Նախընտրական «համազարկ»-ից առաջ…

Ավարտին է մոտենում ՀՀ նախագահի թեկնածուների բուռն նախընտրական արշավը: Այս ընտրարշավն էապես, նաեւ բնույթով տարբերվում է նախորդներից: Նախ՝ առաջին անգամ պայքարի մեջ են մտել ՀՀ 1-ին եւ 2-րդ՝ նախկին ու ներկա նախագահների թիմերը (անուղղակի՝ հենց երկու ՀՀ նախագահները), ինչը ներքաղաքաղաքական (նաեւ՝ աշխարհաքաղաքական) ու բարոյա-հոգեբանական լարվածություն է մտցրել նախընտրական գործընթացներում: Եվ երկրորդ՝ այդ գործընթացներն անցնում են, այսպես կոչված, սեւ «PR»-ի ամենացայտուն դրսեւորումներով, որի հետեւանքով «ջրի երես» են դուրս գալիս նաեւ բազմաթիվ ճշմարտություններ, ինչը խնամքով տարիներ շարունակ իրենց օրոք թաքցրել են ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանությունները: Այսօր եթե մարդիկ դեռ չեն գիտակցում այդ՝ կամա, թե ակամա արվող բացահայտումների խորքայնությունը, քանզի տարված են նախընտրական աղմուկ-աղաղակով, հետագայում՝ ընտրություններից հետո, վերստին անդրադառնալով դրանց, շա՜տ լուրջ եզրահանգումներ կանեն: Դրա համար հսկայական նյութ կա արդեն: Դա կարող է ավելանալ նաեւ հետընտրական գործընթացների ժամանակ: Երբ պատրաստվում էինք ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավի վերջին դիտարկումն անել, որոշեցինք նաեւ վերլուծել «Լուսանցք»-ում հրապարակված ավելի քան 30 ՀՀ քաղաքական գործիչների, ազգային փոքրամասնությունների 3 ներկայացուցիչների, մի շարք պետական, մշակութային եւ տնտեսական գործիչների, տնտեսվարողների, սփյուռքահայ մտավորականների կարծիքները նույնպես: Հատկապես, երբ թերթի էջերում զետեղված էին նաեւ ՀՀ նախագահի որոշ թեկնածուների կամ նրանց գաղափարական թիմի անդամների հարցազրույցները:

Այսինքն՝ կփորձենք երկու դիտարկում իրականացնել, ինչպես ՀՀ նախագահի թեկնածուներին առնչվող, այնպես էլ՝ «Լուսանցք»-ում հանդես եկած քաղաքական ուժերի՝ «ի՞նչ պետություն է մեզ պետք եւ ինչպե՞ս հզորացնել պետականությունը» մոտեցումների ու քաղաքական հնարավոր վերադասավորումների մասին:

1. ՀՀ նախագահական ընտրություններՄինչեւ փետրվարի 19-ը դեռ մի քանի օր կա, սակայն, ՀՀ նախագահի թեկնածուները դեռ չեն կշտացել նախընտրական փոխադարձ «հրաձգություններ»-ից: Այս ընթացքում նրանք հասցրեցին ճամբարների բաժանվել (եթե չասենք՝ արդեն բաժանված էին մտել ասպարեզ) ու հակառակ ճամբարների բաժանել ժողովրդին: Սա նույնպես այս ընտրությունների առանձնահատկություններից է: ՀՀ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ էլ կային «ժողովրդական» բաժանումներ, սակայն դա պարզ, բողոքավոր մարդկանց խմբերի ու հզոր իշխանական լծակներով օժտված հանրության անհավասար բաժանում էր, ինչի պատճառով իշխանության ձգտող կողմը հիմնականում զուրկ էր հաղթանակի տանելու կամային ու նյութական մեծ հնարավորություններից: Զուրկ էր, հատկապես իրեն առաջնորդողների անկամային գործելաոճի պատճառով: Երբ արդեն իսկ իշխանություններն էին պատրաստ հրաժարվելու իշխանությունից, իսկ բողոքավոր տասնյակ հազարավոր մարդիկ պատրաստակամ էին ու մարտականորեն տրամադրված, ընդդիմադիր զանգվածին առաջնորդող ուժերը գոնե երկու անգամ չկարողացան տիրապետել իրավիճակին (ինչպես նախորդ, այնպես էլ ներկա իշխանությունների ժամանակ)……Այլ բան է այսօր: Իշխանական հզոր լծակներ ունեցող հանրության կողքին ընտրապայքարի է ելել գրեթե հավասարազոր մի ընդդիմադիր հոծ զանգված, որը բացի պարզ, բողոքավոր մարդկանց խմբերից, ներառել է նախկին ու ներկա պաշտոնյաների (ներկաներն իհարկե ծպտված), զինվորականների, ազատամարտիկների, գործարարների ու մտավորականների… միջազգային կառույցների, ինչը բարդացնում է ներկա իշխանությունների վերարտադրման գործընթացը, չնայած պետական պաշտոնական լծակների առատությանը:Ահա, նման դիրքերում եւ նման հնարավորություններով են մոտենում ընտրական եզրագծին ՀՀ 1-ին եւ 2-րդ նախագահների քաղաքական թիմերը: ՀՀԿ-ն, այսինքն՝ ներկա իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավում կարծես օգտագործեց հնարավոր բոլոր պաշարները՝ ՀՀ կառավարական բոլոր լծակներն ու միջոցները, պետական պաշտոնյաների դիրքի չարաշահումները, արտոնյալ եւ չարտոնյալ գործարարների դրամամիջոցները, քարոզարշավում ՌԴ իշխանությունների բացահայտ աջակցությունը՝ մինչեւ իսկ դպրոցների ու մանկապարտեզների երեխաների հանրահավաքներին բուռն մասնակցությունը: Սերժ Սարգսյանի նախընտրական թիմը քարոզարշավի նախնական փուլում փորձում էր մեղմ ու հավասարակշռված առաջանալ, նույնիսկ «սիրաշահում» էր ՀՀ 1-ին նախագահին, սակայն, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական թիմը մեծ աղմուկով մտավ ասպարեզ ու հենց ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անխնա գնդակոծեց» ներկա իշխանություններին՝ մեղադրելով