Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – (1-ին մաս) Հերման Վիրտի հիպերբորեական տեսությունը – Ինչու՞ տիրապետելով 100-ից ավելի հին լեզուների՝ նա այդպես էլ չանդրադարձավ հին հայերենին…

Ալեքսանդր Դուգինի «Մեծ հյուսիսի նշանները» գիրքը նվիրված է հոլանդացի գիտնական Հերման Վիրտին եւ նրա աշխատություններին, որոնցում գլխավոր թեման մարդկության հյուսիսային (արկտիկական) ծագման գաղափարն է:

Ըստ Հերման Վիրտի, «Արկտիկայի նախամարդը Աստվածամարդ է, մտասույզ մարդ է, Մարդ-Միտք է: Այդ մարդն օժտված է առաջին խմբի արյունով: Տիեզերքում եւ ցիկլում տիրում է երկվություն:

Արկտիկան ունի հակադրույթ՝ Գոնդվանա, Հարավի նախամայրցամաքը: Այն համարվում է Գիշերի երկիր, որը բնակեցված է մարդ-կենդանիներով՝ անուղեղ եւ անլեզու: Այնտեղ տիրում են Հյուսիսին հակառակ օրենքներ: Այդ վայրագ «մարդանման» ռասան օժտված է երրորդ խմբի արյունով:

Երրորդային շրջանում այս երկու մարդկությունները՝ Արկտիկայի եւ Գոնդվանայի, ապրում են առանց միմյանց հատվելու:

Չորրորդային շրջանի սկզբում հյուսիսային ռասան սկսում է շարժվել դեպի հարավ: Արկտիկան սառցակալում է, բայց մարդկանց մի մասը մնում է այնտեղ՝ շրջապատված սառույցներով:

Բնական տիեզերական պայմաններն այժմ տարբերվում են հյուսիսայինից, ինչը փոփոխություններ է մտցնում նախալեզվի մեջ, իսկ Գոնդվանայի բնակչության հետ խառնվելը հույզերով ու բնազդով է պղտորում խառը ամուսնություններից առաջացած սերունդների աստվածային միտքը:

Արկտիկայի միասնական նախալեզվի, կրոնի, մտքի, արյան հետզհետե ջնջման գործընթացը կազմում է պալեոլիթի ժամանակաշրջանի ոգու պատմության բովանդակությունը:

Որոշ փուլերում ջրի տակ է անցնում Արկտիկան, ու տարբեր մասերի է բաժանվում Գոնդվանան: Հյուսիս-հարավ ընդդիմակայությունը փոխարինվում է Արեւմուտք-Արեւելք ընդդիմակայությամբ:  Արեւմտյան նախամայրցամաք Ատլանտիդան տեղավորված է եղել Հյուսիսային Ատլանտիկայում եւ մոտ է գտնվել Արկտիկայի մնացորդներին:

Ատլանտյան շրջանը ուշ պալեոլիթն է (22-10 հզ. տարի Ք.ա.): Այդ ժամանակահատվածում բարենորոգված արկտիկական նախակրոնը եւ նրա առավել գիտակից կրողները (արյան առաջին խումբ) ավելի մաքուր ձեւով գոյություն ունեն Ատլանտիդայում: Նոր ատլանտյան պատմությունը զարգանում է Հյուսիս-Արեւմուտք-Հարավ-Արեւելք գծով: Այն մարդկության նախապատմության ուշ փուլն է, իսկ եզրափակիչ ակորդն է Ատլանտիդայի խորտակումը եւ դրան հաջորդող ատլանտների միգրացիան (գաղթը) Եվրասիա: Այս իրողությունները տեղի են ունեցել մեզոլիթում եւ նեոլիթի սկզբում: Սրան զուգահեռ Արկտիկայից Եվրոպա է իջնում այն նախառասան, որն այնտեղ էր մնացել ավելի երկար եւ բնակեցրել արկտիկական եւ մերձարկտիկական կղզիները մինչեւ վերջին չորս հազարամյակները:

