Ազգադավությունը կհասցնի ինքնակործանման – Բայց ո՞վ է տվել այն երաշխիքը, որ Անկարան չի սպասում մեր քաղաքացիների այն սովորույթի ամրագրմանը, թե թուրքական սնունդը երբեք չի կարող թունավորված լինել կամ…

«Լուսանցք»-ը հաճախ է անդրադառնում թուրքական ամենատարբեր ապրանքների ներկրմանը, ինչը քաղաքական ու տնտեսական ներխուժումներից զատ նաեւ ազգային անվտանգության եւ այլաբնույթ խնդիրների է առնչվում:

Քաղաքականը հստակ է (որ նաեւ ռազմա-քաղաքական է)՝ յուրաքանչյուր լուման, որ հայկական կողմից մտնում է թուրքական գանձարան, արագորեն վերածվում է նաեւ զենք-զինամթերքի, որը թուրքական աջակցությամբ գործածվում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում, որտեղ գրեթե ամեն օր սահմանախախտումներ են լինում, զոհվում կամ վիրավորվում են հայ զինվորականները (թերեւս մերձավորարեւելյան հատվածում էլ է այդ գումարը ներդրվում՝ սնելով իսլամական ծայրահեղականներին, որոնք լծվել են նաեւ հայության եւ հայկական արժեքների ոչնչացման գործին):

Տնտեսական առումով վնասը եւս ակնհայտ է, էժան ու անորակ թուրքական հագուստներն անարգելք Հայաստան են մտնում եւ դառնում հայկական նորաձեւության «նշխարներ»: Առանց չափազանցության պիտի նշենք, որ անգամ Հայաստանում արտադրվող որակյալ հագուստների (նաեւ որոշ եվրոպական, չինական ու այլ երկրների) վրա թուրքական պիտակներ են կպցվում երբեմն, որ առեւտուրը լավ ընթանա (սա վաճառողների բացատրությունից է)… Ահա թե ուր է հասել անհեթեթությունը… Ասում են՝ անգամ թուրքական խանութներ կան Երեւանում (կամ միայն թուրքական ապրանքներ վաճառող) ու հենց մեր մայրաքաղաքից են սնում Անկարային…

Իսկ ազգային անվտանգության հարցը հատկապես առողջապահական ոլորտին է առնչվում: Շատերի կարծիքով ոչ մի վտանգ չկա, երբ թուրքական սնունդը առանց ստուգման, երրորդ երկրներից բերվում է Հայաստան: Բայց ո՞վ է տվել այն երաշխիքը, որ Անկարան չի սպասում մեր քաղաքացիների այն սովորույթի ամրագրմանը, թե թուրքական սնունդը երբեք չի կարող թունավորված լինել կամ տարբեր հիվանդություններ չի առաջացնի մեր բնակչության մոտ՝ այն գործածելու ընթացքում…

Քանի անգամ է խոսվել, որ պետք է ո՛չ ասել թուրքական ամեն ինչին, նաեւ հանգստավայրերին:

Մեր անխիղճ ու անհեռատես գործարարները ցայսօր չհասկացան, որ կապուտակ Սեւանի ափին ավելի թանկ է հանգստանալը, քան անթալիաներում… Իսկ անթալիաների գնով հնարավոր է հանգստանալու մեկնել Հունաստան, Կիպրոս, եվրոպական ու մերձավորարեւելյան տարբեր երկրներ, բայց չէ՝ կան հայեր, որ անպայման պիտի սնեն թուրքական բյուջեն եւ զինեն թուրք-ադրբեջանական բանակները… Անգամ մեր մարզական ակումբները մարզիկների պարապմունքներն են թուրքական հանգստավայրերում կազմակերպում: Պարզապես խենթանալու բան է, այսքան անպատի՞վ… Թուրքիա իբր աշխատանք ունենալու պայմանով մեկնած, բայց հանկարծ «խաբված» եւ «ստիպողաբար» պոռնկությամբ զբաղվողների մասին էլ չխոսենք: Գոնե մեր պոռնիկները «սպիդ-մսպիդ» տարածեին Թուրքիայում, կասեինք լուրջ գործով են զբաղված…

Լավ, իսկ ու՞ր են նայում հայրենասիրությունից իրենց կորցրած մեր երկրի իշխանավորներն ու ընդդիմադիր առաջնորդները, ազգային անվտանգության պատասխանատուները… Վախենում են մարդու իրավունքները ոտնահարե՞լ, եթե արգելեն Թուրքիա մեկնել, թուրքերին ծառայել ու հարստացնել: Թե՞ չեն կարեւորում, որ հետո մեր դեմ մեր իսկ գումարներն են գործածվում…