արած եւ չարած բազմապիսի հանցանքներում: Ասպարեզ «նետվեցին» զանազան օրինախախտումներ, սպանություններ եւ այլ ազգահալած դրսեւորումներ: Ինչ-որ չափով սա անսպասելի էր ներկա իշխանությունների թեկնածուի նախընտրական թիմի համար, քանզի սկզբում նրանք պատասխանում էին ոչ համարժեք ու այդ ամենը հնարավորինս արագ դադարեցնելու հեռանկարն ակնկալելով: Բայց, ինչպես ասում են, «բանը բանից անցավ», ու իշխանական թեւն անցավ լուրջ «փոխգնդակոծման»: Գործի դրվեց ամբողջ իշխանական մեքենան՝ պետական արխիվների, զլմ-ների, անվտանգության, դատախազության ու ոստիկանության համակարգերի գործառույթների կիրառմամբ: Ի ցույց դրվեցին «մութ ու ցուրտ» տարիների ամբողջ իրողությունն ու անօրինականությունները, թալանն ու մեղսագործությունները, ներքին ու արտաքին դավադրությունները…… Այս ամենն արվում է առանց միջոցների խտրականության, երեկվա բարեկամն ու գաղափարակիցը միանգամից քարկոծվում ու անօրեն է դառնում, երբ լքում է այս կամ այն ճամբարը: «Երկնագույն սկուտեղ»-ի վրա երկկողմանիորեն մատուցվում են բոլորի ու բոլոր ժամանակների հանցանքները… Եթե հանկարծ ու պատահի, որ մի երրորդ ուժ, իրապես անկախ այս երկուսից, գա իշխանության, ապա այն, ինչ ասել են միմյանց հասցեին 1-ին եւ 2-րդ նախագահների քաղաքական թիմերը, հիմք է ծառայելու, նաեւ պարտադրելու է այս երրորդ ուժին՝ բանտերը լցնել նախկին ու ներկա իշխանությունների հարյուրավոր հանցագործներով, ովքեր այսօր բացահայտորեն մեղադրում են մեկը մյուսին: Այս քաղաքական «մերկացումներ»-ի ու տուրուդմփոցի համապատկերին մյուս թեկնածուները փորձում են առավել ազգային ու ժողովրդական, մաքուր ու արդար երեւալ եւ շահեկան դիրքում հայտնվել: Դե ինչ՝ քաղաքական պայքար է: Սա հետագայում առավել հաջողակներին թույլ կտա «մազ պոկել», գուցեեւ՝ շատ ավելին, ապագա իշխանություններից… Խոսքը հատկապես ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին եւ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին է վերաբերում: Կուսակցություններից մեկը ներկա իշխանությունների «նախկին» գործընկերն է, մյուսը՝ «ներկա» գործընկերը: Երկուսն էլ չակերտներում են, քանզի «նախկին»-ը՝ ՕԵԿ-ը, նախկին է դարձել զուտ ներկայումս ընդդիմադիր ուժերի մեջ առաջատարը լինելու նպատակով (ասել կուզի՝ պայմանավորվածությամբ, գուցե նաեւ արտաքին ուժերի մասնակցությամբ), իսկ «ներկա»-ն՝ ՀՅԴ-ն, այժմ էլ իշխանության մեջ լինելով սեփական խաղն է տանում ու կարծես չի պատրաստվում կիսել իշխանության սխալներն ու պատասխանատվությունը (այժմ էլ փորձում է պետական առավել շատ լծակների տիրապետելու հարց լուծել), ինչն արդեն ակնհայտորեն զայրացնում է իշխանության մյուս գործընկերներին՝ ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին: Այսինքն՝ այս երկու «ընդդիմադիրները», որոնք հետապնդում են ՀՀ 1-ին եւ 2-րդ նախագահների թիմերին, մեր դիտարկմամբ բոլորովին այլ խնդիր են լուծում… գուցե նաեւ ապագա ՀՀ վարչապետի հարցը: Երկրորդ փուլի դեպքում այս խնդիրն ավելի արդիական կդառնա: Այս դեպքում, ամենայն հավանականությամբ, ինչքան էլ տարօրինակ թվա, Արթուր Բաղդասարյանը կդառնա ՀՀ 1-ին նախագահի վարչապետացուն, եթե իհարկե, արեւմտյան եվրոպական ու ամերիկյան ուղղությունները գան փոխհամաձայնության, իսկ Վահան Հովհաննիսյանը (հասկանալ ՀՅԴ կառույցի թեկնածուն) կդառնա ՀՀ 2-րդ նախագահի թիմի (ի դեմս՝ Սերժ Սարգսյանի) վարչապետացուն:ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանը, ԱՀԿ նախագահ Արամ Հարությունյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը եւ անկուսակցական Արման Մելիքյանը լրիվ ուրիշ հարցեր են լուծում, ինչն ավելի շատ առնչվում է նրանց հետագա քաղաքական ճակատագրերին, քան թե ՀՀ նախագահի հերթական ընտրությանը: Նման առաջադրում կարող էին անել ՀՀ քաղաքական բոլոր կուսակցությունների նախագահները, նույնիսկ անհատ մարդիկ… Թերեւս միայն Արտաշես Գեղամյանը կարող է ակնկալել Երեւանի քաղաքապետի պաշտոնը՝ իր մատուցած նախընտրական ծառայությունների դիմաց:…Չնայած այս հանգամանքին, որոշ վերոթվարկյալ թեկնածուներ նաեւ Սերժ Սարգսյանին սատարելու գործառույթ են իրականացնում միաժամանակ՝ «ապացուցելով», որ «վատի ու վատագույնի» միջեւ անհրաժեշտ է ընտրել «չարյաց փոքրագույն»-ին: Խոսքը ներկա ու նախկին իշխանությունների թեկնածուների մասին է: Եվ սա այնքան «հավասարակշռված» են ներկայացնում, որ շատերը կարծում են՝ թե «չարյաց փոքրագույն»-ը «մի քիչ բարին է»… Իսկ նորմալ մարդիկ վաղուց ձգտում են ընտրություն կատարել լավի, լավագույնի ու առավելագույնի միջեւ: Եթե հիշողություններս փոքր-ինչ լարենք, ապա կհիշենք, որ «Լեւոն-Վանո»-ի «մեր դեմ խաղ չկա»-ից պրծնելու համար այսօրվա առանցքային ընդդիմադիրներից շատերը նախկինում մեծ շուքով