Արցախ-Ղարաբաղի հայապատկան արմատը – Եթե նոր քննարկումներ են լինելու, ապա միանգամից թող վերամիավորման համար ընթանան, ոչ թե Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման…

Այն, որ Արցախը զուտ հայկական անուն է, երբեւէ խնդիր չի առաջացնում, առավել եւս, որ Ար-ով ակսվող յուրաքանչյուր բառ ու բան ի սկզբանե հայկական է եղել: իտենք նաեւ, որ հազարամյակներ առաջ Արցախի հին անվանումներից է եղել Արիա անունը, որը նույնպես հայկական արմատներ ունի: Վերջերս համացանցում մի հոդված կարդացի, որում նշված էր, թե «Ղարաբաղ» անունը իրականում հայկական ծագում ունի: Հեղինակը Վահե Սարուխանյանն է, ով գրել էր, թե ԼՂՀ ՊԲ-ում ծառայելու ժամանակ Արցախի թերթերից մեկում կարդացել է մի տեսակետ, որը կտրուկ փոխել է վերաբերմունքը «Ղարաբաղ» անվան հանդեպ:

«Ինչպես հայտնի է, այս բառը թարգմանվում է իբրեւ ղարա (թուրքերեն՝ սեւ)+բաղ (պարսկերեն՝ այգի)=սեւ այգի (արցախական երգերի շարքում մի երգ էր հնչում 1988-1989թթ. Ազատության հրապարակում. «…Ղարաբաղ, Ղարաբաղ / սեւ այգի դու թշնամյաց / Հայի դրախտ»…-խմբ.): Բայց մի պահ թուրքական ազդեցությունից դուրս գանք ու փորձենք հասկանալ, թե ինչ կապ ունեն սեւ այգիները Արցախի հետ: Նախ՝ Արցախում եղած ցանկացած ոք կարող է փաստել, որ այս տարածքը հարթավայրերով ու այգիներով աչքի չի ընկնում (խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը կազմում է Ղարաբաղ կոչվող տարածաշրջանի մեծ մասը), էլ չենք խոսում սեւ բառի մասին, որն ուղղակի զարմանալի է թվում այս պարագայում: Ուրեմն ի՞նչ է նշանակում Ղարաբաղ. Մեծ Հայքի Արցախ նահանգը, որը սահմանակից էր Սյունիք նահանգին, երբեմն կոչվել է Փոքր Սյունիք, իսկ Սյունիքի կենտրոնը երկար ժամանակ եղել է Բաղաբերդ ամրոցը: Ղարաբաղը ոչ այլ ինչ է, քան Բաղաբերդի կիսաձեւափոխված, կիսաթարգմանված տարբերակը: Արցախի քարտեզի վրա դժվար է գտնել մի տեղ, որտեղ չկա բերդ, ամրոց, պաշտպանական շինություն: «Ղարա» բառն իրականում նույն «ղալա»-ն է, որը նշանակում է բերդ, ժամանակի ընթացքում լ-ն հնչյունափոխվել է ր-ի, ինչը լեզվում տարածված երեւույթ է: Այն, որ իրական արմատը հենց «ղալա»-ն է, փաստվում է մի քանի օրինակներով. Մարտունու շրջանում կա Բերդաշեն անուն գյուղ, որը ադրբեջանցիները կոչում էին Կ(Ղ)արաքենդ: Եվ այս անունը նույնական էր հայերեն անվան հետ ու չէր նշանակում «սեւ շեն»: Ավելին՝ գյուղն իր անունը ստացել է հարեւանությամբ գտնվող ամրոցից՝ Աղջկաբերդից, որը թուրքերեն կոչվել է Ղզղալա (ղըզ-աղջիկ+ղալա-բերդ): Ինչպես երեւում է, այս դեպքում պահպանվել է «ղալա» տարբերակը: Նույնը Բերդաձորի դեպքում, որը թուրքերը Ղարաղշլաղ էին կոչում: Դժվար է մտածել, որ Ղարաբուլաղ նշանակում է սեւ աղբյուր, այնինչ կա հայկական շատ հայտնի տեղանուն՝ Ակնաբերդ կամ Բերդակն: Օրինակները շատ են: Դե իսկ «բաղ» արմատի վերաբերյալ երկու բան կարելի է ասել. ըստ մի տարբերակի՝ սա նույն «փակ»-ն է՝ նույնպես հնչյունափոխված: Բաղաբերդը գտնվում է Կապանի ու Քաջարանի միջեւ. նույն Կապանի անվանումը, ըստ մի տարբերակի, նույնպես առաջացել է «փակ» բառից, քանի որ քաղաքը շրջափակված է լեռնաշղթաներով: Սակայն մեկ այլ տարբերակով ՙկապան՚ նշանակում է հանգույց՝ այստեղ են միացել միջնադարյան լեռնային կարեւորագույն մի շարք ճանապարհներ: Բաղաբերդի տարբերակում նույնպես թվում է, թե «բաղ» նշանակում է «կապ» (կապ-ղափ (Ղափան)-ղաբ-բաղ): Այսինքն՝ Բաղաբերդ=Կապաբերդ (ավանդույթն ասում է, որ Բաղաբերդը պարանով կապված է եղել իր դիմաց՝ Ողջի գետի աջ կողմում բարձրացող ժայռի մեջ գտնվող մեկ այլ բերդի հետ: Այստեղ գտնվել է մի հսկայական դուռ, որը պարանով ձգվելով, փակել է կիրճով անցնող ճանապարհը): Կարճ ասած՝ մենք՝ հայերս, Ղարաբաղ տերմինից խորշելու պատճառ, իմ կարծիքով, չունենք»,- գրել հեղինակը իր ֆ/բ էջում:

Առավել հավաստի կարծիքներ կհայտնեն լեզվի մասնագետները, իսկ մենք կասենք, որ ողջունելի է ամեն մի փորձ, ինչ իրապես կմոտեցնի մոռացված կամ աղավաղված հայկականը իր բուն հայկական արմատներին:

Իսկ Արցախի խնդրի կարգավորման հարցով հոկտեմբերի 27-ին նախատեսված է նոր հանդիպում Հայաստանի ու Սդրբեջանի նախագահների միջեւ: Այն կկայանա Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ: Մինչ այդ Երեւան եւ Բաքու ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր հանդիպեցին Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ:

Բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատճառն Ադրբեջանն է. հատտարարել է  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա Փարիզում արդեն հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարարին եւ քննարկել նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Հայ նախարարը օրերս ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից հետո հայտնեց, որ «մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունը, եւ Փարիզում կայանալիք հանդիպումը 3-րդ գագաթաժողովն է, որ նախաձեռնվել է համանախագահ երկրների կողմից վերջին 3 ամսվա ընթացքում, ինչը ցույց է տալիս եռանախագահ երկրների հաստատակամությունը՝ շարունակելու միասնական ակտիվ ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց ապահովելու նպատակով»: Իսկ թե ինչու՞ բանակցային գործընթացում առաջընթաց չկա, պարզ է. «Պատճառը ո՛չ Ղարաբաղն է, ո՛չ Հայաստանը եւ ո՛չ էլ եռանախագահները: Պատճառն Ադրբեջանն է: Եթե ոչ վաղ անցյալում Ադրբեջանի գործելաոճը բանակցային գործընթացում կարելի էր բնորոշել որպես «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ», ապա այժմ այն կարծես թե արտահայտվում է «ոչ մի քայլ առաջ եւ մի քանի քայլ ետ» սկզբունքով»:

Թե ինչքանով հնարավոր կլինի կառուցողական դաշտ բերել ադրբեջանական կողմին, ոչ ոք չի կարող ասել, անգամ համանախագահները, եւ ամեն բան ցույց կտա ժամանակը: Բայց սա շատ տարօրինակ գործելաոճ է, քանի որ ինչպես ԱՄՆ-ն ու Եվրոպան, այնպես էլ Ռուսաստանը ունեն համարժեք լծակներ պայմանավորվածությունները խախտող եւ ապակայունություն սանձազերծող երկրներին պատժելու համար, ինչը երբեք չի կիրառվել Ադրբեջանի դեպքում եւ ոչ մի կողմից:

Հայաստանը մշտապես դրական է արտահայտվել եռանախագահ երկրների կողմից հանդիպումների, հատկապես ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպման վերաբերյալ, եւ, ինչպես միշտ, կառուցողական տրամադրվածությամբ է գնում Փարիզի հանդիպմանը, ինչպես վկայում են պաշտոնական հայտարարությունները: Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, սակայն ձախողվելու դեպքում նորից ոչ մի կտրուկ քայլ չի ստիպի Բաքվին նահանջել իր անկայուն գործելակերպից:

Սա հարցի լուծում չէ, բազմիցս ենք նշել, որ Արցախի փաստացի անկախությունը ճանաչելն անգամ՝ արդեն ուշացած տարբերակ կլինի, նոր միջազգային քննարկումների առիթ կդառնա: Իսկ Արցախի՝ Հայաստանին վերամիավորվելու որոշումը երկու միջազգային բեւեռներ կառաջացնի՝ կողմ եւ դեմ, ու եթե նոր քննարկումներ են լինելու, ապա միանգամից թող վերամիավորման համար ընթանան, ոչ թե Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման: Այս դեպքում գրեթե նույն հարթության մեջ կմնա հարցը եւ քննարկումների ձեւի ու բովանդակության որեւէ փոփոխություն չի կատարվի, ինչը չենք ասի վերամիավորման դեպքում:

Արամ Ավետյան

Հ.Գ. - Տեղեկատվություն է տարածվել, իբր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանդես է եկել հայտարարությամբ, թե Հայաստանն ընդունել է Վլադիմիր Պուտինի՝ «Եվրասիական միությունն առանց Լեռնային Ղարաբաղի» նախագիծը»: Նշվում է, թե այս դեպքում Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանում կստեղծվի մաքսային անցակետ, ինչը կթողնի լուրջ տնտեսական հետեւանքներ: Նշվել է նաեւ, որ սա Անկարայի ու Բաքվի հետեւողական քաղաքականության հետեւանքն է:

«Լուսանցք» թիվ 34 (339), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։