Այլեւս առանց տողատակերի – Միջազգային հանրության «կերտած» անպատժելի Ադրբեջանը – ՀԱՊԿ-ն լռում է՝ հօգուտ Բաքվի… Ներողություն, հետո՝ հատուցում… Արդյո՞ք Ադրբեջանին միջուկային հարված է սպասվում…

Այլեւս առանց տողատակերի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ տեղի ունեցողը պայմանավորել է Բաքվի մոտ անպատժելիության զգացմամբ, ինչը միջազգային հանրության որդեգրած մոտեցման արդյունքն է: Նա Ադրբեջանի վարքագիծը պայմանավորել է միջազգային դերակատարների թերացմամբ եւ մշտապես հավասարության նշան դնելու վտանգավոր քաղաքականությամբ, երբ մեղադրական սլաքը ուղղված է եւ՛ սահմանախախտին, որ Ադրբեջանն է եւ՛ պաշտպանվող կողմին, որ Հայաստանն է: Նախագահը հստակ ասել է, որ այսօրինակ իրավիճակում ինքը պարտավոր է պաշտպանել Հայաստանի ժողովրդին եւ դա կարվի նաեւ նախահարձակ լինելով, պատժիչ գործողություններով…

Մեր բանակի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ զինված ուժերի եւ ոստիկանական տորաբաժանումների զինավարժությունների ժամանակ, որն անցկացվում է Հայաստանում, ասել է, որ ՀԱՊԿ-ն պիտի անհանգստանա նաեւ մեր ինքնապաշտպանական խնդիրներով, սակայն ցայսօր անգամ իր բարոյական աջակցությունը չի հայտնել…

Կզոհվեն նաեւ Ադրբեջանի բնակիչները. այսպես ասել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը. «Համարժեք պատասխանը հակառակորդն արդեն իսկ ստացել է եւ դեռ կստանա, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ երբ այսպիսի քայլերի է գնում, ապա ունենալու են զոհեր իրենց ժողովրդի շրջանում»…  Խոսելով մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, որ այդ հարցը խիստ մտահոգիչ է: Անդրադառնալով ՀԱՊԿ-ի արձագանքին՝ նկատել է, որ դիմելու կարիքը չենք զգում, թեեւ ընդհանուր առմամբ շատ կարեւոր է ունենալ պայմանագրային տարբեր պարտավորություններ պետությունների, կառույցների հետ… Ավելին՝ հայկական 2 կողմերն էլ իրենց հույսն առաջին հերթին դնում են իրենց վրա: Ավելին՝ եթե որեւէ պետություն իր ամենակենսական խնդիրը՝ անվտանգությունը, փորձի դնել այլ պետությունների վրա, դա կլինի աններելի սխալ»…

Ներողություն, հետո՝ հատուցում

«Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը լուրջ անհանգստությունների տեղիք է տալիս: Խախտելով ԵԱՀԿ ՄԽ խաղաղ բանակցային գործընթացի հիմնական սկզբունքները՝ Ադրբեջանը խոշոր տրամաչափի զինատեսակներ է օգտագործում ինչպես ԼՂ-ի սահմանագծին, այնպես էլ ՀՀ Տավուշի մարզի սահմանային գոտում»,- ԵԽԽՎ նիստում ունեցած ելույթում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը՝ նշելով, որ ԼՂ-ին վերաբերող հարցը նույնպես կարեւորագույն է Վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի համար: Նա նշել է, որ միջազգային իրավունքի սկզբունքի խախտման պատճառով զոհերի շարքում են նաեւ խաղաղ բնակիչները. «…4 զինվորներ, ովքեր գտնվում էին 5 կմ հեռու առաջնագծից եւ զբաղվում էին իրենց առօրյա գործունեությամբ սպանվել են: Իսկ 1 օր առաջ 3 կին, լինելով իրենց սեփական տանը՝ սեփական այգում, իրենց հարազատների ներկայությամբ սպանվեցին:

Ես անձամբ իմ գործընկերների հետ այցելել եմ այդ տարածքները եւ տեսել ավերվածությունները: Այս սադրանքների միջոցով Բաքուն անտարբերություն է ցուցաբերում ինչպես մարդու կյանքի նկատմամբ, այնպես էլ իր սեփական ժողովրդի անվտանգության նկատմամբ: Սա ադրբեջանական իշխանությունների հերթական փորձն է սեւեռելու ուշադրությունը այդ երկրում մարդու իրավունքների խախտմանը եւ վերջինիս նկատմամբ միջազգային քննադատության աճին: Ադրբեջանը մերժում է վստահության կառուցմանն առաջարկները եւ իրավիճակը կայունացնելուն ուղղված նախաձեռնությունները: Սեպտեմբերի 26-ին ՄԽ համանախագահները ընդունեցին ԵԱՀԿ մեխանիզմը՝ ուսումնասիրելու հրադադարի խախտումները: Հայաստանը համաձայնվել է քննարկել այդ մեխանիզմի մանրամասները: Խնդրում եմ, որ Վեհաժողովը իր ուշադրությունը սեւեռի Ադրբեջանի պահվածքին եւ միջոցներ ձեռնարկի քանի որ ակնհայտ է, որ հենց ադրբեջանական կողմն է սադրում նոր լարվածություն սահմանին եւ ողջ պատասխանատվությունը հետագա զարգացումների համար կրելու է Ադրբեջանը: Վստահեցնում եմ, որ սա Ադրբեջանի կողմից կազմակերպված սադրանք է: Կցանկանայի նշել նաեւ, որ Հայական Բանակը ի զորու է պաշտպանել մեր սահմանները, ինչը մեր Բանակը բազում անգամ ապացուցել է»:

Հայ պատգամավորն իր ելույթում նաեւ նշել է. «Ի պատասխան ադրբեջանցի Հուսեյնովի այն պնդմանը, որ Հայաստանը մերժում է ԵԽԽՎ ցանկացած զեկուցողի այցը Հայաստան ոչ այլ ինչ է քան բացահայտ սուտ։ Կարիք չկա գործընկերներին հիշեցնել, որ դա Ադրբեջանն էր, որ հաստատուն կերպով մերժում էր պարոն Շտրասսերի այցը Ադրբեջան, իր զեկույցը նախապատրաստելու համար։ Դա ակնհայտ փաստ է։

Մեկ այլ հայ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Հուսեյնովի զեկույցին, հայտարարել է, որ հանդուրժողականության մասին խոսելուց եւ զեկույց գրելուց առաջ նա պարտավոր է ԵԽԽՎ ամբիոնից ներողություն խնդրել Ադրբեջանի վարած հայատյաց եւ ագրեսիվ քաղաքականության, կրոնական անհանդուրժողականության եւ մշակութային վանդալիզմի համար»։ Խոսք է եղել հատկապես Ջուղայի խաչքարերի զանգվածային ոչնչացման մասին:

Արդյո՞ք Ադրբեջանին միջուկային հարված է սպասվում

Ադրբեջանցի որոշ քաղաքագետներ անհանգստացած են հայ-ադրբեջանական հակամարտության նորովի բորբոքումից: Նրանք զգուշացնում են, որ պատերազմ սկսելուց առաջ լավ պետք է մտածել հայկական կողմի՝ միջուկային մարտագլխիկներ ունենալու հավանականության մասին:

Քաղաքագետ Հեյդար Ջամալը անգամ հանդես է եկել պարզաբանումներով: Moderator.az-ի հաղորդմամբ, Minval.az-ի թղթակցի հետ զրույցում Հեյդար Ջամալը, ով քաղաքագետ լինելուց բացի, նաե Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավարն է, ասել է, որ «…կան տեղեկություններ, որոնց համաձայն Հայաստանը դեռ խորհրդային շրջանից ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի, ինչի մասին չի խոսվում» (զառանցանքը մեկնաբանման կարիք չունի,- խմբ.):

Նա, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, ընդգծել է նոր պատերազմի սկսման հավանականության մշտական առկայության մասին: «Մարդկությունը կանգնած է 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին: Այսօր քարտեզի վրա այնքան շատ թեժ կետեր կան, որ վաղը կարող է մեծ պատերազմ սկսվել… Իսկ այն տեղեկությունները, որոնց համաձայն Հայաստանը դեռ խորհրդային ժամանակներից որպես ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի, որոնք նա չի վերադարձրել Մոսկվային, կարծում եմ՝ հավաստի կլինեն եւ դրանք Մեծամորի ատոմակայանի միջոցով մշտապես թարմացվում են,- նշել է այս քաղաքագետը եւ հավելել,- Հայ միջուկային ֆիզիկոսները խորհրդային գիտական պոտենցիալի մի մասն էին… Ղարաբաղը ետ վերադարձնելու մասին մտածելիս մենք չենք կարող լուրջ չվերաբերվել այս հանգամանքին»:

Իսկ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ եթե պատերազմ սկսվի, կասկածի տակ կլինի ադրբեջանական պետության գոյությունն ընդհանրապես, անկախ այս կամ այն հանգամանքից…

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 33 (379), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։