Քաղաքական ներքին առօրյա. – Բաժանարար գծե՞ր, թե՞ անբաժանելի դիմակայություն… Ոչինչ չի մոռացվելու, ոչ ոք չի մարսելու… Կխախտվի՞ քաղաքական անդորրը…

Բաժանարար գծե՞ր, թե՞ անբաժանելի դիմակայություն

Մինչեւ սեպտեմբերի 30-ը  ընդդիմադիր քառյակը վերջնաժամկետ է ներկայացրել իշխանությանը՝ առաջ քաշված 12 կետերը կատարելու համար: Ընդդիմադիրները կրկին չեն բացառում «թեժ աշնան տարբերակը, եթե իշխանությունը հրաժարվի կատարել իրենց պահանջները: ԲՀԿ-ն անգամ հայտարարեց, թե պատրաստ է «ցանկացած ֆորսմաժորային զարգացման»:

Այս առիթով խոսել է «Հանրապետություն»կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը. «Գագիկ Ծառուկյանը երբեք չի ասել, որ ինքը գնում է իշխանափոխության, երբեք չի ասել,  որ ինքը ընդդիմադիր է, երբեք չի պահանջել նախագահի հրաժարականը, ինքը չի ասել, որ արտահերթ ընտրությունների կողմնակից է: Ես համոզված եմ, որ նման բան չի ասելու, որովհետեւ տեսնում եմ, որ այդ կուսակցությունները անկախ չեն ու մի մարդու որոշելով չեն»: Ըստ  նրա՝ ԲՀԿ-ն շատ քիչ է տարբերվում ՀՀԿ-ից, ԲՀԿ-ն էլ, ՀՀԿ-ն էլ ընտրությունների ժամանակ փող են բաժանում. «Քաղաքականությունը տեսնում են նյութական միջոցներով ու տնտեսական հնարավորություններով, եւ ամենակարեւորը՝ գաղափարական առումով երկուսն էլ Եվրասիական տնտեսական մոդելի կողմնակից են: Եվ երբ իրենք խոսում են համակարգային փոփոխությունից, ինձ համար ծիծաղելի է: Ի՞նչ համակարգային փոփոխություն, եթե  գնում ես դեպի Պուտին-Լուկաշենկո-Նազարբաեւ օրինակը, որը ոչ միայն հետընթաց է, այլեւ ծիծաղելի է առաջադեմ աշխարհի համար»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարի գնահատմամբ՝ ոչ  իշխանական քառյակի կուսակցությունները այլեւս դարձել են ԲՀԿ-ի կցորդը, ինչը հիասթափություն է առաջացրել հասարակությունում: Արամ Սարգսյանը նշել  է,  որ  դեռ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին որոշվեց, որ «եթե ընդդիմություն լինես, ապա չպիտի ունենաս աշխատելու, երկրում գործունեություն ծավալելու հնարավորություն, որովհետեւ պետությունը չի կարող թողնել,  որ դու տնտեսական միջոցներ  ունենաս ու դրանք կիրառես պետության դեմ», որն իրենք միայն իշխանությանն են դիտարկում: Այն ժամանակ դա ուղիղ էր ասվում, իբր կազմակերպված պետություն ձեւավորելու առումով եւ այդ գաղափարի շուրջ ՀՀ 2-րդ նախագահը փորձեց ձեւավորել նաեւ կազմակերպված  կուսակցություններ՝ հիմնական բաղադրիչը դարձնելով փողը:

Շատ  կուսակցություններ, դժբախտաբար,  ընդունեցին խաղի այդ կանոնները, որ քաղաքականության մեջ փող է պետք: Այժմ էլ ընդդիմադիր կուսակցությունները գնացին այդ ճանապարհով՝  վերածվելով ԲՀԿ-ի կցորդի: Այսպես՝ ԲՀԿ ղեկավարի ասածները դառնում են քննարկման շատ լուրջ թեմաներ, հիմնավորվում են, չհակադրվելու գործելաոճն էլ առաջնային է դարձել, ինչը  հասարակությունից դուրս է դնում այս ուժերին: Սա նաեւ հիասթափություն առաջացրեց քաղաքականության ու քաղաքական գործիչների հանդեպ, ինչն էլ հանգեցրել է այս անվստահության վիճակին:

Շարունակում է քննարկվել այն հարցը, որ ընդդիմադիր քառյակից երկուսը պատրաստ են անցնել նախագահ Սերժ Սարգսյանի կողմը՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Քաղաքական շրջանակներում կասկածներ էր առաջացրել նաեւ այն հարցը,  թե  ինչու  է  «Ժառանգություն»-ը, որը քառյակի մյուս երկու ուժերի՝ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ դեմ էր արտահայտվում Սահմանադրական փոփոխություններին եւ հայտարարում, որ դա Սերժ Սարգսյանի իշխանությունը  հավերժականացնելու նպատակ է միայն հետապնդում,  որոշեց խորհրդաժողով կազմակերպել եւ քննարկել բարեփոխումների անհրաժեշտության եւ պատեհության հարցը։ Բայց կասկածները  համոզմունք  դարձան, քանի որ խորհրդաժողովի սկզբից էլ հայտնի դարձավ, որ «Ժառանգություն»-ը կտրականապես դեմ չէ եւ որոշ նախապայմանների բավարարման դիմաց պատրաստ է իշխանությունների հետ բովանդակային քննարկման մեջ մտնել։ Այդ պայմաններն են՝ ընդդիմությանը վերահսկող մեխանիզմներ տալ եւ դա ամրագրել մինչեւ Նոր Սահմանադրության ընդունումը,իսկ դրանից հետո խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել։

Եվ այսպես՝ սահմանադրական բարեփոխումների առումով էլ քառյակը կիսվեց՝ երկու դեմ (ԲՀԿ եւ ՀԱԿ), երկու կողմ (ՀՅԴ եւ «Ժառանգություն») տեսակետներով։ Դեմ-երի շարքերն էլ թերեւս անսասան չեն, ԲՀԿ-ն ամեն պահի  կարող  է  փոխել իր դիրքորոշումը, ինչն էլ ամրապնդել է իշխանությունների դիրքերը եւ իրենց մտադրությունից նահանջելու պատճառ չունեն այլեւս:

Այսինքն՝ իշխանության վերարտադրության հնարավորությունը ցայսօր մնում է ուժի մեջ:

Եթե անգամ,  ինչպես ՀԱԿ-ական Լեւոն Զուրաբյանն է նշում, իշխանության դեմ պայքարը տարվի ամենահուժկու տարբերակով, միեւնույնն է, պառակտված լինելը թուլացնելու է պայքարը: Չնայած ԲՀԿ-ական պատգամավորների հայտարարություններից հասկացվում է, որ կողմ չլինելով արյունահեղություններին,այնուամենայնիվ որոշել են հանրահավաքներ կազմակերպել ու ժողովրդի միջոցով՝ նրա օգությամբ ելքեր փնտրել։

Ըստ որոշ ընդդիմադիրների, ստեղծված վիճակը հաղթահարելու երկու ուղի կա՝ հեղափոխականը, որը  կհանգեցնի  ցնուցումների  ու արյունահեղության, ու որին  դեմ է ոչ միայն ԲՀԿ-ն, այլեւ՝ «Ժառանգություն»-ը, եւ մյուս տարբերակը՝ քաղաքական ուժերի ու հասարակության ջանքերով բացառվում է «սահմանադրական հեղաշրջման» հնարավորությունը, միաժամանակ պարտադրում է գործող Սահմանադրության իրապես կիրառումը. ինչը  հետագայում  հնարավորինս կնվազեցնի ընտրակեղծիքները։

Այժմ, կախված Սերժ Սարգսյանի վերաբերմունքից, հետայսու նորից կկողմնորոշվեն ընդդիմադիրները եւ քառյակի միասնությունը կամ պառակտումը կհստակեցվի: Պարզ կլինի նաեւ քառյակի ուժերի հետագա անելիքը: Եվ  վերջապես մեր  հանրության համար պարզ  կլինի՝ ով  ով՝ եւ  ինչ է  ուզում իրականում:

Արտակ  Հայոցյան

Հ.Գ. - Թերեւս ՀՅԴ-ն դուրս կգա քառյակից կամ կմնա ձեւականորեն: Արդեն հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, քանզի տարաձայնություններ կան սահմանադրական փոփոխության հարցում: Գուցե ՀՀԿ-ՀՅԴ  կոալիցիա չլինի, հայտարարվի թե կօգնեն կառավարությանը՝ հանուն ժողովրդի, ինչը կարող է 2-3 նախարարական աթոռ բերել: Եռյակը եւս ՕԵԿ-ին չի հրավիրել մասնակցելու հանրահավաքին:

Ոչինչ չի մոռացվելու, ոչ ոք չի մարսելու

Քաղաքական դաշտի աշխուժացման համար հետզհետե նոր ու առավել ճչացող հայտարարություններ եւ կարգախոսներ կհայտնվեն շուտով: Հիմա էլ որոշակիորեն դրանք կիրառվում են: «Ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը շատ շուտով ստիպված կլինի հեռանալ ասպարեզից, իսկ քառյակը չի հիասթափեցնի հայ հասարակությոանը»,- իր այսօրինակ համոզմունք է  հայտնել ՀԱԿ  մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա կարծում է,  որ քառյակը կձեւավորի ընդհանուր օրակարգ եւ Սերժ Սարգսյանի ծրագիրը՝ քառյակում ստեղծել  խնդիրներ, իրականություն չեն դառնա: Առաջիկա մեկ ամսում ՀԱԿ-ականները խոստանում են  որակապես  քաղաքական նոր իրավիճակ ստեղծել, որտեղ «նախագահ Սարգսյանի՝ իշխանության մնալու շանսերը կլինեն զրո»:

Ըստ այս ընդդիմադիր ուժի, լինելու է հստակ բաժանում՝ ովքեր կկանգնեն Սերժ Սարգսյանի կողքին որեւէ պատրվակով, կհայտնվեն քաղաքական աղբանոցում։

Բայց քաղաքական ասպարեզի վերջին ծավալումները հավաստեցին, որ ընդդիմադիր քառյակի առնվազն 2 ուժեր (իսկ որոշ հարցերում եռյակի է վերածվում), պատրաստ են գործել ՀԱԿ-ից շատ տարբեր: Իսկ սա կասկածներ է առաջացնում քաղաքական աղբանոցի ուղղության կամ առաջացման առումով…

Համենայնդեպս,  դեռ զարմանում եմ, երբ նախկին՝ անիշխանությանը սկիզբ դրած իշխանական ուժը, ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա թիմը շարունակում է խոսել ազնվության ու մաքրության արժեհամակարգից…

«Լուսանցք»-ը բազմիցս է նշել, եթե ասողները հույս ունեն, որ ժողովրդի հիշողությունը կարճ է եւ կարելի է ճոռոմաբանել, ապա ազգի  հիշողությունը մնայուն է, անբեկանելի եւ պատժի  պատրաստ ու սպասող: Այնպես որ, ժողովրդի կողքին կանգնելուց առաջ դեռ մտածել է պետք, մի պահի կգա այն ուժը (կամ ուժերը), որ կասի ամբողջ եղելությունը 1988-2014թթ.՝ անփոփոխ իշխանության եւ միմյանց փոխարինող ընդդիմադիրների մասին…

Անի  Մարության

Կխախտվի՞ քաղաքական անդորրը

Ընդդիմադիր քառյակի ներսի զարգացումներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես կա համագործակցություն, ինչ-որ քայլեր նախաձեռնվում են, բայց երբ առանձին դիտարկում ես կուսակցությունների գործունեությունը, ապա պարզ է դառնում, որ գործում են ոչ համակարգված:

Թերեւս  մնում է սպասել սեպտեմբերի վերջին նախատեսված հանրահավաքի ավարտին, որից հետո նոր զարգացումները քառյակում կամ քառյակից դուրս, առավել հետաքրքիր ծավալումներ կստանան: «Թեժ աշնան» համար ժամանակ է պետք՝ մարդկանց համախմբելու եւ գործով հավատ ներշնչելու համար: Չնայած սեպտեմբերը  սկսվեց քառյակի ներկայացուցիչների հավակնոտ եւ բարձրագոչ ելույթներով, բայց դա դեռ շարժիչ ուժ չի դառնում: Այնպիսի տպավորություն է, թե ուր որ է ընդդիմադիր զանգվածի բողոքի ալիքը կբարձրանա ու կպայթի, սակայն  բառերից  այն  կողմ  չանցնող հայտարարություններն այլեւս անուժ են մարդկանց փողոց հանելու համար: Եթե միասնական օրակարգ եւ պայքար չծավալվի, ապա գնալով այդ կոչերն ու կարգախոսները եւս կնվազեն:

Եթե  պարզ հաշվարկ կա, որ շոգ ամառվանից հետո մարդկանց դժգոհություններն ու լարվածությունը դեռ չեն  հասունացել, ինչպես գարնան ընթացքում էր, ապա դա խաբուսիկ է ու ոչ խթանիչ: Ոգեւորվածությունն առաջանում է պայքարի  ընթացքում, ինչպես  ուտելուց է ախորժակը բացվում: Բողոքի հզոր ալիք բարձրացնելու համար իրատեսական քայլեր են պետք, եւ այստեղ է որ հաշվարկներ են անհրաժեշտ մարդկանց բողոքների լուծումները գտնելու համար: Եթե նախորդ ընդվզումների օրինակով՝ մարդկանց բողոքի պատճառներն ընդդիմությունը դարձնի զուտ իշխանափոխության ալիք, ապա տանուլ կտա եւ կրկին քաղաքացիական շարժումները կանցնեն պայքարի  գլուխ:

Գուցե այս պատճառով են քառյակի անդամները փորձում կուտակայինի հարցով Սահմանադրական դատարան դիմել, կիսատ մնացած այլ գործընթացները վերհանել: Բայց թվացյալ միասին, իրականում առանձին-առանձին գործելու դեպքում այս խնդիրներին տեր լինելը կդժվարանա: Կտապալվի եւ՛ ընդդիմության գործը եւ՛ խնդիրների լուծման հնարավորությունը: Թե որքան են պատրաստ միմյանց զիջել քառյակի անդամները, ցույց կտա ժամանակը:

Այդպես էլ քառյակ չմտած (քառյակից մերժված) ՕԵԿ-ը շարունակում է խաղալ սեփական ընդդիմադիր խաղերը: Անգամ հայտարարվեց, թե ՕԵԿ-ը նպատակ չունի քառյակին միանալու: Իսկ ընդդիմադիր շարժ անելու համար քայլեր են պետք եւ այս ուժը փորձելու է դա իրականացնել ընդդեմ սահմանադրական փոփոխությունների հանդես գալով,  հայտարարելով, որ բարեփոխումներ կատարելու հարցը հրատապ չէ: Անդրադառնալով իր կուսակցության դիրքորոշմանը՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասել է, թե «այսօր սահմանադրական բարեփոխումների հիմնախնդիրն առաջնային չէ, քննարկել անհրաժեշտ է, եթե լինում են առաջարկներ, եւ մենք պատրաստ ենք մասնակցել քննարկումներին «ներկայացնելու եւ խոսելու համար այն դիրքորոշումների, այն  մոտեցումների  վերաբերյալ, որոնք մենք ունենք երկրի կառավարման, հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, իշխանության ճյուղերի հարաբերակցության, ընդդիմության դերի ու նշանակության, ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների տեսանկյունից, բայց քննարկելու՝ ոչ սահմանադրական փոփոխությունների համար»:

Սակայն նա նշել է, որ Հայաստանը, որը գտնվում է պատերազմական վիճակում, շատ հաճախ արագ  որոշումներ կայացնելու խնդիր ունի եւ «այս  տեսանկյունից մեզ համար խիստ կարեւոր է կառավարման այն համակարգը, որը կկարողանա արագ արձագանքել երկրի ազգային անվտանգության խնդիրների հարցում», ինչը թերեւս քաղաքական գործընթաց է, որը լայն քննարկումների եւ մոտեցումների կարիք ունի: Այսպես էլ ոչինչ դեռ հստակ չէ մեր  քաղաքական  դաշտում:

Նարե  Մշեցյան

«Լուսանցք» թիվ 29 (334), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։