քվեարկեցին Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան «ղարաբաղյան կլանի» օգտին, միայն թե «ազատվեն Լեւոնից ու Վանոյից»: Հիմա, գրեթե նույն արմատական ընդդիմադիր զանգվածը փորձում է նույն «Լեւոնին ու Վանոյին» իշխանության վերադարձնել, որպեսզի «ազատվի Ռոբերտ-Սերժ հանցագործ վարչախմբից»…… Հարց է ծագում՝ բա հետո՞: Հետո էլի «Ռոբերտ-Սերժ ավազակապետության» հեղինակների՞ն պիտի դիմել «Լեւոն-Վանո բեսպրեդել ռեժիմից» ազատվելու համար: Էղավ ու գնա՜ց……Համենայն դեպս, փետրվարի 19-ը վերջ կդնի ասված եւ այլ տարակարծություններին ու նույնիսկ հետընտրական գործընթացների բուռն առկայության պայմաններում (որի մասին մեր զլմ-ները շատ են խոսում) այս մի ընտրությունն էլ «հորով-մորով» կարվի: Ուստի, ինչպես ՀՀ նախագահի ընտրությանը մասնակից քաղաքական ուժերը, այնպես էլ դրանց աջակցողները նաեւ հետագա գործունեության խնդիրներ են լուծում, ինչի մասին ակնարկեցինք վերեւում:2. Քաղաքական հնարավոոր վերադասավորումներՄենք քաղաքական գործիչների եւ քաղաքական հնարավոր զարգացումների մասին մեր դիտարկումը կանենք՝ հատկապես հղումներ եւ մեջբերումներ անելով «Լուսանցք»-ում տպագրված հարցազրույցներից:Առավել հավանական քաղաքական միավորումներ կարող են լինել ազատական-ժողովրդավարական ուժերի մոտ: Մինչեւ ՀՀ նախագահի ընտրությունը այս մասին հայտնել էին 3 կուսակցություններ՝ ՀՌԱԿ-ը (Հարություն Առաքելյան), «Դաշինք» (Սամվել Բաբայան) եւ «Ազգային վերածնունդ» (Ալբերտ Բազեյան) կուսակցությունները: Նման միտում (ՀՀ նախագահի ընտրությունից հետո) կարող է առաջանալ ՀՀՇ կառույցից հեռացած ուժերի մոտ (Դավիթ Շահնազարյանի, Բաբկեն Արարքցյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Նիկոլ Փաշինյանի, Պետրոս Մակեյանի, Շանթ Հարությունյանի, Միքայել Հայրապետյանի եւ այլ փոքրաթիվ կուսակցությունների ու քաղաքական միավորումների, նաեւ ՀԺԿ-ի ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավարների համաձայնությամբ), ինչն արդեն իսկ իրողություն է առանց իրավաբանական ձեւակերպումների: Սա գուցե նաեւ պարտադրված անհրաժեշտություն լինի՝ ինքնապաշտպանվելուն եւ հզորանալուն միտված: Երրորդ միավորման նախաձեռնողներն ի հայտ եկան արդեն նախագահական քարոզարշավի ընթացքում, այս մասին հայտնեցին ԱԺՄ-ն (Վազգեն Մանուկյան), ԱԺԿ-ն (Շավարշ Քոչարյան), ԱԺԴ-ն (Արշակ Սադոյան), «Ազգային պետություն» կուսակցությունը (Սամվել Շահինյան), ՍԻՄ-ի «Հրանտխաչատրյանական թեւը» եւ էլի ուժեր:Սակայն, այս ազատական-ժողովրդավարական ուժերի միավորումների մեջ կան էական տարբերություններ:1. «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունները լուծարվել են ու միասնական համագումարում կմիավորվեն ՀՌԱԿ-ին: Այսինք՝ ՌԱԿ-ՀՌԱԿ-ը կհզորանա եւ քանակապես եւ գաղափարապես: Ազատական-ժողովրդավարական կերպին կավելանա ազգային-ազատագրական դիմագիծ՝ ի դեմս Սամվել Բաբայանի ու Ալբերտ Բազեյանի: Սա շահեկան միավորում է ՀՀ քաղաքական դաշտում, եթե երեք կուսակցությունների ղեկավարների «սուբյեկտիվ ամբիցիաները» հանկարծ չարթնանան: Այս միավորումը մի առավելություն էլ կունենա, քանի որ չմասնակցելով ՀՀ նախագահի ընտրությանը՝ չի պախարակվել ու չի բեւեռացվել, չնայած Սամվել Բաբայանը որոշակիորեն ներքաշվեց առճակատումների մեջ: Ամենայն հավանականությամբ ՀՌԱԿ-ը ՀՀ քաղաքական դաշտում կհանդիսանա ազգային-հայրենասիրական բնույթի ազատական-ժողովրդավարական ուժ:Երբ վերընթերցում ենք «Լուսանցք»-ին տրված Ալբերտ Բազեյանի հարցազրույցից մի հատված, թե ինչ պետություն է ուզում նա տեսնել՝ «Ազգային, ժողովրդական արժեքներին հիմնված պետություն, որովհետեւ աշխարհի հիմնական զարգացած երկրները այդ արժեքներով են առաջնորդվել», ապա հավաստվում է ՀՌԱԿ-ի՝ ազգային-հայրենասիրական ուղղություն ստանալու հանգամանքը: Նման ձեւով են մտածում ե՛ւ Հարություն Առաքելյանը, ե՛ւ Սամվել Բաբայանը: Իսկ թե «ու՞մ է պետք Հայաստանն առանց հայերի» հարցին՝ պարոն Բազեյանը պատասխանել է՝ «մեր հարեւաններին: Պետք է եղել թուրքերին, ռուսներին, բոլորին, բացի հայերից: Եթե Հայաստանում չլինեին հայեր, չէր լինի Հայաստան»: 2. ՀՀՇ-ին միավորվելիք ուժերը ազատական-ժողովրդավարականին ազգային-ազատագրական բնույթ ավելացնելու քիչ հնարավորություններ ունեն (եթե իհարկե ցանկություն կունենան դա անելու), չնայած կան ուժեր՝ ազգային-պահպանողական բնույթի ու նաեւ բազմաթիվ ազատամարտիկներ: Սակայն, նրանք դժվար թե ի զորու լինեն ՀՀՇ-ին ազգային-ժողովրդավարական բնույթ տալու: Ուստի, ՀՀՇ-ն (իրեն միացած կառույցներով հանդերձ) այդպես էլ կմնա որպես արեւմտյան քաղաքակրթական արժեքներին հենված ազատական-ժողովրդավարական ուժ:3. ԱԺՄ-ն, ԱԺԿ-ն, ԱԺԴ-ն, «Ազգային պետություն»-ը, ՍԻՄ-ի «Հրանտխաչատրյանական թեւը» եւ մյուս ուժերը մեկ այլ խնդիր են լուծում ազատական-ժողովրդավարական քաղաքական ուղղությունում: Այս միավորման մեջ մի էական տարբերություն էլ կա, եթե նախորդ երկու դեպքերում բոլորը միավորվում էին մեկ առաջատար ուժի հետ, ապա այս դեպքում նախատեսվում է նոր կուսակցության ստեղծում՝ ազգային-ժողովրդավարական չափանիշներին հենված: Այսինքն՝ լուծարվում են բոլորը՝ ստեղծելով նոր քաղաքական կառույց: Նման կառույցը կփորձի համադրել ազգային ու ժողովրդավարական արժեքները (այլ բան է դրանք համադրելի են, թե ոչ) եւ կարող է դառնալ ազատական հայացքներով ազգային-ժողովրդավարական հստակ քաղաքական բեւեռ:Այս ազատական-ժողովրդավարական եռակենտրոն բեւեռին չեն միանա ներկայիս խորհրդարանական «ընդդիմադիրները»՝ ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը: Չեն միանա ոչ թե դեմ լինելով, այլ՝ հստակ նպատակով: Առաջինին չի թողնի եվրաուղղությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, երկրորդին՝ ամերիկյանը: Նրանք այլ առաքելություն ունեն… Հատկապես երբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը կասկածում է «Հայաստանն առանց հայերի» դավադրության գոյությանը, քանզի «միայն հիվանդ երեւակայություն ունեցող, համաշխարհային պրոցեսներին ձեւային մոտեցումներ ցույց տվող առանձին անձանց» մտահաղացումն է դա: Իսկը յանկիի մտածողություն, ավելին՝ հուդայական յանկիի խորամանկություն… Եվ այսպիսով ինքը կարծում է՝ թե «քեռի Սեմը» մի գուցե կնկատի իրեն……Հետաքրքիր է, որ «Լուսանցք»-ի էջերում հարցազրույցներ տված քաղաքական գործիչների տեսակետները ճիշտ այնպիսին էին, ինչ տրամաբանությամբ էլ այսօր միանում են ազատական-ժողովրդավարական նշյալ 3 ուղղությամբ ընթացող գործընթացները: Ահա թե ինչ կարծիք է հայտնել Վազգեն Մանուկյանը ազգային-ժողովրդավարական տեսանկյունից վերլուծելով իրավիճակը. «Իշխանությունը ոչ լավ իմաստով ազգային գաղափարներ է առաջ տանում: Իրականում դրանք սպեկուլյացիա են: Ազգայինում կա հայրենասիրություն բառը: Հայրենասիրության մեջ կա սեր բառը՝ սեր երկրիդ, ժողովրդիդ նկատմամբ… Ունեինք ուժեր, որոնք սպեկուլյացիա էին անում ժողովրդավարության վրա, հիմա կան ուժեր, որոնք սպեկուլյացի են անում ազգայինի վրա»: …«Մեզ ազգային ժողովրդավարական պետություն է հարկավոր: Օրինակ, Ֆրանսիան ազգային ժողովրդավարական խոր ժողովրդավարության պետություն է, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, մարդը արժեք է, ընտրությունը կատարում են նորմալ, ժողովուրդը ինքն է որոշում իր ապագան… Նույնը՝ Իտալիան, Ճապոնիան: Այսինքն՝ զարգացած պետությունները (ԱՄՆ-ն մի կողմ թողնենք): Իտալիան, Ֆրանսիան, Ճապոնիան այն են, ինչ մեր կուսակցությունը կուզեր տեսնել Հայաստանում»…… Նույնն է նաեւ Արշակ Սադոյանի տեսակետը. «Պետությունը մարդու նման է: Սահմանադրությունը այնպիսին պետք է լինի, որ այնտեղ ամրագրված իրավունքները, պարտականություները օրենքի ձեւով իրապես կիրառվեն: Պետությունը պետք է հասկանա, որ իր քաղաքացիներին մի ամբողջության վերածելու համար համապատասխան պայմաններ են հարկավոր, մարդու իրավունքներ, ազգային արժեքներ»: Շավարշ Քոչարյանի կարծիքն էլ համահունչ է. «Հիմա չկա ավելի մեծ ազգային խնդիր, քան Հայաստանի կայացումը որպես ժողովրդավարական երկիր: Միայն այդ պայմաններում լավագույնս կդրսեւորվի մեր ժողովրդի ներուժը»: Այս գործիչները, նաեւ Հրանտ Խաչատրյանը, նույնանման են մտածում ոչ միայն քաղաքական ու տնտեսական մոտեցումներում, այլեւ հետեւյալում՝ կա՞ն արդյոք ուժեր, որոնց Հայաստանն առանց հայերի է անհրաժեշտ: Վազգեն Մանուկյանն ասում է. «Շատ վտանգավոր է գաղափարախոսության մեջ արտաքին թշնամիներ փնտրելը: Արհեստական արտաքին թշնամի են փնտրում, որպեսզի համախմբեն ժողովուրդը… Մասոններ, սիոնիստներ, ամերիկացիներ, սեռական փոքրամասնություններ, խնդիրը դա չի, խնդիրն այն է՝ ունե՞ս նորմալ պետություն, ունե՞ս նորմալ քաղաքացիներ: Կարողացիր կառուցել այնպես, որ բավարարի քաղաքացիներիդ… Ուժ հավաքենք, խելքի գանք, կարգին պետություն կառուցենք»: Այսքանից հետո ԱԺՄ ղեկավարը կարծում է, թե Հայաստանն առանց հայերի ուզողներ չկան. «Ինձ թվում է՝ ոչ մեկին: Երկիրը հայաթափվում է, բայց չկա դավադրություն: Դա մեր՝ հայերի իդիոտիզմն է: Աստված մեզ հնարավորություն տվեց անկախ պետություն ունենալու, պատերազմում հաղթելու, բայց չենք կարողանում կյանքը դասավորել… Ոչ մեկին էլ պետք չէ, որ Հայաստանը ցածրացած պետություն լինի: Մենք ենք անում…»: Դե մասոնական օթյակներից քաջատեղյակ ու որոշ աղանդավորական կազմակերպություններին իր վարչապետության օրոք տեղ տալուց չխուսափող ազգային-ժողովրդավարը այսպես էլ պիտի մտածի: Առավել կտրուկ է Շավարշ Քոչարյանը. Հայաստանն առանց հայերի՞ – «Ես չեմ ընդունում այդ կարգի հարցադրումը: Անցած դարի ցարական