Ռազմա-քաղաքական քարտեզային պատերազմներ – Մերձավոր Արեւելքում քրիստոնեական միավորված զինուժ եւ համաարիական միացյալ դաշինք… Հայկական (Ցեղասպանության կանխարգելման) բանաձեւն ընդունվեց ՄԱԿ-ում…

Մերձավորարեւելյան սրացումները ամեն անգամ վեր են հանում աշխարհի վերաձեւման հերթական ծրագիրը, երբեմն նաեւ ծրագրերը՝ տարբեր քարտեզներով: (քարտեզները տեսնել այս համարի PDF տարբերակում)

Եվ երբ Թուրքիայի մասնատման խնդիրն է առաջ քաշվում, անպայման արծարծվում է երբեւէ չգոյ Քրդստանի «վերականգնման» հարցը:

Վերջերս ամերիկացիները տարածել են նաեւ Հայաստանի՝ իրենց նախատեսած քարտեզը… Չկան Վրաստանն ու Ադրբեջանը, իսկ Հայաստանը ծովային երկիր է: Ամերիկյան Business Insider բլոգը հրապարակել է Մերձավոր Արեւելքի քարտեզը՝ ըստ ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնի տեսլականի:

1919թ. Վիլսոնը մեծահարուստ Քրեյնի եւ աստվածաբան Քինգի հետ կազմել էր քարտեզ, որով տարածքները պետք է տնօրինվեին Օսմանյան կայսրության վերացումից հետո: Աղբյուրը նկատում է, որ դա հսկայական փորձություն էր ազգերի ինքնորոշման սկզբունքի առումով, որի ջատագովն էր ԱՄՆ նախագահ Վիլսոնը:

Եվ այժմ աղբյուրն առաջարկում է մի պահ պատկերացնել 2015թ. Մերձավոր Արեւելքը՝ ըստ այն ժամանակվա նախագծածի: Ըստ այդմ՝ մեր տարածաշրջանում գերիշխում է Հայաստանը՝ ելքով դեպի Սեւ ծով:

Ադրբեջանը եւ Վրաստանը՝ որպես տարածքային միավորներ նախատեսված չեն, սակայն փոխարենը կա Քրդստան: Հայաստանի հարեւաններն են Քրդստանը, Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանի կայսրությունը:

Ի դեպ, Հայաստանը նշված է որպես ամերիկյան մանդատային պետություն, ինչը փորձ է նաեւ իրավական տեսանկյունից վերադառնալ Վիլսոնի գծած քարտեզին…

Սա գուցե նոր նետված քար է՝ բողոքի եւ հավանության տեսակետները հավաքելուն ուղղված:

Ամեն դեպքում, Արեւմուտքը եւ Իսրայելը դեռ չեն պատկերացնում Թուրքիայի մասնատումը առանց Քրդստանի ստեղծման: Քրդերը եւս Իսրայելից երես չեն թեքում՝ հասկանալով, որ արաբական աշխարհի հետ խնդիր ունենալով հանդերձ, նրանք առանց պատմական արդարության հիմքի՝ կարող են տիրանալ մի մեծ երկրի: Իսկ այդ դեպքում, ոչ միայն թուրքերն են թուլանում, այլեւ հայկական գործոնն է կրկին հետին պլան մղվում, իսկ արաբներն այդ ժամանակ ուզեն, թե չուզեն, պիտի հաշտվեն Քրդստանի լինելիության հետ: Բայց դա կնշանակի նաեւ Իրաքի եւ Սիրիայի տրոհում, ինչն էլ Իսրայելի բուն նպատակն է՝ թուլացնել արաբական աշխարհը: Այնուհետեւ, հերթը Իրանին կհասնի:

Սրանք պարզապես խոսակցություններ չեն, եւ Հայաստանի հետ միասին մտածելու բաներ ունեն նաեւ արաբներն ու պարսիկները:  

