Մեծ պատերազմի վտանգը – Ուկրաինայի հակամարտությունը՝ համաշխարհային պատերազմի սկի՞զբ… Ավելի վտանգավոր հեռանկար՝ քան Վաշինգտոնի իրանյան մտահոգությունը…

Չնայած եվրոպական երկրների ջանքերին, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը պատերազմի շեմին են: Իսկ դա նշանակում է, որ չի բացառվում անգամ միջուկային պատերազմի հնարավորությունը:

Մոսկվան ավելի հաճախ է արծարծում միջուկային զենք կիրառելու հավանականության խնդիրը, հատկապես, երբ Արեւմուտքն իր պատժամիջոցներով փորձում է առավելագույնս նեղել Ռուսաստանին:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունում միջուկային զենքի հնարավոր կիրառումը սահմանվել է «որպես ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք»: Ընդ որում, դրա հավանական կիրառումը ԱՄՆ-ն սպասում է ոչ թե Ռուսաստանից, այլ՝ Իրանից:

Օրերս կրկին նման մտահոգություն հայտնեցին Սպիտակ տնից, թե Իրանը բոլոր հնարավորություններն ունի տարածաշրջանային գերտերությունից միջուկային գերտերություն դառնալու, եթե Արեւմուտքը ուշադիր չլինի Թեհրանի հեռահար ծրագրերի ու քայլերի նկատմամբ:

Թուրքիան եւս փորձում է զարգացնել միջուկային տնտեսական ոլորտը, եւ վստահաբար, ատոմակայանների կառուցումից հետո կնախաձեռնի միջուկային զենքի ստեղծումը: Սա ավելի վտանգավոր կարող է լինել, քան Վաշինգտոնի իրանյան մտահոգությունը: Սա նաեւ մեզ համար վտանգավոր իրադարձություն կլինի: Եթե Իրանը իսլամական չափավոր քաղաքականություն է վարում, ապա Թուրքիան այս դեպքում զարկ կտա նորօսմանական կամ նորպանթուրքիստական ծրագրերին:

Սրանք դեռ քննարկվող, բայց կարեւոր խնդիրներ են:

Բայց այսօր իրապես ատոմային զենքի կրառումից միայն Ռուսաստանն է խոսում: Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ շեշտել է, որ Միացյալ Նահանգներում մոռանում են, որ Ռուսաստանը միջուկային գերտերություն է եւ չի կարելի խոսել ուժի դիրքերից մի երկրի հետ, որը կարող է հարվածներ հասցնել միջուկային զենքով:

Իսկ Մոսկվան կգնա՞ միջուկային զենք կիրառելուն: Ոմանք կարծում են, որ կա մի սահմանագիծ, որից հետո դա չի բացառվում: Եվ եվրոպական երկրները, ի դեմս՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի, փորձում են ԱՄՆ-ՌԴ փոխհարաբերություններում հեռու պահել այդ սահմանագիծը: Անգամ նման հարցադրումը զգաստացնում է համաշխարհային հանրությանը, իսկ ԱՄՆ-ի անվտանգության նոր ռազմավարությունում որպես ոչ հիմնական սպառնալիքներ նշված են ՌԴ արտաքին քաղաքականությունը, վարակիչ հիվանդությունների բռնկումը եւ կլիմայական փոփոխությունները: Այսինքն, ռուսաստանյան քաղաքականությունը դասվում է «բնական անոմալիաների» շարքին:

Եթե ԱՄՆ-ն կամ այլ միջուկային տերությունները բացեիբաց չեն խոսում միջուկային հարվածների մասին, դա չի նշանակում, որ նրանք բացառապես խաղաղարար աղավնիներ են: Մոսկվան եւս չէր բարձրաձայնում, սակայն ռուսական կողմը գիտի, որ միջուկային զենքը իր վերջին եւ միակ համոզիչ փաստարկն է, որպեսզի Արեւմուտքը հեռու մնա ռուսական շահերից:

Եվ անցյալ տարեվերջին ընդունված ռազմական հայեցակարգում Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահել միջուկային զենք կիրառել իր ու իր դաշնակիցների դեմ միջուկային կամ ոչ միջուկային հարձակմանն ի պատասխան: «ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել… նույնիսկ ՌԴ դեմ սովորական զենքի կիրառման դեպքում, եթե սպառնալիքի տակ է պետականության գոյությունը»,- նշված է նոր հայեցակարգում: Խոսելով Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի քաղաքականության մասին՝ այդ երկրի նախագահը հայտարարել է, որ ցանկանում են «հանգստացնել արջուկին», որպեսզի միանգամից «մեզնից խլեն միջուկային զենքը»: Այսօր ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները հասել են այն մակարդակին, երբ Մոսկվան Վաշինգտոնին հստակ ասել է, որ այլեւս չկա միաբեւեռ աշխարհ եւ ԱՄՆ-ն չի որոշելու, թե ով ինչպես ապրի եւ ում հետ… Դա արդեն անցյալում է:

Այս անցյալը, նաեւ ներկան, որ նոր զարգացումներ է ստանում ուկրաինական դեպքերի հետ, դեռ կուղեկցեն մեզ ապագայում՝ մշտապես պահպանելով միջուկային պատերազմի վտանգը եւ տխուր հեռանկարը: Իսկ Վաշինգտոնն ասում է, որ չի ցանկանում նոր սառը պատերազմ, սակայն դա ավելի նախընտրելի է, քան նոր համաշխարհային պատերազմը»…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 4 (350), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։