Հողի տերն արթնանում է – Հայերն ու հայ պատգամավորները Թուրքիայում… Թուրքիայում աշխատանք որոնողների վերջը.- Իսլամ ընդունած հայուհին թուրքական անձնագիր կստանա – Տեսնես ե՜րբ է եղել գենախեղումը…

Հողի տերն արթնանում է

«Լուսանցք»-ը դեռ մնում է այն համոզման, որ ծպտյալ հայերի կարգավիճակի ամբողջական բացահայտումը խիստ վտանգավոր է: Այն առավել վտանգավոր դարձավ, երբ Թուրքիայի նախագահ դարձավ Էրդողանը, ով փորձում է Աթաթուրքի ստեղծած թուրքական հանրապետությունը վերափոխել նորօսմանյան կայսրության՝ համաթուրանական հեռահար նպատակներով: Սա առավել քան ակնհայտ է, որ նկատում են անգամ Թուրքիայի դաշնակիցները: Էրդողանն անգամ Աթաթուրքին նսեմացնելու ճանապարհով է փորձում վերափոխել ամեն բան, նույնիսկ նախագահական նստավայրը տեղափոխեց, եւ առաջին անգամն է, որ Աթաթուրքից սկսած երկրի նախագահն այլ նստավայրից է ղեկավարում…

Թուրքիայի նախագահի հայատյացությունը վաղուց է հայտնի: Իսկ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարության տեղափոխումն ապրիլի 24-ին՝ հայատյացության գագաթնակետն էր:

Էրդողանի ծայրահեղականությունն այնքան նկատելի է, որ նույնիսկ Թուրքիայում շատերը կասկածում են, որ նա ծպտյալ հայ է եւ իր անկանոն գործունեությամբ վնասում է երկրին… Թեեւ Էրդողանը, որ դեռ Թուրքիայի վարչապետն էր, իր ծագմանը կասկածողների մասին ասել էր. «Կներեք, ինձ նույնիսկ հայ են ասել»… այսինքն՝ հայ կոչվելն այդքան վիրավորական է:

Այս առումով Թուրքիայի մեջլիսի նորընտիր 3 հայ պատգամվորներից ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից պատգամավոր ընտրված Սելինա Օզուզուն Դողանը թուրքական Sozcu պարբերականի հետ զրույցում հայտարարել է, թե ինքը աշխատելու է ոչ միայն հայերի, այլեւ ազգային փոքրամասնությունների մյուս ներկայացուցիչների համար: Սելինա Դողանը նշել է, թե Թուրքիայի համար լրջագույն խնդիրներից է այլատյացությունն ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդեպ խտրականությունը: Անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերի նկատմամբ վիրավորական արտահայտություններին, նա շեշտել է. «Երբ հանդիպեմ Էրդողանին, ասելու եմ. «Կներեք, ես հայ եմ»: Ես Էրդողանի՝ «Կներեք, բայց ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտության համար երբեք չեմ ներելու նրան»:  

Ընդհանուր առմամբ ոչ մահմեդական փոքրամասնությունների հարցում լուրջ խնդիրներ կան, որոնք սկիզբ են առնում ատելությունից.նշել է հայ պատգամավորը՝ ընդգծելով, որ այդպես էլ ոչ մի կերպ կիրառության մեջ չհաջողվեց դնել հավասար քաղաքացիության գաղափարը: Իսկ հայ, հույն, հրեա բառերը դեռ շարունակում են ընկալվել իբրեւ հայհոյանք, ինչի պատճառով կարգավորման, լուծման ուղղված առաջարկները հնարավոր չի լինում կյանքի կոչել: Լրատվամիջոցների այն հարցին, թե ինչու է Սելինան ներկայանալիս ասում «Թուրքիայի քաղաքացի հայ», այլ ոչ թե «թուրքահայ», նա պատասխանել է, որ ինքը նախ հայ է, ապա նոր Թուրքիայի քաղաքացի:

