Ռուսական արջը՝ թուրքական գայլի դեմ – ՆԱՏՕ-ն կտրուկ դեմ է արտահայտվել ռուսական զինուժի դիրքավորմանը Սիրիայում… Մահապարտ ահաբեկիչներն ադրբեջաներեն են խոսել… Կոչ՝ կանխելու քրդերի ցեղասպանությունը…

Տարածաշրջանում առկա են մի շարք հակամարտություններ, որ տասնյակ տարիների, իսկ որոշներն անգամ հարյուրամյակների պատմություն ունեն: Ռուս-թուրքական դիմակայությունը եւս նոր չի սկսվել, թեեւ վաղուց զինված ընդհարումներից անցել է քաղաքա-տնտեսական պատերազմական կարգավիճակի: Այսօր այդ հակամարտությունը խորանում է: Դեռ կխորանա, եթե Ռուսաստանը շարունակի ծրագրված ավիահարվածներ հասցնել Իսլամական պետության դիրքերին Սիրիայում:

Անկարան մտահոգ է այն բանի համար, որ ռուսական ավիահարվածները հասցվում են նաեւ սիրիական իշխանություններին ընդդիմադիր ուժերի դիրքերին, որոնք արեւմտյան աջակցությունն ստանում են Թուրքիայի տարածքով, իսկ ներկայիս իշխանությունները Թուրքիային արդեն թշնամի պետություն են համարում:

Անկարան սարսափում է նաեւ այն իրողությունից, որ ռուսական զինուժը կարող է շրջափակել Թուրքիան՝ արեւելքից Հայաստանի տարածքում գործող ռազմաբազայով, հարավից՝ Սիրիայում նախատեսվող ռազմաբազայով: Իսկ Ռուսաստանը ծրագրում է Սիրիայի տարածքում դեռ ավիահարվածներ հասցնել իսլամականների դիրքերին, եթե նույնիսկ ԱՄՆ-ն հրաժարվի ուժերը միավորելու առաջարկից:

ՆԱՏՕ-ն կտրուկ դեմ է արտահայտվել ռուսական զինուժի դիրքավորմանը եւ հայտարարել է, որ Ռուսաստանը դեռ կհատուցի այն ռմբահարումների համար, որոնք արվել են ընդդիմադի ուժերի ուղղությամբ՝ վնասելով նաեւ խաղաղ բնակիչներին: Վաշինգտոնը զգուշացրել է, որ ռուսները շուտով կորուստներ կունենան Սիրիայում:  Բայց Մոսկվան դեռ պնդում է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները համաձայնեն միավորել ջանքերը Ռուսաստանի, Իրանի ու սիրիական բանակի հետ՝ ընդդեմ ԻՊ ահաբեկչական խմբավորման, սակայն ԱՄՆ-ն դեռ չի համաձայնում, քանի որ ՆԱՏՕ-ի տարածաշրջանային հենակետ երկիրը՝ Թուրքիան դեմ է ռուսական ներկայությանը իր սահմանների մոտ: Մոսկվայի առաջարկը ենթադրում է ԻՊ-ի դեմ համատեղ ռազմական գործողությունների վարում, իսկ ԱՄՆ-ն պնդում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության քաղաքական փոխանցում: Այս դեպքում Վաշինգտոնը պատրաստ է քննարկել հարվածների կոորդինացման հարցը, որպեսզի խուսափի ռուսական ինքնաթիռների հետ կապված հնարավոր դեպքերից, սակայն Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները դեռ Մոսկվայից չեն ստացել հստակ առաջարկներ:

Թուրքիայում լրջորեն անհանգստացած են Սերգեյ Լավրովի հայտարարություններից: ՌԴ ԱԳ նախարարն ԱՄՆ-ում հայտարարել է, որ Իրաքի կառավարության միջոցով ռուսական զենք է հասցվում քրդերին ու նրանք եւս մասնակցում են Ռուսաստանի, Իրաքի, Իրանի ու Սիրիայի կողմից հիմնված հետախուզական գործողություններին: Ռուս նախարարը հույս է հայտնել, որ թուրքական կողմը զերծ կմնա ահաբեկչության դեմ պայքարում այլ ընդդիմադիր հատվածների դեմ գործողություններից, ինչը Թուրքիայում ընդունել են որպես Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության դեմ թուրքական հնարավոր գործողություններից ձեռնպահ մնալու հորդոր: Սա կարող է մի նոր սառը ցնցուղ լինել թուրք-քրդական հակամարտության ընթացքում:

Այս ելույթին էլ զուգահեռ Թուրքիայի վարչապետը սպառնացել է, որ թուրքական կողմն անվտանգության նկատառումներից ելնելով՝ կարող է գործողություններ ձեռնարկել քրդերի դեմ, եթե վտանգ սպառնա երկրի ամբողջականությանը: Անկարան մեկ անգամ եւս լուրջ անհանգստություն է հայտնել Սիրիայում ստեղծված վիճակի կապակցությամբ: Մասնավորապես՝ վարչապետ Դավութօղլուն արտահայտել է իր մտահոգությունները՝ Սիրիայում ռուսական ավիահարվածների ու Իրանի օգնության վերաբերյալ՝ նշելով, որ ռուսական ավիացիան հարվածում է չափավոր ընդդիմությանը, Սիրիայի ազատ բանակին, իսկ Իրանն էլ՝ մարդկային ու նյութական միջոցներով է աջակցում դրան: Անկարան մեկ ագամ չէ, որ սպառանացել է Սիրիայի տարածքում հնարավոր գործողություններով քրդական Ժողովրդավարական միության դեմ, եթե վերջինիս զինյալները փորձեն թափանցել Թուրքիա, քանի որ թուրքական կողմը այն համարում է որպես Քրդական բանվորական կուսակցության սիրիական թեւ: Թուրքիայի նախագահ Էրդողանը եւս անհանգստացած է, նա պատրաստվում է խնդրել Ռուսաստանի նախագահ Պուտինին՝ վերանայել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները, Իսլամական պետության դիրքերին ավիահարվածներ հասցնելու ռազմավարությունը, քանի որ իր տեղեկություններով ռուսական կողմը հարվածում է նաեւ սիրիական ընդդիմությանը:

Անկարայում խիստ անհանգստացած են հատկապես այն փաստից, որ ռուսական զորքերն արդեն 2-րդ ուղղութամբ են շրջափակում Թուրքիան: Սա համաթուրանականության «մեծ ճանապարհին» կդառնա մեծ խոչընդոտ:

Սիրիայի իշխանություններին օգնելու Ռուսաստանի որոշումն աշխարհաքաղաքական նոր զարգացումների սկիզբ է դարձել ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ հարակից տարածաշրջանների համար: Արդեն իսկ ակնհայտ է, որ ռուսական կողմի գործողությունները Սիրիայում որոշակի խնդիրներ են ստեղծել Բաշար Ասադի իշխանության դեմ պայքարող այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան կամ Թուրքիան: Այս երկրները տարածաշրջանում մրցակցում են նաեւ Իրանի դեմ, որը լինելով Ռուսաստանի դաշնակիցը՝ այսօր ավելի ամուր դիրքերում է գործում Սիրիայում: Իսկ թուրքական ծավալապաշտական քաղաքականությունն այլեւս չի կարող ազատ գործել: Ի տարբերություն Թուրքիայի, Սաուդյան Արաբիան փորձում է համախմբել եւ իր հետեւից տանել սունի հավատի հետեւորդ երկրներին:

Ի պաշտպանություն Թուրքիայի՝ «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական կազմակերպության հետեւորդները Բեռլինում բողոքի ալիք են բարձրացրել, ինչը սակայն հանդիպել է գերմանական աջակողմյան ուժերի դիմադրությանը եւ ավելի քան 100 թուրքեր բախումների հետեւանքով տուժել են: Կարծում ենք՝ այս ալիքը կտարածվի մյուս եվրոպական երկրներում նույնպես, որտեղ թուրքեր են բնակվում, իսկ Ռուսաստանում կարող է վերածվել հակաադրբեջանական ալիքի...

Պետք է ուշադիր լինել եւ նպաստել այս սրացումներին Եվրոպայի ու Ռուսաստանի ակտիվ հայության միջոցով:

Արամ Ավետյան

Մահապարտներն ադրբեջաներեն են խոսել

Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության ականատես 15-ամյա մի աղջիկ ոստիկանությանը տված ցուցմունքում ուշագրավ տեղեկություններ է հայտնել:

«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, աղջնակը պատմել է, որ տեսել է, թե ինչպես են մահապարտները մոտակա մզկիթ մտել:

Մզկիթում նա տեսել է 4 հոգի, ովքեր ադրբեջաներեն ու քրդերեն են խոսել: Աղջիկը ականատես է եղել, թե ինչպես են վերջիններս սեւ ժապավեններով իրենց վրա կապում պայթուցիկները, ապա դուրս գալիս մարդկանց մեջ ու պայթեցնում իրենց: Աղջիկը պնդել է, որ կասկածելի մարդկանց տեսնելուց հետո իր ընկերոջ հետ մոտեցել ու այդ մասին տեղյակ են պահել ոստիկաններին, սակայն վերջիններս ոչ մի միջոց չեն ձեռնարկել:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլիյեթ» թերթը:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ արհմիությունների կողմից կազմակերպված «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցի ժամանակ 2 խոշոր պայթյուն էր որոտացել, ինչի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, կան հարյուրավոր զոհեր ու վիրավորներ:

Նշենք նաեւ, որ այլեւս հայտնի է, որ հարյուրավոր ադրբեջանցիներ են կռվումն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման համար եւ արդեն կան տասնյակ սպանվածներ:

Կոչ՝ կանխելու քրդերի ցեղասպանությունը

Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը միջազգային կառույցներին կոչ է արել կանխել քրդերի ցեղասպանությունը:

Ըստ նրա, աշխարհը սեփական շահից ելնելով՝ լռեցնում է քրդական հարցը: Քրդերը պետականություն ունենալու խնդիր չունեն, նրանք պայքարում են սեփական ազատության համար, սակայն, անգամ Թուրքիայի ուսումնական հաստատություններում է քաղաքացիական պատերազմ սկսվել քուրդ եւ թուրք ժողովուրդների միջեւ:

«Եվ Սիրայում, ե՛ւ Թուրքիայում անում են ամեն ինչ, որպեսզի քրդերին կոտորեն, ցեղասպանության ենթարկեն, իրենց տարածքներից հանեն: Թուրքական իշխանությունները՝ Էրդողանի գլխավորությամբ, կազմավորեցին «Իսլամական պետություն» կոչվող այդ խմբավորումը եւ ուղարկեցին Սիրիա՝ քրդերին կոտորելու համար»,- ասել է Կնյազ Հասանովը:

…«Մեկ անգամ եւս կոչ եմ անում Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների եւ մեր անունից, որ վերջ տան պատերազմին: Մենք ՄԱԿ-ի գրասենյակին ուղերձ ենք ներկայացրել, որ կասեցնեն պատերազմները, որովհետեւ ամեն մի պատերազմ ցեղասպանություն է»,- հավելել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւը:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։