Հայաստանին կորցնելը՝ ինքնասպանություն – Մեկ անգամ չէ, որ հայկական շահերը ասպատակվել են ռուս-թուրքական բարեկամական խաղերով… Իսկ «ծովից ծով Կովկասյան իսլամական պետության» գաղափարը դեռ ուժի մեջ է «Իսլամական խալիֆության» կազմում…

Տարիներ առաջ, դեռ Բորիս Ելցինի նախագահության ժամանակ, չեչեն գրոհայինները համագործակցում էին արաբական ծայրահեղական տարբեր ուժերի հետ, որոնցից ամենաագրեսիվը վահաբականներն էին: Նրանք հայտարարել էին «ծովից ծով Կովկասյան պետության ստեղծման մասին»: Դա նշանակում էր, որ Հյուսիսային Կովկասի ռուսաստանյան երկրամասերը՝ Դաղստանը, Չեչնիան, Ինգուշիան, Հյուսիսային Օսիան, Կաբարդինո-Բալկարիան, Կարաչաեւո-Չերքեզիան, Ադըղեյը եւ Աբխազիան պիտի միասին վերածվեն Կովկասյան իսլամական պետության: Կասպից ծովից դեպի Սեւ ծով՝ ամբողջությամբ պիտի վերահսկվեր Սաուդյան Արաբիայից սերված վահաբականների կողմից: Այս իսլամական ճյուղը՝ վահաբականությունն ավելի մոլեռանդ է իր բնույթով, քան շիայականությունն ու սուննիականությունը:

Նախագահ Ելցինին չհաջողվեց վերջնականապես կոտրել այս իսլամական ձգտումները, ինչը հաջողվեց՝ նրան փոխարինած նախագահ Պուտինին: Այսօր Չեչնիան առավելապես մերձռուսաստանյան քաղաքականության կողմնակից է եւ այլեւս անկախական ձգտումներ չի դրսեւորում, ինչը հանդարտեցրել է Հյուսիսային Կովկասի մահմեդական հանրապետություններին: Վերոնշյալ «ծովից ծով Կովկասյան իսլամական պետության» մեջ միայն Հյուսիսային Օսիան էր քրիստոնեական երկիր: Բացի նշյալ հանրապետություններից, միասնական իսլամական պետության մեջ երբեմն նշվում էր նաեւ Կալմիկիան, որը բուդդայական երկրամաս է Ռուսաստանում:

Իհարկե, ծայրահեղականները Հյուսիսային Կովկասից հետո ունեին մեկ այլ նպատակ եւս, որ միավորեն նաեւ Հարավային Կովկասը եւ այդ նպատակի համար պիտի հենվեին ադրբեջանական տարրի վրա, որի ներկայացուցիչները նաեւ Վրաստանում ունեն անկախական ձգտումներ… Այստեղ էլ միակ երկիրը, որտեղ իսլամականները չունեն որեւէ հիմք՝ Հայաստանն է, որը քրիստոնեական երկիր է համարվում, բայց ունի նաեւ հեթանոսական-արիադավան խորը արմատներ…

Այս ամենը մնացել է անցյալում, սակայն, երբ ռուսական ինքնաթիռների օդային հարվածները եւ հեռահար հրթիռակոծումները սկսեցին զգալի վնաս պատճառել «Իսլամական պետության» զինյալներին եւ սասանեցին նրանց դիրքերը Սիրիայում, իսլամական ծայրահեղականները խոստացան պատժել Ռուսաստանին: «Շուտով, շատ շուտով արյան գետեր են հոսելու»,- հայտարարեցին նրանք: Ահաբեկչական խմբավորման գրոհայինները անգամ տեսանյութ հրապարակեցին, որում Ռուսաստանին սպառնում են ահաբեկչությամբ։ Տեսագրությունը ռուսերեն էր, որում էլ ասվում էր «արյան գետերի» մասին: Առայժմ միայ ռուսական մարդատար ինքնաթիռի պայթեցման մասին կարելի է խոսել, բայց սա չի նշանակում, որ ծայրահեղականները մոռացել են իրենց ասածները:

Մոսկվան անծանոթ չէ նման հայտարարություններին, անցյալ տարվա սեպտեմբերին իսլամական զինյալները համացանցում տեսագրություն էին տեղադրել՝ սպառնալով Կովկասում պատերազմ սկսել, այդ թվում՝ նաեւ Չեչնիայում: Դիմելով նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ահաբեկիչներից մեկն ասել էր, որ իրենք մտադրություն ունեն «ազատագրել» Չեչնիան եւ ամբողջ Կովկասը՝ այնտեղ «Իսլամական խալիֆայություն» ստեղծելու նպատակով: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատասխանել էր. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ նա, ով կհամարձակվի Ռուսաստանին սպառնալ եւ արտասանել մեր նախագահ Վլադիմիր Պուտինի անունը, կոչնչացվի այնտեղ, որտեղ նա ասել է դա»: 2014թ. հոկտեմբերին ԻՊ-ի հրամանատարներից Թարխան Բատիրաշվիլին, ով հայտնի է որպես Օմար ալ-Շիշանի, խոստացել է իր հետ բերել հազար իսլամիստների եւ «վրեժ լուծել Մոսկվայից»: Բայց ավելի ուշ, մի քանի անգամ լուրեր տարածվեցին, որ «վրիժառուն» մահացել է: Այդ մասին հայտարարել էր նաեւ Չեչնիայի նախագահը:

Այսօր էլ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը չի հերքում, որ մոտ 500 չեչեն ընդգրկված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում: Այս մասին նա խոսել է Սիրիայի ազգային հաշտեցման հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: «Նրանցից 200-ը ոչնչացվել են:

Այս պահի դրությամբ մենք վերադարձրել ենք 47 երիտասարդի, որոնց խաբեությամբ ներքաշել էին այդ խմբավորման շարքերը»,- ասել է Չեչնչայի նախագահը: Նրա խոսքով՝ Սիրիայի ժողովրդին պիտի միավորվել՝ ահաբեկչության դեմ պայքարի համար. «Այսօր արեւմտյան երկրները, Եվրոպան եւ մյուս արաբական երկրները, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին, շահագրգիռ չեն, որ Սիրիան ոտքի կանգնի: Նրանք իրենց շահերն ունեն»:

Իսկ ռուսական ռմբահարումները, որ սկսվել են սեպտեմբերի 30-ից, միտում ունեն շարունակվելու: Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ցայսօր ավիահարվածներ են հասցնում Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Բացի Մոսկվայից, Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում են նաեւ սիրիական ընդդիմությունը, քուրդ ապստամբները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված միջազգային կոալիցիան:

Մոսկվան միայն բարեկամական Սիրիային օգնություն եւ Մերձավոր Արեւելքում հաստատուն ոտքի տեղ ունենալու համար չէ, որ անցել է ռազմական գործողությունների: Այստեղ լավ են հասկանում, որ իսլամականների հաջորդ հանգրվանը կարող է Ռուսաստանը լինել: Դեռ «ծովից ծով Կովկասյան իսլամական պետության» ուրվականը թափառում է տարածաշրջանում:

Այս իրողությունը հաշվի չառնել չի կարելի, սակայն Կրեմլը հաճախ է կորցնում զգոնությունը՝ հետո տասնապատիկ ավելի հատուցելով: Իսլամական ծայրահեղականները ցանկանում են Ռուսաստանից դուրս միավորել Կովկասը, իսկ Ռուսաստանն էլ այս դժվարին պահերին փորձում է իրեն միավորել տարածաշրջանի միակ գործընկերոջը՝ Հայաստանին:

Զարմանալի անհեռատես քաղաքականություն: Մի կազմակերպություն, որը հայտնի է ընտրությունից ընտրություն կողծ սոցհարցումներով, հանկարծ պարզում է, որ հայաստանցիների 54,4%-ը ցանկանում է, որ երկիրը միանա Ռուսաստանին: Եվ սա այն դեպքում, երբ իրենք են նշում, որ հարցում ասվածին մասնակցել է ընդամենը 1105 մարդ: Մի խարդախություն եւս կա, հարցման մեջ ՌԴ-ն եւ ԵՄ-ն դրել են նույն հարթության վրա, այն դեպքում, երբ Ռուսաստանի Դաշնությունը պետություն է, իսկ Եվրամիությունը՝ կազմակերպություն:

Մի այսպիսի հարցում նույն կազմակերպությունն անցկացրել էր ամռանը, բայց շահարկելու առիթ չէր եղել, իսկ հիմա, երբ ԵՄ-ն շատ հարցերում ընդառաջում է Հայաստանին, որոշեցին, որ հարմար պահ է մեր երկիրը կեղտոտ խաղի մեջ ներքաշելու համար:

Բայց ասենք, որ մեղավորը ոչ թե այս կամ այն ծախու կազմակերպությունն է (թեկուզ այլ կարգի կաշառք-դրամաշնորհներից օգտվող), այլ մեր իշխանությունները, որ թույլ են տալիս այդ կազմակերպություններին մեր երկրում դառնալ 5-րդ շարասյուն… Անգամ ամենաեվրոպական հեզ ու բարի երկրում նման բան չէին թույլ տա, որ իրենց երկրի անկախությունը որեւէ կազմակերպություն հարցականի տակ դներ, իսկ այս դեպքում՝ նույնիսկ անկախության դեմ աշխատեր:

Մենք պայքարում են ազգովի, որ մեր պետությունը հզորանա, Արցախը համարում ենք մեր հայրենիքի վերամիավորման սկիզբը, բայց բանից պարզվում է, որ Հայաստանի բնակչության կեսը «քանդում է» մեր երկրի հիմքերը, ավելին՝ «երազում է» դառնալ Ռուսաստանի ծայրամաս:

Սա միանշանակ խեղկատակություն է եւ պատվիրատուն Ռուսաստանից է, որ իր մեծապետական նկրտումներից այն կողմ չի տեսնում, չի հասկանում, որ Կովկաս ասված տարածաշրջանում միայն մի բարեկամ ունեն՝ Հայաստանը, որն արդեն նման ու այլ դավադրություններից հոգնած՝ կամաց-կամաց հեռանում է բարեկամ կոչվածից:

Սա կարծես քիչ էր, մի այլ տխմարաբանություն է հայտնվում, թե «Ռուսաստանը բացահայտ է խոսում Ղարաբաղը հանձնելու մասին»… Իբր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան եւ նրա բանակցությունները մեր համապատասխան պաշտոնյաների հետ ընթացել է այս հարցի շուրջ: Ադրբեջանի շահերն ու հետաքրքրությունները եւս պաշտպանող Մոսկվան պնդում է, որ ժամանակն է մի քանի «մերձղարաբաղյան շրջաններ» հանձնել Ադրբեջանին, որպեսզի Բաքուն էլ ստորագրի ԵՏՄ մտնելու փաստաթուղթը: Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքեց այդ տեղեկատվությունը՝ պնդելով, որ նման հայտարարություններն արվել են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու նպատակով:

Բայց դե… Մեկ անգամ չէ, որ հայկական շահերը ասպատակվել են ռուս-թուրքական բարեկամական խաղերով:

Իսկ մինչ այս, խոսվում էր Արցախում ռուսական զորքերի հնարավոր տեղակայման մասին, ինչը եւս հերքեց Մոսկվան:

Բայց դեռ ավելի վաղ ու ավելի կտրուկ հնչել էր պաշտոնական Ստեփանակերտի պատասխանը, որ ոչ մի միջազգային խաղարարար ուժ չի կարող տեղակայվել Արցախում: ԼՂՀ բանակն ի զորու է պաշտպանել իր սահմանները եւ ժողովրդին:

Իսկ այս օրերին Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործումը ռուսական օդուժի կողմից՝ ԻԼԻՊ-ի դիրքերի ռմբահարման համար, միմիայն բարի կամքի դրսեւորում էր, հակաահաբեկչական կոալիցիային աջակցություն, որ հնչեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից:

Այնուամենայնիվ, Հայաստանը եւ Ռուսաստանը պետք է վերջնականապես պարզեն հարաբերությունները, որպեսզի հասկանալի լինի՝ ԱՊՀ-ն Հայաստանի՞ն է զորակցում, թե՞ Թուրքիային եւ Ադրբեջանին: ՀԱՊԿ-ն Հայաստանի՞ն է պաշտպանում, թե՞… ԵՏՄ-ն Հայաստանի տնտեսական զարգացու՞մն է կարեւորում, թե՞… Եվ այսպես շարունակ:

Այլապես իսլամականները հենց այսօրինակ խաղերի վրա էլ կատարում են իրենց հաշվարկները եւ ցայսօր շահողի դերում են:

Իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը այսօր էլ «Իսլամական պետության կողքին են ու դեռ պիտի փորձեն ներթափանցել ինչպես Հայաստան, այնպես էլ՝ Ռուսաստան:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 40 (386), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։