Բայց երկիրը, ուր նրանք գալիս են, արդեն խիտ բնակեցված է գոնդվանական վայրագ ռասայով, սակայն արդեն խառնված Արկտիկայից իջած առաջին եկվորների հետ (իսկ ավելի ուշ՝ ատլանտների հետ): Հենց այստեղ է, որ տեղի է ունենում Հյուսիսի եզրափակիչ դրաման՝ սկզբնային աստվածային աշխարհայացքի վերջին մնացորդների հանգչումը եւ նրանց կրողների անկումը:

Մեզ հայտնի պատմության վերջին երկու հազարամյակը քաղաքակրթության վերջին հոգեվարքն է եւ հարավային-գոնդվանական մութ ուժերի հաղթանակը: Այստեղ է ավարտվում լեզուների խառնակվելը, եւ այժմյան բոլոր լեզուները, կրոնական ուսմունքները անհասկանալի խորհրդանիշերի եւ նշանների միահյուսում են, քանի որ նրանց բանալին կորցված է հյուսիսային երկրի եւ ռասայի հետ միասին:

Երրորդ խմբի նախառասան ներկայացվել է նեանդերթալցու տեսակով, որոնք տարաբնակվել են մինչեւ Եվրասիայի հյուսիսային սահմանները:

Առաջին խմբի նախառասան պատմության մեջ հայտնվում է երրորդ խմբից ավելի ուշ, բայց սա տեղի է ունենում հանկարծակի, ինչը բացառում է էվոլյուցիայի հնարավորությունը նեանդերթալցուց:

Այս սպիտակ նախառասան բնակեցված է եղել այժմ անհետացած Արկտիկայի եւ Ատլանտիդայի մայրցամաքներում եւ այդ պատճառով այն պատմության մեջ առաջին անգամ հանդիպում է խառնված 3-րդ խմբի հետ, որը հայտնի է որպես Աուրինյակյան ռասա, որն ավելի զարգացած էր, բայց պահպանել էր 3-րդ խմբի բազմաթիվ գծեր:

Եվ վերջապես, հյուսիսային ռասայի ավելի մաքուր ձեւն է դառնում կրոմանյոնցին, որը եկել է Արեւմտյան Եվրոպա պատմական «ոչ մի տեղից» ( ՞ ): Դրանք արյան 2-րդ խմբի մարդիկ են՝ նախահնդեվրոպացիները: Նրանց լեզուն, ֆենոտիպը, գենոտիպը պատմության մեջ հայտնվում է արիացի, արիական ավանդույթ, արիական լեզու, արիական ռասա անվամբ:

Նախահնդեվրոպացիները եկել են հյուսիսից. նեոլիթում նրանք գաղթում են դեպի Հարավ-Արեւելք՝ Կովկասով Իրան (Պարսկաստան), Հնդկաստան, Չինաստան, մինչեւ իսկ Ճապոնիա:

Ելնելով սերիոլոգիայի (արյունաբանության) տվյալներից՝ Վիրտը համարում է, որ արյան 1-ին խումբը, որպես միակը, հանդիպում է Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների որոշ մաքուր ցեղերի մոտ: Մյուս ժողովուրդների մոտ այս խումբը հանդիպում է բավական հաճախ, բայց ոչ մի տեղ չի գերակշռում:

2-րդ խումբը մեծ մասամբ բնորոշ է այսպես կոչված Homo europeus՝ հյուսիսային գերմանո-սկանդինավյան եվրոպացիներին, չնայած տոկոսային հարաբերությամբ նվազելով, այն տարածվում է մինչեւ հեռավոր Արեւելք եւ մասամբ հանդիպում է Աֆրիկայում եւ Օվկիանիայում:

Հիմնվելով արյան 1-ին եւ 2-րդ խմբերի ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալների վրա՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ արյան 2-րդ խումբը զարգացել է 1-ինից՝ առանց մյուս խմբերին խառնվելու:

3-րդ խումբը գերակշռում է Հարավ-Արեւելյան Ասիայի բնակչության մոտ՝ Չինաստան, Հնդկաստան, Մոնղոլիա, Տիբեթ, նվազելով, այն հանդիպում է այլ ժողովուրդների մոտ եւս:

4-րդ խումբը ամենահանելուկայինն է, որովհետեւ նրա տոկոսային հարաբերությունը մյուս խմբերի համեմատ չնչին է, իսկ երբեմն էլ բացակայում է:

1928թ. Վիրտը «Մարդկության ծագումը» գրքում ձեւակերպում է իր տեսության հիմքը: Նա համոզված է, որ բոլոր հիշատակումները հնագույն մայրցամաքի մասին, որը գտնվել է հյուսիսային բեւեռում, ոչ առասպել են, ոչ էլ երեւակայություն, այլ՝ պատմական փաստ:

Նախասկզբնական ավանդույթը եղել է Մայրիշխանական՝ Սպիտակ Տիկնոջ, Մաքուր Կույսի թագավորություն: Նշանների գաղտնիքները սկզբնապես պահպանողները եղել են ոչ թե տղամարդ քրմերը, այլ քրմուհիները:

1932թ. Հերման Վիրտը Գերմանիայում հիմնադրում է հնագույն մշակույթների ուսումնասիրությունների կազմակերպությունը՝ «Անեներբե» (Anenerbe) ծածկանունով, ինչը նշանակում է նախնիների ժառանգություն: 1933թ. այն անցնում է Հենրիխ Հիմլերի հսկողության տակ:

Օգտագործելով հնագույն քաղաքակրթությունների նվաճումները՝ տարվել են իրենց համանմանը չունեցող մասշտաբներով եւ ուսումնասիրությունների խորությամբ հետազոտություններ, որոնց արդյունքում ֆաշիստները հասել են զգալի հաջողությունների:

Հերման Վիրտը, ով ղեկավարում էր «Անեներբեն», 1938թ. հեռացվում է աշխատանքից եւ այնուհետեւ հայտնվում է գեստապոյի հսկողության տակ: Ֆաշիստները օգտագործեցին նրա գիտելիքները եւ նրա տեսությունը քաղաքական նպատակներով, եւ երբ պատվերը կատարված էր, նրան վտարեցին «Անեներբեից»:

Վիրտը իր տեսությունը կառուցել է ոչ թե գիտական փաստերի հիման վրա, այլ մեծ մասամբ նախընտրել է գտնել ճշմարտությունը ավանդություններում, կրոններում, խորհրդանշաններում, պաշտամունքներում, ծիսակատարություններում: Սկանդինավյան ավանդազրույցների հիման վրա է գրված նրա «Ուրա Լինդայի ժամանակագրությունները» (Ura-Linda Chronik Leipzig, 1933):

Ավանդազրույցը հայտնաբերել են 19-րդ դարում, որը իբր ներկայացնում է Գերմանիայի «ֆրիզների» պատմությունը, եւ որը գնում է դարերի խորքը: Գիտնականները այն գնահատեցին որպես նմանակում:

Այս կապակցությամբ Վիրտը արդարանում է այն փաստերով, որ չնայած «Ուրա Լինդայի» բնագիրը հայտնի չէ, բայց այն բաղկացած է 3 շերտերից՝ արխայիկ, Վերածննդի դարաշրջանի ընդօրինակողի ավելացումներից եւ ավելի ուշ ընդմիջարկություններից:

Զարմանալին այն է, որ Վիրտը, տիրապետելով 100-ից ավելի հին լեզուների, ղեկավարելով «Անեներբեն» եւ տեղյակ լինելով ֆաշիստական արխիվներում քարտեզի վրա նշված Զանգեզուր անվամբ հնագույն համալիրի մասին, իր աշխատություններում ոչ մի տեղ չի անդրադառնում հին հայերենին, հայոց պատմությանը եւ մշակույթին:

«Անեներբե»-ի հետազոտությունների հետ կապված ավելացնենք որոշ տեղեկություններ Վարդան Բալյանի «Զորաց քարերի առեղծվածը» գրքից. «Անեներբեի» նպատակների թվում պատմաբանները նշում են հնդեվրոպական ծագման հնագույն քաղաքակրթությունների ուսումնասիրությունը, որը պետք է ապացուցեր, թե մարդկության նախահայրերը Ալդեբարան կոչվող աստղից (a Ցուլի, առաջին մեծության կարմիր աստղ) մեր մոլորակ եկած այլմոլորակայինների ժառանգներն էին, որոնք ենթադրաբար, դեռեւս հինգ հարյուր հազար տարի առաջ բնակություն էին հաստատել երկրի վրա:

Նրանք ստեղծել էին շատ զարգացած քաղաքակրթություն, որին հասանելի են եղել տիեզերքի եւ նրա արարչագործության բոլոր գաղտնիքները, որոնք էլ պետք է դրվեին «գերմանական նոր հրաշքի» բանաձեւի հիմքում: Տարբեր պաշտամունքի քրմերը համոզված էին, որ այդ ժամանակ մեր մոլորակը նույնիսկ կապ է ունեցել այժմ մեզ անհայտ մոլորակների հետ:

Ֆաշիզմի տեսաբանները ելնում էին այն համոզմունքից, որ համաշխարհային աշխարհակործան արհավիրքի հետեւանքով այդ քաղաքակրթությունը վերացել է, բայց մարդկանց մի հատված, այնուամենայնիվ, կարողացել է փրկվել եւ, խառնվելով արիական ցեղերի հետ, հիմնադրել է նոր արիական քաղաքակրթություն, որի ժառանգներն էին իրենց համարում գերմանացիները:

Արիական ժառանգության արեալի մեջ ներառված էին բացառապես այն տարածաշրջանները, որտեղ տարածված է եղել Ալդեբարան աստղի պաշտամունքը: Իսկ Հայաստանը մտնում է այդ գոտու մեջ: Ալդեբարանի պաշտամունքը տարածված է եղել Հայաստանում, այն անվանում էին «Վերափոխման աստղ, Աստծո աչք»:

Վիրտը, կարդալով զրադաշտականների սուրբ գրքի՝ «Բոն Դահեշնի», հետեւյալ հատվածը. «Յիման՝ առաջին մարդը, Ահուրամազդայի (Արամազդի) խորհրդով հեռավոր հյուսիսում կառուցեց Վարա (ԹՈՐՈ) քաղաքը եւ հավաքեց այնտեղ մարդկանց սերմերը, որպեսզի պահպանի չարաղետ ձմռանից…», ընդունել է բառացի:

Այսինքն՝ հեռավոր հյուսիսում անհիշելի ժամանակներում գոյություն է ունեցել զարմանալի դրախտային երկիր՝ Հիպերբորեա (Տուլե, Վարահի), որտեղ ապրել են ոսկեգանգուր երկնագույն աչքերով արիացիները՝ արքաների եւ հերոսների աստվածային ռասան, որտեղ աստվածների օրը հավասար է եղել մարդկանց տարվան: Մարդիկ եղել են կատարյալ, հասարակ, բայց առավել հոգեւոր աշխարհայացքով:

Չնայած Վիրտի տեսությունը ունի շատ խոցելի կողմեր, այնուամենայնիվ, «Ուրա Լինդայի» ժամանակագրության հնագույն շերտը պարունակում է հարուստ նյութ արկտիկական տարվա, լեզվի, նշանների, պաշտամունքների, ռասաների, ստորերկրյա եւ վերերկրյա աշխարհների եւ արիական դուալիզմի (երկվության) մասին, որտեղ նկատելի է հայկական շերտը:

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 33 (379), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։