Հայաստանի ռազմա-քաղաքական եռուղի ընթացքը – Քաղաքական համադրություն՝ Արեւմտյան, Հյուսիսային եւ Արեւելյան ուղղություններով… Զինծառայողների բուժումը՝ նաե՛ւ արտերկում…

Հայաստանի ռազմա-քաղաքական եռուղի ընթացքը

ՀՀ արտաքին քաղաքական ոլորտը շարունակում է մնալ գերլարված աշխատանքային վիճակում, ինչը շարունակական հանդիպումների է մղում ինչպես արտաքին գործերի, այնպես էլ պաշտպանության նախարարությունների պատասխանատուներին: Փոխլրացումային քաղաքականությունը կիրառվում է եւ արտաքին ոլորտում եւ ռազմական բնագավառում:

Մենք վաղուց համոզվել ենք, որ համաշխարհային որեւէ բեւեռի վրա հիմնովին հենվելը հանգեցնում է անկանխատեսելի իրավիճակների, ինչն էլ հաճախ ավարտվել է կորուստներ պատճառելով: ԵՄ-ԵՏՄ հարաբերություններում միջանկյալ դիրքը հաստատ ձեռնտու է Հայաստանին, մնում է մինչեւ վերջ կարողանալ պահել այդ գիծը: Այստեղից էլ բխում է ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների համարժեք պահպանումը, քանի որ համոզվեցինք նաեւ, որ ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ թյուրքական երկրներն ավելի հակված են մեր ներկա թշնամիների հետ հարաբերությունների բարելավմանը, որոնք ՀԱՊԿ անդամ չեն՝ Թուրքիան եւ Ադրբեջանը:

Եվ մեր երկրի պատասխանատուները պարտավոր են այսպես համաչափ եւ զսպված շարունակել երկկողմանի ու փոխլրացնող քաղաքականությունը նաեւ ռազմական բնագավառում:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը վերջերս պաշտոնական այցով եղավ Վրաստանում եւ այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբում հանդիպեց ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ: Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-վրացական հարաբերություններին եւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը կարեւորել են պաշտպանական ոլորտում երկու հարեւան երկրների միջեւ համագործակցությունը, պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցությունը ռազմական կրթության, անձնակազմի բուժապահովման եւ արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստության ոլորտներում:

Այս հանդիպումը թերեւս կարեւոր է նաեւ այն առումով, որ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները տարբեր ձեւաչափերով եռակողմ հանդիպումներ են անցկացնում, այդ թվում՝ նաեւ պաշտպանության ոլորտում: Անգամ հայտարարել են վրաց-թուրք-ադրբեջանական եղբայրության մասին, իսկ այդ երկրների պաշտպանության նախարարները փաստաթուղթ են ստորագրել համատեղ պաշտպանություն եւ ռազմական գործողություններ իրականացնելու համար, եթե եռյակից որեւէ երկրի վրա հարձակում լինի:

Իհարկե, վրացիները կասեն, որ դա Ռուսաստանի մասով են ստորագրել, բայց վստահաբար այդպես չէ, հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսման դեպքում Անկարան կստիպի, որ Թբիլիսին իր հետ սատարի Բաքվին: Սրանք հարցեր են, որ պիտի պարզաբանվեն ու նաեւ փոխադարձ՝ հայ-վրացական պայմանագրերով չեզոքացվեն:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին ընդունել են նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ինչը հավաստում է, որ վրացական կողմը նույնպես լուրջ է տրամադրված: Հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-վրացական երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եւ բարձրաստիճան զրուցակիցները միակարծիք են եղել պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության արժեւորման հարցում, ընգդծելով երկկողմ կապերի ընդլայնման ու նոր ոլորտների ներառման նպատակահարմարությունը:  

Չնայած Արցախի խնդրի մասին չի նշվում, երեւի թե հասկանալի պատճառներով, բայց, կարծում ենք, այս հարցով եւս տեսակետներ են փոխանակվել: Այդ հարցը չի կարող չհուզել հայկական կողմին, քանի որ Թբիլիսին միշտ դեմ է եղել տարածքային անձեռնմխելիության սկզբունքը փոփոխելուն եւ մերժել է ազգային ինքնորաշման իրավունքի առաջնայնությունը: Վրաստանը նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքների վիճարկման խնդիրն ունի եւ զգուշորեն է արտահայտվում Արցախի հարցում: Սակայն, այդ զգուշությունն առավելապես ադրբեջանական առավելություն ունի, քան՝ հայկական: Այսպես է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը Վրաստանում, զգուշությունն առավելապես թուրքանպաստ է:

Այս օրերին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը այցելել էր Արցախ եւ հանդիպել Արցախի նախագահ Բակո Սահակյանին, ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին: Հանդիպումների ժամանակ անդրադարձ է եղել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին եւ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության զարգացումներին: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ներկայացրել է նաեւ գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումները: Իմիջիայլոց, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին եւ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին: Ավելի պարզ՝ այս ռազմական գործիչների աշխատանքային փոխատեղում է կատարվել:

Սա, իհարկե, մի նոր աղմուկի պատճառ կդառնա Բաքվի համար, սակայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հաստատ կանտեսեն դա, իսկ վերջերս Արցախի հարցով հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարարությունը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի Մոսկվա կատարելիք այցի հետ կապված. «Ռուսաստանը, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, արդեն մոտ 2 տասնամյակ շարունակում է ակտիվ դերակատարություն ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Հաշվի առնելով աշխարհագրական հարեւանությունը եւ մեր ժողովուրդների ընդհանուր պատմությունը, հակամարտության հանգուցալուծումն ունի մեզ համար առաջնային նշանակություն եւ դասվում է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքին:

Հարկ է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է օգնել, հանգուցալուծման տարբերակներ առաջարկել, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտության կողմերից: Ոչ կողմերը, ոչ միջնորդները չպետք է հույսները դնեն, թե ինչ-որ տեղից կհայտնվեն ղարաբաղյան հակամարտության ակնթարթային լուծման «կախարդական դեղատոմսեր: Սա այն ճանապարհն է, որը պետք է հաղթահարի անցնողը»»: Հաղորդագրությունում հակիրճ անդրադարձ կա նաեւ ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններին եւ հետագա զարգացմանը:

Հայաստանը վաղուց է հայտարարել, որ Արցախի խնդրի հարցով հանդես է գալիս խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու օգտին: Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի պատվիրակությանն (գլխավոր քարտուղար Դր. Օլավ Թվեյթի գլխավորությամբ) ընդունելու ժամանակ նշել է, որ մեր երկիրը երկխոսության, հանդուրժողականության, խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու օգտին է գործում առհասարակ, եւ այդ սկզբունքային դիրքորոշումը վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին:

Իհարկե, խաղաղության ձգտումը պարտադրում է նաեւ հզոր բանակ ունենալ, ինչն ամենօրյա ուշադրություն է պահանջում, քանի որ մեր երկրի ու ազգի միակ վստահելի հենարանը հայկական բանակն է: Այն մարտունակ է, լավ զինված, բայց դա եւս ամենօրյա լրացումների կարիք ունի:

Սեպտեմբերին կայանալիք ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստման պլանի համաձայն՝ ՀՀ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի հետ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակա կառույցներից մեկի բազայի վրա անցկացվել են «Պահեստային կառավարման կետի կահավորվածությունը եւ աշխատանքների իրականացումը» թեմայով պարապմունքներ: Պարապմունքները ղեկավարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 2015թ. նախատեսված է իրականացնել պաշտպանական համակարգի կատարելագործմանը միտված մի շարք միջոցառումներ եւ այս պարապմունքն ուրույն տեղ է զբաղեցնում ռազմավարական միջոցառումների շարքում: Պարապմունքի նպատակն էր նաեւ բարձրացնել համապատասխան գերատեսչությունների պաշտոնատար անձանց գիտելիքները կառավարման կետի աշխատանքների կազմակերպման գործում, վերհանել համապատասխան թերություններն ու անճշտությունները՝ հետագայում դրանք բացառելու նպատակով:

Երեւանում պատրաստվում են նաեւ ՆԱՏՕ-ի Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարին: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի խորհրդարանի հետ համատեղ հունիսի 18-20-ը կազմակերպում է այդ սեմինարը՝ «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով: Քննարկվող թեմաներն են՝ 1. Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ. անվտանգություն, քաղաքականություն եւ տնտեսություն, 2. ԻԼԻՊ-ի վերելքը Մերձավոր Արեւելքում եւ դրանից անդին (ազդեցությունը հայկական սփյուռքի վրա), 3. Լեռնային Ղարաբաղ. միջնորդության դերը, 4. ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում, 5. Բարեվարքության հաստատումն իբրեւ ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս, 6. Փակ սահմաններ. տնտեսական զարգացման, կայունության եւ խաղաղության մարտահրավերները, 7. Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում, 8. Քաղաքական զարգացումները եւ քաղաքացիական հասարակությունը տարածաշրջանում:

Իսկ մինչ այդ Ղրղզստանում նախանշվել են ԱՊՀ-ի մասնակից պետությունների զինված ուժերի 2016թ. համատեղ միջոցառումները: Չոլպոն Աթա քաղաքում կայացած ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ-ի ՊՆԽ) հերթական նիստին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Դիտարկվել է շուրջ 20 հարց՝ համագործակցության տարբեր ուղղություններով: Նախանշվել են ԱՊՀ-ի մասնակից պետությունների զինված ուժերի 2016թ. համատեղ միջոցառումները, այդ թվում զինծառայողների դաշտային (օդային, ծովային) հմտությունների կատարելագործմանն ուղղված միջազգային մրցումների կազմակերպում: Ընդունվել են հստակ որոշումներ՝ ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջեւ բազմակողմ համատեղ գործունեության հետագա ակտիվացման ուղղությամբ: ՊՆ Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաեւ Դուշանբեում (Տաջիկստան) ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: ՊՆԽ նիստը անցել է նեղ եւ ընդլայնված ձեւաչափերով: Ընթացքում ամփոփվել են մայիսին կայացած ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ազգային ստորաբաժանումների՝ նախատեսված խնդիրների կատարման պատրաստության ստուգման արդյունքները, ինչպես նաեւ քննարկվել են մի շարք հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը:

Ուրախալի է, որ պաշտոնական Երեւանը զարգացնում է նաեւ երրորդ ուղղությունը՝ Չինաստանի հետ:

Սերժ Սարգսյանն ընդունել է Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը: Հայ-չինական հարաբերությունների զարգացման տեսանկյունից չինական կողմը մեծապես կարեւորել է Հայաստանի նախագահի այցը Չինաստան, որը մեծացրել է փոխվստահության մթնոլորտը եւ բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդման նախապայմաններ է ստեղծել: Հիշեցնենք, որ Չինաստանը եւս թյուրքական խնդիրների է առնչվում, ու դրանք ներքին են՝ ավելի վտանգավոր՝ թյուրք-ույղուրական եւ Հայաստանը կարող է լինել պաշտոնական Պեկինի բնական դաշնակիցը:

Տարածաշրջանում այս երեք ուղղությունների հետ համադրելի հարաբերությունները մեծապես կավելացնեն հայաստանի քաղաքական կշիռը, ինչը իր հերթին զարկ կտա հայկական ազգային նպատակների միջազգայնացմանը: Այն քաղաքական կամ հասարակական ուժերը, որոնք կփորձեն մի ուղղության շահերը մեր երկրում պաշտպանելով խոչընդոտել այս նպատակին, պիտի ի ցույց դրվեն ու բացահայտվեն, որպեսզի հայ հանրությունը իրապես ընկալի պահի լրջությունը եւ դրա հետեւանքները՝ ինչպես մեր ներկայի, այնպես էլ ապագայի առումով:

Արամ Ավետյան

Զինծառայողների բուժումը՝ նաե՛ւ արտերկում

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը քննարկվեց ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ օրակարգ:

Հիշեցնենք՝ սա այն օրինագիծն է, որի համաձայն, զինծառայողները մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ստանում են վնասվածք, խեղում, կամ դրանց հետեւանքով ծագում է ինչ-որ հիվանդություն, որն ունի արտասահմանում բուժման կարիք, այդ բուժման ծախսերը, այս օրենքն ընդունելուց հետո, ամբողջությամբ կհոգա պետությունը:

Օրինագծի հեղինակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ «ավելի լայն էին վերցրել, թե որ դեպքերի վրա կարող է տարածվել օրենքը, սակայն քննարկումների արդյունքում նշված ձեւակերպումն անցավ»: Այս պահին չունենք այնպիսի մի դեպք, որով զինծառայողը խեղում կամ վնասվածք ստացած լինի համածառայակցի կամ հրամանատարի վատ վերաբերմունքի հետեւանքով եւ այդ խեղման կամ վնասվածքի բուժումը Հայաստանի բժշկական հաստատություններում անհնար լինի իրականացնել:

Օրինագիծը ընդունվելու դեպքում սկսելու է գործել 2016թ.-ից: Սակայն պնդում կա, որ այն տարածվի նաեւ մինչեւ 2016թ. հիվանդություն, խեղում կամ վնասվածք ստացած զինծառայողների նկատմամբ: Օրինագծի՝ ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում կառավարությունը սահմանելու է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի ստացած վնասվածքն արտերկրում բուժման, ինչպես նաեւ ճանապարհածախսի ու կեցության գումար հատկացնելու կարգը եւ պայմանները, ինչը ամեն ինչ կհստակեցնի: Պատգամավորն առաջարկում է զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելը դարձնել պետության պարտականություն. «Չեմ կարծում՝ Հայաստանում կլինի որեւէ անձնավորություն, ով դրական չվերաբերվի նման նախաձեռնությանը»:

«Լուսանցք» թիվ 22 (368), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։