Հայաստանը՝ ահաբեկչական ծրագրերի թիրախում… Ռուս հայտնի գործարար Գերման Ստերլիգովը սիրու՞մ է Արցախը, թե՞ խնդիր ունի… Վատիկանը հրապարակել է – Անկարան նոր վայնասուն է բարձրացրել…

Հայաստանը՝ ահաբեկչական ծրագրերի թիրախում

Երբ թուրքական եւ ադրբեջանական հարյուրավոր ահաբեկիչները սիրիական ընդդիմության կազմում մասնակցում էին հակապետական մարտական գործողություններին, այն ժամանակ Արեւմուտքի պատասխանատուները աչք էին փակում նաեւ նրանց հակահայկական դրսեւորումների վրա, որոնք տեղի էին ունենում Սիրիայի հայաբնակ վայրերում: Սիրիայի նախագահ Ասադի վարչակարգը տապալելու համար զինվեցին ընդդիմադիր կոչված ահաբեկիչները, որոնք այսօր արդեն գլխացավանք են դարձել հենց Արեւմուտքի համար:

Հայաստանի համար վտանգը ավելի է մեծացել, Ստամբուլում հավաքագրվող ահաբեկչական խմբավորումները հետո անցնում էին Իրաք, եւ հակահայկական դրսեւորումները Սիրիայից հետո Իրաքում ծավալվեցին: Սա թուրքական ծրագիր էր, իսկ իսլամական ծայրահեղականներին աջակցելով, թուրքերը իրենց պայմաններ էին առաջ քաշում, որ քրիստոնյա ազգերից առաջինը հալածվեն հայերը եւ տարհանվեն Սիրիայի ու Իրաքի հատկապես այն բնակավայրերից, որոնք առավել մոտ են Արեւմտյան Հայաստանի տարածքին, որտեղ բնակվող հայերը ցեղասպանության զոհերի ժառանգներն են եւ միշտ պահանջատեր են հայկական բռնազավթված հողերի նկատմամբ:

Այսօր էլ թուրքական զորքերը փորձում են մտնել Սիրիայի եւ Իրաքի տարածք, իբր «Իսլամական պետության» զինյալների դեմ մարտնչելու համար (այսպես ձեւակերպելով՝ Արեւմուտքի աջակցությունն են ուզում ստանալ), բայց փորձում են օգտվել այս խառն իրավիճակից եւ զավթել Սիրիայի ու Իրաքի այն տարածքները, որտեղ նաեւ նավթի ու գազի պաշարներ կան:

Այս առումով Անկարայի մտադրությունները կասեցնում են միայն Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը: Վերջինիս դեսպան Ալիռեզա Բիգդելին Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել է չխախտել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Նա, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ սկսելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «ՄԱԿ-ի անդամ երկրի տարածքային ամբողջականության խախտումը հակասում է Սիրիայում կայունության եւ խաղաղության հաստատման հարցում Թուրքիայի պարտավորություններին»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր դժգոհությունն արտահայտելով Սիրիայի հյուսիսում քրդերի արձանագրած ռազմական հաջողություններից, հայտարարել է, որ Թուրքիան երբե՛ք թույլ չի տա, որ իր երկրի հարավում՝ Սիրիայի հյուսիսում, քրդական պետություն ստեղծվի: Բայց Թեհրանի նախազգուշացումը կանգնեցրել է Անկարային: Իսկ թուրքական բանակը տանկեր եւ զրահամեքենաներ էր սկսել տեղակայել սիրիական Ջերաբլուս քաղաքին սահմանակից Գազիանթեփ նահանգի Քարքամըշ եւ Քիլիս բնակավայրերում: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները դեռ հետեւում են Ջերաբլուսում «Իսլամական պետության» գրոհայինների շարժման ուղղություններին, իսկ Հալեպում շարունակվում են դաժան մարտերը ԻԼԻՊ-ի եւ սիրիական բանակի միջեւ:  

Թուրքիան դեռ մտադիր է 18 հազարանոց զորք ուղարկել Սիրիա, եթե նպաստավոր իրավիճակ լինի, բայց դրան դեմ է նաեւ թուրքական ընդդիմությունը, որի կարծիքով՝ Թուրքիան կվերածվի ռազմական գործողությունների թատերաբեմի:

Համաթրքական շահերը համակցելով համաիսլամական շահերին՝ Անկարան եւ Բաքուն ամեն ինչ անում են այդ երկու ողղություններով Հայաստանին վնասելու համար: Եվ երբեմն դա հաջողում են իսլամական համաժողովների նիստերում՝ ի դեմս Պակիստանի եւ արաբական որոշ ծայրահեղական իսլամական երկրների աջակցության:

Հիմա էլ «Իսլամական պետության» կառույցներին աջակցելով են փորձում Հայաստանը մտցնել ահաբեկչության թիրախ երկրների ցանկում: ԻԼԻՊ-ն արդեն մեկ տարի ավեր ու սարսափ է սփռում սիրիական եւ իրաքյան տարածքներում եւ փորձում է հետզհետե ծավալվել: Անգամ Կովկասում է կառույցներ հիմնում, Չեչնիայի, Ինգուշիայի, Դաղստանի եւ հյուսիսկովկասյան այլ հանրապետությունների տարածքներում: Իհարկե նաեւ Ադրբեջանում եւ Միջին Ասիայի թյուրքական երկրներում:

Հայտնի չէ, թե որքան դժվար կամ հեշտ կլինի ԻՊ զինյալների առաջխաղացումը դեպի Կովկաս, բայց առաջիկա մի քանի տարում նրանք Ադրբեջանի օգնությամբ կփորձեն հասնել Հայաստան եւ Իրան: Առայժմ ԻՊ-ը չի կարողացել դուրս գալ Սիրիայի եւ Իրաքի սահմաններից, բայց փորձում է շարժվել դեպի հյուսիս, որտեղ քրդերը դեռ կարողանում են կասեցնել իսլամականների առաջխաղացումը: Նրանց առաջխաղացմանը խանգարում են նաեւ թուրքական, ադրբեջանական, իրանական իշխանությունները, որոնք վախենում են իշխանափոխություն առաջացնող ծայրահեղական ալիքից: Այս փուլում ԻՊ-ն առավելապես պայքարում է այլահավատներից իր զավթած տարածքները մաքրազերծելով, իսկ ոչ մահմեդական երկրների դեմ ուղղակի պայքարը դեռ քարոզչական հարթության մեջ է:

Թուրքիայում եւ Ադրբեջանում հետզհետե մեծ թիվ են կազմում ծայրահեղական գաղափարներ կրող մարդիկ, ինչը հետագայում կարող է վտանգավոր դառնալ: Հատկապես Ադրբեջանում առկա ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյա-հոգեբանական լուրջխնդիրներ կան, որոնք նպաստում են իսլամական ծայրահեղ արմատական աճին, ինչը մի պահի կարող է նպաստել, որ իսլամականները քաղաքական պահանջներ առաջ քաշեն… Որեւէ երկրում ուղղակիորեն գործելու համար «Իսլամական պետության» համար կարեւոր պայման է թույլ իշխանությունների առկայությունը, ինչը մղում է անկայունության եւ փոփոխության պահանջի:

Իսկ Թուրքիան սահմանակից է «Իսլամական պետության»-ը եւ ուղղակի գործունեություն ծավալելն այնտեղ ավելի դյուրին կլինի: Թուրքիայի սահմանը տարանցիկ գոտի է ԻՊ-ի զինյալների համար, իսկ Թուրքիայում քիչ չեն իսլամական ծայրահեղ գաղափարներ կրողները: Մի անգամ նշել ենք, որ աշխարհի մոտ 100 երկրներից մարդիկ են գալիս Թուրքիա, այնտեղից անցնում՝ Սիրիա, ապա՝ Իրաք, որպեսզի զբաղվեն ահաբեկչական գործունեությամբ: Նույն ճանապարհով էլ սովորաբար նրանք վերադառնում են եւ թեպետ բոլոր հիմնական ուղիները, որոնցով անցնում են իսլամականները, հիմնականում թուրքական հատուկ ծառայությունների վերահսկողության տակ են, չի բացառվում, որ Ադրբեջանի օրինակով նշված իրավիճակների առկայության պարագայում այդ համակարգն էլ փլուզվի: Այս պարագայում Թուրքիան ավելի թիրախային վիճակում է գտնվում, քան Ադրբեջանը:

Այսօր ԻՊ-ը ճյուղավորումներ ունի աշխարհի ավելի քան 30 երկրներում, այսինքն՝ այդ երկրներում գործող որոշ իսլամական ծայրահեղ արմատական կառույցներ իրենց հավատարմության երդումն են տվել ԻՊ-ի «խալիֆ» Աբու Բաքր ալ Բաղդադիին, ով հիմնականում ընդունել է դրանք: Կառույցի ամենավերջին ճյուղավորումը ստեղծվել է Ռուսաստանի տարածքում, Հյուսիսային Կովկասում՝ Կովկասի վիլայեթը, ինչի մասին հայտարարել էր ԻՊ-ի քարոզչական պատասխանատու Աբու Մուհամմադ ալ Ադնանին:

Կովկասում ԻՊ-ի ակտիվ գործողություններ դեռ չեն նախատեսվում, ինչպիսիք իրականացնում է, ասենք, Եգիպտոսում գործող «Անսար Բեյթ ալ Մակդիս» («Իսլամական պետության» ճյուղավորումը Եգիպտոսում, որը հայտնի է նաեւ «Սինայի վիլայեթ» անվանումով) խմբավորումը, որն օրերս լուրջ ահաբեկչական հարձակումներ է արել Սինայի թերակղզում: Կամ՝ Նիգերիայում գործող «Բոկո Հարամը», Լիբիայում, Եմենում գործող ճյուղավորումները, եւ այլն: Ինչ վերաբերում է Կովկասում ԻՊ-ի հնարավոր գործունեության հեռանկարին, ապա այն առավելապես քարոզչական է: Իսկ «ջիհադական պայքարը» տեղային ահաբեկչական հարձակումների գործելաոճ է, քանի որ Ռուսաստանում եւ այլ երկրներում շատ աչալուրջ են գործում այդ առումով:

ԻԼԻՊ-ի մասին տարբեր տվյալներ կան, նաեւ նրանց թվակազմի մասին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մայիսի վերջին հայտարարեց 25.000 թվի մասին, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով՝ 30.000, Իրաքի իշխանություններն ընդհանրապես անհավանական թիվ են նշում՝ մոտ 200 հազար, ռուսական իշխանությունները հայտարարում են մինչեւ 50.000 թվաքանակի մասին, եւ այլն: Նման պարագայում՝ բավականին բարդ է հավաստի թիվ նշելը: Ամենաարժանահավատը, թերեւս, 30.000-ի շրջանակն է: Այս դեպքում քիչ հավանական է նաեւ ԱՄՆ-ի հայտարարած այն թիվը՝ 10.000, որոնք իբր ոչնչացվել են ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների հասցրած ավիահարվածների հետեւանքով…

Եվ ամենակարեւոր հարցը մեզ համար, ի՞նչ ծրագրեր ունի «Իսլամական պետություն»-ը՝ Հայաստանի հետ կապված: Կարծիքներ կան, թե «Իսլամական պետության»-ը Հայաստանը դիտարկում է թուրքալեզու իսլամի միասնականացման գլխավոր խոչընդոտներից մեկը, որը պետք է արմատախիլ արվի:

Կրոնական գործոնը առկա է, բայց գործնական հնարավորությունների ծավալումը հիմնականում՝ ոչ: Պատճառը նաեւ այն է, որ ինչքան էլ թուրք-ադրբեջանական կողմը համաթուրքական եւ համաիսլամական ծրագրերը փորձի մեկտեղել, չի համարձակվի լիովին ազատություն տալ ԻՊ-ին Թուրքիայում եւ Ադրբեջանում, քանի որ առաջին հերթին հենց այդ երկրներում կկատարվի ահաբեկչություն՝ իշխանափոխության համար… իսլամական ծայրահեղ արմատական շարժման ամենակարեւոր թիրախներից մեկը Իսրայելն է, որի սահմաններին բավականաչափ մոտ է գտնվում այսօր ԻՊ-ը, ինչը եւս պատճառ է, որ կխոչընդոտվի ծայրահեղական կառույցի հետագա ընդարձակումը, քանզի դա կվնասի նաեւ իսրայելական ու արեւմտյան շահերը:

Արամ Ավետյան

Սիրու՞մ է, թե՞ խնդիր ունի

Ռուս հայտնի գործարար Գերման Ստերլիգովը ռուսական «Ren TV» ալիքին տված բացառիկ հարցազրույցում բացահայտել է Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու անսպասելի որոշումը։ «Ես կպատմեմ պարզ, հասարակ ճշմարտություն, որը կարող է շատերին դուր չգալ, սակայն դա լավագույնն է այն հորինվածքներից, որոնք այժմ պատմում են իմ եւ իմ ընտանիքի մասին… Ես շրջագայել եմ ամբողջ աշխարհում եւ ոչ մի տեղ նման վայր չեմ տեսել։ Նման գեղեցկություն, նման պտղաբերություն եւ, ամենակարեւորը, նման հարաբերություններ մարդկանց միջեւ։ Այստեղ ընդհանրապես ագրեսիվության զրոյական մակարդակ է… Ես երջանիկ եմ, որ այստեղ եմ բերել իմ երեխաներին, քանի որ ես նրանց պատմում էի՝ ինչպես մարդիկ պետք է տեսականորեն իրար վերաբերվեն, քանի որ իրապես ժամանակակից Ռուսաստանում նման վերաբերմունք, ցավոք, չկա։ Իսկ Լեռնային Ղարաբաղում այն կա։ Այստեղ նրանք դա տեսնում են։ Եվ դա չափազանց օգտակար դաս է նրանց համար…Եկե՛ք ԼՂ՝ հասկանալու համար, թե ինչի մասին եմ ես խոսում։ Սա բացառիկ վայր է աշխարհում։ Դա մարդկային հնագույն հարաբերությունների օրրան է, որը պահպանել է հայ ժողովուրդը»,- ասել է գործարարը։

