Երբ օտարն իրեն տանտեր է զգում – դեսպանները համասեռականության քարոզիչ… Օրինականացնե՞լ, թե՞ չօրինականացնե՞լ մարմնավաճառությունը… Այս անգամ չգենդերացվեցինք…

Երբ օտարն իրեն տանտեր է զգում

«Լուսանցք»-ը միշտ է գրել անբարոյականության քարոզի դեմ եւ միշտ էլ հանդես է եկել կտրուկ խոսքով: Սա այն սկզբունքներից է, որը որդեգրել ենք առաջին իսկ թողարկումից: Մեր պայքարը, շատերի հետ միասին, նաեւ արդյունավետ է եղել, հատկապես բացահայտ փողոցային մարմնավաճառության դեմն առնելու, համասեռականության իրավունքները սահմանափակելու, այս համապատկերում՝ կոմայգին ԼԳԲՏ տարրերից մաքրելու եւ նմանատիպ այլ երեւույթների դեմ պայքարում: Մենք մշտապես բացահայտել ենք եվրաարժեք համարվող անբարո բարքերի քաղաքականությունը՝ այն համարելով ազգերը եւ պետությունները թուլացնելու, պառակտելու եւ ոչնչացնելու միջոց: Այդ գործում հաճախ «տրոյական ձի» են ծառայում դեսպանատները: Մասնավորապես ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի: Անգլո-ամերիկյան կողմը մասնագիտացել է նաեւ թուրք-ադրբեջանական քարոզարշավի մեջ, եւ Հայաստանում զբաղվում է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի լոբբինգով: Իսկ Գերմանիայի դեսպանատունը, որոշակիորեն նաեւ Ֆրանսիայի, հատկապես համասեռականների պաշտպանության ջատագով են, առաջինի դեպքում երեւի թե նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ այդ երկրի ԱԳ նախարարը փոքրամասնական սեռական հակումներ ունի, ինչը քաղաքական ուղղություն է դարձել դեսպանատների համար…

Գերմանիայի դեսպանը հերթական անգամ փորձում է գումարներ տրամադրելով՝ Հայաստանում վերջապես ծածանել ծիածանագույն (հազար ափսոս՝ այս բնական ծիածանային գեղեցկությունը) բազում դրոշներ… Բայց որեւէ գումար չի կարող դա իրագործել: Ինչքան համոզվում են սրանում հակահայ դիվանագետները, այնքան կատաղի են ձգտում հասնել արդյունքի: 

«Միասեռականներին ոչ ոք չի խանգարում իրենց գործը կատարել, չի պախարակում, ոչ էլ դատափետել են, բայց անընդհատ ուզում են ավելին, ավելին, քարոզչությամբ զբաղել, տոնախմբություններ անել հրապարակային: Լայնածավալ հարձակում է հայկական ավանդույթների, բարոյականության, մեր արժեհամակարագի վրա»,- ասել է Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով մասնավորապես Հայաստանում Գերմանիայի դեսպանության կողմից միասեռականներին աջակցելու, ֆինանսավորելու հարցի շուրջ: Ըստ դեսպանատան պաշտոնական կայքի, Գերմանիայի դեսպանությունը հունիսի 9-ին մարդասիրական (այս անունից քիչ է մնում նվաղես – Հ.Թ.) «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ կնքել է պայմանագիր ֆինանսական աջակցության վերաբերյալ: Աջակցությունը սահմանվել է «Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների եւ տրանսսեքսուալների (ԼՄԲՏ) իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների ու սկսնակ առաջնորդների գիտելիքների ամրապնդում եւ խթանում» ծրագրի համար: 30.000 եվրո արժողությամբ այս ծրագիրը նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանում լեսբուհիների ու միասեռականների իրավունքները՝ պայքարելով բնակչության շրջանում վերջիններիս նկատմամբ դրսեւորվող խտրականության եւ արհամարհանքի դեմ:

«Եթե պարոն դեսպանն այդքան հոգատար է, թող այդ գումարը տրամադրեր ավանդական երիտասարդ ընտանիքներին, ովքեր, օրինակ, բնակարանի խնդիրներ ունեն: Ինչո՞ւ չեն անում: Գերմանիայի դեսպանը թող բարի լիներ ու այդ գումարը նվիրեր իր երկրի գեյերին: Ի՞նչ գործ ունի մեր երկրի հետ: Թող գնան իրենց երկրում զարգացնեն, մեր երկրում դրա կարիքը չկա»,- հավելել է Դեմկուսի ղեկավարը: Ըստ նրա, հստակ ծրագիր է իրականացվում, գումար են տալիս իշխանություններին, որպեսզի ընդունեն օրենքներ՝ գենդերի, յուվենալ արդարադատության, խտրականության դեմ:  

«Համահայկական ծնողական կոմիտե»-ի հիմնադիր անդամ Արման Բոշյանի խոսքով էլ, Հայաստանում որեւէ օրենք չկա, որ արգելի կամ հստակ վերահսկի այլ երկրներից գումարների հոսքերը մեր երկիկր, որոնք, իբր, ուղղված են քաղաքացիական հասարակության աջակցությանը, մարդու իրավունքներին: «Պատճառն այն է, որ եթե նման օրենքներ ընդունեն, խնդիրներ կունենան Արեւմուտքից գումարներ ստանալու հետ»,- ասել է նա: Եվ հավելել է, որ ոչ միայն Գերմանիայի դեսպանատունն է նման գործունեությամբ զբաղվում, այլ դեսպանատներ եւս հետ չեն մնում. «Գերմանիայի տված 30 հազար եվրոն մի կաթիլն է ընդամենը: Խոսքը միլիոնների մասին է: Կոչ եմ անում հանրությանը, օգտվելով սահմանադրական իրավունքից, անտեսել մեր ավանդույթներն անտեսող, անհարգալից վերաբերմունք ցուցաբերող այն մարմիններին, դեսպանատներին, դեսպաններին, ովքեր կոչ են անում քայքայել մեր ավանդույթները, մեր հոգեւոր արժեհամակարգը: Խտրականության է ենթարկվում բնակչության մեծամասնությունը, իսկ այդ փոքրամասնություններին մեզ մոտ չեն նեղում»:

«Համահայկական ծնողական կոմիտե»-ի հիմնադիր անդամի խոսքով, այս ամենի նպատակն այն է, որ ժամանակի ընթացքում Հայաստանը բնական ձեւով դատարկվի. «Գերմանիան մահանալու վրա է, դեմոգրաֆիկ կատաստրոֆայի շեմին է, ծնելիության գործակիցը շատ ցածր է: Այն տեխնոլոգիաները, որոնք ԱՄՆ-ն է կիրառել Գերմանիայում՝ տիրանալու Գերմանիային, հիմա Գերմանիան է այդ տեխնոլոգիաներն արտահանում այլ երկրներ, նաեւ Ռուսաստան: Մոսկվան կարողացավ պաշտպանվել օրենքներով, իսկ մենք՝ ոչ, քանի որ ամեն ինչ մեզ մոտ կամավորականներն են անում, պետական որեւէ մոտեցում չկա»:

Ցավոք հայության մեջ դեռ կան մարդիկ, որ չեն հասկանում, թե գերտերությունների ինչին է պետք Հայաստանն առանց հայերի: «Հայաստանը ստրատեգիկ տարածք է՝ ռազմական, աշխարհաքաղաքական մեր դիրքը, դերը շատ մեծ է: Հատկապես Արեւմուտքի համար Հայաստանի տարածքը շատ հարմար է Ռուսաստանի վրա հարձակումներ կատարելու համար: Վրաստանում այլ ծրագիր է իրագործվում, իսկ Հայաստանում կստեղծվի աշխարհաքաղաքական այնպիսի միջավայր, որը թույլ կտա Ռուսաստանի վրա կազմակերպել զանազան հարձակումներ»,- ասել է Արման Բոշյանը՝ երեւի թե նկատի ունենալով հայ-ռուսական հարաբերությունների առանձնահատկությունը ռուս-վրացականից, անգամ ռուս-ադրբեջականից:

Արամ Սարգսյանն էլ նշել է, որ Հայաստանի իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ նպաստում են Արեւմուտքի այդ քաղաքականությանը. «Իհարկե, Հայաստանն ամբողջությամբ չի դատարկվի, կմնան որոշակի քանակությամբ մարդիկ, ովքեր կլինեն վերահսկելի»: Նման պայմաններում, ըստ քաղաքական գործչի, Հայաստանի իշխանությունների ամենաառաջնային խնդիրը պետք է լինի՝ կանխել արտագաղթը, որն առանց այն էլ վտանգավոր սահմանների է հասել:

Ամեն անգամ երբ այս թեմայի շուրջ խոսք է լինում, դիմում ենք ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ում հետ տարիներ առաջ իշխանությունները հաշվեհարդար տեսան եւ բանտարկեցին՝ իհարկե բոլորովին այլ հոդվածով: Այդ տարիներին Արմեն Ավետիսյանին ծայրահեղական էինք համարում՝ ասելով, թե մարդու սեռական կյանքը նրա անձնական գործն է: Նա էլ «անիծեց» չհասկացողներիս՝ թե պտուղները հետո կքաղենք: Հայ արիներն ու հեթանոս ազգայնականների միավորումը չդադարեցրին պայքարը նման երեւույթների դեմ, որոնք վերջին ժամանակներս դարձել են որոշ դեսպանատների աշխատանքի բաղադրիչը: Ըստ հայ արիների առաջնորդի՝ սա անթույլատրելի է եւ իրենք մեկ անգամ արդեն դիմել են մեր իշխանություններին, որպեսզի այդօրինակ դեսպաններին դուրս վռնդեն Հայաստանից եւ ընդհանրապես արգելեն օտար դիվանագետներին՝ բացի իրենց երկրի ներկայացուցչությունը լինելուց այլ հարցերով զբաղվել, հատկապես այն, որոնք Հայաստանի ներքին կյանքին ու կեցակարգին են վերաբերում: «Եթե սրա դեմը չառնենք հիմա, վաղը մեզ պարտադրելու են մանկապղծությունն ընդունել եւ անասունների հետ սեռական հարաբերություններ ունենալ»,- մեզ հետ զրույցում նշեց Արմեն Ավետիսյանը՝ հավելելով, որ վաղուց լուրեր են հրապարակվում այս կամ այն «եվրամարդու» կամ «ամերիկամարդու» եւ այս կամ այն անասունի, անգամ թռչունի հետ ամուսնության մասին… Սա լուրջ վտանգ է, որը մեզանում դեռ ծիծաղով են ընդունում… Հասկացանք, եթե իրենք Դարվինի ուսմունքի հետեւորդներ են ու վստահ են, որ իրենց նախնիները կապիկից են առաջացել ու գնում են կապկանալու, դա իրենց խնդիրն է: Իսկ հայը, որպես ազգատեսակ ու մարդատեսակ, բնածին, արարչածին է, Աստվածների ժառանգ է ու չի կարող հավի կամ էշի հետ քնել…

Իմիջիայլոց, Բելգիայի բողոքական եկեղեցիներում արդեն կարող են ծառայել համասեռական հոգեւորականներ: Սա աղետ է, քանի որ քաղաքացիական ոլորտից մտնում է հոգեւոր դաշտ: Ճիշտ է, Հայաստանյայց առաքելական եկեղեցին, նաեւ Հռոմի պապը խիստ բացասաբար են վերաբերում այս երեւույթին, սակայն վարակը մտել է մեր տուն…

Բելգիայի բողոքական եկեղեցիներում կարող են ծառայել գեյ հոգեւորականներ: Բողոքական եկեղեցու Սինոդը հունիսի 13-ին որոշել է նույնասեռականությունը խոչընդոտ չհամարել քահանայական գործունեություն ծավալելու համար.- ասված է եկեղեցական կոմյունիկեում, որը մեջբերում է տեղի Le Soir թերթը: «Հպարտ եմ իմ եկեղեցով, ինչպես նաեւ նրանով, որ այդ հարցով լսումները տեղի են ունեցել բաց եւ անցել փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,- հայտարարել է Սինոդի ղեկավար Սթիվեն Ֆյութը: Պարբերականի փոխանցմամբ, մի քանի տարի առաջ էլ բողոքական Սինոդը, որի 15%-ը կանայք են, թույլատրել է օրհնել նույնասեռական ամուսնությունները:

«Լուսանցք»-ը այս անգամ էլ է միանում համահայկական պայքարին եւ դիմում է ՀՀ իշխանություններին՝ վճռականություն դրսեւորել  հայության ապագային սպառնացող վտանգի դեմն առնելու… Ինչպես նախկինում ենք նշել, մեծամասնության իրավունքները պարտավոր են պետականորեն պաշտպանվել այս հակաբնական փոքրամասնությունից:

Նարե Մշեցյան

Օրինականացնե՞լ, թե՞ չօրինականացնե՞լ

Աշխարհում ամենատարածված հիվանդությունները սեռավարակներն են, ու դրանց դեմ պայքարը գրեթե անվերահսկելի է: Սա բժիշկ-մաշկավեներաբան Սամվել Հովհաննիսյանի կարծիքն է։ Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում ամեն տարի սեռավարակվածները 10-20 միլիոնով ավելանում են: Սակայն քիչ թե շատ վերահսկումն, ըստ մասնագետի, հնարավոր է: Օրինակ՝ այն երկրներում, որտեղ արդեն օրինականացրել են մարմնավաճառությունը, ամբողջ  գործընթացը վերահսկվում է պետության կողմից: Այնտեղ ով ինչ ուզի, չի կարող անել: Վիճակագրությունը ցույց է տվել, որ սեռավարակների դեպքերը կրճատվել են: «Ամբողջությամբ կանխարգելել չենք կարող, բայց 50-60%-ով կկարողանանք վերահսկել վիճակը»:

Սեռավարակների խնդիրը մեր երկրում մշտապես թեժ քննարկման առիթ է, բայց վերջին 30 տարում ոչ մի լուծում չի գտնվել. «Մեր մենթալիտետը թույլ չի տալիս լուծում գտնել, իսկ որպես մասնագետ ասեմ՝ պետք է օրինականացնել մարմնավաճառությունը, դա կլինի խնդրի լուծման մի ուղի»: Բժշկի դիտարկմամբ՝ սեռավարակների աճ նկատվում է հիմնականում աշնանը: Սա կապվում է արտագնա աշխատանքից վերադարձողների հետ. «Շղթայական էֆեկտ է, ամուսինները վարակում են իրենց կանանց ու…»: Սեռավարակների տարածման պատճառներից մեկն էլ, ըստ մասնագետի, հիգիենայի ու անվտանգության կանոնների պակասն է. «Ամեն մարմնավաճառ կամ ամեն արտագնա աշխատանքի գնացող չէ, որ սեռավարակ է տարածում: Շատ դեպքերում հիգիենայի կանոնների չպահպանելն է պատճառը»:

Այս անգամ չգենդերացվեցինք

Կառավարության երեկվա նիստին ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում էր հաստատել «Դասընթացավարների վերապատրաստում գենդերային հավասարություն երիտասարդների աշխատանքում» արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվը: «Ծրագիրը ներկայացվել է ԿԳՆ-ի կողմից եւ ընդգրկված է կարեւորագույն նշանակություն ունեցող ծրագրերի շրջանակում, հավանության է արժանացել UNESCO-ի կողմից, ֆինանսավորումն արդեն հատկացված է, ծավալը կազմում է 24 հազ. ԱՄՆ դոլար»,- նշել է փոխնախարարը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը իր զարմանքն արտահայտեց այն հարցի շուրջ, որ նորից գենդեր բառն է կիրառվում, չնայած որ հասարակության կողմից նշված բառը ընդունելի չէ։ «Խոսքը կրկին կանանց եւ տղամարդկանց հավասարություն հասկացությունը գենդեր հասկացությամբ փոխարինելու անընդհատ ջանքի ու փորձի մասին է: Մենք սա անցել ենք

օրենսդրական դաշտում՝ օրենքի քննարկման ժամանակ, հիմա նորից ենք գալիս: Ընդ որում՝ հիմնավորումն ուղղակի սպանում է՝ պարզվում է, որ երիտասարդության շրջանում կա գենդեր հասկացության սխալ կամ թերի ընկալում, եւ դա պետք է ուղղել: Գենդեր հասկացության հիմնավորումը կա բոլոր բառարաններում՝ սեռի սոցիալական ընկալման ձեռքբերովի հատկանիշն է, ոչ թե տղամարդկանց եւ կանանց հավասարությունը»,- ասել է Վիգեն Սարգսյանն ու ընդգծել, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին եւս իր կարծիքն է հայտնել այս մասին։ «Ինչու՞ ենք մենք նորից վերադառնում մի բանի, որը հասարակության մեջ այդքան վատ է ընդունվում: Եթե ուզում ենք կանանց ու տղամարդկանց հավասարություն մտցնենք, այդպես էլ գրենք, ի՞նչ գենդեր, ինչի՞ ենք գենդեր տերմինն անընդհատ մտցնում ակտերի մեջ: Կարծում եմ, որ որոշման նախագիծը պետք է խմբագրել»,- առաջարկել է նա:

Սերգեյ Մանասարյանն էլ պատասխանեց, որ այդ քննարկումները եղել են, եւ իրենք սպասում էին, որ առաջարկություն կհնչի կառավարության նիստում, եւ որեւէ խնդիր չկա խմբագրական փոփոխություն կատարելու հետ կապված: Փոխնախարարի ասածն առաջացրեց վարչապետի զայրույթը. «Բայց ինչու կառավարության նիստին հնչեցնել: Հաճույք եք ստանու՞մ դրանից»։ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կարգավորել խմբագրական հարցերը:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 22 (368), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։