Օրերս Իրանական Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամներից մեկը՝ Փարվիզ Քարիմին, «Rudaw» քրդական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարություն է հնչեցրել այն մասին, որ կուսակցությունը փորձել է հնարավորինս խորացնել համագործակցությունն Իսրայելի հետ, սակայն վերջինիս ղեկավարությունը պատրաստ չի եղել դրան:  Իսրայելից ակնկալում են օժանդակություն նաեւ Սիրիայի ու Թուրքիայի քրդերը, ինչը այսօրվա քաղաքական իրավիճակի պատճառներից մեկն են համարում արաբները: Մերձավոր Արեւելքում արաբական միասնական բանակի ստեղծման որոշում է կայացվել, եւ այս հարցը ավելի կարեւորվեց, երբ միջկրոնական բորբոքումները սաստկացան:

Եմենում սուննի եւ շիա հուսիթների միջեւ ռազմական բախումներին Սաուդյան Արաբիայի եւ նրան աջակից կոալիցիայի ռազմական միջամտությունից հետո Մերձավոր Արեւելքում իրադարձությունները շատ արագ են զարգանում ու հիմնականում՝ դեպի վատթարացում: ԱՄՆ-ն պաշտոնապես իր աջակցությունն է հայտնել Սաուդյան Արաբիայի Եմենում ռազմական գործողություններին, իսկ Ռուսաստանը եւ Իրանը պահանջել են դադարեցնել ռազմական գործողությունները: Սակայն սպասվում է իրադարձություն, որ կարող է իր ազդեցությունն ունենալ ոչ միայն Եմենում եւ Սաուդյան Արաբիայում, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանում:

Սա չի կարող չհուզել նաեւ Հայաստանին: Այստեղ որ միայն հայկական տարածքների վերաբաժանման կամ վերատիրման խնդիրն է, այլ առկա է տարածաշրջանի հայության պաշտպանության հարցը: Իսկ Մերձավոր Արեւելքի հայերը 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության զոհերի կամ փրկվածների ժառանգներն են ու պատրաստ են վերադառնալ հայրենիք…

Պաշտոնական Երեւանը պիտի վարի ակտիվ քաղաքական բանակցություններ՝ Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան-ների վերամիավորման շուրջ՝ ստանձնելով մեր շահերին համահունչ պարտավորություններ տարածաշրջանում: Առավել եւս՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին դա խիստ արգասաբեր կլինի, մանավանդ, որ Արեւմուտքն ու Իսրայելը փորձում են նոր քաղաքականություն մշակել Հայաստանի հետ:

Դառնալով արաբական թեմային՝ նշենք, որ Արաբական պետությունների լիգայի գագաթաժողում երկրների ղեկավարները համաձայնություն են տվել Միացյալ արաբական արագ արձագանքման ուժերի ձեւավորման ծրագրին, որն արդեն իսկ հավանության է արժանացել միության անդամ երկրների արտգործնախարարների կողմից:

Հարցն այն է, որ Մերձավոր Արեւելքում արաբական միացյալ ռազմական ուժերի ձեւավորումից հետո շիաները եւս կարող են նախաձեռնել համատեղ ռազմական ուժեր՝ Իրանի գլխավորությամբ: Սա արդեն վտանգավոր գործընթաց է եւ դժվար է կանխագուշակել, թե հետագան խաղաղությու՞ն է, թե՞ մեծամասշտաբ պատերազմ: Սադամ Հուսեյնի օրոք նույնպես Արեւմուտքին հաջողվեց պատերազմ սանձազերծել Իրաքի ու Իրանի միջեւ եւ 8 տարի տեւած պատերազմը կարողացավ ջլատել արաբական ու իրանական ուժերին:

Անկախ այս կամ այլ զարգացումներից, Հայաստանը պետք է հայության բնիկության, իրավական ու պատմական բոլոր իրավունքները միջազգայնացնի, հայոց պահանջատիրության հարցը եւս, ինչը թույլ կտա շահագրգիռ երկների հետ սկսել Միացյալ Հայաստանի վերակերտման քաղաքականությունը: Իսկ շահագրգիռ կարող է լինել, թե՛ Արեւմուտքը՝ Իսրայելի հետ միասին, թե՛ Ռուսաստանը՝ Իրանի ու արաբական որոշ երկրների հետ միասին: Այստեղ Հայ Արիական Միաբանություն առաջադրած Համաարիական դաշինքի գաղափարը կարելի է զարգացնել, որը համահունչ է ինչպես Ռուսաստան-Հայաստան-Իրան-Արաբական աշխարհի մի հատվածի հետ ուղղահայաց առումով, այնպես էլ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Հունաստան-Եվրոպա հորիզոնական ուղղությամբ: Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ-ում ներկայացրել է փաստաթուղթ, որով նախատեսվում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Իրաքի եւ Սիրիայի քրիստոնյաների ու կրոնական այլ փոքրամասնությունների պաշտպանության համար: Սա էլ կարող է Հայաստանի կողմից օգտագործվել՝ Մերձավոր Արեւելքում քրիստոնեական միավորված զինուժի ստեղծման համար:

Պարզապես աշխատել է պետք…

Արման Դավթյան

Հայկական բանաձեւն ընդունվեց ՄԱԿ-ում

Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում մարտի 27-ին կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը («Prevention of genocide»): Հայաստանին են միացել եւ բանաձեւը համահեղինակել 64 պետություն, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձեւը համահեղինակելու համար բաց կմնա 2 շաբաթ:

Բանաձեւը վերահաստատում է, որ ցեղասպանության եւ մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունը խրախուսում է նման հանցագործությունների կրկնությունը եւ լուրջ խոչընդոտ է միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման ուղղությամբ ժողովուրդների համագործակցության համար եւ ընդգծում է անպատժելիության դեմ պայքարը՝ որպես կանխարգելման կարեւոր գործիք: Հայաստանի նախաձեռնած բանաձեւում ընդգծվում է, որ ցեղասպանության հանցագործության ժխտման եւ արդարացման փորձերը վտանգում են անպատժելիության դեմ պայքարը, խոչընդոտում են ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերին:

Բանաձեւը վերահաստատվում է Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմների կարեւորությունը՝ հրավիրելով պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու տեղեկատվություն ցեղասպանության եւ այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Բանաձեւը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ ցեղասպանությունների կանխարգելման նպատակով ամրապնդել համագործակցությունը գործող մեխանիզմների շրջանակներում, ցեղասպանությունների վերաճելու հավանականություն ունեցող մարդու իրավունքների զանգվածային, լուրջ եւ պարբերական խախտումները կանխելու նպատակով: Փաստաթուղթն ընդգծում է կրթության կարեւորությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում եւ կոչ է անում անդամ երկրների կառավարություններին համապատսպան կրթական ծրագրերով նպաստել ցեղասպանությունների իրազեկմանը եւ դրանց միջոցով կանխարգելմանը:

Որպես կանխարգելիչ միջոցառում բանաձեւը կոչ է անում ՄԱԿ անդամ երկրների կառավարություններին սահմանել անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի ազգային օրեր, որպեսզի նման հանցագործությունները երբեք չմոռացվեն ու բոլորը հնարավորություն ունենան անցյալի դասերի հիման վրա նպաստել առավել ապահով ապագայի կերտմանը:

Բանաձեւով Մարդու իրավունքների խորհուրդն առաջարկում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի ընդունման օրը, սահմանել ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:

Բանաձեւի համաձայն, նախատեսվում է նաեւ ցեղասպանության կանխարգելման հարցերով համակարգողների համաշխարհային ցանցի ստեղծում:

Հատկանշական է, որ Հայաստանի նախաձեռնությամբ միջազգային այս կարեւոր բանաձեւն ընդունվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:

«Լուսանցք» թիվ 11 (357), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։