Երբ ծայրահեղացնում են միտումնավոր – Եվ պարզ է, թե ինչու է «շրջափակվել» հայ ազգայնականությունը եւ համաարիական դաշինքի նախաձեռնությունը ՀԱՄ կողմից՝ «անհարմար» դրության մեջ դրել ոմանց…

«Լուսանցք»-ն անդրադարձել է Եվրոպայում ազգայնականության վերհառնման հնարավորությանը, ինչը հետզհետե նոր ծավալումներ է ստանում: Այնպիսի ծավալումներ, որ ազգայնականությունը կարող է հանգեցնել ազգայնամոլության: Եթե Հայաստանում հստակ զատում են ազգայնականություն-նացիոնալիզմն ու ազգայնամոլություն-շովինիզմը, ապա եվրոպական անդեմ հանրության մեջ սրանք գրեթե նույնացվում են հիմնականում: Արեւմուտքը առհասարակ ծայրահեղացնում է ամեն բան, հատկապես երբ դա կապված է ազգային եւ հոգեւոր բնախոսական երեւույթների հետ: Այսինքն՝ եվրա-ամերիկացիները չունենալով հստակ ազգային դիմագիծ՝ նույնացնում են նացիոնալիզմն ու շովինիզմը, սրանց միացնում են նաեւ ռասիզմը, եւ փորձում են խափանել ճշմարիտ ազգայինի կամ ազգայնականի առաջընթացը: Իսկ այն երկրներում, որտեղ դա իրականանում է, անմիջապես իրենց նացիզմա-շովինիզմա-ռասիզմա խառնակրությամբ ծայրահեղ են ներկայացնում նաեւ նրանց, որ պարզապես բնախոսությամբ եւ ազգային ինքնությամբ են առաջնորդվում:

http://www.hayary.org/wph/?p=4252 - Հայի ազգայնականությունն ուրիշ է – հենված է ազգի ու բնօրրանի ծագմանը, արարչածին հավատին… Իսկ ապազգայինն ու օտարը ոչնչացնում են արարչաստեղծ ու աստվածահաս ասուն մարդուն, տեղը «դնում» անասուն մարդանմանին

Վերջերս հերթական նմանօրինակ մի քայլ եղավ, երբ Շվեյցարիայի դատարանն օրինականացրեց նացիստական ողջույնը: Լոզան քաղաքի դատարանն անօրինական ճանաչեց նացիստական ողջույնի բացարձակ արգելքը, որոշեց, որ նացիստական ողջույնը միշտ չէ, որ պետք է դիտարկել որպես պատժի ենթակա արարք: Որոշման համաձայն՝ նացիստական ավանդական ողջույնը ռասայական խտրականություն չէ, եթե այն չի արտացոլում մարդու անձնական համոզմունքները եւ ուղղված չէ ռասիստական գաղափարախոսության տարածմանը: Սա զարմացրել է ոչ միայն եվրոպացիներին, սակայն պետք է նշել, որ ինչպես եվրոպական շատ երկրներ, Շվեյցարիան եւս ունի ներգաղթյալների խնդիր, ինչը ստիպում է վերաարժեւորել ազգայնական գաղափարները: Բայց չի բացառվում, որ այստեղ եւս կխառնեն թացն ու չորը:

Այսպիսով, չեղյալ է հայտարարվել ավելի ցածր ատյանի որոշումը, ինչը համենայնդեպս աննախադեպ է: Հիշեցնենք, որ նախկին որոշումն ընդունվել է մի մարդու նկատմամբ, ով 150 մարդուց բաղկացած հանրահավաքի ժամանակ այդ կերպ է ողջունել վանկարկելով «Հայլ, Հիտլեր»: Երկրի աջ ծայրահեղականները վերջին 10 տարիների ընթացքում խաթարում են Շվեյցարիայի ազգային օրվա տոնակատարությունները եւ հրապարակավ ցուցադրում են նացիստական տարբերանշանները: Եվ մինչ շվեյցարիացիները ազատ են արդեն նացիստական խորհուրդների ու նշանների կիրառման առումով, նացիստական ողջույնը դեռ քրեորեն պատժելի զանցանք է համարվում Գերմանիայում, Ավստրիայում ու Չեխիայում:

Այս ամենին հակառակ պետք է մի բան կատարվեր, ինչը երկար սպասեցնել չտվեց: Հրապարակում եղավ, որ նացիստների տեսությունը ի սկզբանե ստի վրա է կառուցվել: Ամերիկացի պրոֆեսոր Հեսսի Թաֆտը, ում մանուկ ժամանակվա նկարը օգտագործվել է նացիստների կողմից, որպես իդեալական արիական երեխայի կերպար, պարզվել է, որ իրականում ազգությամբ հրեա է:

Գերմանական Bild թերթին տրված հարցազրույցում 80-ամյա կինն ասել է. «Այժմ ես կարող եմ ծիծաղել դրա վրա, բայց եթե նացիստները այն ժամանակ իմանային, թե ով եմ ես իրականում, ես արդեն կենդանի չէի լինի»: Վերջերս նա Հոլոքոստի թանգարանին նվիրել է ամսագիր՝ իր այդ շատ հայտնի լուսանկարով: Պատմել է, որ լուսանկարի հեղինակը ուղարկել է նկարը մրցույթին մասնակցելու առանց իր ծնողներին տեղեկացնելու, որպեսզի ծաղրի նացիստական ռասային տեսությունը:  «Լուսանկարչին իսկապես հաջողվեց խաբել նացիստներին, ընդ որում՝ մրցույթին մասնակցող մյուս նկարների միջից այս նկարը ընտրել է հենց ինքը՝ «մեծն» Գեբելսը»,- ասել է հրեա կինը:

Հիմա թե ինչու է այս պահին ասվում դա, ինչու 1945թ.-ից այս կողմ գոնե մեկ անգամ չի խոսվել այդ մասին, կարծում ենք՝ պարզ է: Նման «փաստեր» էլի կլինեն ոմանց մոտ, որպեսզի Շվեյցարիայում, Գերմանիայում կամ որեւէ տեղ նացիզմի կամ ազգայնականության մասին խոսելիս՝ իմանան, որ ծաղրվել է «նացիստական ռասային տեսությունը»…

Զուգահեռ սրան, ընթանում է մեկ այլ «տեսություն», Հունաստանի Սալոնիկ քաղաքում պղծվել է հրեական գերեզմանոց, այս հույները չեն հավատում Հոլոքոսթին: Պղծվել է 12 գերեզման: Անհայտ չարագործները վնասել էին ծաղկամաններն ու գերեզմանները: Երկրի ԱԳՆ-ն արարքը որակել է «հարձակում հրեական համայնքի ու հույն ժողովրդի վրա… Իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ, որ կալանավորեն այս հակասեմիթական ու նողկալի դեպքի մեղավորներին, որը հակասում է դեմոկրատական արժեքներին ու հույն հասարակության հանդուրժողականությանը»: Հունաստանի ԱԳՆ ղեկավար Էվանգելոս Վենիզելոսը հայտնել է, որ քաղաքում ապրում է մոտ 1,5 հազար հրեա, իսկ մինչեւ 2-րդ աշխարհամարտը նրանց թիվը հասնում էր 50 հազարի: Հատկանշական է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում սա Եվրոպայում հակահրեականության արդեն 2-րդ նշանակալի դրսեւերումն է: Այսպես՝ 3 մարդ զոհվել է, 1-ը՝ ծանր վիրավորվել մայիսի 24-ին Բրյուսելի հրեական թանգարանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման արդյունքում: Եթե սրան ավելացնենք, որ Գերմանիայում անհայտ անձինք վնասել են Հոլոքոստի հուշաքարը (որ 1945-ից այս կողմ առաջին անգամն է), նաեւ հայհոյանքներ գրելով հուշաքարին… ապա վերոնշյալ նացիոնալիզմ-շովինիզմ խառնակչությունը արդեն միս ու արյուն է ստանում Եվրոպայում:

Իսկ հրեաներն իրենց՝ եթե ոչ ամբողջապես այս եվրոպացիների նման, ապա գրեթե նույնությամբ են վերաբերվում արաբների եւ Երուսաղեմի քրիստոնեական համայնքների նկատմամբ: Քաղաքական գաղափարաբանությանը չի զիջում նաեւ կրոնականը, ինչը եւս ծայրահեղացման է տանում գաղափարներն ու տեսությունները: Պարբերաբար ծեծկռտուքներ են ստեղծում հատկապես հայ եւ հույն եկեղեցականների հետ: Վերջերս հրեա ծայրահեղականներն էլի հարձակվել են հայ հոգեւորականի վրա. ««Լրատու»-ի մօտիկ աղբիւրներ հաղորդեցին, թէ Կիրակի, 15 Յունիսի երեկոյեան խումբ մը ծայրայեղական Հրեայ կրօնաւորներ յարձակած են Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութեան երկու անդամներու վրայ եւ միաբան հայրերուն վրայ ծանր հարուածներ հասցընելէ ետք հեռացած են: Միաբանութեան անդամները կը կոչուին Հոգեշնորհ Տ. Շնորհք Աբղ. Բալոյեանի եւ Կարապետ Սրկ. Հայրապետեան: Յիշեցնենք, որ դէպքը տեղի ունեցած է Դաւիթի Բերդ շրջանին մօտ: Հայ եկեղեցւոյ երկու անդամները ստացած են համապատասխան բժշկական խնամք եւ վերադարձած են իրենց աշխատանքներուն»: Այսպես է եթե ոչ ամեն օր, ապա շատ հաճախակի…

