Կդառնա՞ Պուտինը Ստալին, Ռուսաստանի Դաշնությունն էլ՝ Խորհրդային Միություն – Թե՞ արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվի… Հայաստանի բնակչության 1/3-ը կդառնա՞ ՌԴ քաղաքացի…

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է հանդես գալ որպես աշխարհի 2-րդ ռազմա-քաղաքական բեւեռի առաջնորդ, ինչը ստիպում է նրան քայլերի դիմել, որը պիտի դիտարկել կա՛մ որպես ռուսական մեծապետականության (վելիկոռուսականություն) ցուցադրում, կա՛մ՝ անհատականության ցուցադրական դրսեւորում: Այսինքն, աշխարհը պիտի նրան դիտարկի որպես «աշխարհի կեսն իմն է» ասողի… Չնայած «վլադի միր»-ը Պուտինին պարտադրում է չբավարարվել աշխարհի կեսով եւ կիրառել «տիրիր աշխարհին»՝ իր անվանը համարժեք քաղաքականությունը…

Վերջերս Վլադիմիր Պուտինը 1 ժամից ավելի ուշացել է Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպումից: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, հանդիպումը նշանակված է եղել տեղի ժամանակով 17:00-ին: 17:25 Պապի անձնական քարտուղարը դուրս է եկել նախագահ Պուտինին դիմավորելու, սակայն նա եկել է միայն 45 րոպե անց:

Ասում են, առաջին անգամը չէ, որ Պուտինն ուշանում է Հռոմի Պապի հետ հանդիպումից, 2013թ. նոյեմբերին կայացել է նրանց առաջին հանդիպումը, որից առաջ Պապը ստիպված է եղել սպասել 50 րոպե: Ռուսաստանի նախագահը հայտնի է տարբեր պաշտոնական հանդիպումներից ու միջոցառումներից ուշանալու սովորությամբ, օրինակ տարբեր տարիների նրան սպասել են Ուկրաինայի ղեկավարները, Միացյալ Նահանգների նախագահը, Գերմանիայի կանցլերը եւ Մեծ Բրիտանիայի թագուհին:

Շատերը կհիշեն, որ նման վարվելակերպ ուներ նաեւ Իոսիֆ Ստալինը, ով միշտ ուշանում էր հանդիպումներից: ԽՍՀՄ ղեկավարը անգամ 2-րդ համաշխարհայինի տարիներին եւ դրանից հետո պահպանեց այդ սովորույթը: Նրա կարծիքով սպասեցնելը հզորության նշան էր… Անգամ 1943թ. Թեհրանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԽՍՀՄ-ի ղեկավարների հանդիպումներին Ստալինն ուշանում էր 2, 3 կամ մի 5 րոպե: Եվ պետք է ասել՝ ազդեցությունը մեծ էր լինում: Երբ բոլորը նստած սպասում էին, նախագահները, դիվանագետները, զինվորականները, լրագրողները եւ այլք, մտնում է Ստալինը եւ ակամա բոլորը ոտքի էին կանգնում, այս դեպքում՝ ստիպված ոտքի էին կանգնում նաեւ երկրների ղեկավարները… եւ Ստալինը խրոխտ քայլերով մոտենում էր իրեն հատկացված տեղին: Մի անգամ ԱՄՆ-ի նախագահը որոշում է ինքն ուշանալ եւ հանդիպման վայր է գալիս 10 րոպե ուշացումով, բայց ի զարմանս նրա՝ Ստալինը եկած չի լինում եւ ներս է մտնում Տրումենի մտնելուց 1-2 րոպե հետո… Անգլիայի վարչապետ Չերչիլն ավելի խորաթափանց է գտնվում եւ զերծ է մնում նման փորձերից:  

