Կփոխվի՞ հայկական շահերի միջազգային ընկալումը – Արցախի եւ Ադրբեջանի իշխանությունները մի շարք անմիջական շփումներ ունեցել են արցախյան պատերազմի ժամանակ… Արցախն ի սկզբանե եղել է բանակցային կողմ…

Մերձավորարեւելյան ռազմաշունչ ծավալումները, ուկրաինական ճգնաժամն ու ռուս-ամերիկյան հակասությունները, նաեւ հայ-ադրբեջանական սահմանային վերջին հակամարտությունը ծայրահեղորեն սրել են միջազգային իրավիճակը ամբողջ աշխարհում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Սոչիում թերեւս մեղմեց հայ-ադրբեջանական հակամարտությունը: Բայց այդ հանդիպմանը Մոսկվան նաեւ իր դիրքորոշումները հստակեցրեց Եվրոպական Միության ու Եվրասիական Միության հարցերի շուրջ՝ Հայաստանի ու Ադրբեջանի Մաքսային միությանը միանալու առումով:

Որպեսզի հետ չմնան ռուսական կողմից, Լոնդոնում՝ ՆԱՏՕ-ի Վեհաժողովի ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հանդիպեցին Արեւմուտքի ներկայացուցիչները: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես հստակեցրին իրենց դիրքորոշումները վերոնշյալ հարցերի շուրջ, լսելով նաեւ հայկական ու ադրբեջանական տեսակետները:

Ամեն դեպքում՝ արդյունավետ էին ինչպես Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ջոն Քերրիի հետ եռակողմ հանդիպումները, քանի որ կրկին հարաբերական անդորր է սահմաններում: Չնայած ոմանց կարծիքով նման հանդիպումներն այլեւս անիմաստ են, քանի դեռ Ադրբեջանը սկզբունքային հարցերից մեկում անբանակցելի կողմ է, չի հրաժարվել այն մոտեցումներից, որոնք ունի եւ չի հասկացել, որ ուղղակի պետք է հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես անգլիացիները հարգեցին շոտլանդացիների իրավունքը՝ համաձայնեցին ճանաչել անկախության հանրաքվեի արդյունքները: Բաքուն չի հետեւում Լոնդոնի օրինակին եւ այստեղից սկսվում են բոլոր խնդիրները: Այնուամենայնիվ, հիմնականում դրական է համարում այն, որ հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում բանակցությունների շարունակությունը, ինչը հստակ «մեսիջ» է ադրբեջանական կողմին, որ համանախագահ երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն չեն ընդունում բացի խաղաղ կարգավորումից, այլ տարբերակ: Սա նաեւ «մեսիջ» է թուրքական կողմին, որը փորձում է նոր ձեւաչափ ստեղծել կարգավորման հարցում:

Օրերս Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով եղավ նաեւ ԱՄՆ-ում՝ մասնակցեց Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես եկավ ելույթով: Այդ օրը ելույթներ են ունեցել նաեւ ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Ուգանդայի, Չիլիի, Կորեայի Հանրապետության, Հայաստանի, Լիբերիայի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Ֆինլանդիայի, Թուրքիայի եւ Էստոնիայի նախագահները, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Իսպանիայի ու Ավստրալիայի վարչապետները: Մեր նախագահը այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի եւ մի շարք պետությունների ղեկավարների հետ: Հանդիպումներ եղան նաեւ ԱՄՆ միջազգային հարաբերությունների ոլորտում առաջատար փորձագետների եւ Ազգային էթնիկ կոալիցիոն կազմակերպությունների (NECO) նախագահ Նասեր Քազեմինիի հետ:

ՀՀ նախագահը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Սիրիայի եւ Իրաքի տարածքներում իրականացվող նոր ցեղասպանդին, հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ Արցախի ինքնորոշման խնդրին, զինադադարի խախտման եւ ռազմագերիների խոշտանգման դեպքերին եւ այլ հիմնահարցերի: Նա հայ-թուրքական արձանագրությունների մասով առաջ քաշած նախապայմանների համար եւս հստակ է արտահայտվել՝ ասելով. «Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «Գրողի ծոցը վավերացնեք»…

Նյու Յորքում կայացել է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Իսկ մինչ այդ, Երեւանում մեր նախարարն ու համանախագահները քննարկել են արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Համանախագահներն այցելել են նաեւ Արցախ եւ հանդիպել նախագահ Բակո Սահակյանի հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարեւորում են հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ «Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հնարավոր ամեն բան անում է այդ խնդրի կարգավորման համար եւ կարծում է, որ արդեն վաղուց հակամարտությունը լուծելու ժամանակն է»,- ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ հավելելով, որ հակամարտության լուծումը կախված է հենց նախագահներից, իսկ ՄԽ համանախագահների խնդիրը միայն նրանց օգնելն է:

Վերջերս կրկին արծարծվում է բանակցություններում Արցախի մասնակցության հարցը: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երեւանում անդրադարձել է «ԼՂՀ հնարավոր մասնակցությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: Մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է, որպեսզի դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ձայնը լսելի լինի, մենք հաճախ ենք այնտեղ լինում, հանդիպում ենք նրանց հետ, որպեսզի նրանց կարծիքը եւս հաշվի առնվ­ի»:

Արցախի եւ Ադրբեջանի իշխանությունները մի շարք անմիջական շփումներ ունեցել են արցախյան պատերազմի ժամանակ: ԼՂՀ ներկայացուցիչները մասնակցել են նաեւ բանակցություններին պատերազմի ակտիվ փուլի ավարտին, սակայն եռակողմ ձեւաչափով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 1997թ. գարնանը Մոսկվայում: Հայկական կողմը պնդում է, որ ԼՂՀ-ն եւս պետք է մասնակցի կարգավորման վերաբերյալ քննարկումներին: Բաքուն, սակայն, հրաժարվում է շփումներից Ստեփանակերտի հետ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են հասնել այն բանին, որ կողմերը հարգեն հրադադարը, աշխատեն, որպեսզի սահմանախախտման դեպքերն այլեւս չկրկնվեն: Նշվել է, որ ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994թ. ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 20 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013թ. տարվա ընթացքում այդ թիվը հասել է 13 հազարի: Ադրբեջանը նաեւ դիվերսիոն եւ սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների հետեւանքով հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կողմի կորուստները:

Հիշեցնենք, որ արցախա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988թ.: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ հայ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Այժմ հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 30 (335), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։