Զուգադիպությու՞ն, թե՞…
Համացանցում մի նյութ հայտնվեց մասոնական խորհրդանշան-նկարով եւ վերնագված՝ «Բոլոր ծաղիկներից՝ ինչու՞ այս մասոնական խորհրդանիշ-ծաղիկը»…
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհրդանշանը՝ անմոռուկը, շարունակում է բուռն քննարկումների թեմա լինել ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Սփյուռքում… Ներկայացնենք արձագանքներից մեկը՝ Անմօրուք Անմոռուկ. հեղինակ՝ Զավեն Զաքարյան (asekose.am):
«Կան ազգեր որոնք արժանի են կոտորուելու… Մենք ա՞յդ ազգերէն ենք: Բոլորս ալ գիտենք, թէ ինչպէ՛ս «Երիտասարդ Թուրքեր» մասոնական օթեակը, Թեսաղոնիկէի մէջ, Օգոստոսի 1910-էն Հոկտեմբերի 1911-ի միջեւ, յղացաւ ու ծրագրեց Հայոց Ցեղասպանութիւնը՝ գլխաւորութեամբ Grand Lodge of Turkey մասոնական օթեակին (կազմաւորուած 13 Յուլիս 1909-ին), որուն առաջին Grand Master-ը Գրիգոր Զօհրապի «եղբայր» Թալաաթ Փաշան էր…
Գիտե՛նք, բայց կը շարունակենք, եւ աւելի վատը՝ կ՛ուզենք, տառապիլ Zohrab Syndrome-ով…
THE HISTORY OF FREEMASONRY IN TURKEY աշխատութեան հեղինակը (RW Bro. Celil Layiktez P.Asst. G. M.- Lodge Zeytin Dali No. 146 Grand Lodge of Turkey), որ խմբագիրն ալ է TESVIYE (մակարդակ) պաշտօնաթերթին (The Masonic Magazine of the Grand Lodge of Turkey), կը գրէ (09/04/2001).
«Այսօր Թուրքիոյ Մեծ Օթեակն ունի շուրջ 180 օթեակ՝ 12000 գործուն անդամներով: Ան ճանաչուած է օրինական բոլոր մեծ օթեակներէն՝ տարածելով Ազատ Որմնադրութիւնը (կամ Ազատ Քարտաշութիւնը) Պալքանեան երկիրներու, Ռուսաստանի եւ նախկին Խորհրդային հանրապետութիւններու մէջ»:
Ուստի եւ տարօրինակ չէ. որ Հայաստանի Հանրապետութեան պետական այրերն ու Հայաստանեաց եկեղեցւոյ հոգեւոր պետերը բազմահազար ծաղիկներու մէջ ընտրեն …Անմոռուկը՝ մասոնական հանրածանօթ այս ծաղիկը, եւ այդ ալ որպէս խորհրդանիշ Հայոց Ցեղասպանութեան Հարիւրամեակի:
Ի՜նչ հեգնանք՝ Անմօրուս պետական այրերու ու մօրուքաւոր հոգեւոր հայրերու…
Պատահականութեա՞ն հետեւանք է, թէ՝…
Եթէ անպայման պիտի ընտրուէր ծաղիկ մը՝ ապա հայերս ունինք բազմատեսակ ու բազմագոյն այլ ծաղիկներ (Ձնծաղիկէն մինչեւ Կակաչ,Կակաչէն մինչեւ Տորոն, Տորոնէն մինչեւ Բրաբիոն), որոնք աւելի հայաբոյր են եւ աւելի իմաստալից, քան վաղուց մասոնականութեան խորհրդանիշ դարձած Անմոռուկը…
Հարիւր տարի ետք մեր մեծ Ցեղասպանութենէն կը շարունակենք ազգովին տառապիլ Zohrab Syndrome-ով…
Կ՛երեւի արժանի ենք դարձեալ կոտորուելու՝ Unutmabeni, Talaat Bey ըսելով!!! Անմոռուկը մեր ձեռքին՝ կը բեմականացնենք Դարու Անհեթեթի Թատրոնը… Մե՜ղք մեր Նահատակներուն… Ողբա՜մ Մեռելոց, Բեկանե՛մ Շանթեր, Կոչե՞մ Ապրողաց…»:
* * *
