Հայի բանակը՝ ապագայակերտ կառույց – Հայկական զինուժը՝ նաեւ այլ տարածաշրջաններում… ՆԱՏՕ-ի պաշտոնյան՝ նաեւ Արցախի հակամարտության մասին… Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին…

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ազդեցիկ տարափը, որ թափվեց Անկարայի գլխին, դեռ շփոթմունքի մեջ է պահում թուրքական իշխանություններին, որոնք ցայսօր փորձում են դիմակայել այդ արձագանքներին եւ արդեն հասունացող հայկական պահանջատիրությանը: Եվ եղբայր ադրբեջանցիների մասին դեռ մտածելու ժամանակ չունեն, միայն մի անգամ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, թե Երեւանում Ֆրանսուա Օլանդի եւ Վլադիմիր Պուտինի ներկայությունը Արցախի հարցում ստվեր գցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի անկողմնակալություն վրա: «Մենք Մինսկի խմբից, որը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ որպես միջնորդ է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի շուրջ, ակնկալում էինք օբյեկտիվություն»,- ասել է Թուրքիայի վարչապետը եւ հավելել, որ հիասթափված են, հատկապես Ռուսաստանի նախագահից՝ «1915թ. դեպքերը» ցեղասպանություն անվանելու համար: Նա հասկացրել է, որ ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ այդ հարցի շուրջ քննարկումներ են եղել եւ «անհրաժեշտ քայլեր» կձեռնարկվեն: Ցանկացած դիրքորոշում, որը «խանգարում եւ անարգում է մեր պատմությունը, վիրավորում է մեր վստահությունը», կարժանանա համարժեք վերաբերմունքի.- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Վերջերս իսկապես լարված են ինչպես ռուս-թուրքական, այնպես էլ թուրք-եվրոպական հարաբերությունները, ինչը պետք է լիարժեքորեն օգտագործվի հայկական շահերի առաջխաղացման համար: Այդ թվում՝ Արցախի հիմնահարցի: Այսօր կարեւոր է, որ բոլոր քաղաքական ուժերը պնդեն այն տեսակետը, որ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցային գործընթաց: Սա պիտի դառնա ՀՀ եւ ԼՂՀ բոլոր ուժերի առաջին խնդիրը: Արցախ-Ադրբեջան բանակցությունները բոլորովին այլ հարթություն կտեղափոխեն Արցախի անկախության հարցը, ինչից էլ այդքան վախենում են Բաքվում եւ Ակարայում: Սա կարող է նաեւ նախադեպ դառնալ, ասենք, Ջավախքի հայության ընդհանուր ներկայացուցիչների, Նախիջեւանի ու Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունների միջազգային ասպարեզում հայտնվելու համար:

Իհարկե, նման քայլերի դիմելուց առաջ պետք է կարգավորել ներքին գործերը՝ զինուժի պատրաստվածությունը մեկ անգամ եւս կարեւորելով: Մայիսի 12-14-ը հերթական այցով Երեւանում էր ՀՀ կարիքներին օժանդակելու համար ձեւավորված եւ ՆԱՏՕ-ի ու ԳՀԽ կոնսորցիումի հովանու ներքո գործող «Պաշտպանական կրթության զարգացման» թիմը, որում ընգրկված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Ռումինիայի ու Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ փոխգործակցությանը ներգրավվել էին Հայաստանի պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Արմեն Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտները եւ ենթասպաների դպրոցը: Այցի նպատակն էր ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների եւ պաշտպանության նախարարության կադրերի ու ռազմական կրթության վարչության հետ 2014թ. համագործակցության ամփոփումը, ինչպես նաեւ 2015թ. ծրագրերի եւ հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը: Այս նպատակով անցկացվել է շահագրգիռ հաստատությունների ներգրավմամբ լիագումար կազմով աշխատաժողով եւ կազմակերպվել են միջազգային փորձագիտական խմբի այցեր ռազմական կրթօջախներ:  

Աշխատաժողովում հայկական կողմը ներկայացրել է պաշտպանական կրթության ոլորտում եւ ռազմական ուսումնական հաստատություններում կյանքի կոչված բարեփոխումները: Կարեւորվել են նոր մեկնարկած դասընթացների, ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, ինչպես նաեւ պաշտպանական կրթության բարեփոխումներին սատարելուն միտված օրենսդրական նախաձեռնությունների ու բարձրագույն ռազմական կրթության համաեվրոպական Բոլոնյան գործընթացի դրույթները կյանքի կոչելու հարցերը:

Հայկական զինուժի պատասխանատուները կարեւորում են ինչպես մարտունակ բանակ ունենալու գաղափարը, այնպես էլ իրավական առումով ամուր եւ մարզական ու կրթական մակարդակով բարձր զինվորականներ ունենալու հանգամանքը: Հայ զինվորականը նաեւ գաղափարական մարտիկ պիտի լինի, ինչի անհրաժեշտությունը ապացուցվել է մեր բոլոր հաղթանակների ընթացքում: Թե նախկին, թե վերջին ժամանակների:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների (միջազգային խորհրդատվական խմբի) հետ միասին կազմակերպվել են նաեւ այցեր ռազմաուսումնական հաստատություններ, որտեղ հանդիպումներ են եղել կրթօջախների ղեկավարության ու ուսումնական գործընթացի պատասխանատուների, ինչպեսեւ սպայական ու սերժանտական կազմերի հետ: Հանդիպումներին հայկական կողմը ներկայացրել է խորհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքը, առաջիկա տարիների համագործակցությունը զինված ուժերի կարիքներին լավագույնս համապատասխանեցնելու նկատառումները: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում խորհրդատվական խումբը ներկայացրել է զեկուցում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման փիլիսիփայության վերաբերյալ՝ մտասեւեռվելով օպերատիվ մակարդակում դրա կենսագործման հարցերի վրա: Խորհրդատվական խմբի այցը ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմամբ: Համաձայնեցվել են հայկական ռազմաուսումնական հաստատությունների հետ խորհրդատվական խմբի համագործակցության 2015թ. եւ հետագա ծրագրեր եւ ուղենիշներ:

Հիշեցնենք, որ մինչ այս, ապրիլի 30-ից մայիսի 10-ը Ռուսաստանում (Թաթարստանի մայրաքաղաք Կազանում) անցկացվեց համառուսաստանյան ռազմամարզական կազմակերպությունների եւ կադետական կորպուսների երիտասարդական կրթական «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ» հավաքը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին: Հավաքին մասնակցեց նաեւ ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պատվիրակությունը: Ընդգրկված էին 10-ից ավելի սպորտային մարզաձեւեր՝ հրաձգություն, երթարշավ, սուսերամարտ, լող, ուժային տեստավորում, արգելագոտու հաղթահարում, ծանրաքարի բարձրացում, փեյնթբոլ, ռազմատակտիկական խաղ, պատմական վիկտորինա եւ այլն: Համառուսաստանյան հավաքը թվով 46 թիմերի համար նաեւ օգոստոսին Հայաստանի պաշտպանության նախարարության հովանու ներքո Ծաղկաձորում անցկացված «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ» երիտասարդական կրթական հավաքների մասնակիցների ընտրական փուլն էր: Լավագույնը ճանաչված 6 թիմերին, որոնք օգոստոսին մասնակցել են ծաղկաձորյան հավաքներին, ռազմամարզական վարժարանի հավաստագրեր էին ստացել:

Հայկական զինուժը նաեւ այլ տարածաշրջաններում է շարունակում ծառայություն իրականացնել՝ համագործակցելով ինչպես ՆԱՏՕ-ական, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ական ուժերի հետ: Մեր զինվորականները ծառայություն են իրականացրել, Իրաքում, Լիբանանում, Կոսովոյում, Աֆղանստանում եւն:  Այժմ Տաջիկստանում hայկական ստորաբաժանումը մարտական խնդիրներ է կատարում:

Անակնկալ ստուգումների նպատակով մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված եւ Տաջիկստանի տարածքում բացազատված ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումները շարունակում են կատարել ուսումնական մարտական խնդիրները: «Խարբմայդոն» զորավարժարանում մայիսի 18-ին տեղի է ունեցել հանկարծակի ստուգման վարժանքի ավարտական փուլի գլխավոր փորձը, որի ընթացքում ներգրավված ազգային զորախմբերը դրսեւորել են մարտական բարձր պատրաստականություն եւ մեծ պատասխանատվությամբ իրագործել առաջադրված խնդիրները: Մարտական կրակի կիրառմամբ եւ անցկացված զորախաղի ընթացքում հատուկ ստորաբաժանման խմբերը, որոնց կազմում է նաեւ հայկական ստորաբաժանումը, հետախուզել են տարածքը՝ հայտնաբերելով անօրինական գործող զինված խմբավորում՝ մարտի են բռնվել վերջինիս հետ, ոչնչացրել են պայմանական հակառակորդին եւ գերեւարել գլխավոր ուղղությամբ գործող խմբավորման ղեկավարին:

Միաժամանակ՝ հայկական զորախումբն իր գործողություններով ապահովել է արագ արձագանքման հավաքական ուժերի այլ ստորաբաժանումների առաջխաղացումը:

Հիշեցնենք, որ անակնկալ ստուգման վարժանքին մասնակցում են ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500 զինծառայողներ, շուրջ 200 միավոր մարտական տեխնիկա, 2 տասնյակ միավոր մարտական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Հայկական հատուկջոկատայինները իրենց բարձր պատրաստվածությունը ցույց տվեցին նաեւ վերջերս Արցախում անցկացվող զորավարժությունների ժամանակ, երբ ադրբեջանցիների կողմից անսպասելիորեն գնդակոծված ուսումնական ինքնաթիռի զոհված օդաչուներին դուրս բերեցին Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների շրջափակումից՝ չտալով ոչ մի զոհ կամ վիրավոր: Հայկական ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են համագործակցել Տաջիկստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ազգային զորախմբերի հետ: Նշենք, որ մայիսի 15-ին զորավարժարան է այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խմբի հետ շրջել է զորավարժարանում բացազատված վրանային ճամբարում, ծանոթացել ստորաբաժանումների կենցաղային պայմաններին ու նրանց առաջադրված մարտական խնդիրներին:

Նմանաբնույթ վարժանքները սպառնալիքների առկայության եւ ռազմական գործողությունների պարագայում արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջեւ ապահովում են փոխգործակցություն, համատեղ գործողությունների ներդաշնակում, ինչպես նաեւ բարձրացնում են բազմազգ զորախմբավորման կառավարման արդյունավետությունը մարտական գործողությունների ընթացքում:

Չնայած, ինչպես հաճախ ենք անդրադառնում ՀԱՊԿ երկրների քաղաքական մոտեցումներին, այսօր էլ լիովին համոզված չենք, որ Ադրբեջանի հետ (էլ չասենք՝ Թուրքիայի) ռազմական ընդհարման ժամանակ Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ղրղզստանի զինուժը կկանգնի Հայաստանի կողքին:

Հիշեցնենք, որ մեկ անգամ չէ, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, թե իր երկիրը բազմաթիվ դաշինքների անդամ է, սակայն ամենակարեւորը համաթուրքական դաշինքն է (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան):

Այսպես ո՛չ միայն ղազախներն են մտածում…

Արամ Ավետյան

ՆԱՏՕ-ի պաշտոնյան՝ Արցախի հակամարտության մասին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է գործընկեր պետությունների Հյուսիսատլանտյան Դաշինքի ռազմական կոմիտեի նիստերին: Նիստերն անցկացվել են Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող Վճռական աջակցություն եւ ԿՖՈՌ գործողություններին, ինչպեսեւ «Փոխգործունակության հարթակին» ներգրավված պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձեւաչափով: Քննարկումներ են ծավալվել Աֆղանստանում եւ Կոսովոյում անվտանգային իրավիճակի, կոալիցիոն զորքերի գործողությունների ընթացքի ու հարատեւ կայունության հաստատման հեռանկարների վերաբերյալ:

Գլխավոր շտաբերի պետերը կարծիքներ են փոխանակել նաեւ միջազգային խաղաղության եւ անվտանգության ջանքերում համատեղ ուսումնավարժանքների արդյունավետության բարձրացմանը միտված՝ ՆԱՏՕ-ի եւ գործընկեր պետությունների միջեւ «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնության կյանքի կոչման մտահղացման շուրջ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպում է ունեցել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերի գեներալ Ադրիան Բրադշոուի հետ: Հանդիպման նպատակն էր կարծիքներ փոխանակել տարածաշրջանային անվտանգութան ու միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության հարցերի շուրջ: Հայկական կողմը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կատարվող ռազմական զարգացումները, առաջնագծում տեղի ունեցած վերջին միջադեպերը, միջազգային առաքելություններին

հայ խաղաղապահների մասնակցության հեռանկարները:

Իր հերթին, գեներալ Ադրիան Բրադշոուն բարձր է գնահատել Աֆղանստանում եւ Կոսովոյում անցկացվող կոալիցիոն առաքելություններին Հայաստանի զինված ուժերի շարունակական մասնակցության համար:

* * *

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու հետ կապված օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Առաջարկվում է զինծառայության ընթացքում վնասվածք ստացած զինծառայողին անհրաժեշտության դեպքում բուժման հնարավորություն տալ արտերկրում:

Կառավարությունը երեկվա նիստում համաձայնեց հավանության արժանացնել օրինագիծը՝ միայն իր առաջարկներն ընդունելու դեպքում:

Այն է՝ զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում միայն զինծառայողի բուժումը կիրականացվի օտարերկրյա պետությունում:

Գործադիրի մեկ այլ առաջարկ էլ այն է, որ օտարերկյա պետությունում բուժման, ճանապարհածախսի եւ կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած զինծառայողները: Բացառությամբ, իհարկե, եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետեւանքով ծագած հիվանդությունը նրանց կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետեւանք է:

Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումը օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի առկայություն, ապա հատուցվում է նաեւ ուղեկցող անձի ճանապարհածախսը եւ կեցությունը օտարերկրյա պետությունում:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ, առաջարկների ընդունմամբ մարտական պայմաններում զինվորական ծախսերը պետական միջոցների հաշվին նախատեսելը լրացուցիչ խթան կհանդիսանա եւ կբարձրացնի զինծառայողների պաշտպանվածության մակարդակը:

«Լուսանցք» թիվ 18 (364), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։