Առջեւում ամառն է, դարձյալ շատերի առջեւ կանգնելու է ամառային հանգիստը անցկացնելու հարցը: Ոմանք էլ Արեւմտյան Հայաստան՝ պապերի երկիր գնալու պատրվակով կամ ինչ-ինչ հայրենասիրական կանչերով են մեկնելու… Բայց միեւնույնն է թուրքին են հարստացնում:

(Հոդվածը տպագրվում էր, երբ տեղեկատվություն տարածվեց, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված՝ «Տրանս Տուր» ընկերությունը հայտարարում է, որ ս.թ. ապրիլի 1-30-ը չի գովազդելու Թուրքիայում առաջարկվող ոչ մի զբոսաշրջային փաթեթ, ցուցահանդես, ուսուցողական միջոցառում եւ այլն: Մենք կոչ ենք անում բոլոր զբոսաշրջային ընկերություններին միանալ այս նախաձեռնությանը եւ գոնե այս ամիս լռությամբ հարգել համազգային վիշտը: Իսկ եթե ընդհանրապես դադարեցվի դեպի ներկայիս Թուրքիա բոլոր տուրուղեւորությունները, կլինի գերազանց):

Օրերս Արարատի ու Արմավիրի մարզերից տասնյակ ջերմոցատերեր էին հավաքվել կառավարության շենքի դիմաց։ Եկել էին բողոքելու, որ անհավասար մրցակցություն կա հայկական պտուղ-բանջարեղենի ու թուրքականի միջեւ: Պնդում էին, որ մաքսանենգ ճանապարհով ներկրված բանջարեղենը, հատկապես լոլիկը, հայաստանյան շուկաներում տեղականից ավելի ցածր գնով է վաճառվում։ Արդյունքում թանկ ինքնարժեքով ստացված բերքից չեն կարողանում եկամուտ ստանալ հայ ջերմոցատերերը։ «Բերել են թուրքականը, եւ մեր տեղական ապրանքը չենք կարողանում սպառել»,- բողոքում էին նրանք:

Մի դիտարկում անենք այս առումով, եթե անգամ Թուրքիան վնաս կրի էժան ապրանք ներմուծելով մեր երկիր, ապա միունույնն է, դա կանի: Նախ՝ վնաս է հասցնում Հայաստանի գյուղատնտեսությանը, քանի որ գյուղացիները այսպես շարունակվելու դեպքում կհրաժարվեն հողագործությամբ զբաղվելուց կամ մեր բնակչությանը անհրաժեշտ գյուղատնտեսական ապրանքներ մշակելուց: Այսպես կծանրանա նաեւ գյուղացիների սոցիալ-տնտեսական վիճակը, ինչն էլ հենց մղում է արտագաղթի...

«Ոչ ասում ենք գազը, ոչ հոսանքը, ոչ ջուրը էժանացրեք, ոչինչ չենք ուզում, մեր խնդրանքն ընդամենը մեկն է, որ Հայաստան ներկրվի մաքսազերծված լոլիկ՝ տեղական 1 կգ լոլիկի արժեքը պիտի լինի 500 դրամ, բայց իրենք բերում-ներկրում են ու 500 դրամով են ծախում, երբեմն նաեւ էժան, էդ ի՞նչ ֆոկուս է»,- զարմացած են բողոքողները:

Ջերմոցատերերի պահանջն հասավ կառավարություն, նրանց հետ հանդիպեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Գյուղատնտեսները հանդիպումից ոգեւորված դուրս եկան, քանի որ իրատեսական խոստումներ էին լսել։ Ցուցարարները միաժամանակ հիշեցնում էին, որ առաջին անգամը չեն այս ճանապարհով անցնում։ Ամեն տարի գարնանը, երբ շուկա են հանում ջերմոցներից ստացվող բերքը, ստիպված հասնում են Երեւան։

Կարծում ենք՝ մեր իշխանության վերնախավը եւս պիտի հետեւի գյուղնախարարի օրինակին, հանդիպի քաղաքական, տնտեսական, իրավապահ, ուժային եւ այլ ոլորտների ազգային ու հանրային շահագրգիռ կազմակերպությունների եւ ներկայացուցիչների հետ եւ թուրքական թեման պիտի հանգուցալուծվի, ինչպես հայ-թուրքական կոչված արձանագրությունները… հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին մենք պիտի մտածենք թուրքական բյուջեն մեր կողմից չհարստացնելու մասին:

Թե չէ այսպես որ գնա, երեւի Կասպից ծովի ափին էլ՝ Բաքվում, նույնպես հանգստացողներ կգտնվեն ու էլի նման տարօրինակ բաների ականատեսը կդառնանք:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 11 (357), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։