Ինչքա՞ն կարելի է երկիրը սգո տան վերածել – Եկեղեցին պետություն է պետության մե՞ջ… Վարչապետը չի կարողանու՞մ, թե՞ դեռ խանգարում են ինչ-ինչ շահեր… Հայերը միշտ էլ հարգել են նախնիներին, ունեն նաեւ նախնյաց տոն…

Մեռելոցները վաղուց են անկանոն իրավիճակ առաջացնում աշխատող մարդկանց օրակարգում: Այդ մեռելոցները գրեթե երկու ամիսը մեկ անգամ ստիպում են փոփոխության ենթարկել ոչ միայն աշխատանքային օրակարգը: Կառավարության վերջին որոշումներից հետո էլ շատ գործատուներ, այդ թվում՝ բանկերի, անթաքույց դժգոհում են եւ ասում, որ աշխատելու են ու չեն հետեւելու մեռելոցների օրակարգին…

«Լուսանցք»-ը նշել է, որ այս մեռելոցները զուտ եկեղեցական բնույթ ունեն եւ եկեղեցին փորձում է նաեւ այսպես իր ներկայությունն ապահովել հայության քաղաքացիական կյանքում: Ինչ մնում է գերեզմաններ այցելելուն կամ նախնյաց օրը նշելուն, ապա հայերը դրա հատուկ որոշման անհրաժեշտությունը չունեն: Մեզանում եղել է, մնում է ու կմնա նախնյաց պաշտամունքը…

Այս առումով հանրային ընդվզում եւս կա, մարդիկ ցանկանում են աշխատել, գումար ստանալ այդ աշխատանքի դիմաց, բայց մեռելոցները գումարվում են շաբաթ-կիրակիներին ու որոշ տոն օրերին եւ ամիս է լինում, երբ գրեթե կեսը ոչ աշխատանքային է լինում (աշխատավարձ ստացողները, դեռ ոչինչ, ստանում են իրենց աշխատավարձը: Տեսեք, թե ինչ կարծիքի են կառավարության ու եկեղեցու մեռելոցասիրած որոշումների մասին գործարքային աշխատողները): Զարմանալի է, բայց մեզ նման ոչ հարուստ երկրի համար սա եւս ճոխություն կարելի է համարել…

«Ես անձամբ երկուշաբթի գնալու եմ աշխատանքի: Իմ հանգուցյալներին ես չեմ հարգում կաթողիկոսի գրպանի համար: Ինչքա՞ն կարելի է երկիրը սգո տան վերածել, ինչքա՞ն կարելի է ենթարկվել մի մարդու, որը զուրկ է ազգային արժանապատվությունից, որը հոտի առաջնորդ լինելու իրավունքը չունի: Ավետիսյանների սպանդից, Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին կատարվածից հետո մենք ազգովի պիտի կանգնեինք եւ հայոց կաթողիկոսների սրբասուրբ Վեհարանից դուրս վռնդեինք այդ մարդուն… Ի վերջո, արյունահեղ Հոկտեմբեր 27-ով կաթողիկոսի գահին բազմածը չի կարող ազգի առաջնորդ լինել»,- զայրացած գրել է իր ֆ/բ էջում Լեւոն Մութաֆյանը:  

