Անկարան եւ անգլո-ամերիկյան դաշինքը անցան հարձակման – Հայոց Պահանջատիրությունը ոսկոր՝ ոմանց կոկորդում, թե՛ ներսում, թե՛ դրսում… Բաքվի խեղկատակները սպառնում են հայ մարզիկներին

Անկարան եւ անգլո-ամերիկյան դաշինքը անցան հարձակման

ՀՀ 1-ին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահին: Չնայած, իր ասելով հապաղել է ուղարկել, քանի որ Սերժ Սարգսյանը հանդես եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված ելույթով, բայց ծանրութեթեւ անելուց հետո, հասկացել է, որ անկախ ներքաղաքական զարգացումներից, իրավունք չունի հասարակությունից թաքցնել մի կարեւորագույն խնդիր, որն «առնչվում է ողջ հայության եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կենսական շահերին»։

Նամակի շարժառիթը, ըստ ձեւակերպման, համազգային եւ համապետական նշանակություն ունեցող կարեւորագույն խնդրի մասին է, ինչպիսին 100-ամյա տարելիցի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու հարցն է, որն, իր պատկերացմամբ վեր պետք է լինի ներքաղաքական հարաբերությունների ցանկացած նկատառումից։

ՀՀ 1-ին նախագահը չգիտես ինչու՝ մի այլ ձեւով է մտահոգվել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության առումով, ընդգծել է դրա վերախմբագրման եւ միջազգային իրավունքի նորմերին եւ պետությունների ու ժողովուրդների համակեցության սահմանված կանոններին համապատասխանեցման անհրաժեշտությունը, քանի որ «այդ խայտառակ փաստաթղթի պատճառով Հայաստանը ոչ միայն չէր շահի միջազգային

հանրության համակրանքը, այլեւ կկորցներ անգամ բարեկամ պետությունների աջակցությունը»։ Այժմ, միայն մտահոգություն արտահայտելը բավարար չհամարելով, ուզում է հանդես գալ նաեւ գործնական առաջարկով, այն է՝ արժե մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի դիրքորոշման վերջնական հստակեցումը։ Եվ իբր հենց այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, պետք է ծնվի «Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ, որը Հայաստանի նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրոմիության նախագահին եւ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին»:

Հետեւաբար, ըստ ա՜յն «հիմնադիր» (ՀՀՇ-ականների սիրելի բառն էր) նախագահի, ով իր թիմով միանշանակ դեմ էր, որպեսզի Հայաստանի Գերագույն Խորհուրդը Անկախության Հռչակագրում ամրագրի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման փաստը, իր առաջարկվող ուղերձում ասում է, որ «տուրք չպետք է տալ երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումներին, նաեւ որեւէ կերպ չպետք է վնասել «Հայաստանի առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրների լուծմանը, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»։ 

Այստեղ ոչ թե ՀՀՇ-ի հոտն է փչում, այլ հին ու դավադիր մի հոտ, որ օտար ափերից է գալիս: Իսկ «պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումները» եղել եւ մնում է Հայոց Պահանջատիրությունը: Եվ ՀՀ 1-ին նախագահը, հարազատ իր բնույթին, ամեն բան փորձում է անել՝ այդ խնդիրը թուրքերի վրայից «հանելու» համար: Թե չէ ի՞նչ մի առաջնահերթություն է հայ-թուրքական հարաբերությունները դիտարկելը, երբ Անկարան թքած ունեցավ հայ-թուրքական արձանագրությունների վրա՝ հօգուտ դրբեջանական շահի: Բայց չէ՜, դրսի հայտնի տղերքը նոր պատվեր են իջեցրել՝ հային պիտի հեռու պահել պահանջատիրությունից:

Հիշեցնենք, որ անկախության Հռչակագրում, այնուամենայնիվ, արձանագրվեց Հայոց ցեղասպանության հարցը՝ ազգային մի խումբ պատգամավորների պնդմամբ: Իսկ ՀՀՇ-ական իշխանությունը համաձայնեց այս  ձեւակերպմամբ, որ Հայաստանը սատարում է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերը: Այսինքն՝ մենք մի երրորդ երկիր էինք Հայոց ցեղասպանության դատապարտման համար, ուստի՝ կսատարենք Ուրուգվայի կամ Հունաստանի ջանքերին… 1-ին նախագահը էլ առաջ է գնացել. «Խորհրդակցական հանձնաժողովի կազմում պիտի ընդգրկվեն այնպիսի անձինք, ովքեր արդեն ապացուցել են, որ ունակ են վեր կանգնելու ավանդական պատկերացումներից եւ իրերը դիտելու Հայաստանի պետական շահերի ու ժամանակակից աշխարհի որդեգրած սկզբունքների դիտանկյունից»։

