Նախապատերազմական իրավիճա՞կ, թե՞ խաղաղության զորախաղեր – Ներմուծականների շարք՝ «Հայաստան են ուզում մտնել նաեւ Իսլամական պետության զինյալներ, Թուրքիայի հատուկ ծառայության աշխատակիցներ՝ մեր երկրում իրավիճակը ապակայունացնելու համար…

Վերջին ժամանակների լարված իրավիճակը պետք է հանգեցներ այն բանին, որ բացի հայ-ադրբեջանական շփման գծերում արժանի ու համարժեք պատասխան տալուց՝ հայկական կողմը հավաստեր, որ պատրաստ է նաեւ լայնամասշտաբ պատերազմի, ինչի մասին միշտ է հայտարարվել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ամպագոռգոռ ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան էր նաեւ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը: Սահմանային բախումների ժամանակ տասնապատիկ ավելի զոհեր ու վիրավորներ տված Ադրբեջանը պիտի տեսներ, որ Հայաստանն ունի նաեւ ներքին քաղաքական կայունություն, եւ Հայաստանի ու Արցախի հայերն առանց խուճապի են մասնակցում այդ զորավարժություններին (իսկ Ադրբեջանում իրապես խուճապ կա, անգամ մեր պատասխան հարվածների թիրախ ադրբեջանական գյուղերից են հանգիստ մնալու կոչերով դիմել Բաքվին): Իսկ խուճապ է՝ թե՛ պաշտոնական, թե՛ հասարակական ոլորտներում:

«Իրադրության զարգացման հետ կապված ներմուծականների շարքը շարունակվում է, որի հիման վրա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել հայտարարել ռազմական դրություն: Դրանից բխող մի շարք օրենքների նախագծեր են պատրաստվել, գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու նախագահի հրամանագիրը ռազմական դրության հայտարարման վերաբերյալ»,- ասել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ ամփոփ ներկայացնելով «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքը: Նա նշել է, որ ներմուծականները շարունակվել են, մի քանիսը՝ պրակտիկ գործողություններով՝ Ավան թաղամասում հայտարարված պարետային ռեժիմը, փախստականների համար վրանային ճամբարի կազմակերպումն ու համապատասխան միջոցառումների իրականացումը. «Վարչապետը հանդիպել է փախստականների հետ, ցուցումներ է տվել կառավարությանը փախստականների կողմից բարձրացված հարցերին լուծում տալ»… Նշել է, որ փախստականների ընդունման գործընթացին մասնակցել են նաեւ ոստիկաններն ու ԱԱԾ-ն, քանի որ, ըստ կանխորոշումների, փախստականների հետ Հայաստան են ուզում մտնել նաեւ «Իսլամական պետության» զինյալներ, Թուրքիայի հատուկ ծառայության աշխատակիցներ՝ մեր երկրում իրավիճակը ապակայունացնելու համար…

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ասել է, որ մնացած ներմուծականները հիմնականում տեսական են, այս փուլում առավել մեծ քանակությամբ ներածական են ստացել Զինված ուժերը, քանի որ եթե հայտարարվել է ռազմական դրություն, պատերազմը սկսվել է, Զինված ուժերը սկսում են իրականացնել համապատասխան գործողություններ: Զորավարժությունների վերաբերյալ ընդհանուր գնահատական կտրվի հետո: Մի բան կարելի է փաստել. զորավարժության ղեկավարությունն իր նպատակին հասել է: «Այն նպատակները, որ դրել ենք մեր առջեւ, իրականացրել ենք: Պաշտպանության նախարարությունն իր նպատակին հասել է, նախագահի աշխատակազմի ղեկավարը, որպես զորավարժության շտաբի ղեկավար, բավականին բավարարված է արդյունքներից»,- հայտնել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը: Մանրամասն վերլուծվելու են նաեւ զորավարժությունների ընթացքում նկատված թերությունները, կազմվելու է դրանց վերացման պլան, որը հաստատելու է երկրի նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը: «Այդ պլանի հիման վրա նախատեսվելու են միջոցառումներ՝ թերությունների, պրոբլեմների վերացման ուղղությամբ»,- ամփոփել է գեներալ-լեյտենանտը:

Ադրբեջանում մեծ ուշադրությամբ են հետեւել հայաստանյան զորավարժություններին եւ փորձել են իրենց ուժը ցուցադրել՝ այդ օրերին լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելով: «Ադրբեջանի զինված ուժերը, նպատակ ունենալով ստուգել բոլոր տեսակի զորամիավորումների մարտական պատրաստվածությունը, լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել»,- հայտարարել է այդ երկրի ՊՆ-ն: Այն կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 13-ը, ներգրավված է 65 հազար զինծառայող, շուրջ 700 միավոր զինտեխնիկա, ավելի քան 500 հրթիռային եւ հրետանային համակարգ, շուրջ 40 ինքնաթիռ եւ 50 ուղղաթիռ, 20 նավ եւ նավակ:

Ադրբեջանի մամուլը նշել էր, որ սեպտեմբերի 3-6-ը Հայաստանում անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները նպատակաուղղված են պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության եւ ագրեսիայի հետմղման ընթացքում պետական ու ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության եւ գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը»:

Նշենք նաեւ, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն անցկացվող մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժության ակտիվ փուլին: Սա եւս աննկատ չի մնացել պաշտոնական Բաքվի աչքից:

Հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի մարզի մի քանի գյուղերում այս օրերին բավական լարված է եղել: Այժմ համեմատաբար հանգիստ է: «Զինծառայողներ չեն տուժել, վիրավորվել է 2 քաղաքացիական անձ եւ հետո նույնքան զինծառայող, նրանք հիվանդանոցում են, պետության հոգածության ներքո»,- այդ օրերին ասել էր ՊՆ ներկայացուցիչը, ով ձեռնպահ էր մնացել վիճակի սրմանը քաղաքական գնահատականներ տալուց:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 30 (376), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։