Այնուամենայնիվ, Թուրքիայում առաջին անգամ գրանցվեց դեպք, երբ «հայ» բառը որպես վիրավորանք օգտագործած անձի նկատմամբ քրեական գործ պիտի հարուցվի: Թուրքիայի քաղաքացի, արմատներով հայ Լեւոն Բաջըօղլուին ու իր որդուն՝ Արթուն Բաջըօղլուին «հայ անհավատներ» անվանած Յուսուֆ Փոլաթին պետք է դատեն Ստամբուլի քրեական դատարանում: Մեղադրող կողմը 2 տարվա ազատազրկման պահանջ է ներկայացրել: Եթե դատավարության արդյունքում Յուսուֆ Փոլաթը մեղավոր ճանաչվի ու քրեական պատասխանատվության ենթարկվի, ապա նա կլինի առաջին դատապարտյալը, ով կազատազրկվի հայկական ինքնությանը վիրավորանք հասցնելու համար:

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Գարո Փայլանն էլ առաջին կարեւոր հարցը Թուրքիայում ապրող հայերի համար, համարել է նրանց կոդավորումից ազատելը: Հիշեցնենք, որ հույները, հայերը եւ հրեաները ներառված են համապատասխանաբար 1, 2, 3 կոդերի տակ: Ըստ Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս»-ի, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանի նստաշրջանի բացման ժամանակ հանդիպել է Ազգային կրթության նախարար Նաբի Ավջըի հետ եւ բարձրացրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաներին առանց էթնիկ կոդավորման դպրոցներ ընդունելու հարցը։ Նա նախարարին հայտնել է, որ առանց այդ ծածկագրերի դպրոց ընդունվելու համար նոր օրենսդրական նախագծի կարիք չկա եւ միայն որոշում ընդունելը բավարար է։

Այս հանդիպումից հետո  Ազգային կրթության նախարարը համապատասխան որոշում է կայացրել, ըստ որի, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաները ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցներ կընդունվեն միայն տնօրենին դիմելով։ Ընդամենը 2 տարի առաջ էր հայտնի դարձել, որ Թուրքիայի հանրապետության ստեղծումից ի վեր, հայերը կրում են գաղտնի ծածկագրեր։ Դա հայտնի էր դարձել, երբ Ստամբուլում արմատներին վերադարձած հայ ընտանիքի երեխային չէին ընդունել հայկական դպրոց՝ շեշտելով, թե հայերը կրում են համար 2 ծածկագիրը, իսկ այդ երեխան չուներ ծածկագիր։

Թուրքիայի խորհրդարանի 3-րդ հայ պատգամավոր Մարգար Եսայանը, ով «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից է ընտրվել, նշել է, որ այս կուսակցության կազմում է հայտնվել, քանի որ «չէր կարող հայկական հիմնադրամների ունեցվածքները բռնագրաված ինչ-որ կուսակցության անդամակցել»: Թուրքական «Kanalhaber» լրատվական կայքը քննարկել էր պատգամավորի հայկական ինքնության ու որոշ լրատվամիջոցների թիրախում հայտնվելու հարցերը, որտեղ պատգամավորը հայտնել է, որ ԱԶԿ-ում լինելու պատճառը նաեւ այն է, որ այնտեղ ընդունում են իր հայկական ինքնությունը: Բայց դա գործի մի մասն է, «այստեղ լինելս պայմանավորված է նրանով, որ ԱԶԿ-ից սկսվեց այն դեմոկրատական հեղափոխությունը, որին սպասում էինք 100 տարի: Ես ինչպե՞ս կարող էի մի կուսակցության անդամ լինել, որը դեռ 6 ամիս առաջ 52 մարդու մահվան պատճառ դարձավ: Ինքս ինձ կհակասեի»: Նա այնուհետեւ հավելել է, որ  ԺՀԿ-ն էր, որ սահմանեց «ունեցվածքի հարկը», ԺՀԿ-ն էր, որ բռնագրավվեց հայկական հիմնադրամների ունեցվածքները եւ դրա հետեւանքները վերացնելուն միտված ԱԶԿ-ի ընդունված օրենքը Քեմալ Քըլըչթարօղլուի (ԺՀԿ-ի առաջնորդ) ստորագրությամբ մտավ սահմանադրական դատարան: «Իմ նպատակը պատգամավոր լինելը չէր, ես «նոր Թուրքիա» գաղափարից ոգեւորված եմ այդ առաջարկն ընդունել»,- ասել է հայ պատգամավորը: Նա հայ ինքնության մասին ասել է, որ Մեջլիսում ինքը ԱԶԿ-ական է, բայց ամեն մեկն ունի իր ենթաինքնությունը. «Ես հայ քրիստոնյա եմ: Թուրքիաբնակ լինելս վերին ինքնությունս է: Դրանք չեք կարող իրարից բաժանել: Հայրենիքս, հարեւաններիս շատ եմ սիրում: Լավ է, որ այս երկրում եմ ծնվել, որ Թուրքիայում եմ բնակվում: ԱԶԿ-ի կատարած լուռ հեղափոխությունն է, որ թույլ է տալիս ինձ այս խոսքերն ասել: Քանի որ երեկ այդպես չէինք զգում… Իսկ իշխող քաղաքական ուժերին զայրացնում է այն հանգամանքը, որ ԱԶԿ-ին մեկուսացնելու գործընթացում, որեւէ հայ, քուրդ, ալեւի կամ սպիտակ թուրք խափանում է այդ գործընթացը»:

Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը անդրադառնալով Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որտեղ 54 տարվա ընդմիջումից հետո հաղթել են նաեւ հայկական արմատներ ունեցող 3 թեկնածուները, ասել է, թե նրանք շատ բան անել չեն կարող, պարտավոր են լինելու իրականացնել իրենց կուսակցությունների ծրագրերը: Բայց նա ողջունելի երեւույթ է համարել այս իրողությունը, քանի որ խորհրդարանում 3 հայ պատգամավոր կա, իսկ մոտավորապես 50-60 տարի հայերը անգամ ներկայացուցիչ չեն ունեցել: Իհարկե, հայ պատգամավորները խորհրդարանում չեն ներկայացնելու Թուրքիայի հայկական համայնքը, նրանք ընդհանուր երկրի պատգամավորներն են, բայց գուցե ընթացքում շատ բան փոխվի: Թուրքիայի հայկական համայնքը միշտ բոլոր քաղաքական կուսակցությունների հետ հավասար հեռավորության վրա է եղել եւ այս առումով, 4 կուսակցություններից 3-ում հայեր լինելու հանգամանքը ոգեւորիչ է, չի բացառվում, որ 3 պատգամավորները կարող են միասին ինչ-որ բան անել:

«Ժամանակ»-ի խմբագիրը հիշեցրել է Թուրքիայի վարչապետի նախկին խորհրդական Էթյեն Մահչուփյանի դեպքը, երբ փորձեցին նրան գործածել որպես հայազգի, սակայն Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո չդիմացան եւ ազատվեցին աշխատանքից:

Էթյեն Մահչուփյանն այնպիսի անձնավորություն էր, որ վերջին 20-25 տարիներին քեմալական գաղափարախոսությունն ամենահիմնավորված ձեւով հարցաքննող մարդն էր, եւ այս ամբողջի մեջ հայկական հարցին բավականին ավելի հիմնավորված քննադատական մոտեցում ցույց տվեց: Նա այն մտավորականներից է, որ վարժեցրեց Թուրքիայի հասարակությանն այլընտրանքային մոտեցումները հաշվի առնելու, քանի որ մինչեւ այդ պաշտոնական գաղափարախոսության դրսեւորումներն էին մատուցվում:

Դառնալով ծպտյալ հայերի թեմային. նշենք, որ դեռ կգա նրանց ամբողջական բացահայտվելու ժամանակը, ինչը կմոտենա մեր պահանջատիրական խնդիրների միջազգայնացմանը զուգահեռ: Իսկ այսօր վտանգը մնում է, որ բացահայտվածները կարող են տուժել… Երբ թուրքական «Ոչ ասա ռասիզմին» կազմակերպությունը Ստամբուլի Քադըքյոյ շրջանում կազմակերպել էր քննարկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, խոսել են նաեւ Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի խմբագիր Եդվարդ Դանզիկյանը, ինչպես նաեւ թուրքական բանակում սպանված հայ զինծառայող Սեւակ Բալըքչըի ծնողները: «1915-2015. Հայոց ցեղասպանություն. 100 տարվա առերերսում» խորագրով քննարկմանը մասնակցել են նաեւ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Այստեղ եւս հստակ նշվել էր, որ պաշտոնական Անկարան Չանաքքալեի արարողությունները կիրականացնի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը, ինչը նշանակում է՝ հայերը դեռ վտանգված են Թուրքիայում: «Հրանտ Դինքին սպանած մտածելակերպը 1915-ն իրականացնողն էր եւ այն դեռ շարունակվում է: Այս պահին Թուրքիայում հայերը մի վիճակում են, երբ չեն կարողանում խոսել, 100-րդ տարում անգամ բերանը բացելիս ստիպված են քառասուն անգամ մտածել»,- փաստել էր «Ակոս»-ի խմբագիրը:

Հայկ Թորգոմյան

Թուրքիայում աշխատանք որոնողների վերջը -

Իսլամ ընդունած հայուհին թուրքական անձնագիր կստանա

«Հորիզոն»-ը գրել է. «Հայաստանի Հանրապետութեան նախկին քաղաքացի, ներկայիս Թուրքիոյ քաղաքացիութիւն ունեցող Հերմինէ Դալմազեանը այժմ կը սպասէ իր նոր անձնագրին: Դալմազեանը, որ 10 տարի առաջ աւագ քրոջը հանդիպելու նպատակով մեկնած էր Տրապիզոն, ամուսնացած էր ազգութեամբ թուրք, 4 երեխաներու հայր Մոհամէտ Ալի Շիմշէքի հետ եւ աւելի ուշ իսլամանալով՝ ստացած էր Այշէ անունը: Ան ստանձնած էր Ալիի հիւանդ մօրը եւ առաջին կնոջմէ ունեցած երեխաներուն խնամելու պարտականութիւնը:

Նշենք, որ Հերմինէ Դալմազեանը իր թուրք ամուսինին հետ ունեցած է 2 երեխայ: Մոհամէտ Ալի Շիմշէքի առաջին կինը մահացած էր 9 տարի առաջ, Քելեր գիւղին մէջ տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ: Թրքական լրատուամիջոցները մեծ ուշադրութեամբ կանդրադառնան իսլամացած հայաստանցիներուն առնչուող լուրերուն՝ փորձելով այդ լուրերը օգտագործել սեփական քարոզչութեան նպատակով: Հերմինէ-Այշէի պարագան առաջինը չէ, յայտնի է նաեւ Քնարիկ-Փընարի դէպքը, որուն մասին կը գրեն թրքական թերթերը: Գիւմրեցի Քնարիկ Վոսկանեան 2010-ին Թուրքիոյ մէջ իսլամութիւնը ընդունած է։

Տեսնես ե՜րբ է եղել գենախեղումը

ՀՀ քաղաքացի «Զաիրա Պողոսյանը», որը երկար ժամանակ է ապրում է Թուրքիայում, մահմեդականություն է ընդունել: Ըստ «Hyrriyet»-ի, Պողոսյանը, «ուսումնասիրելով իսլամը», ազդվել է եւ մուսուլման դառնալու համար դիմել Բոլու քաղաքի մուֆթիին՝ իսլամ կղերականին: Զաիրան, Բոլու քաղաքում տեղի ունեցած արարողության ժամանակ, արտաբերելով իսլամի վկայությունը, «դարձել է իսլամի հետեւորդ» ու ընտրել է նոր անուն՝ Զեհրա:

«Շատ երջանիկ եմ, որ մահմեդականությունն եմ ընդունել: Հիմա ապրում եմ մուսուլման լինելու ոգեւորությունն ու երջանկությունը»,- ասել է Զաիրան, ում մուֆթին Ղուրան ու կրոնական այլ գրքեր է նվիրել:

«Լուսանցք» թիվ 25 (371), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։