Հայաստանի տարածքո՞վ դեպի Թուրքիա – Ինչպիսին կլինի Ադրբեջանի դիրքորոշումը, Իսկ ՀԱՊԿ եւ ԵՏՄ անդամ (որ նաեւ համաթուրքական դաշինքի մեջ են) Ղազախստանը ու Ղրղզստանը կպաշտպանե՞ն Ռուսաստանին՝ հայտնի չէ: Հայաստանին չսատարեցին՝ Ադրբեջանի հարցում…

http://www.hayary.org/wph/?p=5218Թուրքիան կմասնատվի՝ ամե՛ն դեպքում – Էրդողանական ազգայնամոլությունից նորօսմանականության եւ նոր համաթուրանականության հոտ է գալիս՝ զուգահեռ համաիսլամական գործոնով պայմանավորված…

http://www.hayary.org/wph/?p=5217 - Հայաստանը հզոր սպառազինությու՞ն է ստանում – Հանրահայտ ,Իսկանդերե-ներն էլ կմատակարարվեն մյուս տարվա 2-րդ կեսին… Ռուսաստանի պատժամիջոցները.- Թուրքիայի առաջին պատժամիջոցը՝ տնտեսական…

Քանի օր է ռուսական էլեկտրոնային տեղեկատվական տիրույթում շրջանառվում է տեղեկություն, ըստ որի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Կրեմլից՝ Վլադիմիր Պուտինից հրաման է ստացել հայ-թուրքական սահմանի երկայնքով մարտական պատրաստականության բերել Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանի «էլիտար» գնդերն ու բրիգադները, զենիթային եւ ռեակտիվ գործողության համակարգերը, հակահրետանային համալիրներն եւ մոտոհրաձգային ու հետեւակային զորքերը, որոնց ընդհանուր թվաքանակը կազմում է 7000 զինվոր:

Այս տեղեկատվությունը դեռ պաշտոնական հաստատում չի ստացել, չնայած լուրերը պարբերաբար թարմացվում են: Նախարար Սերգեյ Շոյգուն էլ այս օրերին կարճատեւ՝ մի քանի ժամյա այցով եղել է Հայաստանում, ենթադրվում է՝ Գյումրիի ռուսական ռազմակայանում: Իսկ թե ինչ նպատակով՝ հայտնի չէ, բայց այս տեղեկությունները կարծես միահյուսվում են եւ դժվար թե լինեն ապատեղեկատվություն:

Արդյո՞ք սա նշանակում է, որ Ռուսաստանը զբաղված է Հայաստանը պատերազմի հենակետի վերածելու նախապատրաստական աշխատանքներով: Իսկ առկա տեղեկության համաձայն, ռուսական 58-րդ բանակի էլիտար ստորաբաժանումները շարժվել են դեպի հայ-թուրքական սահման: Զինվորներ ու ռազմատեխնիկա է շտապ տեղաբաշխում մեր պետական սահմանի երկայնքով: Այս մասին հատնել է asialive.info-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ զեկույցին: Ըստ այդմ՝ «լավագույն ուժերն» են ներառվել այս գործողության համար:  Այս զորաշարժերը կարգավորվում են համապատասխան հայ-ռուսական պայմանագրերով, եւ Հայաստանը պարզապես հետեւող կողմ է, ըստ էության, ցանկության դեպքում չի էլ կարող արգելել: Թուրքիայի հետ հնարավոր առճակատումը գուցե նաեւ ձեռնտու լինի մեզ, սակայն մեր դարավոր թշնամու դեմ պատերազմը կարող է ազդել նաեւ հայ-ամերիկյան եւ հայ-եվրոպական հարաբերությունների վրա, եթե Հայաստանը «զինվորագրվի» ռուսական ռազմա-քաղաքականությանը: Այսինքն՝ Հայաստանը չպետք է պարզապես դառնա Ռուսաստանի «ֆորպոստը» տարածաշրջանում: Իսկ նման բան դեռ 2000-ականների սկզբին պաշտոնապես ասվել է, ՌԴ Պետդումայի խոսնակ Գրիզլովը հայտարարել էր, թե համաշխարհային ու տարածաշրջանային զարգացումները հասցրել են նրան, որ Ռուսաստանը կարող է իր «ֆորպոստը»՝ Հայաստանը օգտագործել ըստ նշանակության:

Հենց սա էլ պիտի բացառել միանշանակ: Հայաստանից որեւէ գործողություն կարող է սկսվել միայն հայկական կողմի համաձայնության դեպքում եւ միայն հայկական շահերը հաշվի առնելուց հետո… Առավել եւս, որ տեղեկություն կա նաեւ, թե Թուրքիան եւս տանկեր ու զրահամեքեններ, զինվորներ է մոտեցնում հայկական սահմանին:

Անկարան թերեւս հաշվի էր առել նման զարգացումները եւ փորձում է բացել Արցախյան ճակատը: Իսկ թե ինչի՞ կբերի Հարավային Կովկասում հակամարտության հրահրման Անկարայի փորձը, դժվար է կռահել այս պահին: Էրդողան-Ալիեւ հանդիպումը Բաքվում ավարտվել է առանց ամպագոռգոռ հայտարարությունների: Այսինքն՝ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հակամարտությունը անսպասելի շրջադարձ է կատարել։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն աշխատում է նոր ճակատ բացել Ռուսաստանի եւ նրա դաշնակից Հայաստանի դեմ. խոստացել է «անել ամեն հնարավորը՝ ազատագրելու Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Այս կերպ Անկարան արձագանքել էր դեռ Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու եւ Թուրքիային քաղաքական հարված հասցնելու Ռուսաստանի մտադրություններին։

Սակայն որքանով այս ամենը կոգեւորի Իլհամ Ալիեւին, դեռ պարզ չէ: Հիշեցնենք, որ նշյալ տարածաշրջանը հայկական հող է, որն ինքնավար հանրապետության իրավունքներով 1921թ. ընդգրկվել է Ադրբեջանի ԽՍՀ կազմում։ Այս ամենի մեջ նաեւ Մոսկվայի մատն է խառը, որը կարող է հանգուցալուծվել հենց Մոսկվայի կողմից՝ համապատասխան պայմանագրերն ու որոշումները չեղյալ հայտարարելով…

1991-1994թթ. Ղարաբաղի վերահսկողության համար ադրբեջանցիների եւ հայերի միջեւ առճակատումը հանգեցրել էր լայնածավալ ռազմական գործողությունների։ Հակամարտության ծավալները գերազանցել են անգամ չեչենական պատերազմը։ Սակայն, ինչպես արդարացիորեն մատնանշում է Ստոկհոլմի անվտանգության եւ զարգացման քաղաքականության ինստիտուտի տնօրեն Սվանտե Քորնելը, «Կովկասյան բոլոր հակամարտություններից Ղարաբաղյան հակամարտությունն առավել ռազմավարական եւ տարածաշրջանային նշանակություն ունի։ Այդ հակամարտությունը նախկին Խորհրդային Միության մեջ միակն է, որում անմիջականորեն ներգրավված են երկու անկախ պետություններ։ Ավելին, 1990-ականների վերջում ղարաբաղյան հակամարտությունը նպաստեց Կովկասում եւ նրա շուրջը հակառակորդ պետությունների գոյությանը»: Եվ հիմա, Անկարան ցանկանում է բորբոքել այս կրակը, որովհետեւ, ըստ վերոնշյալ եզրակացության, դա Կովկասում պատերազմ բորբոքելու լավագույն միջոցն է։

Այստեղ է, որ կերեւա ոչ միայն Ադրբեջանի դիրքորոշումը, այլեւ ԵՏՄ անդամ Ղազախստանի ու Ղրղզստանի՝ կպաշտպանե՞ն ՌԴ-ին, հայտնի չէ: Հայաստանի դեպքում ԱՊՀ ու ԵՏՄ անդամ վերջին երկու երկրները միշտ կանգնել են Ադրբեջանի կողքին, եւ Ռուսաստանը ոչինչ չի արել դա շտկելու համար: Այժմ Մոսկվան ինքը կզգա դրա բոլոր անհարմարությունները, եթե իրապես սրվեն ռուս-թուրքական հակասությունները:

Այս դեպքում էլ Մոսկվան պիտի Թուրքիայի հետ նույնկերպ վարվի՝ ակտիվացնի քրդական պայքարը նրանց դեմ, մեծացնի օժանդակությունը Իրաքին եւ Սիրիային՝ ընդդեմ ԻԼԻՊ-ի եւ թուրքական-թուրքմենական զինյալ խմբերի:

Զարմանալի է, որ առկա փաստերն անգամ, որ Անկարան համագործակցում է ԻԼԻՊ-ի հետ, չազդեցին Արեւմուտքի որոշման վրա, որը ռուսներին դեմ գործելով՝ սկսեց սատարել թուրքերին: Եվրոպան ահաբեկիչներին օժանդակող Թուրքիային հատկացրել է 3 միլիարդ եվրո եւ խոստացել գրկաբաց ընդունել ԵՄ: Թուրքիան, իհարկե որպես փորձառու աղվես, կօգտագործի այդ գումարները եւ որոշակի, փախստականներին փոքր խմբաքանակներով «կառաքի» Եվրոպա՝ միաժամանակ իրեն ծառայեցնելով Արեւմուտքի ներուժը:…

Բայց չի բացառվում, որ այս ամենը մի փուլում շուռ կգա հենց Թուրքիայի դեմ: Բացի դա, Ռուսաստանում արդեն սկսել են արտաքսել թուրքերին, սա կազդի նաեւ ադրբեջանցիների արտաքսման վրա:

Ռուսաստանի սեւծովյան շրջաններից արդեն հանում են թուրքերին, Անապայում նաեւ կալանավորել են Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքացու: Այնպես որ, շուտով Անկարան նաեւ կսկսի տեղավորել իր երկրի փախստականներին, ինչը կդառնա նաեւ ադրբեջանական գաղթ, եթե Բաքուն համաձայնի Մոսկվայի դեմ 2-րդ ճակատը բացել…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 42 (388), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։