Ռուսաստանի ինչ-որ պաշտոնյա այդպիսի բան էր հայտարարել: Այդպիսի խնդիր ուներ նախորդ դարում ու դարասկզբին Թուրքիան: Եկենք հիմա խոսենք այսօրվա տերմիններով: Պետք չէ հարթություններն իրար խառնել»: Հետաքրքիր է նաեւ Հրանտ Խաչատրյանի տեսակետը այս հարցում. «Աշխարհաքաղաքական առումով դա ոչ մեկին ձեռնտու չէ: Նման աշխարհաքաղաքական կարծրացած տեսակետ կա… Եթե աշխարհը հազարամյակներ թույլ է տվել, որ ապրենք այստեղ, ուրեմն՝ հավասարակշռվածությունը հետագայում էլ կպահպանվի»:Գուցե զարմանալի թվա, բայց այս ուժերին կարող է միանալ նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ ազատական ու եվրաժողովրդավարական սկզբունքներով: Նրա տեսակետն էլ է հետաքրքիր Հայաստանն առանց հայերի գաղափարի վերաբերյալ՝ «ժամանակին ռուսներն էին այդ ծրագիրը կյանքի կոչում: Ռուսական իմպերիալիզմն էր դա իրագործում, իսկ հիմա նրանք, ովքեր Հայաստանում հայ մարդուն են նսեմացնում՝ պետության գաղտնի գործակալները, իշխանավորները»:Այո, այստեղ է առավել ակնհայտ դառնում, որ ազգային-ազգայնականները մի ուրիշ մտածողություն ունեն, ազգային-ժողովրդավարները՝ մեկ այլ: Ազգային-ազգայնականներն առաջնորդվում են պատմության դասերով ու առանձնանում են խորքային վերլուծությամբ, ազգային-ժողովրդավարները միջազգային թելադրված տեսակետներով ու ցանկություններով, այսրոպեական լուծումներով……Հետաքրքիր տեսակետների ենք հանդիպում ՀՀԿ-ական ղեկավարներից մեկի՝ Գալուստ Սահակյանի հարցազրույցում: Այդ տեսակետները ձեւավորվել են դեռ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ նախագահ եւ հհկ-ական հասկացողությամբ նժդեհյան գաղափարներին ավելացրեց քրիստոնյա-ժողովրդավարականը: Ներսում ունենալով դեռ նախկին հհկ-ական ազգայինը՝ Գալուստ Սահակյանը արտահայտում է նաեւ այլ՝ նոր հհկ-ական գաղափարներ: Նա կարծում է, որ պիտի ունենանք «…ամուր պետություն, որի հիմնական նպատակը կլինի նախ եւ առաջ ազգային խնդիրները լուծելը: Պետք է ձգտենք, որ պետություն դառնանք… Ասում ենք՝ մեր ճանապարհները փակ են, իսկ եվրոպացին չի հասկանում, թե դա ինչ է նշանակում: Բայց քանի որ մենք մեր մաշկի վրա ենք զգում դրա հետեւանքը, կարողացել ենք ներկայացնել մեր խնդիրները: Այսինքն՝ որոշ չափով հասկանալի ենք դարձել աշխարհին… Բայց նկատի ունենանք, որ մտահոգվելու բան էլ կա. պահանջատիրական զգացումներն աշխարհում շատ են շահարկվում քաղաքական նպատակներով»: Սերժ Սարգսյանն էլ է քարոզարշավի ամբողջ ընթացքում ասում «Առա՛ջ Հայաստան», դեպի կայուն ու բարգավաճ Հայաստան, մեզ չհասկացող արեւմտյան ուղղությունից դեպի ռուսական ուղղության Հայաստան… Ինչ մնում է գաղափարական հենքին, ապա ՀՀԿ խորհրդի անդամն ասում է. «Նախ, մեր գաղափարական հենքը շատ բազմաբովանդակ է, այդ հիմքում նաեւ Նժդեհյան գաղափարախոսությունն է: Որեւէ մեկին նժդեհական համարելը նշանակում է վիրավորել Նժդեհին: Նժդեհական կարող է լինել ամբողջ գաղափարախոսությունը եւ ամբողջ ազգը: Ինչ վերաբերում է ցեղակրոնությանը… Նժդեհը հետեւյալն էր ասում. ազգը երեք մասից է բաղկացած՝ մի մասը ցեղակրոններն են, մի մասը՝ հայրենասերները, մյուս մասն ազգի տականքներն են: Տականք համարում է կոսմոպոլիտներին եւ դավաճաններին… Ցեղակրոնների թիվը կարող է 2-3 % լինել: Այսինքն՝ ՀՀԿ ոչ բոլոր անդամները պետք է ցեղակրոն լինեն, դրա անհրաժեշտությունն էլ չկա: Եթե ադ ամբողջ գաղափարախոսության կրողները 10-ը լինեն, ապա այդ 10-ը լրիվ բավարար է, եւ եթե ազգի մեջ նրանց թիվը 10% լինի, դա էլ լրիվ բավարար է»: Դե էլ ինչ ասի, երբ նայում ենք, թե ովքեր են համալրել ՀՀԿ շարքերը, այլ բան չի մնում ասելու… Իսկ ահա «ու՞մ է պետք Հայաստանն առանց հայերի» հարցին Գալուստ Սահակյանը կրկին խոսում է իբրեւ հին հհկ-ական. «Դա քարոզչական մասոնական ձեւ է, որը հայկական միջավայր է մտել: Որեւէ ընդդիմություն, որեւէ քաղաքական ուժ թող չմտածի, թե իրենից է կախված, որ հայերն ուզում են գնալ: Հայն առաքելություն ունեցող ազգ է, նա իր հողը չի թողնի»: Պարոն Սահակյանին «լրացնում» է Հայաստանի ՔԴՄԿ նախագահ Խոսրով Հարությունյանը, ով ՀՀԿ-ի ցեղակրոն-հեթանոսադավան արժեքներին հավելում է քրիստոնեականը: Նրան պետք է «Հայաստան, որը միջազգային հանրությանը ներկայանում է նախ եւ առաջ հզոր կրթական եւ գիտական ներուժով եւ քրիստոնեական հզոր մշակույթի տեր ժողովրդով: Իսկ ժողովրդավար Եվրամիությանն անդամագրվելուն առավել մոտ կանգնած լինելը կապահովի մեր անվտանգությունը, տնտեսության զարգացումը»: «Հայաստանն առանց հայերի» հարց չկա նորօրյա քրիստոնյա քաղաքական գործչի համար. «Հայաստանն առանց հայերի՞: Չկա այդպիսի հասկացություն, դա շինծու թեզ է… Խնդիրը Հայաստանը բոլորի համար եւ, հատկապես, հայի համար բարեկեցիկ միջավայր ստեղծելն է»: Չենք կարող ասել՝ Հայաստանը միայն հայերինն