Իսկ ռուսական մամուլը նշում է, օրինակ՝ որ Գ. Ստերլիգովը Ղարաբաղ տեղափոխվեց այն բանից հետո, երբ Ռուս ազգայնականների մարտական կազմակերպության անդամների նկատմամբ հարուցված քրգործի շրջանակներում ընթացող դատական պրոցեսի ժամանակ Ստանիսլավ Մարկելովի եւ լրագրող Անաստասիա Բաբրուվոյի սպանության մեջ մեղադրվող Նիկիտա Տիխոնովը հայտարարեց, որ ՌԱՄԿ վարժական բազաները գտնվել են Ստեռլիգովին պատկանող տարածքներում…

Անկարան նոր վայնասուն է բարձրացրել…

Ինչպեսեւ կանխատեսել էր «Լուսանցք»-ը («Վատիկանը գաղտնազերծել է հայերի ցեղասպանության մասին փաստաթղթերը, եւ թուրքերի գազանությունները ցնցող են… Վատիկանը դեռ ունի գաղտնի փաստաթղթեր»… Հայկ Թորգոմյան, թիվ 13 (359), 2015թ.), Վատիկանը սկսել է հրապարակել հնագույն արխիվներում պահված գաղտնի փաստաթղթերը: Դրանք հիմնականում 400 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի վերաբերյալ են՝ սկսած 1621թ.: Թուրքական զլմ-ներն արագ արձագանքել են՝ նշելով, որ ամենահինը 8-րդ դարից է: HaberTurk-ը հայտնել է, որ 100 գաղտնի փաստաթղթերի ցուցահանդեսը, որոնցում ներառված են նաեւ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր, կազմակերպված է Կապիտոլիայի թանգարանում ու կտեւի մինչեւ այս տարվա սեպտեմբեր ամիսը:

Վատիկանի գաղտնի արխիվի պրեֆեկտ եպիսկոպոս Սերժիո Պագանոն հայտնել է, որ փաստաթղթերը հսկայական տեղեկատվություն են պարունակում հայերի մասին: Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, նշել է, որ հրապարակված փաստաթղթերը վկայում են թուրք զինվորականների կողմից հայերին ենթարկած դաժան տանջանքների մասին: 2011թ. ամռանը նույն Պագանոն հայտնել էր, որ փաստաթղթերը կներկայացվեն Հռոմում կազմակերպվող Վատիկանի Lux in Arcane արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսին 2012թ. փետրվարին: Արխիվարիուսը հայտնել էր, որ 1896թ. Հռոմի Պապ Լեւոն XIII -ը հորդորել էր սուլթան Աբդուլ Համիդին կարեկցություն ցուցաբերել եւ դադարեցնել հայերի ցեղասպանությունը: Նաեւ նշվել է, որ Հայոց ցեղասպանության մասին մոտ 100 փաստաթուղթ, այդ թվում Վատիկանի գաղտնի արխիվներից

գրավոր տեղեկություններ թուրք զինվորների գործողությունների վերաբերյալ, կհրատարակվի առանձին գրքով: Ներկայացվել են հատվածներ այդ գրքից. թուրք զինվոր Մուստաֆա Սուլեյմանի վկայությունը. «Մենք մտնում էինք հայկական գյուղեր եւ սպանում բոլորին, առանց հաշվի առնելու սեռն ու տարիքը: Մեզնից հետո գյուղ մտած քրդերը թալանում էին հայերի տները: Բազմաթիվ տարեց հայեր, հաշմանդամներ թաքնվել էին քաղաքի կենտրոնի դպրոցում, բայց մենք հրաման ունեինք սպանել բոլորին: Գելիեգուզան ավանում սպանվեցին կամ այրվեցին 800 հայեր, Հայր Հովհաննեսի աչքերը հանեցին, մորուքը, քիթը եւ ականջները կտրեցին: Ես չեմ սպանել ոչ մի երեխա, նույնիսկ երկուսին փրկել եմ: Նրանց երեք օր թաքցրել էի իմ վրանում, բայց մի օր մտա ու տեսա, որ նրանց մարմինները մասնատված են…»:

Եպիսկոպոս Պագանոն հայտնել է նաեւ, որ Վատիկանը կհրապարակի 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին, երիտթուրքերի կառավարման ընթացքում, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվները. «Այդ փաստաթղթերը առաջացնում են անասելի ցավ ու սարսափ: Հաղորդումները թուրքերի դաժանությունների մասին հայերի նկատմամբ, ինձ ստիպեցին ամաչել, որ ես մարդ եմ»…

«Լուսանցք» թիվ 25 (371), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։