Համաթուրքական երախը միայն հայակեր չէ – Հայ արիները ղեկավարը նշել է, որ փոքրատարածք, բայց միատարր Հայաստանն ավելի ուժեղ կռիվ կտա համաթուրանականության դեմ, քան մեծատարածք Իրանը, որտեղ թյուրքական տարրը գրեթե գերազանցում է բնիկ պարսիկներին…

Իրանական զլմ.ները գրել են ադրբեջանցիների նոր խառնակչությունների մասին: «Անջատողական ուժերը փորձեցին օգտվել Իրանի թյուրքախոս քաղաքներում անցկացված բողոքի ցույցերից»,- նշված է իրանական «Ազարիհա.օրգ» կայքում թողարկված հոդվածում: Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող հումորային հաղորդումներից մեկի ժամանակ ատրպատականցիների (այսպես ավելի ճիշտ է հնչում, քան՝ ադրբեջանցիների) արժանապատվությունը վիրավորող դրվագներ են եղել, ինչն էլ հարուցել է Թավրիզի եւ Ուրմիայի թյուրքալեզու բնակչության զայրույթը՝ հանգեցնելով բողոքի ցույցերի:

Բայց, պիտի ենթադրել, որ Թեհրանում չէին կարող չհասկանալ, որ այդպես էլ լինելու է: Պարզապես հակահամաթուրքական ալիքը, որ մշտապես կա Հայաստանում, գործնականում անցել է Սիրիա եւ Իրաք, երբ Անկարան նոր տարածքային հավակնություններ ցուցաբերեց արաբական երկրների նկատմամբ, որից հետո՝ Չինաստան, որտեղ թյուրք-ույղուրական խնդիրն է նորից գլուխ բարձրացրել: Սա էլ պատճառ է դարձել, որ Չինաստանը «Մետաքսի նոր ճանապարհը» որոշակիորեն պահպանել է մինչեւ Հայաստան, ապա այդ ճանապարհի նախագծից հանել Ադրբեջանին ու Թուրքիային: Ճանապարհը դեպի Եվրոպա՝ մի ճյուղով գնում է Հայաստանից Իրան եւ Իրաք-Սիրա-Լիբանան անցնելով՝ Միջերկրական ծովով, մեկ այլ ճյուղով էլ՝ Իրան-Հայաստան-Վրաստան՝ Սեւ ծովով հասնում է Եվրոպա: Ինչպես նկատում ենք՝ Չինաստանից եկող հակահամաթուրքական երկրներն են ընկած դեպի Եվրոպա ճանապարհի խաչմերուկում եւ տրամաբանական է, որ Իրանում եւս կբորբոքվեն հակաթուրքական ու հակաադրբեջանական կրքեր...

Իրանական աղբյուրը, անդրադառնալով վերոնշյալ բողոքի ցույցերին եւ դրանք լուսաբանող արտասահմանյան զլմ-ներին, մասնավորապես նշել է. «Անջատողական ուժերը փորձեցին օգտվել Իրանի թյուրքախոս քաղաքներում անցկացված բողոքի ցույցերից, այն դեպքում, որ ողջ Իրանը, այդ թվում՝ կրոնական փոքրամասնություն համարվող հայերը դատապարտեցին այդ հաղորդումը, սակայն ազգայնամոլ եւ անջատողական ուժերը դեռ կոչ են անում, որ մարդիկ դուրս գան փողոց»: Հոդվածի հեղինակը, անդրադառնալով բողոքի ցույցերին մասնակցած մարդկանց քանակին, գրում է. «Նրանք, որոնք Թավրիզը, հատկապես նրա շուկան լավ են ճանաչում, գիտեն, երբ որ ծաղրածուները հավաքվում են շուկայում, նրանց դիտելու համար նվազագույնը 300-400 մարդ է հավաքվում այնտեղ, իսկ երբ որ հայտարարվում էր, որ Թավրիզի շուկայի շրջակայքում բողոքի ցույց է տեղի ունեցել, անջատողական խմբավորումների ասած 35 միլիոն ադրբեջանցիներից քանի՞ հոգի մասնակցեց այդ բողոքի ցույցերին»:  Իհարկե լավ է, որ քիչ են հավաքվել եւ մեր հարեւան երկրին գլխացավանքի մեջ չեն գցել: Բայց այդ 35 մլն. քանակը պիտի զգաստ պահի պաշտոնական Թեհրանին: Մի առիթով Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին հարցրեցի, թե ինչպես են Համաարիական դաշինքով հակադրելու միայն իրանական ադրբեջանցիներին, արդյո՞ք խոսել է իրանական արիացիների հետ այդ մասին:

ՀԱՄ առաջնորդը հայտնեց, որ միշտ է այդ հարցը տալիս իրանցի բարեկամներին, ովքեր իրապես շահագրգռված են համաարիականության հզորացմամբ: Բայց, ինչպես հայտնեց նա, եւ՛ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը, եւ՛ Իրանում իր հանդիպումների ընթացքում այդ թեմայով չեն ծավալվել իրանական կողմից: Անգամ այն անուղղակի հարցին, թե այդպես չպատասխանելով մի օր պարսիկներն Իրանում ազգային փոքրամասնություն կդառնան, մնաց անպատասխան… Հայ արիները ղեկավարը նաեւ նշեց, որ բարձր մակարդակով հանդիպումներում եւս այս խնդիրը արծարծել է՝ նշելով, որ այսօր փոքրատարածք Հայաստանն ավելի ուժեղ կռիվ կտա համաթուրանականության դեմ, քան մեծատարածք Իրանը, քանզի Հայաստանը գրեթե միատարր երկիր է, իսկ Իրանում թյուրքական տարրը հետզհետե գերազանցում է բնիկ պարսիկներին քանակով:

Սա մեզ՝ հայերիս, նույնպես պիտի անհանգստացնի, քանի որ Իրանի հյուսիսային մասում՝ Հայաստանին սահմանակից կան երկու Ադրբեջաններ, որոնք մեր ներկա թշնամի Ադրբեջանի հետ արդեն իսկ լուրջ վտանգ են, անգամ Թուրքիային եթե մի կողմ դնենք:

Դառնալով վերոնշյալ թեմային, նշենք, որ իրանական զլմ-ների հաղորդմամբ՝ «Ֆիթիլե» կոչվող հումորային հաղորդման ռեժիսոր Մոհամմադ Մոսլեմին, ներողություն խնդրելով կատարվածի համար, նշել է. «Ես ինքս թյուրքախոս ատրպատականցի եմ եւ պարծենում եմ դրա համար, հետեւաբար ես ինչու՞ պետք է վիրավորեմ իմ ազգակիցներին»: Իսկ Իրանի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ նախագահ Հասան Ռոհանիին՝ որպես բոլոր էթնիկական խմբերի շահերի պաշտպան, կանգնած է նրանց կողքին:

Այսօր Իրանի հյուսիսային նահանգների բնակչության մեծամասնությունը խոսում է ատրպատականյան թյուրքերենով, իսկ ազարի կոչվող լեզուն մինչեւ Իրանի հյուսիսային նահանգների թյուրքացումը, եղել է Ատրպատականի խոսակցական լեզուն: Ի դեպ, թյուրքացումը վերաբերում է միայն լեզվին, քանզի էթնիկական խոշոր տեղաշարժեր այդ տարածքներում երբեւէ տեղի չեն ունեցել: Ատրպատականի ժողովրդագրական պատկերը փոփոխության է ենթարկվել միայն լեզվի ոլորտում: Պատմական զարգացման ընթացքում հիշյալ տարածքում թյուրքացման գործընթացը եղել է սահուն՝ պայմանավորված թյուրքալեզու նվաճողների մի քանի ալիքների ներթափացմամբ: Այսպես՝ իրանական կողմը փորձում է ցույց տալ, որ ազարները ադրբեջանցիներ չեն եւ Ատրպատականն էլ Ադրբեջան չէ, ինչպես կա հիմա՝ թուրքացման գործընթացից հետո: Սակայն, ցավոք, թուրքախոս եւ ադրբեջանախոս ազարները դեռ այդպես չեն համարում եւ նրանց մեջ եւս կան մարդիկ, որ կրկնում են Բաքվի «Մեծ Ադրբեջան» ստեղծելու ծրագիրը:

Սա համաթուրքական ծրագրի փոքրացված տարբերակն է, ինչը երբեմն հակադրվում է թուրքական համաթուրանականությանը, երբ հարց է առաջանում, թե թյուրքական ցեղախմբերից որն է թրքության հիմքը:

http://www.hayary.org/wph/?p=3197Համաթրքական մեծ պատերը նաեւ մեծ ճաքեր ունեն (Աթաթուրքը, Աթաթաթարը, Աթաազարը եւ Թուրքմենբաշին…) – Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ…

«Լուսանցք»-ը որոշակի գրել է այդ մասին՝ նշելով, որ նման առաջնայնության տեսություն ունեն նաեւ թուրքմենները, որոնք իրենց համարում են թուրք տեսակի արմատը: Այս՝ չնչին թվացող վեճերը, ի վերջո կարող են մեծ վիճաբանության վերածվել, եթե համապատասխան քայլեր իրականացվեն: Այս մասին եւս պետք է մտածեն հակահամաթուրանականության կողմնակիցները:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 39 (385), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։