է, այլապես շատ բան տանուլ կտանք»: Հիմա՝ թե Գալուստ Սահակյանի ասած հայը որտեղ պետք է իրականացնի իր առաքելությունը, դա Խոսրով Հարությունյանին չի հետաքրքրում: Ամեն դեպքում Սերժ Սարգսյանը կարծում է՝ թե մեզնից հետո՝ Արեւելքում էլ քրիստոնյաներ չկան, ուստի՝ վտանգ էլ չկա…Համանման տեսակետներ են արտահայտում նաեւ մեր թերթի էջերում հայտնված ներկայումս Սերժ Սարգսյանին պաշտպանող քաղաքական ու հասարակական գործիչները, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները (Սերգեյ Մելքումյան՝ «Արցախ-Հայաստան» կուս. նախագահ, Վահան Բաբայան՝ ՀԵԿ փոխնախագահ, Ազիզ Թամոյան՝ «Աշխարհի եզդիների միության» նախագահ, Ալիխանե Մամե՝ քուրդ հասարակական գործիչ, գրող, Արթուր Բալոյան՝ «Արդարություն» կուս. նախագահ, Վաչագան Չիբուխչյան՝ «Մեր տունը Հայաստանն է» կուս. նախագահ, Ռիմա Վարժապետյան՝ ՀՀ հրեական համայնքի ղեկավար եւ այլք):Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի պարագայում արտահայտված կարծիքները հիմնականում կրկնվող են ու առկա են նաեւ ՀՀ նախագահի քարոզարշավի ընթացքում: Դրանք հատկապես պետությունում կարգ ու կանոնը վերականգնելուն են վերաբերում, ինչն այս դեպքում գոնե մի քիչ տարակուսանքի տեղիք է տալիս… Իսկ ազատագրված տարածքներին վերաբերող ցավոտ հարցին ի պատասխան՝«Լուսանցք»-ին տված հարցազրույցում ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանն ասում է. «Բոլոր տարածքները պարզապես չեն զիջվելու… ՀՀ եւ ԼՂՀ տարածքների պաշտպանության հաշվին: Այնտեղ կա անվտանգության գոտի: Որոշ շրջաններ բնականաբար պետք է հանձնվեն: Չի լինում՝ ամեն ինչը ինձ, իսկ քեզ՝ ոչինչ: Դրա հետեւանքը մեկն է՝ պատերազմը, իսկ դա ձեռնտու չէ ՀՀ-ին»: Միթե՞ այս պարզունակ արտահայտված մտքի համար է վերադառնում Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բա արժե՞……Սակայն, ՀՀՇ-ին աջակցող ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանն այլ բան է ակնկալում, 1-ին նախագահը (չգիտես ինչու՝ ոչ նախագահ եղած ժամանակ) որոշել է ստեղծել նոր պետություն. «Ժողովրդավարական, որտեղ մարդն իրեն պաշտպանված զգա: Որտեղ մարդու վաղվա օրն ապահով կլինի»: ՀՊԿ նախագահ Գառնիկ Մարգարյանն ավելի լավ բաներ է մտածում՝ «Հայաստանում պետք է լինի ազգային պետություն եւ պետականություն, եթե ուզում ենք գոյատեւել, եթե չենք ուզում 10 մլն-անոց ժողովրդի դնել հարվածի տակ: Մեզ համար ընդունելի են զարգանալու բոլոր այն բնագավառները, որոնք չեն խանգարի հայի գոյատեւմանը»: Սակայն, առանց Արցախի ու ազատագրված տարածքների, առանց մեր արտաքին հաղթանակի ամրագրման չի կերտվի ազգային ու հզոր պետություն, չի լինի ներքին կայունություն: Իսկ որ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը չի պատրաստվում պաշտպանել հայոց համապարփակ իրավունքները (ոչ թե միայն հայաստանահայոց), ասում է հհշ-ական ոճի Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը. «Այստեղ մենք դուրս ենք գալիս ուժեղի փիլիսոփայությունից – դա «Հայ դատ» կոչված խեղկատակության ծիրում դիտելն ուղիղ նշանառության տակ է պահում ՀՀ անվտանգությունը… Իրավունք կունենա՞նք երբեւէ ունենալու կենսատարածքի խնդիր, եթե դատարկվում են Աշոցքը, Զանգեզուրը, արդյո՞ք փարիսեցիություն չէ Ջավախք, Նախիջեւան բառերն անգամ արտասանելը… Բարոյական իրավունքի խնդիր կա… Ի՞նչ իրավունք ունեք հավակնելու հարեւանի սենյակներին, բնակարաներին, եթե ձեր տունը կեղտոտ է: Աշխարհն էլ չի հասկանա»… Այսքան բան:Հարցազրույց տվածները հատկապես լիաթոք են անդրադարձել Հայաստանը հայաթափելու հարցին: Կարեն Կարապետյանը կարծում է. «Հայաստանն առանց հայերի չի կարող լինել… Իսկ Հայաստանն օր օրի կհայաթափվի, քանի դեռ այս պետության ղեկին Ռ. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են»: Լյուդմիլա Սարգսյանն ավելացնում է. «Ձեռնտու է կարծում եմ՝ իշխանություններին: Որովհետեւ երկիրն ավելի հեշտ կղեկավարեն, երբ մարդ չլինի այնտեղ: Իսկ մեզ Հայաստանը պետք է հայերով»: (Հետաքրքիր է, անմարդ երկիրն ո՞վ կուզի ղեկավարել – հեղ.:) Չնայած այս տեսակետներին փորձում է հակադրվել Գառնիկ Մարգարյանը՝ նշելով, թե Հայաստանն առանց հայերի պետք է «աշխարհի տերերին: Գլոբալիստներին, ովքեր տարին մեկ հավաքվում են Ալպերում, …ովքեր բերել են 1 մլրդ «ոսկե» չափանիշը, ովքեր ներմուծում են առանց սահմանների: Նրանց համար չկան պետություններ», սակայն, դա եղանակ չի ստեղծում ընդհանուր համապատկերում: Ուստի, այլեւս անիմաստ են հնչում մյուս հարցազրույց տվողների տեսակետները (արդեն հանգուցյալ Մանուկ Գասպարյան՝ ԺՈւկ նախագահ, Վարդան Խաչատրյան՝ «Ժառանգություն», ԱԺ պատգամավոր, Արշակ Բակլաչյան՝ «Հայոց հայրենիք», Գրիգոր հարությունյան՝ ՀԺԿ քարտուղար եւ այլք), ովքեր պարզապես մի որեւէ բեւեռում գտնվելու