Նախիջեւանը կդառնա՞ նոր խաղաքարտ – Եթե Արցախը Մոսկվայի համար է դարձել ճնշման միջոց Ադրբեջանի ու Հայաստանի վրա, ապա Նախիջեւանը կարող է այդպիսին դառնալ՝ Թեհրանի կողմից…

Տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ արդեն լարված են ադրբեջանա-իրանական հարաբերությունները, ինչը կարող է անգամ վերածվել հողային վեճի, նաեւ ռազմական գործողությունների: Այս ամենը վերահսկվում է Իսրայելի կողմից, որը քրդական գործոնին զուգահեռ, Իրանի դեմ գործածում է նաեւ ադրբեջանական գործոնը:

Բայց սա նաեւ խաղ է մի քանի խաղացողներով: Հենց սա անհանգստացնում է մեզ՝ հայերիս, քանի որ միայն իրանական կամ ադրբեջանական խնդիր չէ:

Քրդստանի ստեղծումը առնչվում է նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքին, Իրանի թուլացումն էլ կնպաստի թյուրքական տարրի հզորացմանը տարածաշրջանում: Հասկանալի է, որ երկու դեպքում էլ Հայաստանը հայտնվում է ոչ շահեկան, եթե չասվի՝ վտանգավոր վիճակում:

Վերջերս առաջ է եկել նաեւ թուրք-իրանական հակամարտությունը, որն ակնհայտորեն ավելի է լարվում Մերձավոր Արեւելքի զարգացումներին զուգընթաց: Դա կապված է ինչպես Սիրիայի ու Իրաքի իրադարձություններին, այնպես էլ թուրքական ծավալածաշտության հետ:

Դրա ուղղակի կամ անուղղակի դրսեւորումները ի հայտ են գալիս նաեւ Հայաստանի հետ հարաբերություններում: Նախիջեւանի հետ սահմանային միջադեպը եւ երկրամասի հիմնախնդրի արծարծումը դեռ ծավալվելու հեռանկար ունի: Սա պայմանավորված է ինչպես Նախիջեւանի հայապատկանության փաստով, այնպես էլ իրանական շահագրգռվածությամբ՝ Նախիջեւանը տնտեսական ազատ գոտու վերածելու առաջարկով:

Հատկապես հետխորհրդային շրջանում Նախիջեւանի նկատմամբ Իրանի կողմից տարվող հատուկ քաղաքականություն կար, որը կարծես փորձում է վերակենդանացնել Թեհրանը:

Մինչ Նախիջեւանի նկատմամբ Իրանի իրականացրած տնտեսական եւ քաղաքական հետաքրքրությունները, ուշադրություն դարձնենք մի կարեւոր հանգամանքի. եթե Արցախը Մոսկվայի համար է դարձել ճնշման միջոց Ադրբեջանի ու Հայաստանի վրա, ապա Նախիջեւանը կարող է դառնալ Թեհրանի կողմից Ադրբեջանի վրա անուղղակի ճնշում գործադրելու բավականին արդյունավետ լծակ։ Գուցե հետագայում՝ նաեւ Հայաստանի վրա, կամ Երեւանի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի իշխանությունը իրեն չհամարեց Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, մինչդեռ մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը «Ադրբեջան» պետություն գոյություն չուներ: Ադրբեջանի իշխանություններն իրենց հայտարարեցին 1918թ. արհեստականորեն ստեղծված Մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդները, որի սահմանները մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը չեն ճգրտվել եւ չեն ճանաչվել ՄԱԿ-ի նախորդի՝ Ազգերի Լիգայի կողմից։ Ինչ վերաբերում է Նախիջեւանին, այդ երկրամասը անգլիական, իսկ ավելի ուշ՝ ամերիկյան պետությունների կողմից հռչակվել էր կողմերի միջեւ վիճելի տարածք։

Այսինքն, Բաքուն չընդունելով խորհրդային իրավահաջորդությունը, չի ընդունում նաեւ Կարսի պայմանագիրը, ըստ որի Նախիջեւանի երկրամասը հանձնվել էր Ադրբեջանի խնամակալությանը, այլ ոչ թե ենթակայությանը։ Այս մասին «Լուսանցք»-ը բազմիցս գրել է:

Ադրբեջանի Խորհրդային իշխանությունները խախտեցին ինչպես 1916-ի ռուս-թուրքական պայմանագրի՝ Նախիջեւանի մասով կետերը, այնպես էլ դրանից բխող Կարսի պայմանագիրը եւ Նախիջեւանին տվեցին պայմանագրի սկզբունքներին հակասող կարգավիճակ։

1990թ. ադրբեջանական իշխանությունները հասկանալով միջպետական պայմանագրի խախտման ակնհայտ լինելը, փորձեցին խուսափել պատասխանատվությունից՝ հրաժարվեցին Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց, բայց դրանով հանդերձ ընկան այլ ծուղակի մեջ, քանի որ Նախիջեւանի երկրամասը Մուսավաթական Ադրբեջանի մասը չի կազմել։

Այս կերպ՝ Ադրբեջանի մաս չեն կազմել ինչպես Լեռնային Արցախը, այնպես էլ Դաշտային Արցախը, ինչը ամրագրված է Ազգերի Լիգայի որոշման մեջ:

Այս ամենն իմանալով՝ մենք պիտի լինենք մեր տարածքների հարցերը կարգավորողը, ոչ թե Մոսկվան կամ Թեհրանը: Կամ էլ՝ մեկ այլը:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 24 (329), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։