Հուլիսի 13-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու վերաբերյալ կառավարության՝ արտահերթ նիստում կայացրած որոշումն անակնկալի է բերել Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանին, ով երկուշաբթի օրվա համար արդեն պլանավորած գործեր ուներ: Նա ու բիզնեսի շահերը ներկայացնող եւս մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ տարբեր քննարկումներում, այդ թվում եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում մանրամասն ներկայացրել են այն վնասներն ու բացասական հետեւանքները, որոնք առաջանում են մեռելոցի օրերը ոչ աշխատանքային հայտարարելու դեպքում: «Գիտե՞ք, դա որոշակի չափով նաեւ բռնություն է, մարդու իրավունքների խախտում է, որովհետեւ մարդիկ կան, ովքեր օրինակ շաբաթ օրը չէին աշխատելու, որովհետեւ հարսանիքի էին հրավիրված կամ մեկ այլ խնջույքի: Նրանց ասում ենք, չէ, քանի որ կառավարությունը փոխել է աշխատանքային օրը, դու պետք է չգնաս: Բայց էդ մարդը մեղավոր չի: Օրինակ, ես անակնկալի եկա, երեկ նման որոշում չկար, բայց շաբաթ օրը որոշվել է, որ աշխատանքային չէ: Բայց մենք էնքան բան ունենք պլանավորած երկուշաբթի օրվա համար, հիմա ի՞նչ անենք, չգիտեմ, անորոշություն է: Այսպես պերմանենտ որոշումներ կայացնել չի կարելի»,- ասել է Գագիկ Մակարյանը:

Նման հարցում պետությունը չպետք է միջամտի: Գործարարները հայտնում են, որ գործատուն ու աշխատողը կարող են միմյանց հետ համաձայնության գալ, օրինակ, աշխատողներ կան, որոնց չգալը վնասում է ամբողջ տնտեսությանը, ազդում է աշխատանքի վրա: Գործատուն կարող է որոշակի ճկունության միջոցով կարգավորել գործերը, կարող են խնդրել մի քանի ժամով դուրս գալ»:

Ինչ վերաբերում է հայաստանյան տնտեսությանը ոչ աշխատանքային օրերի պատճառով հասցված վնասին, ապա բիզնեսի շահերը ներկայացնող վեց կազմակերպություններ միաձայն առաջարկում են վերադառնալ 2008-ին տիրող վիճակին, երբ մեռելոցի օրերն աշխատանքային էին. «Մեր կազմակերպությունն ունի հաշվարկ, որ տարվա մեջ տոների ու մեռելոցների ոչ աշխատանքային օրերը կազմել են 21 օր: Տարվա մեջ մենք մեկ ամիս արձակուրդ ենք, մեկ ամիս էլ տոների ու սգո օրերի պատճառով չենք աշխատում: Ստացվում է, որ մենք տասն ամիս ենք ընդամենը աշխատում: Բոլորն այն կարծիքին են, որ տնտեսության, բիզնեսի ու արդյունաբերության զարգացման համար կարեւոր է, որ այդ ոչ աշխատանքային օրերի թիվը սահմանփակվի»:

Կառավարության որոշմամբ՝ երկուշաբթին շաբաթով փոխարինելու ձեւը Հայաստանի գործատուների միության նախագահը արդյունավետ չի համարում. «Ֆիզոլոգիական առումով շաբաթ, կիրակի օրերին մարդկանց մարմինները, մտածելակերպը ձգտում է հանգստի: Շաբաթ օրը երբեք լիարժեք չի փոխարինում երկուշաբթիին: Բացի այդ էլ, աշխատանքային հայտարարված շաբաթ օրերին մայրաքաղաքում երթեւեկությունը հանգիստ է, ինչից կարելի է ենթադրել, որ շատ հիմնարկներ ոչ երկուշաբթի են աշխատում, ոչ էլ շաբաթ: Իսկ շատ հիմնարկներում մինչեւ 18-ը չեն աշխատում, գործը մի քանի ժամ շուտ են ավարտում»:

Թե 21 օր չաշխատելը ֆինանսական ի՞նչ վնաս է հասցնում տնտեսությանը գումարային արտահայտությամբ, փաստերն են խոսում. «2014թ. վերջին պաշտոնական գնահատականով Հայաստանում միջին աշխատուժի արտադրողականությունը տարեկան կտրվածքով փոքր ու միջին ձեռնարկություններում կազմում է 8 500 դոլար: Սա շատ ցածր ու չնչին գումար է, քանի որ մեր ՓՄՁ-ները մոդեռն չեն, դրան գումարած աշխատուժի արտադրողականությունը ցածր է, տարիքային խնդիրներ կան, գործիքները լավը չեն: Համեմատության համար նշենք, որ Եվրոպայում տարեկան կտրվածքով այդ գումարը 115-125 հազար դոլար է, Շվեյցարիայում՝ 130 հազար դոլար: Դե հիմա համեմատեք այդ թվերը: Եթե այդ 8,5 հազար դոլարը բաժանում ենք 12 ամիսների վրա, ստացվում է 700 դոլար, այդ գումարից 400 դոլար հաշվում ենք միջին աշխատավարձը, մնում է 300 դոլար: Իսկ 300 դոլարով տնտեսվարող սուբյեկտները հումքի, մոդեռնիզացիայի, հարկերի մասին մտածե՞ն, թե՞ իրենց շահութաբերության: Հիմա այս կտրվածքով, եթե 10 ամսվա աշխատանք ենք կատարում, տակը ի՞նչ է մնում, ախր ընդհանրապես ոչինչ չի մնում»,- հայտնել է նույն Հայաստանի գործատուների միության նախագահը եւ հավելել, որ խնդիրը պետք է օպտիմալ տարբերակով լուծել, բիզնեսմեները պետք է հանդիպեն նաեւ եկեղեցու ներկայացուցիչների հետ, քննարկեն հարցի լուծման տարբերակները:

Այս ամենը սկսվեց նախորդ կառավարության օրոք, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ, ինչին անմիջապես հավանություն տվեց եկեղեցին: Այս որոշումն ընդունվեց գործատուների եւ աշխատավորների կարծիքը հաշվի չառնելով, իսկ տնտեսությունը կարիք ունի աշխատելու, մարդիկ ցանկանում են աշխատել:

Բանկերն ունեն լուրջ խնդիրներ, անվտանգության, ներքին համակարգերի հետ կապված, այդ օրերին միջազգային կազմակերպություններ հետ են խնդիրներ լինում, աշխատանքային օրերին դրսի մարդիկ աշխատում են, մենք ասում ենք՝ չենք աշխատում, իսկ շաբաթ օրն էլ աշխատում են, նրանք չեն աշխատում: Այսպես մի խառնաշփոթ, անկանոն իրավիճակ է ստեղծվում, արդյունավետությունն է ընկնում:

Այս ամենը շտկել է պետք: Ասում են Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելով փորձեց կարգավորել այս հարցը, բայց հանդիպել է եկեղեցու համառ դիմադրությանը: Բայց պետք է մեկընդմիշտ կարգավորել խնդիրը եւ ավելորդ շռայլություններ թույլ չտալու համար նոր որոշում կայացնել: Իսկ մարդիկ կայցելեն հարազատների շիրիմներին ե՛րբ ցանկանան եւ որքա՛ն ցանկանան, դա պարտադրելու հարց չէ:

Արտակ Հայոցյան

Հ.Գ. – խմբ. կողմից – Համաձայնեք, որ առանց չափազանցության, ողբալի վիճակ է ստեղծվել. գործարարները, ինքնըստինքյան հասկանալով, որ եկեղեցին պետություն է պետության մեջ, արդեն փորձում են նրանց խնդրել՝ հանելու մեռելոցները: Իսկ վարչապետը, չենք հավատում, թե չի կարողանում կառավարության որոշումով չեղարկել նախկին վարչապետի եկեղեցասիրաց պահվածքի հետեւանքները: Պարզապես դեռ խանգարում են ինչ-ինչ շահեր… Իսկ եկեղեցու կղերական պահվածքը ուղղակի զայրացնող է: Ի՞նչ է, կրոնապետությու՞ն ենք մենք: Վերջապես ե՞րբ պիտի մեր եկեղեցին մտնի հոգեւոր ոլորտ՝ մարդկանց սրտերը ու թողնի մարդն ինքը որոշի՝ երբ գնա հանգուցյալի շիրիմին:

«Լուսանցք» թիվ 26 (372), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։