Վրաստանը սպառնու՞մ է վիզային ռեժիմով – Հայաստանի շուրջ առկա են բաժանարար գծեր… Ո՛վ սադրի, ո՛վ ջերմության գործիքը ման գա – Անատամ դիվանագիտության հետեւանքները…

Վրաստանը սպառնու՞մ է վիզային ռեժիմով

Վրաստանը, համաձայն ընդունված նոր օրենքի, մասնակի վիզային ռեժիմ է կիրառելու Հայաստանի հանդեպ: Վրաստանի ԱԳՆ-ն ռուսական Ռեգնումին հայտնել է, որ վիզային ռեժիմը չի վերաբերի կարճ ժամանակով՝ զբոսաշրջային նպատակով Վրաստան այցելող հայաստանցիներին: Վիզա հարկ կլինի այն դեպքում, երբ Վրաստան են մեկնում երկար ժամանակով՝ բիզնեսի կամ ուսման համար:

Վրաստանը չի պատրաստվում վիզային ռեժիմ կիրառել Հայաստանի հանդեպ. այս մասին հայտնել է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, նշելով, որ Վրաստանի ԱԳՆ-ն այդպիսի պատասխան է տվել Վրաստանում Հայաստանի դեսպանատան հարցմանը:

Նշվել է, թե ակնհայտ է, որ առաջին հայացքից տեխնիկական խնդիրն այդուհանդերձ խորքային բարդություն է հայ-վրացական հարաբերության համար: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանի շահը պահանջում է Վրաստանի հետ մուտքային առավելագույնս դյուրացված ռեժիմ եւ ելումուտ՝ հատկապես նկատի ունենալով Ջավախքի հանգամանքը: Դրա փոխարեն, պաշտոնական Թբիլիսին ձեռնարկում է մի քայլ, որը փաստացի բաժանարար գիծ է Հայաստանի ու Վրաստանի միջեւ: Իսկ Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին Վրաստանում վրացի գործարարներին ասում էր, թե Հայաստանը նրանց համար լավ հարթակ կլինի Մաքսային միության շուկա գնալու համար, իսկ հայ գործարարների համար էլ Վրաստանը լավ հարթակ կլինի Եվրոպական շուկա գնալու համար: Լավ հարթակը արգելքներ չպետք է ունենա:

Այս իմաստով, արդյո՞ք հնարավոր է ասել, որ իրականում հայ-վրացական հարաբերության մեջ առավել դինամիկ զարգանում են միայն բաժանարար գծերը: Այդ տեսանկյունից խորհրդանշական է, որ վիզային ռեժիմի մասին տեղեկությունը տարածվում է Թբիլիսիում հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած բախման մասին նախօրեին Վիրահայոց թեմի հայտարարության եւ Հայաստանից ու Ջավախքից կոշտ արձագանքների համապատկերին: Երբ Հայաստանից էլ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն է բարձրաձայնում, թե այդ միջադեպը առաջին հայացքից է կենցաղային վեճ, մինչդեռ իրականում կրոնական եւ ազգային հանդուրժողականության խնդիր կա (ի դեպ, Հովաննես Մանուկյանը մինչ նախարարի աթոռին նստելը ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն էր Վրաստանում): Արդյոք այդ զուգահեռը պատահակա՞ն է, թե Թբիլիսին վիզային ռեժիմի մասին հայտարարելով, փորձում է ցույց տալ, որ կոշտ քայլեր կկատարի տեղի ունեցածին էթնիկ-կրոնական երանգ հաղորդելու փորձերի հանդեպ: Միեւնույն ժամանակ, Վրաստանից վիզային տեղեկությունը ստացվում է Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունների համապատկերին, որոնցով Իրանը հերթական անգամ Հայաստանի իշխանությանը փաստացի կոչ է անում զբաղվել տարածաշրջանային ինքնուրույն քաղաքականությամբ: Հիշեցնենք, որ Իրանը մի շարք տարածաշրջանային ծրագրեր է առաջարկել Հայաստանին:

Ինչեւէ, առկա բաժանարար գծերը Հայաստանի շուրջ աստիճանաբար առավել ակնառու են դառնալու, քանի դեռ պաշտոնական Երեւանը չի հրաժարվել միայն եղած ծրագրերին միանալու կամ չմիանալու գործունեությունից: Երեւանը վաղուց պետք է տարածաշրջանային իր ծրագրերը հրապարակած լիներ:

Կարեն Բալյան

Ո՛վ սադրի, ո՛վ ջերմության գործիքը ման գա

Քանի որ արդարադատության նախարարը երկար տարիներ ՀՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանն է եղել է Վրաստանում, հետաքրքրիր էր իմանալ նրա տեսակետը Թբիլիսիում հայկական եկեղեցու վրա հարձակման հետ կապված:

Երբ երեկ կառավարության նիստից հետո լրագրողները հարցրին նրան այդ մասին, նա պատասխանեց. «Իմ ունեցած տեղեկություններով՝ միջադեպի սկզբնաղբյուրը եղել է կենցաղային վեճը« բայց, ցավոք սրտի, վերածվել է մեծ ընդհարման« որը հենց տեղի է ունեցել սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ»:

Հովհաննես Սահակյանը, սակայն, միաժամանակ հավելեց. «Իհարկե, ցավում եմ միջադեպի համար: Բայց անկախ միջադեպի պատճառներից, պետք է նշել, որ մենք կրոնական եւ ազգային հանդուրժողականության հետ կապված խնդիրներ ունենք: Հարկավոր է այս խնդիրները միասին լուծել: Այս կապակցությամբ արդեն հայտարարությամբ հանդես են եկել Վիրահայոց թեմը եւ Համայն Վրաստանի պատրիարքը: Մենք պետք է շատ մեծ նշանակություն տանք ոչ միայն մեր երկու պետությունների բարիդրացիական եւ ամուր հարաբերություններին, այլեւ՝ ժողովուրդների: Վրաստանը մեր ռազմավարական երթուղին է դեպի արտաքին աշխարհ եւ կարեւոր արտաքին քաղաքական գործընկեր: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարեկամ ժողովրդի հետ հարաբերություններն ամրանան եւ խորանան: Հայ եւ վրաց ժողովուրդների, ինչպես նաեւ դիվանագիտական տեսանկյունից հարաբերությունների ակտիվացման, ջերմացման, մշակութային փոխանակման եւ շատ այլ գործիքներ են հարկավոր»:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե նախարարը չի՞ կարծում, որ Վրաստանը երկար տարիներ վարել է այնպիսի քաղաքականություն« ըստ որի՝ հայկական եկեղեցիները փորձել է ներկայացնել որպես վրացական:

«Ոչ, չեմ կարծում.- ասաց նախարարը,- քանի որ այստեղ վրաց պետության խնդիրը չկա: Իհարկե վիճելի խնդիրներ կան Վիրահայոց թեմի եւ վրաց եկեղեցու միջեւ, մասնավորապես, եկեղեցիների եւ եկեղեցապատկան սեփականության հետ կապված, սակայն կարծում եմ, որ սա միջեկեղեցական հարաբերությունների խնդիր է, որը, բնականաբար, չի կարող չազդել ընդհանուր հարաբերությունների վրա, բայց այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն»:

Հովհաննես Մանուկյանը կրթված մարդ է, հազիվ թե պատմությունը լավ չիմանա, պարզապես նա դիվանագիտություն է խաղում եւ Հայաստանի դիվանագետների պես անատամ դիվանագիտությամբ տիտվազ անում:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 26 (331), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։