք է ցույց տանք, որ մեր բանակը հզոր է միշտ ու կարող է պաշտպանել ազգի ու հայրենիքի բոլոր հատվածները: Պետք է կարողանանք համախմբվել ու ցույց տալ, որ նման հարցերը մեզ համար ոչ միայն համապետական, այլեւ՝ համահայկական են:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 21 (326), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։