Վտանգավոր, բայց հնարավոր է շահեկան – Արդյո՞ք հնարավոր է ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի (հասկանալ Ռուսաստանի) ռազմական բախումը… Ռազմական բեւեռացումների փորձ – ՀԱՊԿ-ն եւ ՆԱՏՕՆ-ն՝ Հայաստանում…

Վտանգավոր, բայց հնարավոր է շահեկան

Համաշխարհային անհանգստությունների օրակարգում տեղ է գտել նաեւ այն հարցը, թե արդյո՞ք հնարավոր է ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի (հասկանալ Ռուսաստանի) ռազմական բախումը: Ուկրաինական ճգնաժամի պայմաններում ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական հակամարտությունն արդեն խորացել է: ՆԱՏՕ-ն անգամ արագ արձագանքման զորքեր է տեղակայել Ռուսաստանին սահմանակից արեւելյան Եվրոպայի երկրներում: Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ իրապես փոխեց աշխարհաքաղաքական վիճակը եւ Մոսկվան հասկացրեց Արեւմուտքին, որ ինքը եւս իրավունք ունի երկրներ կազմաքանդել, անկախություններ ճանաչել, անգամ տարածքներ կցել Ռուսաստանին: Եթե Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումները այնքան էլ ցավագին չէին ընդունել Արեւմուտքում, ապա ուկրաինական դեպքերը հավաստեցին, որ աշխարհը դառնում է երկբեւեռ:

Եվրոպան այնքան էլ հակված չէ խորը առճակատման, քանի որ իր գազային եւ այլ հանքա-հումքային պաշարների զգալի մասը ստանում է Ռուսաստանից: Իսկ առճակատումը հաստատ կդժվարացնի եվրոպացիների կյանքը, ինչը ամերիկացիներին չի սպառնում այս դեպքում, եւ եվրոպական երկրներում կարող են նաեւ ներքին ընդվզումներ լինել:

Իսկ ԱՄՆ-ն սպառնում է ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Չինաստանին, որն աջակցեց Ռուսաստանին արեւմտյան պատժամիջոցների այս ընթացքում: Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են 2-րդ աշխարհամարտից հետո հաստատված աշխարհակարգը վերանայել, սակայն պետք է իմանան, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հանդեպ սպառնալիքներին կարող է պատասխանել ռազմական մեթոդներով: Այսպես ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Բոբ Վորքը՝ ելույթ ունենալով ամերիկյան Արտաքին հարաբերությունների խորհրդում: Ի պատասխան Մոսկվան հայտարարել է, թե չպիտի մոռանալ, որ Ռուսաստանը հզոր պետություն է եւ ունի ատոմային զենքի մեծ պաշարներ, որը ցայսօր չի գործածել… Պեկինն ավելի տնտեսական պատասխան է տվել, թե Չինաստանն իր տարածքում եւ արտաքին գործարքներում կդադարեցնի ամերիկյան դոլարի գործունեությունը եւ կանցնի այլ արտարժույթի… Մոսկվան հավանություն էր տվել այս առաջարկին, ինչը հասկանալի է դարձնում, որ ԱՄՆ-ն չի խուսափի ֆինանսատնտեսական նոր ու մեծ ճգնաժամից:

Այսպես բոլոր կողմերն էլ իրապես ունեն միմյանց փոխազդելու լծակներ, ինչը հույս է տալիս, որ 3-րդ, թերեւս կործանարար աշխարհամարտը չի լինի, չնայած արդեն հայտարարողներ կան, որ այդ աշխարհամարտը ընթանում է առայժմ տեղային պատերազմներով (որոնցում նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի կամ Վրաստանի մասնատումները եւս չեն բացառվում): Այսօր մի կայծը կարող է հրդեհել ոչ միայն տվյալ տարածաշրջանը, այլեւ աշխարհը եւ պիտի առավելագույնս զգոն լինել, բայց առանց նախաձեռնության չմնալ երբեք:

Արամ Ավետյան

Ռազմական բեւեռացումների փորձ

Հայաստանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հետ եղել է մարտական հենակետերում, ծանոթացել հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարեւմտյան հատվածում մարտական հերթապահություն իրականացնող հայ դիրքապահների մարտական առօրյային: Հայկական կողմը ներկայացրել է իրավիճակը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների եւ հայկական կողմից ձեռնարկվող կանխարգելիչ գործողությունների վերաբերյալ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը անդրադառնալով սահմանագծում տիրող իրավիճակին՝ նշել է, որ այն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է եւ իր այցի նպատակը համապատասխան զեկույց կազմելն է:

Առաջին անգամ է, որ այդպիսի այց է կատարվում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտի: Մինչ այս ՀԱՊԿ-ն հեռվից հետեւողի դիրքերում էր մնում: Նշվել է, որ հետաքրքրություն կա անդամ պետություններում տիրող վիճակով, եւ այսպիսի այցերի արդյունքում է, որ ձեւավորվում են ընդհանուր տեսակետներ՝ իրավիճակից բխող հնարավոր քայլերը եւ դրանց հաջորդականությունը որոշելու առումով:

Մեր երկրի նախագահը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ընդունել եւ հստակ հարցադրումներ է առաջ քաշել, այդ թվում՝ այն մասին, որ ՀԱՊԿ գծով մի շարք գործընկերների դիրքորոշումը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին: Նաեւ, որ ՀԱՊԿ երկրներ կան, որ իրենց գործունեությամբ հակասում են ոչ միայն դաշնակից Հայաստանի շահերին, այլեւ հավաքական անվտանգության որդեգրած պարտավորություններին:

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն էլ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնտոնի Սեբոին: Քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին եւ զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր:

Հայաստանում էին նաեւ ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության ներկայացուցիչները, ովքեր հանդիպել են  ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչների հետ: ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ զինված ուժերին ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում նախանշված գործընկերության նպատակների իրագործմանն աջակցելու նպատակով: Նախանշվել են 2015-16թթ. համագործակցության հիմնական ուղղությունները:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 32 (337), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։