Լեւոն Տեր-Պետրոսյանը հուշել է այդ անձանց անունները: Մի փոքր մասին չեմ ճանաչում, բայց մեծ տարբերություն չեն ունենա իմ ճանաչածներից, որոնց մի մասը հենց դեմ էր Անկախության Հռչակագրում ցեղասպանության հարցի արծարծմանը… Իսկ առաջարկվող կազմում են՝ Բաբկեն Արարքցյանը, Վանո Սիրադեղյանը, Վարդան. Օսկանյանը, Ստեփան Դեմիրճյանը,  Ռուբեն Շուգարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արա Սահակյանը, Կտրիճ Սարդարյանը, Արման Գրիգորյանը, Ռուբեն Վարդանյանը, Աշոտ Սարգսյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը կամ ԱՄՆ-ից՝ Ժիրայր Լիպարիտյանը (ով ԱՄՆ-ի ազդեցության գործակալ է, Վարդան Օսկանյանը եւս կասկածվում է նման գործակալ լինելու մեջ), Խաչիկ Թոլոլյանը, Ռուբեն Ադալյանը, Արա Սանջյանը, Համբիկ Սարաֆյանը, Րաֆֆի Ուրֆալյանը. Ֆրանսիայից՝ Արման Սարյանը, Ժիրայր Մալխասյանը, Միշել Մարյանը, Րաֆֆի Գալֆայանը, Թուրքիայից՝ Լեւոն Զեքիյանը, Արգենտինայից՝ Ռուբեն Մոզյանը։ Սրանք իմ ճանաչած մարդիկ են։ Ձեր կողմից Դուք կարող եք ավելացնել նոր անուններ։ Որպես գաղափարի մտահղացող, 1-ին նախագահը պատիվ է արել, որ պատրաստ է նաեւ անձամբ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, ««փույթ չէ, թե «ոխերիմ բարեկամներս» ինչպես կմեկնաբանեն իմ անսպասելի քայլը», կարեւորն այս պատասխանատու խնդրում պետական եւ համազգային մակարդակով սխալ թույլ չտալն է, մեծահոգաբար ասել է նա։

Եթե ինչ-որ ձեւով կարող եմ ընդունել Վազգեն Մանուկյանի եւ Գագիկ Հարությունյանի եւ էլի մի քանիսի թեկնածությունը, կրկնեմ՝ ինչ-որ բաներ հաշվի առնելով, սակայն մնացյալը՝ տարիներ շարուբնակ հեռու են մնացել այս խնդիրների համազգային արծարծումներից, բայց հանկարծ աշխուժացել են…

Ինչու՞ հանկարծ ՀՀ 1-ին նախագահը եւս սկսեց արտաքին խնդիրներով «սատարել» գործող նախագահին, ում ՀԱԿ-ը «ոչ լեգիտիմ» է համարում ցայսօր… Պատճառն այն է, ինչ ասվեց վերեւում, ինչը հաստատագրել ենք սույն նյութի վերնագրում… Իսկ այն, որ նախկին նախագահը նշել է, թե «մնացած ամեն ինչ չնչին է ու երկրորդական», հաստատ այդպես չէ: Նա հաջորդ քայլ է նաեւ նախապատրաստել. «Մեկ էլ, հնարավոր է, Ձեզ այսպիսի անակնկալ մատուցեմ Ղարաբաղյան կարգավորման խնդրում բարդություններ առաջանալու պարագայում։ Երբ վտանգվում է իմ ազգի եւ պետության ապագան, ես ձեռքերս ծալած չեմ կարող նստել եւ ցանկացած դուռ կբախեմ»…

Որպես գաղափարի մտահղացող, ՀՀ 1-ին նախագահը պատրաստ է անձամբ մասնակցել Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի աշխատանքներին եւ Արցախի խնդրի կարգավորմանը, հնչում է շատ նորմալ, բայց երբ ավելի քան 15 տարի. իշխանափոխությունից հետո է նման քայլն արվում, այն էլ ներկայիս իշխանությանը «մոնղոլ-թաթարական» անվանելուց եւ ավելի վատ որակումներ տալուց հետո, ապա միայն կասկածներ են առաջանում… Այլապես՝ տրամաբանական կլինի, որ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը տարբեր հարցերում սատարեն Սերժ Սարգսյանին կամ հանդես գան իբրեւ խորհրդականներ…

Գործող նախագահի մամլո գրասենյակից պատասխանել են, որ կանդրադառնան նամակին: Բայց արժե՞ արդյոք: Արժե՞ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը վերածել հակահայկական հանձնաժողովացավի, հակապահանջատիրական թուրքա-ամերիկացավի եւ դրանց հայաստանյան սպասարկուների մեկ այլ ցավի…

Արտակ Հայոցյան

Բաքվի խեղկատակները սպառնում են հայ մարզիկներին

Ադրբեջանում սպառնում են Եվրոպական խաղերի ժամանակ հայկական պատվիրակության դեմ սադրանքներ կազմակերպել Ադրբեջանի այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը» (ՂԱԿ) սպառնացել է 2015թ. ամռանը Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի ընթացքում սադրանքներ կազմակերպել հայկական պատվիրակության դեմ:

ՂԱԿ-իղեկավար Աքիֆ Նաղին հայտարարել է, որ իրենց համար ոչ մի նշանակություն չունի հայ մարզիկների եւ մյուս երկրներից ժամանած հյուրերի անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու վերաբերյալ Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովի հայտարարությունը:

«Եթե հայ մարզիկները ժամանեն Բաքու, ապա մենք ամեն բան կանենք նրանց ելույթները խանգարելու համար, եւ դրանում ոչ ոք մեզ խանգարել չի կարող: Մենք, ինչպես նախկինում, ներկա ենք գտնվելու դահլիճներում, մարզական կենտրոններում եւ բողոքելու ենք հայ մարզիկների դեմ: Ես չգիտեմ, թե ինչ անվտանգության երաշխիքների մասին է խոսում Ազադ Ռահիմովը»,- հայտարարել է Աքիֆ Նաղին:

Ավելի վաղադրբեջանական լամուկը հայտնել էր, որ Հայաստանը Բաքվի Եվրոպական խաղերին կմասնակցի 30-50 մարզիկով: Նա հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը երաշխավորում է հայկական պատվիրակության անվտանգությունը: ՂԱԿ-ը հայտնի է իր հակահայկական գործողություններով: Այդ ազգայնական կազմակերպությունը մշտապես սադրանքներ է կազմակերպել Ադրբեջանում միջազգային մակարդակով կազմակերպված միջոցառումներին մասնակցած հայկական պատվիրակությունների դեմ

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 5 (351), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։