համար պաշտպանում են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Եթե բախտ վիճակվեր՝ գուցե պաշտպանեին Սերժ Սարգսյանին:Հետընտրական գործընթացները կարող են նպաստել նաեւ այլ քաղաքական բեւեռների ձեւավորմանը կամ միավորմանը:Ամենաանկատարը սոցիալիստական ուղղության վիճակն է: Ազգային-սոցիալիստական ՀՅԴ-ն կարծես այլեւս սոցիալիստական ուժ չէ, իսկ վերազգային՝ կոմունիստական-սոցիալիստական ուղղությունը տրոհված է 4-5 մասերի: ՀՅԴ ԳՄ անդամ Արտաշես Շահբազյանը հարցազրույցում նկատել է, որ՝ «մեզ անհրաժեշտ է բառիս բուն իմաստով ազգային եւ սոցիալական պետություն: Մի պետություն, որը կունենա ներկայի ու ապագայի ծրագիր, հավասարապես կպատկանի իր բոլոր բնակիչներին եւ հավասարապես կարտահայտի բոլորի շահերը: Մի պետություն, ուր ապահովված կլինի յուրաքանչյուրի աշխատանքի, կրթության, բուժման, հանգստի իրավունքն ու հնարավորությունը: Պետությունը կծառայի մարդուն եւ այդ տրամաբանությամբ՝ մարդը իր պետությանը»: Հակառակի պես ԱԺ ՀՅԴ խմբակցության շատ քվեարկություններ դեմ են եղել ազգային ու սոցիալական պետություն ունենալուն, բոլոր այն նախարարությունները, որոնք վստահվել են ՀՅԴ-ին նշված էին Արտաշես Շահբազյանի խոսքում ու բոլորում էլ առկա են խոշոր «պրավալներ»՝ կրթական ու առողջապահական օպտիմիզացիայի, մարդկանց սոցքարտերով համարակալման եւ այլ տեսքով: Ինչ մնում է, թե դաշնակցական ղեկավարներից մեկը ինչպես է մտածում «Հայաստանն առանց հայերի» հնարավորության մասին, ապա նա հոռետես չէ. «Գուցե կան նման ծայրահեղ հոռետեսներ, բայց ես նրանց խորհուրդ կտայի հիշել, որ այս ազգը դիմակայել ու հաղթահարել է անհամեմատելի վատ ժամանակներ…Պարզապես անհրաժեշտ է տեր կանգնել սեփական ճակատագրին ու անկամորեն չտրվել փչող քամիների հոսանքին»: Այո՛, այլ բան ակնկալել նախկինում էլ մասոնական (հրեաց փեսա) վարչապետ (Սիմոն Վրացյան) եւ կուսակցական ղեկավարներ ունեցած, երիտթուրքերի հետ համագործակցած, ֆիդայիներին զինաթափած անձանցով հպարտացող կուսակցության ներկայացուցչից, որի ներկայիս կառույցը շատ քիչ բանով է տարբերվում անցածից, հնարավոր չէր: Ստացվում է դաշնակցությունը ոչ միայն սոցիալիստական չէ, այլեւ՝ ազգայնական էլ չէ:Այս համապատկերին առավել ազգային է հնչում համայնավարական ղեկավարի խոսքը: ՀԿԿ ղեկավար Ռուբեն Թովմասյանն ասում է, որ հայերիս պետք է «ուժեղ ազգային մտածելակերպով պետություն, որը կպաշտպանի ազգային արժեքները, կզարգացնի արդյունաբերությունը, կերաշխավորի ժողովրդի բարեկեցիկ ապրելակերպը»: Նման է ազգային-սոցիալիստական ուժի տեսակետի, սակայն, սա թերեւս անհավանական է, որ կումունիստները կարողանան ազգային բեւեռ ձեւավորել:Այս՝ հենց այդ բեւեռը ձեւավորելու ամենահավանական թեկնածուները հայ ազգայնականներն են՝ ի դեմս Հայ Արիական Միաբանության, որի առաջնորդ Արմեն Ավետիսյանը վաղուց է հանդես եկել ազգայնական պետություն ստեղծելու հիմնավորմամբ ու «մոդելով»: Այս ուժը նաեւ առավելապես սոցիալիստական ուղղվածություն ունի, ուստի ազգային-սոցիալիստական բեւեռի իրական թեկնածուն է: ՀԱՄ-ը կարող է հզորանալ իրեն աջակցող ուժերով՝ ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկներ, «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցություն ու «Հանուն հայրենիքի» կազմակերպություն, Հայաստանի հակագլոբալիստական շարժում եւ այլն: ՀԱՄ-ը նաեւ առանձնահատուկ երանգ կտա ազգայնական այս բեւեռին՝ իր արիական-հեթանոսական հավատքով, ինչը բացառիկ է հայկական քաղաքական քրիստոնեամետ կամ աթեիստական դաշտում: ՀԱՄ առաջնորդի տեսակետը զուտ ազգայնական է. «Հայոց պետությունը պիտի ե՛ւ էությամբ եւ՛ բովանդակությամբ հայաբնույթ լինի, այլ կերպ՝ Երկիր մոլորակում ապրելը չի նշանակում, թե այդ մոլորակում ամեն գոյություն ունեցող բան պիտի մեր կյանքում ներառենք, մեր Սահմանադրությունում, օրենքներում, մեր կացութաձեւում: Բոլորի լավը համարվում է միջազգային չափանիշ կամ եվրաարժեք, բայց մեր լավագույնները, որ ունենք մեր մեջ ու կրում ենք, ու որոնք այսօր փաստորեն փակի տակ են, հետամնացություն է «համարվում», ու չի թույլատրվում ի ցույց դնել ո՛չ քաղաքականությունում, ո՛չ արվեստում, ո՛չ էլ կյանքում: Հայոց պետությունը վերջին դարերում շարունակաբար հայաբնույթ չի եղել կամ անկում է ապրել: Պետականություն չենք ունեցել, իսկ եկեղեցու պահածն էլ հայաբնույթ չի եղել, կղերականները ֆեոդալներից չեն էլ տարբերվել: Դա է եղել մեր փորձանքների, դժբախտությունների պատճառը: Ուստի, պետական կառուցվածքը չէ, որ առաջնային պետք է կարեւորենք: Պետությունը կարող է լինել նախագահական, խորհրդարանական, նույնիսկ՝ միապետական, բայց եթե իսկապես գործի օրենքի իշխանությունը եւ այդ օրենքը ծառայի Հայաստանին ու հայությանը, ապա միանշանակ մեր երկիրը