Կարծում ենք, այս ամենի մասին լավ գիտի Վլադիմիր Պուտինը, ով փորձում է նույն համաշխարհային կարգավիճակին հասնել, որին հասել էր Իոսիֆ Ստալինը: Իզուր չէ, որ ԽՍՀՄ-ի կազմաքանդումից հետո, երբ ստեղծեց ԱՊՀ-ն, պուտինյան կառավարման ժամանակներում խոսակցություն եղավ, որ այն վերածվելու է նոր ԽՍՀՄ-ի՝ գուցե նոր կարգավիճակով: Բայց ԱՊՀ-ն չկարողացավ պահպանել ԽՍՀՄ-ական բոլոր տարածքների վրա ազդեցությունը, Մերձբալթիկայի երկրները միանշանակ հեռու մնացին, Վրաստանն ու Ադրբեջանը Կովկասում հեռու պահեցին իրենց, իսկ Միջին Ասիայում Ուզբեկստանը դուրս մնաց այդ խաղերից: Ռազմական ազդեցություն չկար, քաղաքականն էլ տապալվեց եւ առաջացավ տնտեսական ազդեցությամբ ԽՍՀՄ-ացնելու տարբերակը: Ստեղծվեց ԵՏՄ-ն իր Մաքսային միությամբ, ինչը ցայսօր Եվրասիական գաղափարաբանությամբ փորձում է Ռուսաստանի Դաշնության շուրջը հավաքել ԽՍՀՄ-ի այս ու այն կողմ փախած հանրապետություններին:

Եվրասիական Միությունը նա՛եւ պիտի հակընդեմ կառույց լինի Եվրոպական Միությանը, ինչը սակայն ԵՏՄ անդամ մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի սրտով չէ, եւ սա Մոսկվայի համար անհաղթահարելի խոչընդոտ է ցայսօր… Չնայած մերթ ընդ մերթ ռուսական կողմը ԵՏՄ անդամ երկներում փորձում է քաղաքական կամ տնտեսական բարդություններ առաջացնել:…

Վլադիմիր Պուտինն այն ղեկավարն է, ով Ռուսաստանի համար վերջին տարիներին ծավալապաշտական նոր հաջողություններ է ապահովել ու կարողացել է որոշակիորեն դուրս գալ ընդդեմ գործող համաշխարհային կարգերի, ինչը չի կարելի չնկատել: Սակայն, չի կարելի չնկատել նաեւ, որ միաբեւեռ աշխարհի կողմնակիցները դեռ չեն հանձնվել ու պատժամիջոցների եւ սահմանափակումների կիրառմամբ փորձում են տապալել երկբեւեռ աշխարհի ձեւավորման տեսլականը: ԱՄՆ-ն ու Եվրոպան շարունակում են տնտեսական ու քաղաքական ճնշումները, ինչը ամեն դեպքում ունենում է ծանր ազդեցություն: Հակառակ բեւեռի նկատմամբ էլ նման միջոցների է դիմում Ռուսաստանը, եւ հակամարտությունը թեժանում է:

Գուցե սա՞ է պատճառը, որ Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը առաջարկել է քննարկել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը՝ երկրում արագացված բարեփոխումներ իրականացնելու համար: «Եթե մենք մոտեցնում ենք Պետդումայի ընտրությունները, ապա կարծում եմ, մեզ պետք է նաեւ մոտեցնել նախագահի ընտրությունները եւ հայտարարել բարեփոխումների անցկացման նոր ծրագիր, որն ավելի հեշտ է իրականացնել՝ ունենալով վստահության քվե այն անցկացնելու համար»,- հայտարարել է Կուդրինը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ: Նշենք, որ այդ երկրի նախագահի հերթական ընտրությունները պետք է կայանան 2018թ.: Իսկ ավելի վաղ Պետդումա էր ներմուծվել մի օրինագիծ, ըստ որի 2016թ. խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու փոխարեն անցկացվի սեպտեմբերին:

Այդ համաժաղովին մասնակցող փոխվարչապետ Իգոր Շուվալովը հույս է հայտնել, որ 2016թ. խորհրդարանական ընտրությունները կլինեն ավելի թափանցիկ եւ մրցակցային, քան նախորդները եւ ընտրություններին կդրսեւորվի «քաղաքական մրցակցություն»: «Հուսով եմ որ կլինեն այլ ընտրություններ, քան եղան 2011թ. դեկտեմբեին: Ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ, եւ մենք պատրաստվում ենք դրան»,- նշել է փոխվարչապետը:

Գուցե պաշտոնական Մոսկվան պատրաստվում է զիջումների՞: Բայց որպեսզի արդեն ձեռքբերածը չկորցնի, փորձում է նոր նախագահական խաղ առաջ քաշել: Հասկանալի է, որ հաղթական Պուտինը չի կարող գնալ զիջումների, իսկ հակամարտության խորացումը կարող է վնասել երկրին, ուստի նրա փոխարեն պետք է գա մեկը, ով որոշակի զիջումներ կանի ուկրաինական ու կովկասյան ճակատներում, կամրագրի Մոսկվայի միջազգային դիրքերը եւ ապա նոր ընտրություններ կլինեն ու կրկին կգա Պուտինը… Իհարկե, սա ենթադրություն է, բայց իրատեսական:

Հայաստանում ռուսական խնդիրները յուրովի արձագանք են ստանում, քանզի բազմաթիվ են կապերը այդ երկրի հետ, հատկապես քաղաքական, տնտեսական ու սոցիալական առումներով: Անգամ շատ հայաստանցիների սոցիալական վիճակը կախված է նրանց բարեկամների ու հարազատների Ռուսաստանում աշխատելու եւ լավ վարձատրվելու հանգամանքից:

Հիշեցնենք, որ արտագաղթի (որին նպաստում է նաեւ արտագնա աշխատանքը) հիմնական ուղղությունը եւս Ռուսաստանն է, իսկ ավտոբուսների, գնացքների ու ինքնաթիռների արտագաղթային սպասարկումը իրականացվում է բարձր մակարդակով ու ռուսական կողմի շահագրգիռ առաջարկներով… Ամեն շաբաթ Երեւանի Սասունցի Դավիթ Կայարանի մոտից 2 անգամ ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ են շարժվում Ռուսասատանի ուղղությամբ: Նշված հատվածում մեկնման տոմսերի վաճառքով զբաղվող ընկերության մենեջերը, ով որոշ զլմ-ների ներկայացել է Պետո անունով, համոզված ասել է. «Ես բարերար եմ, օգնում եմ, որ մարդիկ Հայաստանից փախչեն: Լինում է, որ մարդկանց փողը չի հերիքում տոմսի ամբողջ գումարը տալու համար, ես էլ ասում եմ՝ էդ փողը ձեզ լինի, մենակ թե նստեք ավտոբուսը ու գնացեք Հայաստանից»… Հիմա այս «բարերարը» կա՛մ Հայաստանում լավ թիկունք ունի, կա՛մ Ռուսաստանի դեսպանատանը… այլապես նման տոնով ու այդպես անփող Հայաստանից «չէր լարի» հայերին:

Վերջերս տեղեկատվություն սպրդեց, թե Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը դեռեւս 2012թ. մայիսից անհրաժեշտ գործընթացներ է իրակացրել եւ նյութատեխնիկական բազա ապահովել Հայաստանի քաղաքացիներին անհրարժեշտության դեպքում արագացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու նպատակով: Սակայն Մոսկվայից առայժմ հրահանգ չի գալիս, բայց եւ կանխատեսվել է, որ Ռուսաստանի քաղաքացիության տրամադրման արագացված կարգի կիրառման դեպքում Հայաստանի ներկայիս բնակչության 1/3-ը 1 տարվա ընթացքում կդիմի քաղաքացիություն ստանալու համար: Դրան Ռուսաստանի դեսպանատունը պատրաստ է, իսկ Ռուսաստանն էլ շահավետ առաջարկներով պատրաստ է տրամադրել հայերին իր տայգաներն ու սիբիրները… Անկախ այն բանից, թե ինչպես ենք վերաբերում Եվրամիության եւ Եվրասիական երկընտրանքին, Մոսկվան հասկացնում է, որ կարող է մեկ ներքին հրամանով լուծել շատ խնդիրներ՝ անգամ կանխորոշել Հայաստանի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, իր հայաստանաբնակ քաղաքացիներին պարտադրելով:

Մոսկվան 2018թ. Հայաստանում համապետական ընտրությունների ժամանակ կարող է հրապարակել Ռուսաստանի քաղաքացիություն ստացած եւ այդ երկրի տարածքում ժամանակավոր բնակություն ստացած Հայաստանի բնակիչների տվյալները եւ արգելել որեւէ մեկին կամ կառույցին նրանց փոխարեն քվեարկել: Իսկ մի քանի տարի անց Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները կարող են թվային գերակշռություն ունենալ նրանց նկատմամբ, ովքեր դեռեւս պահպանում են Հայաստանի քաղաքացիությունը: Սա փորձված մեթոդ է եւ կիրառվել է Աբխազիայում ու Մոլդովայում՝ Մերձդնեստրում: Հայաստանում հաջողելու դեպքում այն կդառնա քաղաքականություն՝ ԵՏՄ-ական եւ ԵՏՄ-ամերձ երկրների նկատմամբ: Ինչը թույլ կտա իրականանալի դարձնել Պուտինի Ստալին դառնալու եւ Ռուսաստանի Դաշնության՝ Խորհրդային Միություն դառնալու ծրագրերը…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 23 (369), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։