Ռուսաստանի սափրագլուխների մասին արդեն բոլորը գիտեն, սրանք եւս ի սկզբանե խառնել են նացիոնալիզմն ու շովինիզմը եւ՝ էլի միտումնավոր: Վերջերս Ռուսաստանում մի ալիք է առաջ մղվել, որ կոչել են կատաղի ռուսիզմ, սրանք երկրից արտաքսելու համար կազմում են «նացիոնալ-դավաճանների» ցուցակներ: Ռու.նետ-ում էջ է բացվել, որտեղ կազմվում են լրագրողների, մշակույթի գործիչների ու հասարակական ակտիվիստների ցուցակները, ովքեր համաձայն չեն Կրեմլի վարած քաղաքականության հետ: Առաջարկվում է այդ մարդկանց զրկել ՌԴ քաղաքացիությունից ու արտաքսել երկրից: Ցայտուն հակասեմական ուղղվածություն ունեցող Tchaykovsky.ru կայքում կոչ են անում ՌԴ քաղաքացիությունից զրկել ու ՌԴ-ից բռնի ուժով արտաքսել իրենց էթնիկ հայրենիք՝ Իսրայել Ռուսաստանում հայտնի մի շարք մարդկանց: Մասնավորապես առաջարկվում է արտաքսել Վիտոր Շենդերովիչին, Գարի Կասպարովին (ում մայրը հայ է), Բորիս Նեմցովին, Մատվեյ Գանապոլսկուն, Վալերի Նովոդվորսկուն, Կոնստանտին Բորովոյին, Լիա Ախեջակովային, Միխայիլ Խոդորկովսկուն, Քսենիա Սոբչակին, Տատյանա Տոլստայային եւ այլոց:

Ընդհանուր առմամբ արդեն ձեւավորվել է շուրջ 100 մարդուց բաղկացած ցուցակ: Ինչպես գրում է ոմն Սերգեյ Սելյունինն իր բլոգում, այդ «5-րդ եվրոպական սյունաշարը «ժողովրդավարության» սոուսի ներքո բացահայտ հակառուսական ու հակառուսության քարոզչություն է իրականացնում՝ չթաքցնելով ողջ ռուսականի հանդեպ ատելությունը»: Ամեն ինչից բացի առաջարկվում է. «Գազպրոմին անհրաժեշտ է ազատվել այնպիսի մեդիա-ակտիվից, ինչպիսին «Էխո Մոսկվի» ռադիոկայանն է: Խորապես համոզված ենք, որ բացահայտ հակառուսական քարոզչությունը պետք է ֆինանսավորի Արեւմուտքը, այլ ոչ թե «Գազպրոմը»,- գրում են «կատաղի ռասիզմի» հետեորդները…

Սրանք որոշակի նման են Միացյալ Նահանգներում գործող ռասիստական կուկլուքս-կլաններին, որ տասնամյակներ շարունակ սպիտակ ու սեւ մաշկի գույների կռիվը տալով գործում են «ժողովրդավարության հայր» ԱՄՆ-ում:

Իսկ արդեն հայտնի՝ Ֆրանսիական Ազգային ճակատ շարժման ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարին Լե Պենը, հայտարարել է, որ Եվրամիությունը հնարավոր չէ կատարելագործել, այն պետք է «ապամոնտաժել»: ԵՄ-ն իր թերություններով հանդերձ նա համեմատել է նախկին ԽՍՀՄ-ի հետ: Այսօր արդեն այս ուղղությամբ շարժումներ կան Գերմանիայում եւ Իտալիայում, վաղը այդպիսիք կարելի է տեսնել Իսպանիայում ու Պորտուգալիայում եւ այլուր.- նշել է ազգայնական ֆրանսուհին:

Եվ երբ գա ժամանակը՝ խոսելու հայ ազգայնականության մասին, այս եւ նմանատիպ ուժերը եվրոպաներից, ամերիկաներից ու ռուսաստաններից անուններ կկպցնեն Հայոց Հիմքին հենված հայ ազգայնականությանը: Եվ պարզ է, թե ինչու Համաարիական դաշինքի նախաձեռնությունը ՀԱՄ կողմից՝ «անհարմար» դրության մեջ է դրել ոմանց… Սա եւս կհաղթահարվի:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 25 (330), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։