Ծայրահեղ իսլամականության բումերանգը – Ադրբեջանը նաեւ իսլամիստների խմբեր է պատրաստում Հայաստանի դեմ… Գուցե վերածվի համաթուրքական ահաբեկչական խմբավորման…

Անդրադարձել ենք սիրիական եւ իրաքյան հակամարտությունների ժամանակ թուրքական եւ ադրբեջանական ահաբեկչական խմբավորումների մասնակցությանը: Նշել ենք նաեւ, որ Ստամբուլը դարձել էր աշխարհի տարբեր անկյուններից Իսլամական պետությանը օգնել շտապող ծայրահեղականների եւ ահաբեկիչների որջ: Այստեղ հավաքագրվում եւ Իրաքի ու Սիրիայի տարածք էին մեկնում իսլամական ծայրահեղականներին երդում տված մարդասպանները…

Ադրբեջանում երազում են Իսլամական պետության հետ համագործակցելով լուծել Հայաստանի ու հայության խնդիրը: Սա նաեւ թյուրքական երազանք է:

Չնայած այն հանգամանքին, որ Իսլամական պետության առաջնորդները համաիսլամական պետության սահմաններում են տեսնում նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը, միեւնույնն է թյուրքական տարրին թվում է, թե իսլամականների օգնությամբ կտիրեն Հայաստանին:

Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանում արդեն գործում է «Ադրբեջանի իսլամական շարժում»-ը, այս շարքին վերջերս միացավ նաեւ «Ուզբեկստանի իսլամական շարժում»-ը՝ հավատարմության երդում տալով Իսլամական պետությանը: Այս շարժման մոջահեդները արդեն պաշտոնապես համարվում են Խորասանի մարզում տեղակայված խալիֆայության զորքեր: Նույնն է նաեւ Ադրբեջանում: Իսկ իրանական աղբյուրների պնդմամբ, ադրբեջանական իսլամականներ են գործում նաեւ Վրաստանի տարածքում՝ ադրբեջանաբնակ մարնեուլի շրջանում (գուցե վերածվի համաթուրքական ահաբեկչական խմբավորման): Թուրքիայի եւ Իսլամական պետության վերջին շրջանի անհամաձայնությունները հանգեցրին այն բանին, որ իսլամականների ղեկավարները Թուրքիայի հակաիսլամականներին անասուններ կոչեցին՝ ասելով թե «չէինք պատկերացնում, որ Թուրքիայում այսքան անասուններ կան»… Իսկ Ստամբուլում կալանավորվեց ադրբեջանցի ահաբեկիչ Աբդուլլահ Աբդուլլաեւը, ով հայտնի է որպես սլամականների հրահանգիչ Ստամբուլում:  Ադրբեջանը նաեւ իսլամիստների խմբեր է պատրաստում Հայաստանի դեմ: Ավելի քան 1500 քաղաքացի կռվում է ԻՊ-ի զինված ջոկատներում, ընդդեմ սիրիական կառավարական զորքերի: Նրանք հիմնականում «Մահմուդ» ջոկատի կազմում են: 2014-ից Սիրիայում ու Իրաքում սպանվել է շուրջ 300 ադրբեջանցի, ինչի մասին ստիպված է եղել հայտարարել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը: Գրոհայինները Սիրիա են մեկնել Թուրքիայի տարածքով:

Ադրբեջանի կառավարությունը երկակի խաղ է խաղում: Մի կողմից նա փորձում է հեռավորություն պահել գրոհայիններից, միաժամանակ փորձում է սուննի միջազգային կազմակերպություններին ու պետություններին ցույց տալ, որ շիա աշխարհին Ադրբեջանի պատկանելությունը գործնական քաղաքական նշանակություն չունի, եւ Բաքվում պատրաստ են աջակցել սուննի պետություններին ու նրանց շահերը, ինչը նշանակում է դիմակայություն Իրանի հետ: Բաքուն ֆինանսավորում է Ռուսաստանից ու այլ երկրներից զենքի գնումներն ու Թուրքիայի տարածքով մատակարարում ԻՊ-ին եւ նրանց տրամադրում է հետախուզական տեղեկատվություն, որի մի մասն իրականում կեղծ է: Ադրբեջանը Սիրիայի ալավի ռեժիմի ու Իրաքի շիա իշխանության դեմ պայքարով ցանկանում է սուննի պետություններին ապացուցել, որ լիովին պատրաստ է դիմակայել Իրանին:

Բաքուն նաեւ ձգտում է սերտ կապեր հաստատել քրդական կազմակերպությունների հետ, ինչը մասնակի հաջողում է, սակայն քրդերն ընդհանուր առմամբ անվստահությամբ են վերաբերում Ադրբեջանին: Ներկայում Ադրբեջանի գլխավոր շտաբը կիրառում է տարբեր նախաձեռնություններ Իսլամական պետության համար գրոհայիններ հավաքագրելու եւ ուղարկելու համար: Կա որոշում՝ ապագայում պատրաստել 10 հազար գրոհայինների, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիներից, ԻՊ-ի եւ իսլամական արմատական այլ կառույցների կարիքների համար: Իսլամականները դիտարկվում են որպես Մերձավոր Արեւելքում ավելի էական դեր խաղալու հնարավորություն, ինչպես նաեւ առանձին պետությունների ու միջազգային արմատական կազմակերպությունների ուշադրությունը Հարավային Կովկասի իրադարձություններին կենտրոնացնելու միջոց:

Ադրբեջանում շիա ուղղությունն է իշխում, բայց փորձում են ավելի գերադասելի երեւալ սուննի աշխարհում:

Ռուսաստանի փորձագետների տեղեկություններով, ներկայումս Մոսկվան լիովին հասկացել է, որ Հայաստանը շահագրգիռ է Մերձավոր Արեւելքի իրադարձություններին մասնակցության մեջ, նախեւառաջ՝ ԻՊ-ի դեմ կոալիցիայում: Եվ «բարեկամաբար» փորձում է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ լարվածությունը մեծացնելով վերջինիս ստիպել հրաժարվել այդ նպատակից: Կասկած չկա, որ Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով ձեռք է բերում Մերձավոր Արեւելքում ազդեցության լծակներ:

Բաքուն երկար ժամանակ չէր համագործակցում արաբական երկրների հետ, որոնք Ադրբեջանը դիտարկում են Իսրայելի մերձավոր դաշնակից ու գործընկեր: Բայց իրավիճակը փոխվել է, սակայն արաբ փորձագետներից ու քաղաքական գործիչներից շատերը Ադրբեջանը հակաարաբական պետություն են համարում…

Հայաստանը պարտավոր է արագորեն օգտվել առկա հակաթուրքական եւ հակաադրբեջանական գործոններից……

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 30 (376), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։