կլինի հզոր, հայապահպան, հայաստանանպաստ: Եվ ինչու ոչ, նպատակայնորեն կծառայի նաեւ այլոց շահերին, որոնք գործընկեր են մեզ՝ իհարկե չհակադրվելով մերինին: Պետական վարչական ձեւը ազգը կորոշի: Նախ՝ Սահմանադրությունն ուղնուծուծով պիտի լինի հայահունչ, հայաստանապահպան…»:Ազգայնական տեսակետներ ունի նաեւ «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գեւորգ Հովսեփյանը, ով «Լուսանցք»-ում ասել է. «Ամեն մի ազգ պետք է ունենա իր պետությունը եւ ամեն պետություն պետք է ծառայի մեկ ազգի: Մեր պարագայում պետք է կոչվի Հայկական Պետություն, այլ՝ ոչ թե Հայաստանի Հանրապետություն»:Իսկ Հայաստանի հակագլոբալիստական շարժման ղեկավար Արտաշես Հովհաննիսյանը վստահ է, որ Հայաստանն առանց հայերի պետք է «գլոբալիստներին, նրանց պետք է Հայաստանն առանց հայերի, Ֆրանսիան՝ առանց ֆրանսիացիների եւ այսպես շարունակ: Ամբողջ աշխարհը պետք է դառնա կառավարելի… Կստեղծվեն վատ պայմաններ, որպեսզի մարդիկ ժամանակ չգտնեն իրար հետ շփվելու, կարդալու, վերլուծելու, ի վիճակի չլինեն պահպանել ոչ ազգությունը, ոչ մշակույթը, ոչ ավանդույթը, ոչ էլ առավելեւս՝ լեզուն ու մտածողությունը»:Կարծում ենք նման կոշտ դիրքորոշումներ ունեցող քաղաքական բեւեռի անհրաժեշտությունն իսկապես կա եւ այն հասունանում է:Այս բեւեռի մի թեւ էլ կարող են դառնալ ՍԻՄ-ի «Հայկբաբուխյանական թեւը» եւ ՀԴԿ-ն (Արամ Գ. Սարգսյան): Սակայն սա կարող է լինել ժողովրդավարական-սոցիալիստական ուղղություն: Հետաքրքիր է, որ ե՛ւ Հայկ Բաբուխանյանը, ե՛ւ Արամ Գ. Սարգսյանը գրեթե նույն ձեւով են մտածում Հայաստանը հայաթափողների մասին: Առաջինն ասում է. «Մեզ հարկավոր է նախ եւ առաջ արդար պետություն, սոցիալական պետություն, ազգային արժեքներ դավանող պետություն եւ… հարուստ պետություն, իսկ ընդհանրապես Հայաստանն առանց հայերի շատերին է պետք: Ի վերջո աշխարհում ոչ մի հողակտոր անտեր չի մնում: Չեմ կարծում, որ հիմա հատուկ քաղաքականություն է իրականացվում Հայաստանը հայաթափելու համար… Առաջին հերթին դա Ադրբեջանին, Թուրքիային է ձեռնտու, ինչպես նաեւ՝ Վրաստանին: Ինչ-որ տեղ ձեռնտու է նաեւ գերտերություններին»: Երկրորդն ավելացնում է. «Պետությունը պետք է լինի ժողովրդավարական սկզբունքներով, օրենքի առջեւ բոլորը հավասար են… Եթե կարողանանք քաղաքակրթության նորմերին համահունչ զարգանալ, մեզ կընկերանան: Բայց եթե անընդհատ հանդես գանք նվաստ վիճակում… թելադրեն մեր տան անցուդարձը, ուրեմն՝ կշարունակենք այլասերվել… Հայաստանն առանց հայերի պետք է բոլորին՝ հայերից բացի: Առաջին հերթին՝ իհարկե թուրքերին, ադրբեջանցիներին, մի գուցե նաեւ՝ վրացիներին»: Անդրադառնալով նաեւ ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանին, Արամ Հարությունյանին ու Արման Մելիքյանին, նշենք, որ նրանք հիմնականում հանդես են գալիս որպես կենտրոնամետ ուժ, ինչն ակնկալում է համագործակցություն իշխանությունների հետ, որի ականատեսը կլինենք ՀՀ նախագահական ընտրություններից հետո: Տիգրան Կարապետյանի ու Արամ Հարությունյանի հետագան արդեն իսկ տեսանելի է, առաջինը իշխանությունների հետ կկառուցի՝ «քրիստոնյա, ազգային պետություն, որտեղ ժողովրդավարական տարրեր կլինեն անպայմանորեն, որտեղ մարդու իրավունքները գտնվում են բարձր մակարդակի վրա»: Նա անպայմանորեն դա կանի մաքառելով, քանզի՝ «եթե ուզում եք իմանալ, առաջին քաղաքական գործիչը Հիսուս Քրիստոսն է, որն ունեցել է կարգախոս՝ սիրեք զմիմեանս»: Եվ իշխանական վերնախավին անպայման խորհուրդ կտա, որ Հայաստանն առանց հայերի պետք է՝ «մասոններին կամ հրեաներին»: Իսկ երկրորդը՝ իշխանություններին կասի՝ «Ժողովրդավարությունը երկու երես ունի. այն դարձել է արտահանման առարկա, ապրանք եւ իրենք են որոշում՝ որտեղ արտահանել եւ ինչպես: Բռնի ուժով այն չի հաստատվում, դա պետք է արվի մարդու համար, մարդուն ազատ ընտրության նախապատրաստելով: Որովհետեւ ընտրելու իրավունքն Աստծո տված շնորհն է, որը պետք է ճիշտ գործածել: Բայց ազատ մարդ լինելը դեռ չի նշանակում ազատ ընտրելու հնարավորություն ունենալ»:Կարծում ենք՝ Արման Մելիքյանը մեկ հիմնական նպատակով է «դարձել» ՀՀ նախագահի թեկնածու: Այդ նպատակը նա պարբերաբար արծարծում է ընտրարշավում: Դա Արցախի եւ ազատագրված տարածքների հարցն է: Գուցե «Ազատագրված տարածքների պաշտպանության» հասարակական նախաձեռնությանը (ղեկավար Ժիրայր Սեֆիլյան) փոխարինելու խնդի՞ր կա: Իսկ նա կարո՞ղ է հավակնել այդ դերին:Ինչ մնում է Արտաշես Գեղամյանի պարագային, ապա եթե նա չհաջողի Երեւանի քաղաքապետի պաշտոնը, երեւի թե կվերադառնա իր «ընդդիմադիր» գործունեությանը:Կարելի էր իհարկե ավելի մանրամասնել թեման, բայց կարծում ենք՝ այսքանն էլ բանական է մեր ասելիքը տեղ հասցնելու համար:

Արամ Ավետյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։