Մասոններն իրենց խորհրդանշանները վերցրել են հնագույն տիեզերախորհուրդ նշաններից՝ հասկանալով դրանց նպատակայնորեն կիրառելու իմաստը, ազդեցությունը:
Միաժամանակ այսպես «տիրացել» են հին բնածին ազգերի պատմությանն ու առաքելությանը…
Մասոնական գլխավոր նշաններից բուրգը կամ եռանկյունին եւս սեփականացվել է հին «երկնային սրբազան իշխանության» կարգից: Այսպես՝ նաեւ մյուս նշանագրերն ու պատկերները, ինչպեսեւ՝ անմոռուկը:
Մեր զավթիչ հարեւաններն էլ սեփականացրել են մեր խորհրդանշանները, ինչպես Ադրբեջանը՝ հայկական ութաթեւ աստղը եւն…
Թե հետեւենք «Զուգադիպությու՞ն, թե՞…» նյութի տրամաբանությանը, ապա, պիտի հրաժարվե՞նք մեր ութաթեւ աստղից, թե՞ հակառակը՝ ասենք, որ մերն է, ապացուցենք, վերատիրենք:
Վերջինն ավելի՛ ճիշտ է:
Համահայկական ֆլեշ մոբ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին
Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին «Փիար-ի զարգացման հայկական կենտրոնը» նախաձեռնում է համահայկական ֆլեշ մոբ՝ «Վառիր քո մոմը» խորագրով:
Ֆլեշ մոբի (եթե մեր լեզվի պետական տեսչության հեռախոսահամարները պատասխանեին, մենք կփորձեինք իմանալ այս օտարամուծության հայերեն համարժեքը,-Ա.Մ.) միջոցով կենտրոնն ընդգծում է, որ Եղեռնի 100-ամյակն իրականում Վերածննդի խորհուրդ ունի եւ որ հենց այդքան պահանջվեց հայերից կրկին ամուր ոտքի կանգնելու համար:
Այս եղանակով կենտրոնը նպատակ ունի աշխարհասփյուռ հայությունից ապրիլին խորհրդանշական թվով՝ 1,5 միլիոն հայերի հրավիրել Հայաստան:
Համահայկական ֆլեշ մոբին ցանկության պարագայում կարող է մասնակցել յուրաքանչյուր հայ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Դրա համար ֆլեշ մոբի մասնակիցը տեսանյութի միջոցով Հայաստան ժամանելու հրավեր է ուղարկում արտերկրում բնակվող հայի: Ձեռքում բռնելով վառվող մոմ՝ մասնակիցը դրսում գտնվող իր ընկերոջը կամ բարեկամին կոչ է անում ապրիլին գալ Հայաստան՝ միասին այդ մոմը վառելու: Այնուհետեւ՝ տեսանյութի վերջում, մասնակիցը նշում է մի քանի հոգու՝ ներգրավելով նրանց ֆլեշ մոբին:
«Վառիր քո մոմը» ֆլեշ մոբին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ խմբեր: Ֆլեշ մոբը տարածվում է համացանցի (youtube.com, facebook.com, odnoklassniki.ru) միջոցով եւ ԶԼՄ-ների աջակցությամբ: Հրավեր-հոլովակների ցանկալի տեւողությունն է առավելագույնը մեկ րոպե:
Այսպիսով՝ ֆլեշ մոբի յուրաքանչյուր մասնակից մեկ Հիշատակի եւ Վերածննդի մոմ է վառում 1915-ին նահատակված մեկ հայի համար: Արդյունքում՝ 1,5 միլիոն վառված մոմեր՝ 1,5 միլիոն հայերի համար:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 7 (353), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում